Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՄԻՆԱՐ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔ



ՍԵՄԻՆԱՐ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔԳեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում անցկացվեց սեմինար-պարապմունք, որին մասնակցեցին մոտ մեկ տարի առաջ ենթակա զորամասերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության նշանակված Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ մի խումբ երիտասարդ սպաներ: 

Պարապմունքների կազմակերպված և բարձր մակարդակով կայացմանը նպաստեցին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի, զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանի, հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանի, թիկունքի  պետ, գնդապետ Արամ Պողոսյանի, վարչակազմի սպաների կողմից անմիջական մթնոլորտում երիտասարդ սպաների հետ տեղի ունեցած անկեղծ զրույցները, թեմատիկ դասախոսությունները, հարց ու պատասխանները, գիտելիքի խորությամբ կատարվածը պարզ և մատչելի վերլուծելու կարողությունը, դիդակտիկ նյութերի ցուցադրությունները:

Զորամիավորման հրամանատարը նշեց հրամանատարի բնավորության առանցքային գծերը, կարևորեց սպայի պատիվն ու արժանապատվությունը, կամային ամուր հատկանիշները, որդեգրած սկզբունքների ճշմարտացիությունը,  արդարամտությունը, վճռականությունը, անդրադառնալով անցած ժամանակաշրջանում երիտասարդ սպաների կրած դժվարություններին ու ձեռք բերած հաջողություններին, նրանց կանխորոշեց զինվորական մեծ ապագա:

ՍԵՄԻՆԱՐ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔԻր հերթին զորամիավորման շտաբի պետը  ներկաների ուշադրությունը հրավիրեց կայացած հրամանատարի մարդկային հատկանիշների վրա` կարևորելով նաեւ ցանկացած երևույթ կամ արդեն կատարված որևէ գործողություն՝ բարձր գիտակցականությամբ վերլուծելու, ինքնակրթության միջոցով  կատարելագործման հասնելու դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը:

Հատուկ ուշադրություն դարձվեց ստորաբաժանումների բարոյահոգեբանական մթնոլորտի մասին թեմային, որն արծարծեց զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը:

Պարապմունքներում իրենց լավագույն կողմերով դրսևորեցին լեյտենանտներ, տանկային  և մոտոհրաձգային դասակների հրամանատարներ Համլետ Պողոսյանը, Կարեն Բալայանը, ՌՀՄ մարտկոցների ավագ սպաներ Նորիկ Էլյազյանը, Հարություն Հովսեփյանը:

Սեմինար-պարապմունքի ընթացքում նշվեց, որ զորամիավորման ենթակա զորամասերի անձնակազմերի բարոյահոգեբանական վիճակը կայուն է,  ստորաբաժանումները ղեկավարվում են արդյունավետ, զինծառայողների շրջանում չկան անկառավարելի, հակահասարակական պահվածք ունեցող անձինք: 1-ին զորամիավորման մարտական պատրաստականությունն ու զինվորական կարգապահությունը բարձր են, անձնակազմերը մարտունակ են և պատրաստ՝ կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Խորագիր՝ #39 (1210) 04.10.2017 - 10.10.2017, Ազգային բանակ


04/10/2017