Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԱՆԳԱՄԻՑ ՈՒԹ ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎԵՏԸ



ՄԻԱՆԳԱՄԻՑ ՈՒԹ ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎԵՏԸ2014թ. հունիսի 10-ը Ավետիք Սուքիասյանը շատ լավ է հիշում.  ամառային զորակոչի առաջին օրը երեք ընկերներով զինկոմիսարիատից ուղևորվեցին նույն ուղղությամբ՝ դեպի Արցախ։ Անբաժան ընկերների ծառայության վայրերը, ինչպես կարգն է, վիճակահանությամբ էր որոշվել։ Զորամասերի պատահական հանված համարներն ընկերներից մեկին տարավ Արցախի հարավային, մյուսին՝ արևելյան, իսկ Ավետիքին՝ հյուսիսարևելյան սահման։ «Միշտ մտածել եմ՝ եթե ծառայեմ, ապա անպայման Արցախում։  Երբ ընկերներս հանեցին իրենց զորամասերի համարները, աղոթում էի, որ ես էլ քաշեմ Ղարաբաղ, ու այդպես էլ եղավ»,-պատմում է Արցախի հյուսիսարևելյան սահմանագծի երկայնքով  թշնամու համար բազմիցս «թակարդներ լարած» Ավետիք Սուքիասյանը։

Առանց նրա ընկերները ականադաշտ կամ արգելափակոց տեղադրելու ո՛չ գնում էին, ո՛չ էլ մտածում էին գնալ։ Միասին՝ մեկ ընտանիքի պես գնում, գործն ավարտում ու վերադառնում էին զորամաս։

… Հակատանկային ստորաբաժանումում ծառայության սովորական ընթացքը կտրուկ փոխվեց, իրար թև-թիկունք լինելու  պատրաստակամությունն էլ ավելացավ 2016թ. ապրիլի 2-ից հետո։ «Ես սովորություն ունեի  ամեն երեկո ճաշարանից դուրս գալ ու երկար նայել մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական բնակավայրին, որի լույսերը պարզ երևում էին։ Այդ օրը լարված էր։ Երբ մեր հակաօդային պաշտպանությունն սկսեց կրակել դեպի մեզ թռչող անօդաչուների վրա, հասկացանք, որ մի բան այն չէ։ Ընդամենը հինգ օր առաջ էինք Թալիշից վերադարձել։ Երբ զարթնեցի, տեսա, որ վաշտի հրամանատարը հետ է եկել։ Ականների պայթյունների ձայներից արդեն հասկանալի էր, թե ինչ է կատարվում… Առավոտյան ժամը 5-6-ի կողմերը կրակեցին մեր ուղղությամբ»,-բանակային կյանքի անսպասելի շրջադարձի ամեն մի  պահն Ավետիքը հստակ հիշում է։

Ստորաբաժանման անվանումը, որում ընդգրկված էր Ավետիքը, հուշում է, որ դիրքերում լինելն այդտեղ ծառայող տղաների համար սովորական երևույթ էր, իսկ իրականում՝ վտանգավոր։ Կրակոցների տակ, թշնամուց ընդամենը 100 մետր հեռավորության վրա, ականադաշտ տեղադրելն ու վախ չզգալը տարօրինակ է թվում, բայց Ավետիքը դրա, բացատրությունն ունի. «Երբ կորցնում ես ընկերոջդ, զինակցիդ, մի ուրիշ բան է կատարվում հետդ, չեմ կարող բացատրել, թե դա ինչ զգացում է. ուզում ես ամեն գնով վրեժ լուծել։ Ես ու Քյարամ Սլոյանը մի դասակում ենք եղել սկզբում։ Քառօրյայից օրեր առաջ նա ինձ «ստոդնեվկա» էր (ծառայության վերջին 100 օրը նշող օրացույց) նվիրել ու ասել. «Բան չմնաց, էսա տուն ենք գնում»… Պատերազմից երկու-երեք օր առաջ Արգիշտի Գաբոյանին էի տեսել դիրքերում, նա մեզ բարեկամ էր։ Ահագին զրուցեցինք, ու չգիտեի, որ դա մեր վերջին հանդիպումը կլինի… Այդ ամենից հետո ինչպե՞ս կարող ես թողնել, որ թշնամին առաջանա, ինչպե՞ս կարող ես չականապատել Սլոյանի ու Ուրֆանյանի պաշտպանած դիրքը, որը ետ է վերցվել»։

Անկանոն պար հիշեցնող փամփուշտների կրակոցների տակ, անտարբերությամբ նայելով իրենց կողքով անցնող «մահին», տղաները բաց դաշտում իրենց գործն էին անում, անգամ, երբ հրամանատարը տարակուսում էր։ «Գիշերը պետք է Մարտակերտից հասնեինք մոտակա դիրքերից մեկն ու ականապատեինք տարածքը, բայց անընդհատ կրակում էին, ժամը չորսն անց կեսից հինգի կողմերը հազիվ տեղ հասանք, գործն արեցինք ու վերադարձանք։ Հաջորդ օրը գնացինք Թալիշ։ Այդտեղ Նորայր Զախարյանը վիրավորվեց, որից հետո ինժեներական ծառայության պետի տեղակալն ասաց. «Հիմա ո՞ւմ ասեմ՝ մտեք, ականապատեք տարածքը», ասացինք՝ կմտնենք, հանգի՛ստ եղեք։  Մի քանի ական հազիվ դրել էինք, որ թշնամին տանկի հրանոթն ուղղեց մեզ վրա ու սկսեցին հայերեն գոռալ՝ փախե՜ք, փախե՜ք։  Մենք մի պահ կանգնեցինք, իրար դեմքի նայեցինք ու ասացինք, որ ոչ մեկս դուրս չի գա, ինչ լինում է, թող լինի։ Ականապատելը վերջացրինք, նոր դուրս եկանք դաշտից»:

ՄԻԱՆԳԱՄԻՑ ՈՒԹ ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎԵՏԸ«Ինչ արել եմ ծառայությանս ընթացքում ու հատկապես ապրիլին, արել եմ, նախ և առաջ, ինձ համար, ինձ պաշտպանելու համար, և թող ոչ ոք չասի, թե կռվի դաշտում իր մասին չի մտածում։  Քեզնից հետո արդեն մտածում ես ընկերոջդ, հայրենակցիդ ու հողիդ մասին, որի համար արյուն է թափվել, և որի հանդեպ պարտքի զգացում ունես՝ պիտի պաշտպանես։ Երբ զորացրվեցի ու վերադարձա տուն, առաջին բանը, որ ասացի, հետևյալն էր՝ եթե Աստված չանի, նորից կռիվ սկսվի, հետ եմ գնալու», -արված, բայց չգիտակցված հերոսության մասին պատմում է կրտսեր սերժանտ Ավետիք Սուքիասյանը։

Բացվող ամեն մի նոր օր Ավետիքին ավելի է հեռացնում անցյալ դարձած բանակային կյանքից, բայց ընկերների մասին ոչ մի օր չի դադարում մտածել։ Հատկապես, երբ նոր էր զորացրվել, ուշքն ու միտքն այնտեղ էր՝ Արցախի հյուսիսարևելյան սահմանում՝ այնտեղ, որտեղ ընկեր է կորցրել, որտեղ մահը հպանցիկ անցել է կողքով, իսկ ինքն ու ընկերները կատակել են. «Փամփուշտները մեր կողքով են անցնում, էս թուրքերը հեչ նշան բռնել չգիտեն»։

Հետբանակային կյանքում էլ ծառայակից ընկերների հետ հանդիպելիս ծառայության դրամատիկ ու զավեշտալի դրվագներն են հիշում, բայց արդեն՝ միայն կատակում։ Իսկ հրամանատարության կողմից ստացած պատվոգրերը, շնորհակալագրերն ու կրծքանշանները, որոնք վկայում են իրենց հերոսությունների մասին, պատվով ու հպարտությամբ են պահում։ Այդ շարքում Ավետիքի համար ամենանշանակալին պաշտպանության նախարարի կողմից ստացած «Մարշալ Բաղրամյան» մեդալն է։

Միանգամից ութ հակատանկային ական, յուրաքանչյուրը՝ 10 կգ քաշով, տեղափոխող Ավետիքին հրամանատարները չէին կարող չնկատել։ Լեգենդ դարձած զինվորը չի կասկածում. եթե Աստված մի արասցե՝ թշնամին նորից արկածախնդրության դիմի, Տղաները «Կամազով» դարձյալ կգնան, մի գիշերվա մեջ ութ հոգով 1200 ական կդնեն ու հետ կգան…

 ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #39 (1210) 04.10.2017 - 10.10.2017, Ազգային բանակ


04/10/2017