Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒ ԵՐԿԻՐԸ ՍԱՀՄԱՆ ԴԱՐՁԱՎ



ՈՒ ԵՐԿԻՐԸ ՍԱՀՄԱՆ ԴԱՐՁԱՎԳետնատնակում երկուսով ենք` ես ու պահպանության տարածքի պատասխանատուն` մայոր Արթուր Բաղդասարյանը: Երկուսս էլ լուռ ենք: Ես մեկը մյուսի հետեւից հարցազրույցներ եմ արել դիրքապահների հետ, անցել եմ նրանց հիշողությունների ճանապարհով, հրճվել եմ ու տխրել, գտել եմ ու կորցրել, հաղթել ու պարտվել նրանց հետ: Հպվել եմ նվիրումի ու հերոսության, սիրո ու պատասխանատվության, պատվի ու հպարտության ամենավերին սահմանին: Ու այս երաժշտությունն ավելի է սրում ապրումներս.

-Կներես, դու իմ մայր, քո որդուն,

Ես խաղաղ երկնքով կգամ տուն,

Թող գրկի ինձ ընկերս հիմա,

Իմ կողմից թող ասի քեզ, մա՛յր…

-«Կյանք ու կռիվ» ֆիլմից է,- ասում եմ Արթուր Բաղդասարյանին ու նկատում, որ երիտասարդ սպայի աչքերը խոնավ են:

-Հուզիչ երգ է,- ուզում եմ բացատրություն գտնել մայորի արցունքների համար:

-Պարզապես մի դեպք հիշեցի,- զինվորականը ոտքի է կանգնում ու շարժվում դեպի դուռը:

-Չե՞ք պատմի:

Տղամարդը խոր շունչ է քաշում ու քննախույզ նայում վրաս, ասես ուզում է հասկանալ` արժե՞ պատմել ինձ, կկարողանա՞մ զգալ…

-Մի անգամ այսպես նստած էինք, մեկ էլ կողքի դիրքից զանգեցին, թե` դիպուկահարը խփել է իմ զինվորներից մեկին: Նույն պահին հակառակորդը սկսեց գնդակոծել: Առաջինը, որ հայտնվեց գլխումս, զինվորի մոր պատկերն էր: Իմ կյանքի ամենամեծ պատասխանատվությունը զինվորի մոր առաջ է: Եթե սպան ուրիշ հոգս չունենա, այդ ահռելի հոգեկան բեռը բավական է, որ ….

-Ի՞նչ եղավ հետո,- ես սիրտ չեմ անում հարցնել` զինվորն ապրե՞ց:

-Ես ու բժիշկը գնդակների տարափը ճեղքելով՝ արագ հասանք դիրք, որտեղ զինվորս վիրավորվել էր: Գնդակը աճուկից էր մտել: Տղան փրկվեց: Հետո մենք այնպիսի հուժկու հակահարված տվեցինք թշնամուն, որ նրա «ակտիվ» կրակակետերը ընդմիշտ լռեցին:

-Այդ «հուժկու հարվածի» կապակցությա՞մբ եք ստացել «Վազգեն Սարգսյան» մեդալը,- ես ուզում եմ փոխել զրույցի թեման` վիրավոր զինվորից, զինվորի մոր առաջ սպայի պատասխանատվությունից անցնելով երիտասարդ սպայի կենսագրությանը:

Մայոր Բաղդասարյանը գլխով է անում:

-Ծառայության առաջին օրվանից ես բարձր արդյունքներ եմ ունեցել. իմ առաջին դասակը ճանաչվեց լավագույնը զորամիավորումում, իմ ղեկավարած վաշտերը միշտ խրախուսանքի են արժանացել… Բայց մի անգամ, մի դեպք…

Ես չեմ ուզում, որ նա պատմի: Ես գիտեմ` ինչ է եղել: Տարիներ առաջ գետնատնակում զինվորի զենքը պատահաբար կրակել է: Չպիտի կրակեր: Ու հրամանատարը տույժ ստացավ: Զինակից ընկերներն են պատմել: Ասում են՝ Արթուրը շատ ծանր տարավ պատահարը, բայց ուժ գտավ հաղթահարելու անհաջողությունը, բարձրանալու ու կրկին համալրելու լավագույնների շարքը:

-Ջութակահարի մատներ ունեք,- ասում եմ ու նույն պահին հասկանում, որ շատ անհաջող անցում էր: Մայորը ժպտում է տարակուսած: Դիմագծերը նուրբ են, գրեթե մանկական պարզություն կա դեմքին: Մատները պարզել է առաջ ու աչքերը կկոցած «քննում է» ասածս:

-Քարտաշի մատներ են:

-Դուք քա՞ր եք տաշում:

-Երբեմն տաշում են, բայց ավելի շատ էությամբ եմ քարտաշ:

Դե արի ու հասկացիր, թե որն է քարտաշի էությունը:

-Իմ հայրն էլ է քարտաշ, եղբայրներս էլ:

-Քանդակագո՞րծ…

-Ես քարտաշ եմ ասում, Դուք քանդակագործ ասեք: Հայրս մինչ օրս շունչ ու ձեւ է տալիս քարին: Երեւանի տարբեր անկյուններում կարող եք տեսնել նրա կերտած կառույցները: Մի օր հայրս ասաց` քարին ուժով չես նվաճի, նա կդիմադրի, կչարանա, կճաքի: Իսկ եթե սիրես նրան, կփափկի, կենթարկվի, կդառնա խաչքար, ծաղիկ… Շատ տարիներ հետո, երբ ես Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում յուրացնում էի զինվորական այբուբենը ու երբ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում փորձում էի «հավատարմագրվել» սպայի վարքուկանոնին, մեկ անգամ չէ, որ հիշել եմ նրա այդ խոսքը:

..Ես գիտեմ այս պատմության շարունակությունը: Որովհետեւ կյանքում ամենակարեւորը սկզբունքներն են: Հավատամքը` քո հենման կետը, որից սկսվում են բոլոր ճանապարհներդ:

-Ամենակարեւորը խոսքն է,- ինձ թվում է՝ զինվորականը պատասխանում է ինձ:

-Խո՞սքը ինչ կապ ունի:

-Մենք հիմա խոսում ենք: Եթե չխոսենք, ինչպե՞ս հասկանանք իրար, խոսքը հոգու լեզուն է: Ես խոսում էի իմ դասակի յուրաքանչյուր զինվորի հետ: Այնքան, մինչեւ հասնեմ նրա հոգու թաքուն անկյունները: Մինչեւ դառնամ նրա ընկերը:

-Մինչեւ քարը ձեւ առնի, դառնա խաչքար, ծաղիկ…

Զինվորականը գլխով է անում: 20-22 տարեկան մի տղա` զինվորական համազգեստով, թեյի մուգ ոսկեգույն բաժակները դնում է սեղանին ու մտնում կողքի սենյակ:

-Նա իմ զինվորն է,- ասում է սպան: Ես մի պահ չեմ հասկանում, թե ում մասին է խոսքը:

-7 տարի 3 ամիս վաշտի հրամանատար եմ եղել, կարո՞ղ եք հաշվել, թե քանի զինվոր եմ ունեցել: Թալիշի դիրքերն ենք պահել միասին: Թալիշում, երբ վաշտի հրամանատար էի, ամեն օր դիրքերում էի, իմ զինվորների հետ: Հիմա, երբ գումարտակի շտաբի պետն եմ, էլի սահմանին եմ: Երբ նոր էի սկսել ծառայությունս, սահմանն իմ տունն էր, իմ ամրոցը, իմ տարածքը: Հետո սահմանն ընդարձակվեց, ձգվեց, տարածվեց երկրով մեկ: Երկիրը սահման դարձավ:

-Ես գիտեմ դա: Հայրենիքն անուն ունի` մայր, սահման, զինվոր, ընկեր, հիշողություն… Ամեն մեկի համար` մի անուն:

-Երբ քայլում եմ փողոցով, ինչ-որ մեկը կտրում է ճանապարհս ու ասում` հրամանատար, ես Ձեր զինվորն եմ: Հիշո՞ւմ եք, հրամանատար, մի անգամ…

…Արթուր Բաղդասարյանն օգնում է, որ զրահաբաճկոն հագնեմ: Հետո մենք քայլում ենք խրամուղով դեպի դիտակետ: Որտեղից սկսվում է հայրենիքի սահմանը ու տարածվում երկրով մեկ: Հանկարծ տարօրինակ զգացողություն եմ ունենում: Թվում է` ես նրա՝ այս սպայի տանն եմ: Ոչ թե իմ, այլ նրա հայրենիքում: Ես փոքրացել եմ: Ես չեմ զգում կշիռս, ոտքիս տակի հողը: Եվ ուզում եմ դուրս գալ խրամատից, հասակով մեկ կանգնել թուրքերի առաջ, որ վանեմ այդ զգացողությունը: Բայց պահպանության տարածքի պատասխանատուն խիստ ասում է`

-Պահպանե՛լ անվտանգության կանոնները:

 ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #39 (1210) 04.10.2017 - 10.10.2017, Ազգային բանակ


04/10/2017