ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հայտնի է, որ ժամանակակից թուրքական, ինչպես նաեւ ադրբեջանական պատմագրության համար կարեւորագույն թեմաներից են Առաջին համաշխարհային պատերազմը եւ հայերի ցեղասպանությունը: Իրենց հոդվածներում, գրքերում եւ հրապարակային հաղորդումներում նրանք ջանքեր են թափում` հերքելու 1914-1918թթ. հայերի զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը: Այդ նպատակի համար ծախսվում են զգալի նյութական միջոցներ: Հրապարակի վրա գտնվող գրականությունը թարգմանվում է հիմնականում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ինչպես նաեւ ռուսերեն լեզուներով: Հակահայ բովանդակությամբ գրականությունը ներկայացված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախագահական գրադարանում, եւ հետազոտողը կարող է օգտվել նրանից առանց որեւէ սահմանափակման:
Հիմնահարցի խեղաթյուրումը պաշտոնական մակարդակի է հասցրել Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը: Նրա կայքէջում տեղադրված է հակահայ թեմայով գրականություն, որից նույնպես հնարավոր է օգտվել առանց որեւէ սահմանափակման: Գլխավոր շտաբի կայքէջում ցուցադրված է նաեւ այսպես կոչված “Documentation Hall On Armenian Question” («Հայկական հարցի փաստաթղթերի սրահ»): Այդ սրահում ցուցադրվում են «1915-ի տեղափոխության օրենքին (բռնագաղթին) վերաբերող փաստաթղթերի եւ լուսանկարների բնագրերը, տեղափոխված հայ քաղաքացիների բաշխումը ներկայացնող ցուցակն ըստ քաղաքների, սպանդի ենթարկված անմեղ թուրքերի լուսանկարները, օսմանյան բանակում ծառայած հայ քաղաքացիների վերաբերյալ պաշտոնական նամակագրությունը եւ հայի կողմից Բեռլինում 1921-ին սպանված Մեծ վեզիր Թալեաթ փաշայի արյունոտ վերնաշապիկը»:
Թուրքական եւ ադրբեջանական պատմագրությունը, շրջանառության մեջ դնելով նման կեղծ փաստեր, փորձում է մոլորեցնել միջազգային հասարակայնությանը` խեղաթյուրելով պատմական ճշմարտությունը: Ժամանակ առ ժամանակ պատմագիտական գրականության մեջ հայտնվում են նոր դեմքեր, որոնք իրենց «ուսումնասիրություններով» փորձում են կեղծել կամ մեղմել պատերազմի տարիներին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:
Թուրք եւ ադրբեջանցի կեղծարարները գիտակցում են, որ օտարազգի ընթերցողը որոշակի կասկածանքով ու թերհավատությամբ է վերաբերվում իրենց գրքերին եւ վկայակոչած դեպքերին ու փաստերին, ուստի աշխատում են ամերիկացի եւ եվրոպացի մի շարք անբարեխիղճ գիտնականների կամ ուսումնասիրողների շրջանում գտնել այնպիսիներին, որոնք համաձայն կլինեն պաշտպանել թուրք-ադրբեջանական տեսակետը: Նման կերպ նրանք ճգնում են ընթերցողի կամ ուսումնասիրողի աչքում ստեղծել «հավաստի» աղբյուրի կամ հետազոտողի պատրանք:
Հայոց ցեղասպանության, ինքնապաշտպանական մարտերի եւ հայ կամավորական շարժման պատմության կեղծումը թուրքական կառավարությունը սկսում է դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ֆրանսերեն հրատարակված գիրքը, որը կոչվում էր «Հայկական կոմիտեների գործունեությունը», սկսեց տարածվել ողջ Եվրոպայով: Հետաքրքիրն այն է, որ գրքի տարածմամբ զբաղվում էին գլխավորապես թուրք կանայք, որոնք լինելով եվրոպական մայրաքաղաքներում, փորձում էին նաեւ իրենց «հմայքով» հաստատել հայկական «ոճրագործությունները»:
Առաջին «հիմնարար» կեղծարարական բնույթի գիրքը պատկանում է թուրք պատմաբան Էսադ Ուրասին: Հետագայում թուրք պատմաբանները եւ քաղաքագետները գրեթե նույնությամբ կրկնում են նրա «փաստարկները»` կեղծելով արեւմտահայ ինքնապաշտպանական մարտերի եւ հայ կամավորական շարժման իրական պատմությունը:
Այն բանից հետո, երբ 1915թ. մայիսին հայ կամավորները եւ Բայազետի ռուսական ջոկատը ազատագրում են Վանը, Վանի նահանգապետ Ջեւդեթ բեյը հայտարարում է, որ հայերը սպանել են մեծ թվով թուրքերի: Նահանգապետի այդ ամբաստանությունը հերքում է Վանի ինքնապաշտպանության ականատես, մասնագիտությամբ բժշիկ, ամերիկացի միսիոներ Քլարենս Աշըրը, որն իր հուշագրության մեջ նշում է.
«Հիսունհինգ հազար հայերի կոտորածը նա (Ջեւդեթ բեյը-Ռ.Ս.) ներկայացնում է որպես հայերի կողմից հիսունհինգ հազար մահմեդականների կոտորած: …Նա (Ջեւդեթ բեյը-Ռ.Ս.) նկարագրում է գազանությունների իրական, նողկալի մանրամասները` կանանց ու երեխաներին անպատվելը եւ խեղանդամ անելով սպանելը, սակայն իր նկարագրություններում կատարում է մի դիվային փոփոխություն` ասում է, որ այդ կանայք ու երեխաները մահմեդականներ են, որ այդպես են վարվել քրիստոնյաները»: Ցանկանում ենք նշել, որ ամերիկացի միսիոների գիրքը հրատարակվել է 1917 թվականին:
Թուրք-ադրբեջանական պատմագրությունը հայկական կողմին ամբաստանում է կանխամտածված խռովությունների եւ ապստամբությունների մեջ: Այդ կերպ ճգնում է ապացուցել, որ այսպես կոչված «տեղահանության» օրենքը հարկադրական միջոց էր` հայերին զերծ պահելու Անտանտի տերությունների եւ գլխավորապես Ռուսաստանի քայքայիչ ազդեցությունից:
Ադրբեջանցի պատմաբան աջար Յուսիֆ կըզի Վերդիեւան իր «Առաջին համաշխարհային պատերազմը եւ Կովկասի մահմեդական-փախստականները» հոդվածում, խեղաթյուրելով փաստերը, գրում է. «Արդեն 1914թ. նոյեմբերի 29-ից սկսած հայ անջատողականները որոշում են օգտվել ստեղծված իրադրությունից եւ Վանում կազմավորում են մարտական ջոկատներ ու գործուն աջակցություն ցույց տալիս ռուսական բանակին` Բայազետը եւ Փոքր Ասիայի մի շարք քաղաքներ գրավելիս»:
Ինքնին հասկանալի է, որ վերը հիշատակած պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ 1914թ. նոյեմբերին Վանում չեն կազմավորվել հայկական մարտական խմբեր: Ավելին, նրանք ինչպե՞ս կարող էին անցնել ռազմաճակատը եւ նույնիսկ գործուն մասնակցություն ունենալ Բայազետի եւ «Փոքր Ասիայի» այլ բնակավայրերի գրավմանը: Նշենք, որ Բայազետը գրավել է Անդրկասպյան կազակային բրիգադը, եւ նրա կազմում չեն եղել հայկական կամավորական, առավել եւս Վանից եկած մարտական խմբեր: Պատմական գիտությունների «դոկտորին» խորհուրդ կտանք ուշադիր ընթերցել մարտական գործողություններին մասնակից, Անդրկասպյան կազակային բրիգադի սպա Ֆ. Ի. Ելիսեեւի հուշերը:
Հայ կամավորների կողմից այսպես կոչված «մահմեդականների զանգվածային կոտորածները» եւս կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը: Հարկավ, եղել են վրեժխնդրության առանձին, մասնակի դեպքեր, որոնք երբեք էլ չեն թաքցվել: Սակայն, այն ինչ որ նկարագրվում եւ ներկայացվում է միջազգային հասարակայնությանը` կեղծիք է: Հայերը ամբաստանվում են երկու միլիոն մահմեդականների կոտորելու մեջ: Նման անհեթեթություն հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել: Դրանով փորձ է արվում ժխտելու համաշխարհային պատերազմի եւ հետագա տարիներին թուրքական զորքի եւ քրդական բաշի-բոզուկների կողմից կատարված վայրագությունները: Բանը հասել է նրան, որ հայերը ամբաստանվում են նաեւ Տրապիզոնի նահանգում բնակվող հույների զանգվածային կոտորածների համար: Եվ դա այն դեպքում, երբ 1915-1916թթ. տրապիզոնցի հայերի մի մասը փրկվում է շնորհիվ տեղի հույն բնակչության աջակցության: Նման անհիմն ամբաստանությամբ թուրքական կողմը փորձում է հայերի վրա բարդել պոնտական հույների ցեղասպանությունը (1919-1923թթ. Մուստաֆա Քեմալի հրամանով ոչնչացվել են 353 հազար, իսկ ըստ այլ տվյալի` 600 հազարից մինչեւ մեկ միլիոն պոնտացի հույներ: Մայիսի 19-ը համարվում է ցեղասպանության զոհ դարձած պոնտացի հույների հիշատակի օր):
Արդեն վերը հիշատակված ադրբեջանցի «պատմաբանը» խեղաթյուրում է նաեւ ռուս-թուրքական պատերազմը սկսելու իրական պատճառը: Ըստ նրա` Թուրքիան, լինելով Գերմանիայի մերձավոր դաշնակից եւ ցանկանալով օգնել նրան, 1914թ. հոկտեմբերի 16-ին փակում է Սեւ ծովի նեղուցները, ինչի հետեւանքով Ռուսաստանը տնտեսական մեծ վնաս է կրում: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը 1914թ. հոկտեմբերի 20-ին պատերազմ է հայտարարում Թուրքիային:
Իրականում, 1914թ. հոկտեմբերի 9-ին, Էնվերը հրամայում է փոխծովակալ Վ. Սուշոնին. «Թուրքական նավատորմը պետք է գերիշխող դիրքի ունենա Սեւ ծովում: Գտեք ռուսական նավատորմը եւ առանց պատերազմ հայտարարելու հարձակվեք նրա վրա, որտեղ էլ որ լինի»: Սա հայտնի փաստ է եւ որեւէ հերքման կարիք չունի: Վկայության հեղինակը գերմանացի ծովային սպա Հերման Լորեյն է, որը եղել է թուրքական ռազմանավի նավապետը:
Թուրք պատմաբան Չենգիզ Քյուրշատի կարծիքով, 1914-1916թթ. «հայ ահաբեկչական կազմակերպությունների» գործողությունները եղել են ծրագրված եւ ղեկավարվել են արտասահմանյան կենտրոններից, լայն աջակցություն են գտել եկեղեցու եւ միսիոներական կազմակերպությունների կողմից: Հայերի «գործունեությունը» Չ. Քյուրշատը բաժանում է երկու շրջանի, որոնցից յուրաքանչյուրն, իբր, ունեցել է իր մարտավարությունը: Ահաբեկչության առաջին շրջանի համար ընտրված էին Անատոլիայի հարավային եւ արեւելյան տարածքները, ինչպես նաեւ հարակից հետեւյալ շրջանները` Ադաբազար-Բուրսա-Իզմիր (Զմյուռնիա), Իզմիր-Ադանա: Այս շրջանում «հայ ահաբեկիչներն», իբր, գործել են թուրքական բանակի թիկունքում` արգելելով նրա կանոնավոր մատակարարումը:
Չ. Քյուրշատի կարծիքով, հայ ապստամբական շարժման սկիզբը Զեյթունն էր, որտեղից այն տարածվել է հարավ: «Հայ խռովարարները արգելափակում էին ճանապարհները, սպանում մահմեդականներին եւ անսպասելի հարձակվում թուրքական քաղաքների ու գյուղերի վրա` հրդեհելով բնակավայրերը եւ ոչնչացնելով բնակիչներին»:
Հայերի «գործունեության» երկրորդ շրջանը, իբր, ռազմաճակատն էր: Այստեղ հիմնական գործող անձինք հայ կամավորական ստորաբաժանումներն էին: Նրանցում հիմնականում ընդգրկված էին բացառապես Թուրքիայից փախած հայերը: Նրանք ամենագործուն մասնակցությունն են ունենում մարտական գործողություններին` «հետախուզելով տեղանքը, միաժամանակ հարձակվելով մահմեդական բնակավայրերի վրա»:
Է. Ուրասն ավելի որոշակի է նշում «հայ ահաբեկիչներին» տրված հրամանները. «Դասալքել խմբերով, զենքով եւ զինամթերքով: Ապակայունացնել դրությունը թիկունքում` ստեղծել խուճապ, եւ դրանով դրդել ռազմաճակատում գտնվող թուրք զինվորներին դասալքել եւ վերադառնալ տուն` հարազատներին պաշտպանելու: Հրդեհել գյուղատնտեսական ցանքատարածությունները, ինչպես նաեւ եկեղեցիները եւ այլն»:
Բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր Ուոքըրը, գրելով Է. Ուրասի եւ Չ. Քյուրշատի ամբաստանությունների մասին, նշում է, որ նրանք չեն անդրադարձել թուրք-հայկական ռազմական համագործակցությանը, մասնավորապես լռության են մատնել 1912-1913թթ. եւ 1913թ. Բալկանյան պատերազմին ութ հազար թուրքահպատակ հայերի մասնակցությունը: Ըստ բրիտանացի դեսպանի` հայ զինվորները «կռվում էին ավելի լավ, քան ուրիշ ազգի զինվորները»: Քր. Ուոքըրը չի ընդունում թուրք պատմաբանների եւ օտարազգի հեղինակների այն պնդումները, թե իբր օսմանահպատակ հայ զինվորները «դավաճանել» են: «Ինչպե՞ս կարող են այս անհիմն պնդումները բացատրել այն փոփոխությունը, որ տեղի ունեցավ օսմանյան զորքում երկու տարի անց (1915թ.-Ռ.Ս.): Եվ միաժամանակ ինչպե՞ս բացատրել հայ զինվորների սխրանքները օսմանյան զորքում մինչեւ 1915թ. մարտը, երբ նրանց զինաթափեցին»,- հարցնում է բրիտանացի պատմաբանը:
1915թ. իրադարձություններին, հայ կամավորական խմբերի եւ ինքնապաշտպանական մարտերի պատմությանն է անդրադարձել նաեւ թուրք պրոֆեսոր Հիքմեթ Օյզդեմիրը: Գրքի նախաբանի հեղինակն է բրիգադի գեներալ Սույհա Թանեյրին: Հրատարակությունն իրականացրել է Թուրքիայի Գլխավոր շտաբի Ռազմական պատմության եւ ռազմավարական հետազոտությունների ուսումնական կենտրոնը:
Կարելի է ենթադրել, որ թուրքական կառավարական եւ ոչ կառավարական հաստատությունները անուղղակի կերպով ֆինանսավորում են օտարազգի հեղինակների «գիտական հետազոտությունները»: Նման բնույթի գրքերը հիմնականում տպագրվում են արտասհամանում, սակայն կարճ ժամանակ անց թարգմանվում են թուրքերեն եւ տարածվում ողջ երկրով մեկ: Նման ձեւով, հավանաբար, վճարվում է հեղինակի կատարած աշխատանքը, քանի որ թարգմանությունը հրատարակելու համար հարկավոր է ստանալ հեղինակի թույլտվությունը եւ վճարել նրան:
Վերջին տասնամյակում կեղծարար հեղինակներից մեկի` ամերիկացի պաշտոնաթող փոխգնդապետ Էդվարդ Էրիկսոնի` հայոց ցեղասպանության պատմությունը նենգափոխելու փորձերին կանդրադառնանք հաջորդիվ:
ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
պատմ.գիտ. թեկնածու