ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ. ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ
Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը նշանակվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ։
ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունը 25 տարեկան է: Այն պատասխանատու է ՀՀ ԶՈՒ անձնակազմի ռազմամասնագիտական պատրաստության, նրա ֆիզիկական տոկունության, անձնակազմերի, հաշվարկների, ստորաբաժանումների, զորամասերի և զորամիավորումների ներդաշնակումը անհրաժեշտ մակարդակի հասցնելու, պահպանելու և կատարելագործելու համար` իրենց նախորոշմանը համապատասխան մարտական և այլ խնդիրների կատարման նպատակով: Վարչության գործառույթների, մարտական պատրաստության ոլորտում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումների, աշխատանքների հիմնական ուղղությունների մասին իր դիտարկումներն է ներկայացնում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը:
Նախորդ ուսումնական փուլի ընթացքում մեր առջև դրված խնդիրներն ամբողջությամբ կատարել ենք: Եղել են օբյեկտիվ պատճառներով չանցկացված պարապմունքներ, մի քանիսը հետաձգվել են, բայց հետո այլ տարբերակներով դրանք լրացրել ենք, լրացուցիչ գիշերային կամ արտաժամյա պարապմունքներ ենք անցկացրել:
Տարատեսակ միջոցառումների հետ մեկտեղ կազմակերպել ենք նաև զորավարժություն կրճատված կազմով զորամասերի օրինակով, ցուցադրել նման զորամասերում անձնակազմի հետ պարապմունքներ, վարժանքներ պլանավորելու և անցկացնելու կարգը: Այս փուլում արդեն բոլոր ուսումնական տեղամասերում առկա է անձնակազմի ամբողջական համալրվածություն, կառուցվածք, որն ի զորու է ապահովելու ստորաբաժանման առջև դրված խնդրի անխափան կատարումը: Փորձում ենք կատարելագործվել, ուսուցման նոր, ավելի արդյունավետ եղանակներ գտնել:
Անհրաժեշտ է գիտելիքների նվազագույն պաշար
Մեր կյանքը շատ արագ փոփոխությունների է ենթարկվում՝ գիտական ձեռքբերումների, տեխնոլոգիաների, տեխնիկական ներդրումների հետ կապված: Նույնն էլ զինված ուժերում է: Ժամ առ ժամ նոր տեխնոլոգիաների, նոր մոտեցումների կիրառում է արձանագրվում, և սա պահանջում է, որ նախկին հայացքներն ու մոտեցումները փոփոխության ենթարկվեն: Մարտական պատրաստության գործընթացը զորքերի ամենօրյա կենսագործունեության հիմնական բովանդակությունն է: Ինչքան փոփոխություններն արագ են, այնքան ճկուն և դինամիկ արձագանք է ակնկալվում: Այդ ճկունությունը ցանկալի է, բայց երբեմն արագ փոփոխությունները բերում են նաև ոչ ցանկալի արդյունքի: Այսինքն՝ չհասցնելով տիրապետել ինչ-որ նյութի խնդիրների ուսուցման, ուսուցվածության առումով, ապա նաև կատարելագործվել, զինծառայողը հարկադրված է լինում նոր բաներ սովորել, կտրուկ անցումներ կատարել, ինչը շատ դժվար է: Ամեն ինչում կա որոշակի ալգորիթմ, քայլերի հաջորդականություն, որ հերթականությամբ պետք է անցնել: Իհարկե, կա գիտելիքների, պատրաստվածության նվազագույն պաշար՝ դրա վրա հենվելով զարգանալու համար: Այդ ամենը հաշվի առնելով՝ արդեն գործի ենք դրել և հաջողությամբ կիրառում ենք գիտելիքների նվազագույն պաշար գաղափարը, որ կարգավորում է, թե տարբեր կարգախմբերի հստակ պաշտոններ զբաղեցնողները՝ կրտսեր հրամանատարներից մինչև ավագ սպայակազմ, գիտելիքների ինչ նվազագույն պաշարի պետք է տիրապետեն, որպեսզի հետո արդեն կարողանանք այն օգտագործել, ճկուն ձևափոխություններ, սահուն անցումներ կատարել՝ ելնելով օբյեկտիվ իրավիճակի գնահատումից և առաջխաղացման պահանջներից: Սա առաջին պահանջն է, որ բավական հաջողությամբ հիմա ընթանում է:
Բնականաբար, զարգացումների ֆոնին ակնկալում ենք նաև համապատասխան արձագանքներ ենթականերից, բայց բոլորից նույն կերպ պահանջելը ճիշտ չէ: Մարտական տարբեր թատերաբեմերում, տարբեր տեղանքներում պահանջները տարբեր են՝ ելնելով գործառութային պարտականություններից, մասնագիտական անհրաժեշտությունից: Եթե մի տեղամասում ավելի ակտիվ գործողությունների, ավելի արագ որոշումներ կայացնելու, ավելի կտրուկ իրավիճակներում փոփոխություններին արձագանքելու հատկանիշներ է պետք զարգացնել, մեկ այլ տեղամասում ավելի բարդ բնակլիմայական պայմաններում գործելու հմտություններ են հարկավոր: Մեկ այլ դեպքում էլ, ելնելով ռազմաքաղաքական իրավիճակից և տեղային պայմաններից, բոլորովին այլ որակներ են հարկավոր: Հանգում ենք այն մոտեցմանը, որ չի կարելի հետագա զարգացումը բոլորից նույն չափորոշիչներին համապատասխան պահանջել: Այստեղ շատ կարևոր դերակատարում է ունենում հրամանատրում առաջադրանքի միջոցով հայեցակարգը: Դրա մասին բազմաթիվ քննարկումներ են եղել: Ներդրման մասով տարբեր լուծումներ ենք փորձել տալ, ուղղորդել, բայց, այդուհանդերձ, ներքևի օղակներում այս մոդելի հիմնարար, սկզբունքային մոտեցումները դեռ լավ չեն պատկերացնում: Ինչքան էլ բացատրես, ուղղորդես, մարդ ներքին զգացողություն պետք է ունենա, որ պատկերացնի՝ իրենից ինչ են ուզում, և ինքն ինչպես պետք է վարվի:
Ուսուցման պարբերականություն եւ հաջորդականություն
Մենք ասում ենք՝ պատրաստություն, ապա ստուգում, որ վստահ լինենք՝ ում հետ ծառայելու կամ աշխատելու ենք, ինքը գիտի՝ ինչով է զբաղվելու: Դրանից հետո գալիս է վստահությունը. մենք վստահում ենք տվյալ մարդուն, որ ինքնուրույն կազմակերպի իր խնդիրները: Եվ վերջում վերահսկողությունն է, որ անհրաժեշտ պահին միջամտություն ցուցաբերվի: Բայց կան նաև մի շարք այլ հարցեր: Նորը միշտ դժվար է ընդունվում: Երբ մարդը սովոր չէ ինքնուրույն մոտեցումներ ցուցաբերելու, նոր ձևեր, նոր տարբերակներ կիրառելով ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, ինչքան ուզում ես զբաղվի, արդյունքը գոհացնող չի լինի: Այսինքն՝ արձագանքը ներքևում դեռևս թույլ է, բայց այստեղ գործում է ուսուցման մի շատ կարևոր սկզբունք՝ ուսուցման պարբերականություն և հաջորդականություն: Ինքնուրույնություն չունեցող ենթակայի նկատմամբ դրվում է հաջորդական զարգացման պահանջը, և ինքը փորձում է մյուսներին ինչ-որ կերպ համաքայլ շարժվել: Այն մարդիկ, ովքեր չեն ուզում զարգանալ, ինքնըստինքյան առանձնանում են: Զինվորական կոլեկտիվը մեկ միասնական օրգանիզմ է և այդպես էլ պետք է գործի: Սա շատ նուրբ գործընթաց է, պետք է զգույշ լինել մարդկանց չվնասելու համար:
Այս մեթոդը գործի դնելու համար մենք ունենք հրամանատարական պատրաստության տարբերակված մոտեցումներ: Այսինքն՝ հրամանատարներին, ըստ իրենց խնդիրների և անհրաժեշտության, գործընթացը կազմակերպելու հնարավորություն ենք տվել: Ոնց ուզում ես սովորեցրու՝ օրական մեկ ժամ, ուզում ես՝ շաբաթը տասը ժամ կամ էլ ընդհանրապես մի անցկացրու, նստիր, զրուցիր, հասկացիր այն ճիշտ ձևը, թե դու քո ենթակային ոնց պետք է բան սովորեցնես, ինչպիսի խնդրի կատարմանը ինքը պետք է պատրաստ լինի: Ի վերջո, այդ խնդիրն արդեն դրված է, իսկ մենք պետք է գանք և ստուգենք՝ պատրա՞ստ է ստորաբաժանումը, թե ոչ: Հրամանատարն ունի ազատություն, բայց այնպես չէ, որ ամեն տեսակի վերահսկողությունից դուրս է: Ամենաթող ազատություն չկա: Մենք տվել ենք համապատասխան չափորոշիչները, իսկ դրանց հասնելու տարբերակները հրամանատարինն են: Խնդի՞ր կա, աջակցելու կարի՞ք կա, խնդրեմ, բայց դու պետք է կարողանաս հասնել տվյալ մակարդակին: Մենք սովորեցնում ենք, վստահում ենք, վերահսկում ենք առանց անմիջական միջամտություն ցույց տալու, որ ինքնուրույնությունից չզրկենք:
Ուսուցման ամենակարեւոր սկզբունքը
Հետխորհրդային տարածաշրջանի երկրները մեծամասամբ կրկնօրինակեցին խորհրդային բանակի շատ ու շատ տարրեր՝ ուսումնական առարկաներից սկսած և վերջացրած ուսումնական նյութատեխնիկական բազայով: Բացառություն չէր նաև մեր երկիրը: Սակայն հետագայում մենք թերևս առաջինն էինք, որ սկսեցինք հրաժարվել խորհրդային մոդելներից: Դրանցում այնպիսի սկզբունքային պահեր կային, որ ընդհանրապես մեր պայմանների համար չէին: Խնդիրներ կային, որոնց կատարումը ոչ մի օգուտ չի բերում: Օրինակ՝ զինծառայողներին ուսուցանում էինք տասնյոթ առարկա: Շատերը հասկանում էին, որ այդ տասնյոթ առարկաները իրարից անկախ երբեք որևէ տեղ չեն գործում: Միայն առարկաների անունները լավ հիշողություն ունեցողն անգամ կդժվարանար թվարկել: Իսկ հիմա մենք ունենք ընդամենը առարկաների հինգ համալիր, խմբավորել ենք դրանք: Պարզաբանեմ, թե ինչու: Հնարավո՞ր է՝ զինվորը, հրամանատարը, ստորաբաժանումը դուրս գան դաշտային պարապմունքի և այնտեղ չօգտագործեն ինժեներական պատրաստության, հետախուզության, տեղանքում կողմնորոշվելու, ռազմաբժշկական պատրաստության, կապի և այլ տարրեր: Իհարկե, ոչ: Այդ ամենը միասին պետք է անել պարապմունք անցկացնելիս: Բայց մենք մինչև վերջերս ամեն ինչ արել ենք առանձին, առանց մարդու մեջ ավելի պատկերավոր, գիտակցական դարձնելու, որ կապի պատրաստությունն օգտագործվում է այսինչ նպատակով, ինժեներական ապահովման որևէ հարց՝ կոնկրետ իրավիճակի համար: Չի կարելի դաշտ դուրս գալ առանց ապահովման համապատասխան խնդիրները լուծելու, որի մեջ և՛ տեխնիկական, և՛ թիկունքային, և՛ ռազմաբժշկական ապահովման հարցերն են: Եվ այդ ամենը նոր մոտեցմամբ դառնում է մի մարտավարական պատրաստություն: Կամ ինչպես կարող է անձնակազմը տեխնիկա օգտագործել, եթե չունի համապատասխան տեխնիկական գիտելիքներ, մեքենավարման փորձ և տեխնիկայի մեջ տեղադրված համապատասխան սարքավորումներն օգտագործելու անհրաժեշտ որակներ և ունակություններ: Չգիտես ինչու, սովորեցնում էինք առանձին տեխնիկական պատրաստություն, առանձին մեքենավարում և այլն: Անտեսված էր ուսուցման ամենակարևոր սկզբունքներից մեկը՝ սովորեցնել այն, ինչ անհրաժեշտ է մարտի դաշտում:
Սա բարդ գործընթաց է: Բայց ամենից առաջ կրտսեր հրամանատարական օղակը պետք է այսպես վարժվի, որովհետև անձնակազմի հետ ամենաշատ շփվողը, նախապատրաստողը և ուսուցանողը հենց նրանք են: Հատկապես անցումային փուլում է դա դժվար, բայց հաջորդ սերունդների համար ավելի հեշտ է լինելու: Նրանք միանգամից նոր մոդելն են տեսնելու, այդ հիմքով էլ շարունակելու են: Այժմ էլ հենց այդ անցումային փուլն է: Որոշակի խնդիր ունեինք կազմակերպչական առումով, բայց, կարծում եմ, ամեն ինչ ստացվում է: Կարևոր է կրտսեր հրամանատարների ուսումնական ծրագրերի փոփոխումը այնպես, որ ունենանք մարտական պատրաստության նոր սկզբունքի ապահովման համար անհրաժեշտ անձնակազմ կրթելուն, բոլոր ծրագրերն իրագործելուն պատրաստ հրամանատարներ: Ընդ որում, ես ներկայացրի կատարվածի չնչին մասը, իսկ պատկերացրեք, թե զինված ուժերում ինչքան զորատեսակներ կան, բացի այդ, քանի մարտական պատրաստականություն ունեցող, տարբեր պայմաններում ծառայություն իրականացնող զորամասեր կան, բոլորի համար համապատասխան ենթախմբերով տարբեր ծրագրեր են պահանջվում: Նույն ծրագիրը թեկուզ երկու զորամասի համար նույն բովանդակությամբ և արդյունավետությամբ կիրառել հնարավոր չէ:
Նոր մեթոդներ եւ նոր վարժասարքեր
Նոր տեսակի տեխնոլոգիաների ներդրումը բանակում առաջնահերթություն է: Եթե ունենք դիմակայող ստորաբաժանումներ, որոնց մոտ կա այդ զարգացումը, մենք հին տարբերակով կամ հին սպառազինությամբ և տեխնիկայով, բնականաբար, նրանց երկար դիմակայել չենք կարող: Հավասարազոր կարգավիճակ ունենալը կամ առավել ևս զսպողի դերում հանդես գալը դժվար կլինի: Բայց այստեղ էլ պետք է հստակ գործի չվնասելու սկզբունքը: Ապրիլյան մարտական գործողություններից հետո տարբեր տեսակի օգնություններ եկան և՛ արտասահմանից, և՛ տեղի բարերարներից՝ սկսած հեռադիտակներից մինչև պրոֆեսիոնալ ջերմատեսիլ դիտասարքեր: Մենք դրան պատրաստ չէինք, մեր զինվորը դրանք օգտագործելուն պատրաստ չէր: Մեր դիպուկահարը գիտեր իր հրացանը, իր օպտիկական նշանոցը, բայց նորին ծանոթ չէր: Դա մեզ ստիպեց տարբեր փոփոխություններ կատարել ուսումնական ծրագրերում, նաև հստակեցնել, որ չի կարելի մի զորամասը համալրել, ասենք, 15 տեսակի նշանոցով: Իրատեսական չէ, որ մի մարդ տիրապետի նշանոցի այդքան տեսակների, կարողանա կիրառել ու նաև սովորեցնի մյուսներին:
Այժմ մենք տալիս ենք ծրագիր, նյութ, ուղղություն և ժամանակ դա իրագործելու համար: Հետո սկսում ենք հետևել, թե ինչն է առավել արդյունավետ, ինչն է բերում հետագա զարգացման, և ընդհակառակը, ինչն է խանգարող և դուրս է գալու այս ընդհանուր շղթայից: Այդ նույն նշանոցները մեզ ավելի լայն մտածելու, ավելի խորը լուծումներ տալու տարբերակներ են պարտադրում: Այսինքն՝ պետք է ավելի ունիվերսալ մասնագետներ պատրաստենք, որ իմանան տարբեր սարքերի կիրառման սկզբունքային դրույթները: Եթե մի քիչ, ժողովրդական լեզվով ասած, քթածակ ունեցան, մնացած մանրամասներին իրենք կկարողանան արագ տիրապետել: Սովորեցնում ենք ընդհանուր դրույթները, իսկ զինծառայողը մասնագիտանում է իրեն կցագրված զինատեսակի վրա:
Տեխնոլոգիական զարգացման հետ մեկտեղ հարկավոր է չմոռանալ մարդկային գործոնը: Մի օրինակ բերեմ: Տարբեր գործարանների արտադրության տարբեր որակի փամփուշտներ կան: Շատ զինվորներ չգիտեն, որ նույնիսկ նույն արտադրության, նույն չափորոշիչներին համապատասխանող փամփուշտների միջև հրաձգության ժամանակ շեղում է առաջանում: Հարկավոր է նրանց սովորեցնել ճիշտ նշանառությունը, կրակի ճիշտ կարգավորումը և իրականացումը: Զինվորն այնքան վարժված պիտի լինի, որ հրաձգության ժամանակ հանկարծ չմտածի, թե մի գնդակը կպավ նշանակետին, մյուսը՝ ոչ, էս ինչ է կատարվում: Ոչինչ, մյուսը կդիպչի, դրա համար կրակահերթով են կրակում, հանգստանում են, հոգեբանորեն նորից տրամադրվում են: Այս ամենը ներառված է ուսուցման գործընթացում: Միայն ցավալի մի պահ կա, որ ժամկետային զինծառայողների հետ ծավալվելու շատ ժամանակ չունենք: Արհեստավարժների հետ ուրիշ է: Գիտենք՝ դեռ երկար է ծառայելու, մանրանում ենք տարբեր թեմաների շուրջ, ամեն նրբությունն ուսումնասիրում: Ժամկետայինների հետ այդ ժամանակը չունենք, պետք է տանք հիմնական խնդիրների հետ կապված լուծման տարբերակներ ու պահանջենք, որ այդպես կատարվի:
Մեր զորամասերում կան հին արտադրության վարժասարքեր, հիմա էլ տարբեր առաջարկներ ենք ստանում դրանց արդիականացման, նոր մատակարարումների վերաբերյալ: Բայց աստիճանաբար հասկացանք՝ մի վարժասարք, որը նախատեսված է ընդամենը մի զինատեսակի համար, մեզ համար շատ թանկ հաճույք է: Մենք պետք է ունենանք վարժասարք, որը ոչ միայն նախատեսված կլինի մի քանի զինատեսակի համար, այլև հնարավորություն կտա միաժամանակ ուսուցանելու մի քանի զինծառայողի: Ի՞նչ է սա տալիս: Նախկին տարբերակով մի վարժասարքը մի մասնագիտություն էր սովորեցնում: Նոր տարբերակով՝ հնարավոր կլինի ուսուցանել, ենթադրենք, հրաձգային զենքի բոլոր տեսակները: Պատկերացրեք, ինչքան կմեծանա վարժասարքերի արդյունավետությունը: Համատեղ ուսուցման առավելությունները, երբ մարդիկ ներդաշնակված են որոշակի գործողություն կատարելու ընթացքում, ակնհայտ են: Ներգրավում ենք նաև տվյալ օղակի հրամանատարին, որը կկարողանա ուսուցանել ոչ թե մեկ զինծառայողի, այլ ամբողջ ենթակա անձնակազմին: Կկարողանա անհատապես որոշակի միջամտություն ցույց տալ, ամբողջական ստորաբաժանման ղեկավարման խնդիրներ առաջադրել և լուծում տալ: Նախկին վարժասարքերը պարզապես հրաձգություն էին սովորեցնում, նոր տարբերակով հնարավոր է արտացոլել թերությունների պատճառը, բացահայտել ավելի բարձր արդյունքի հասնելու միջոցները: Վարժասարքը հայրենական արտադրության է, և այժմ փորձարկման փուլում է:
Առաջավոր փորձը կարեւոր է
Կարևորում ենք առաջավոր փորձը: Ինչքան էլ հիմա նստենք, հիմնավորենք, որ այ սա լավ է կամ վատ է, արդիական է, արդյունավետ է, միևնույն է, չի կարող դառնալ կանոնադրություն կամ կարգ, քանի դեռ գործնականում չի կիրառվել, մենք չենք տեսել: Դրա համար ուսումնասիրություններ ենք կատարում՝ մեթոդիկա, մոտեցման նոր տարբերակներ: Առաջավոր փորձի փոխանակման միջոցառումների շարքը բավական հետաքրքրություն է առաջացնում անձնակազմի շրջանում, մրցակցության ոգի է մտցնում, ինչն էլ նպաստում է առաջխաղացմանը: Խրախուսվում են նորարարական աշխատանքները: Համատեղ աշխատանքների ընթացքում մարտի դաշտում գործելու նոր ձևեր, եղանակներ են մշակվում: Նոր միտքը չի անտեսվում, միգուցե հետո զարգացում չունենա, բայց առանց փորձելու ոչ մի գաղափարից չենք հրաժարվում:
Ունենք շատ հետաքրքիր առաջարկություններ մարտավարության, ստորաբաժանուների կառուցվածքի վերաբերյալ և այլն: Ամենը հիմնված է վերլուծությունների և իրական կիրառության արդյունքների վրա: Շատ տարածելու խնդիր չի, որովհետև ցանկացած նորության կիրառման հաջողությունը այն ժամանակ է գալիս, երբ կիրառվում է անսպասելի և հանկարծակի: Եթե ամեն ինչի մասին նախապես բարձրաձայնենք, հնարավոր է, ինչ-որ մեկը մեզանից ավելի լավ նույնն անի ու ընդդեմ մեզ:
Անձնակազմը տիրապետում է նոր զինատեսակներին
Մեր բանակի զինանոցը պարբերաբար համալրվում է նոր նմուշներով: Դրան զուգահեռ, վերապատրաստվում է սպասարկող անձնակազմը: Ինչքան էլ սպառազինությունը բարձր մակարդակի լինի, եթե դրա օգտագործողն ինքը նույն մակարդակին չի հասել, այդ զենքը նրանից կխռովի, ուղղակի կհրաժարվի այդ ձեռքերում աշխատել: Չի լինում այնպես, որ սպառազինությունը, ռազմական տեխնիկան վստահվի մի զինծառայողի, որը դրան չի տիրապետում, հատկապես ժամանակակից նմուշների նրբություններին ու առանձնահատկություններին ծանոթ չի: Հակառակ դեպքում, նորագույն միջոցների արդյունավետությունը շատ ցածր կլինի: Ավելի լավ է սովորական ինքնաձիգով, առանց լրացուցիչ որևէ սարքավորումների մարտի դուրս գալ, եթե դրան լիարժեք ես տիրապետում: Վստահ կարող եմ ասել՝ մեր զինվորը ամբողջությամբ տիրապետում է կցագրված զինատեսակներին, ուսուցանված է և պատրաստ դրանք կիրառելու մարտի դաշտում:
Միջազգային մրցույթներին մասնակցելու արդյունավետության մասին
Առաջին հայացքից, երբ մրցանակային տեղեր չես զբաղեցնում մրցույթում, դրական գնահատական տալը օբյեկտիվ չէ: Բայց հարցը դիտարկենք մեկ այլ տեսանկյունից: Մրցույթն ու իրականությունը տարբեր բաներ են: Ամեն ինչ պարզ է, եթե մենք արդար մրցակցության մեջ ենք: Բայց… Մենք հիմնականում ժամկետային զինծառայողներով համալրված ստորաբաժանումներ ունենք: Մրցույթներին մասնակցողներն էլ հենց նրանք են: Օրինակ՝ տանկային բիաթլոնում մեր մասնակիցների հիմնական մասի ծառայության մեկ տարին լրացել է մրցույթների ժամանակ: Նույնիսկ 1,5 տարի ծառայածին չէինք կարող տանել, որովհետև արդեն մրցույթի շրջանում նա պետք է զորացրվեր: Այսինքն՝ մրցույթին մեր ունեցածը ամբողջությամբ չենք կարողանում ցուցադրել: Բայց, այնուամենայնիվ, մեր միջին պատրաստություն ունեցողները այդ ժամանակ կենտրոնական դիրք են զբաղեցնում: Եթե մենք մի քանի տարի ծառայած արհեստավարժների ներգրավեինք, մասնագետների, ովքեր իրենց ամբողջ ծառայությունն են օգտագործում որպես նմանատիպ մրցույթների նախապատրաստվելու ժամանակաշրջան, միգուցե այն ժամանակ իրավունք կունենայինք ասելու՝ ինչո՞ւ մրցանակային տեղ չունենք: Բայց, անկեղծ ասած, շատ դեպքերում, ես գոհ եմ, երբ ընդամենը վեց ամիս ծառայած, նոր-նոր մասնագետի որակավորում ստացած զինծառայողը պատրաստվում է մրցույթների և որոշակի արդյունք է գրանցում, վերջին տեղերը չի գրավում: Դա ինձ համար լուրջ արդյունք է: Եթե այդ նույն զինվորը շարունակի զբաղվել իր պատրաստությամբ, պատկերացնում եք, չէ՞, որ արդյունքը շատ ավելի բարձր կլինի: Ամենակարևորը, երբ նայում ես մեր զինվորներին, ակնառու է, որ նրանք ուզում են մրցանակային տեղեր զբաղեցնել, պայքարում են: Պայքարում են թիմերի դեմ, որոնք օգտագործում են ավելի արդիականացված ռազմական տեխնիկա՝ կրկնակի հզորությամբ շարժիչ, ընթացային մասը շատ ավելի բարձր, սպառազինությունը, դիտարկման սարքերը մոդիֆիկացված, արդիականացված: Նեղ մասնագետները դա շատ լավ հասկանում են:
Մեկ այլ մրցույթում էլ այլ պետություններից մասնակցում են հատուկ պատրաստություն անցած հակաահաբեկչական ստորաբաժանման զինծառայողներ, մեր կողմից ներկայացնում ենք դիրքից նոր դուրս եկած դիպուկահարին: Սրանք հավասարազո՞ր են, իհարկե, ո՛չ: Այդուհանդերձ, բոլորն էլ հասկանում են՝ նույնիսկ այս պայմաններում մեր զինծառայողները փայլում են իրենց գիտելիքներով, համարժեք հնարավորությունների դեպքում նրանք անհաղթելի կլինեն: Շատ պետությունների զինված ուժերում միլիոնավոր դոլարներ են ծախսում մասնագետների պատրաստման համար, բայց նրանք զիջում են մեր տղաներին: Յուրաքանչյուր մրցույթին մասնակցելը մեզ համար լրացուցիչ փորձ է:
Գործնական պարապմունքներ
Միշտ եղել է այն պահանջը, համոզմունքը, որ ուսումնական պարապմունքների մեծ մասը պետք է լինի գործնական: Մի պահ եղավ, որ գործնական պարապմունքները վերածվել էին դաշտային դասախոսությունների: Հիմա իրավիճակը փոխվել է: Իհարկե, դասախոսություններ, քննարկումներ պետք են, բայց սահմանափակ ծավալով: Պարապմունքների 70 տոկոսից ավելին այժմ գործնական է, հատկապես՝ շարքային կազմի համար: Նույնիսկ կամայական տեղաշարժի դեպքում, ասենք՝ մի պարապմունքի վայրից մյուսին անցնելու ժամանակ, ինչ-որ արդյունավետություն ունենալն էլ կարևոր է: Հասկանալի է, որ մինչև, այսպես ասած, քո մարմնի վրա չզգաս, գլխիցդ չմտնի, ոտքերիցդ դուրս գա, քո գործի մասնագետը չես դառնա: Ինչքան շատ ես վարժվում, այնքան լավ մասնագետ ես դառնում: Իհարկե, խստավարժություն չպետք է լինի, այլ օրգանիզմի կարողություններին համապատասխան, ունեցած խնդիրներին համահունչ, աստիճանական բարձրացումների կարգով պատրաստություն: Ծանրաբեռնվածությունն էլ չափից դուրս չպետք է լինի, որ հյուծում չառաջացնի: Դրա համար կա անհրաժեշտ մեթոդիկա, սահմանված կարգ, որի հիմքում գործնական վարժվածության վարպետության հասնելն է: Միգուցե աչք շոյող, դուրեկան է գեղեցիկ հագնված, լավ վարժաձևերը պարզ վիճակում կատարող զինվորականներին ուղղակի նայելը: Բայց երբ այդ նույն զինվորականը իր պարզագույն խնդիրը չի կարողանում կատարել վարժադաշտում, դա ժողովուրդը չի տեսնում, բայց մենք տեսնում ենք: Ինձ համար շատ ավելի ցանկալի և ընդունելի է, որ զինվորականի համազգեստը մի քիչ մաշված լինի, ինքն էլ ամրակազմ չլինի, բայց խնդիր կատարի:
Զորավարժություններ առանց սցենարների
Զորավարժությունների հարցում շատ խիստ մոտեցում է: Հստակ սահմանել ենք՝ յուրաքանչյուր զինծառայող իր ծառայության ընթացքում՝ մարտական հրաձգություններ, պարապմունքներ, առանց մարտական հրաձգության զորավարժություններ, համալիր մարզումները դեռ չհաշված, պետք է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժության մասնակցի, դա պարտադիր պահանջ է: Նախագծվում է այնպես, որ բոլորը լինեն իրական մարտական իրավիճակի մեջ՝ վարժադաշտում, դիրքերում կամ ինչ-որ ստուգողական գոտիներում: Ամեն ինչ պետք է հնարավորինս մոտեցված լինի իրական մարտական գործողության պայմաններին: Քանակական առումով նախորդ տարիների համեմատ աճել է զորավարժությունների թիվը: Աճ ենք գրանցել նաև որակական առումով: Եթե նախկինում տեղ էր տրվում սցենարների օգտագործմանը, մշակված դինամիկայով գործողությունների կատարմանը, ապա այժմ զորավարժությունները նախապես մշակված ոչ մի սցենար չունեն: Նույնիսկ ցուցադրական զորավարժությունների ժամանակ, որոնց նպատակը ճիշտը, լավը սովորեցնելն է, հրամանատարները տեղյակ չեն գործողությունների դինամիկային: Մենք անձնակազմին մարզում, պատրաստում ենք այնպես, որ ցուցադրական դառնա: Եթե պետք է նայեն թղթերին, սովորեն, նոր հստակ գործողություններ կատարեն, էլ ո՞ւմ է պետք: Մարտի դաշտում այդ թղթի կտորներին նայելու ժամանակ հաստատ չեն ունենա:
Բոլոր առաջադրանքները տրվում են տեղում: Օրինակ՝ անցած ուսումնական փուլի ընթացքում զորավարժություններից մեկին մասնակցեց նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: Մտահղացման իրացման ժամանակ էլ սկսեց նոր ներմուծականներ տալ, նոր խնդիրներ առաջարկել հատկապես դժվար ղեկավարվող ստորաբաժանումներին, ասենք՝ գումարտակին տրված էր տանկային վաշտ, հենց այդ վաշտին էլ խնդիր առաջադրեց: Հուրախություն մեզ, ոչ մի անսպասելի պահ չեղավ, մասնակիցները գործեցին՝ ինչպես պետք էր, ու բոլորս շատ լավ զգացինք: Ցավոք սրտի, որոշ տեղերում դեռ կան թերացումներ, աշխատում ենք դրանք վերացնելու ուղղությամբ:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Խորագիր՝ #39 (1210) 04.10.2017 - 10.10.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում