Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԿՈԹՈՂԸ



Հայոց պատմությունը հարուստ է պատերազմներով, ճակատամարտերով ու պարտիզանական կռիվներով: Դրանք տեղի են ունեցել հայ ժողովրդի` թե՛ պետականություն ունենալու շրջանում եւ թե՛ օտար լծի տակ գտնվելու պայմաններում:
Պահպանվել են բազմաթիվ տաղանդավոր զորավարների եւ զինվորականների անուններ, նրանց սխրագործությունների պատմություններ: Պահպանվել են նաեւ պատերազմների եւ ճակատամարտերի նկարագրություններ, որոնք խոսուն վկայություններն են հայ ռազմագիտական տաղանդի:

Հայ ռազմագիտական միտքը բազում բոցավառումներ է ունեցել, սակայն տեսա-գործնական ռազմագիտության ասպարեզում, ցավոք սրտի, հայկական միտքն արգասաբեր չի եղել, թղթին չեն հանձնվել ռազմի դաշտում ձեռք բերված համապատասխան հմտությունները:
Այդ իսկ պատճառով հատկապես կարեւորվում է հայ ռազմագիտական մտքի այնպիսի մի բացառիկ ստեղծագործություն, ինչպիսին Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան` Նիկոլ Դումանի «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության» աշխատությունն է:

Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու ԱՐՄԱՆ Ս. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ

– Պարոն Եղիազարյան, ես գիտեմ, որ Նիկոլ Դումանը Ձեր՝ պատմաբանիդ, հայ ազատագրական պայքարի ամենից սիրելի ու գնահատելի դեմքերից է, մեկն այն եզակիներից, որ անկոտրում ոգու տեր գաղափարական մարտիկ էր` տեսական մտքի առաջնորդ։
-Այդպես է. Նիկոլ Դումանը 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարասկզբի հայ ազատամարտի նվիրյալների փաղանգի ամենաերեւելի դեմքերից է, սակայն, ցավոք սրտի, ամբողջությամբ չարժեւորված կենսագրությամբ եւ գործունեությամբ:

– Իսկապես, ցավով կարել է ասել, որ միայն սահմանափակ թվով մարդկանց է հայտնի նրա կյանքի գլխավոր՝ «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության» աշխատությունը։ Ձեզ հետ հանդիպումը հրաշալի առիթ կլինի մեր բանակի զինվորին, եւ ինչու միայն նրան, ներկայացնելու այդ հիրավի արժեքավոր, ինչպես Դուք մի անգամ շատ դիպուկ արտահայտվեցիք, հայ ռազմագիտական մտքի կոթողը։
-«Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության» աշխատությունը Նիկոլ Դումանի ավելի քան 20-ամյա հայդուկային գործունեության թագն ու պսակն է, մարտերում ձեռք բերված փորձի ամփոփումը, որը հայ իրականության մեջ բացառիկ երեւույթ է:

Աշխատությունը իսկապես կոթողային արժեք ունի, քանի որ գործնականում ապացուցել է իր կենսունակությունը` 20-րդ դարի սկզբին որպես դասագիրք ծառայելով հայրենիքի եւ հայ ժողովրդի պաշտպանության համար մարտնչած բազմաթիվ զինվորականների համար:
-Իսկ հայտնի՞ է, թե ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում է ծագել նման տեսա-գործնական աշխատություն գրելու միտքը, անհրաժեշտությունը…
-Ձեր հարցի պատասխանը մասամբ աշխատությունը տալիս է։ Սակայն ես կփորձեմ վերկանգնել պատմական այդ ժամանակահատվածը: Բաքու. 1905 թվական: Ցարական իշխանությունների հովանավորությամբ հայերին կոտորելու եւ նրանց ունեցվածքին տեր դառնալու սեփական նկրտումներն ի վերջո կյանքի կոչելու հնարավորություն ստացած կովկասյան թաթարները (այժմ` ադրբեջանցի կոչված) հարձակում են նախապատրաստում քաղաքի հայ բնակչության վրա: Հայության ինքնապաշտպանության կազմակերպումն իրականացնում է Հայոց պատմության ամենանվիրական ու լուսավոր հերոսներից մեկը` Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը, որը Տարոնի կռիվներից մեկում այնքան էր ահաբեկել թուրքերին` այրվող շինության բոցերի միջից դուրս թռչելով եւ նրանց վրա խոյանալով, որ վերջիններս նրան այդուհետ «Դուման» պատվանունն էին տվել: Նա փառքով իրականացրեց իր պատմական առաքելությունը` կասեցնելով թաթարների հարձակումը եւ նրանց շպրտելով ելման դիրքեր: Փրկվեցին քաղաքի տասնյակ հազարավոր հայ բնակիչներ։

Այդ դեպքերից հետո ընկերները սեփական փորձից ելնելով, Նիկոլ Դումանին առաջարկում են հայության համար, պատրաստել ինքնապաշտպանության ուղեցույց:
Այդպես է ծնվել «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության» աշխատությունը:
Աշխատությունը բաղկացած է ներածությունից, «Կազմակերպում», «Պաշտպանումն», «Հարձակում» վերնագրերը կրող գլուխներից եւ վերջաբանից:

– Աշխատության գլուխների մանրամասն քննությունն ու ընդհանրական արժեքի վերհանումը թերեւս ռազմական մասնագետների գործն է եւ մեր այսօրվա զրույցի շրջանակներից դուրս, սակայն կխնդրեի՝ գոնե ընդհանուր գծերով մեր ընթերցողին ներկայացնեիք դրանք:
-Նիկոլ Դումանն իր աշխատության ներածության մեջ գրում է. «…ազգային ընդհարումների ժամանակ, անկախ կողմերի քանակից ու որակից, անկախ նրանց հարաբերական ուժից, տուժում է ո՛չ թե մի, այլ անպայման երկու կողմը, միայն ա՛յն տարբերութեամբ` որ թույլ կողմը տուժում է ավելի շատ, իսկ ուժեղը` համեմատաբար քիչ: Եվ տուժում են ո՛չ միայն ֆիզիկապես ու տնտեսապես, այլ եւ կուլտուրապես»: Այնուհետեւ Նիկոլ Դումանը խոսում է այն մասին, թե ինչու են ծագում հակամարտությունները եւ թե ինչպես կարելի դրանք կանխարգելել: Սակայն, ելնելով սեփական փորձից, նա գրում է. «բայց ինչ էլ լինի, թե՛ թշնամուն եւ՛ թե բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է: Եվ մի ազգ – եթե ուզում է մնալ հարգված, եթե չի՛ ուզում կորչել – պետք է լինի զենքի ընդունակ, միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար…»:

-Աշխատությունից դատելով, Նիկոլ Դումանն ինքնապաշտպանությունը դիտում է որպես երեք անքակտելի գործողություն` կազմակերպում, պաշտպանություն եւ հարձակում: Ինչպե՞ս է բնորոշվում դրանցից յուրաքանչյուրը։
-Նիկոլ Դումանը շեշտը դնում է ամենից առաջ գիտակցական ու կազմակերպված կռվի վրա։ Նա գրում է. «Կազմակերպված ինքնապաշտպան կռիվը ըմբռնում է երեւույթները լայն եւ պարզորեն, գիտակցում է իր նպատակը. նա գիտի իր ուժերը ճշտիվ եւ թշնամունը` մոտավորապես. նա կարգի է բերում իր բոլոր ռազմիկ ուժերը եւ մտցնում է նրանց մեջ կարգապահություն: Հարկավոր դեպքում շարժում է իր զորամասերը արագորեն, կենտրոնանում է` ուր անհրաժեշտ է, հարձակվում է` ուր հարկավոր է, պաշտպանվում է` ուր կարեւոր է»:
Այսպիսով` նախաբանում հաստատելով կազմակերպված կռիվ-ինքնապաշտպանության անհրաժեշտությունը` Նիկոլ Դումանը անցնում է դրա կազմակերպման ընդհանուր կանոններին:

Հատկապես կարեւորվում է կազմակերպման ընթացքում «խորին գաղտնապահությունը», որը զգալի չափով հիմնվում է կազմակերպման գործընթացում ընդգրկված տեղացիների վրա. «անհրաժեշտ է, որ ինչպես կազմակերպվողները, նույնպես եւ կազմակերպողները լինեն անպատճառ տեղացիներ: Այս ձեւն ունի ա՛յն առավելությունը, որ գաղտնապահությունը դարձնում է հնարավոր: Ծայրահեղ դեպքում, թույլատրելի է, որ կազմակերպողը լինի դրսից, իսկ կազմակերպվողը` երբեք»:
Այնուհետեւ խոսվում է զենքին տիրապետելը կատարելագործելու ձեւերի մասին: Ասում է՝ ինքնապաշտպանության խումբը զենքին տիրապետելը կարող է կատարելագործել անհատական թիրախային նշանաձգության եւ որսորդության միջոցով. «Որսորդությանը առանձին տեղ ու նշանակություն պետք է տալ, որովհետեւ որսորդական վարժությունն է միայն, որ մարդուն մոտեցնում է պատերազմի արհեստին… Որսորդությունն ունի մի ուրիշ շատ խոշոր առավելություն, այն` որ որսորդը գործում է անկախ եւ ինքնուրույն, եւ դրանով նրա մեջ զարգանում է հնարագիտության ոգին եւ նախաձեռնությունը, որ չափազանց կարեւոր է խաղաղ կյանքի մեջ եւ, մանավանդ, պատերազմի ժամանակ»:
Հետո ինքնապաշտպանությունը տարածական ընդգրկման առումով Նիկոլ Դումանը բաժանում է երեք մասի` ըստ քաղաքների, գյուղերի եւ շրջանների:
Քաղաքային պայմաններում ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Նիկոլ Դումանը նախատեսում է քաղաքը բաժանել ըստ թաղերի եւ ստեղծել երեք կարգի խումբ.
ա) մնայուն խումբ, որը կռվի ժամանակ մնում է իր թաղում,
բ) թռուցիկ խումբ, որը եւս գործում է թաղում, սակայն, ըստ անհրաժեշտության, օգնության նետվում կռվի թեժ վայրերը, կամ թաղի վտանգավոր ծայրը,
գ) շրջիկ խումբ, որը գործում է ամբողջ քաղաքի տարածքում, անհրաժեշտության դեպքում բաժանվում մասերի եւ զբաղվում առաջին դիմադրության կազմակերպմամբ ինչպես քաղաքի բազմամարդ մասերում, այնպես էլ ճանապարհների վրա:

Ըստ Նիկոլ Դումանի` քաղաքի ինքնապաշտպանությունը սերտորեն կապված է շրջակա գյուղերի հետ` փոխադարձ օգնությունն ապահովելու տեսանկյունից: «Շրջակա գյուղերը կռվի ժամանակ կարող են օգնական խմբեր ուղարկել քաղաք, բայց նրանց գլխավոր գործը պետք է լինի` փակել ճանապարհները դրսից քաղաք մտնող թշնամու օգնական ուժերի առաջ»:
Նիկոլ Դումանը ներկայացնում է նաեւ քաղաքային կռվի, գյուղերի ինքնապաշտպանության սցենարները` սկսած կազմակերպական աշխատանքներից մինչեւ հաղթական ավարտը: Ճիշտ ինքնապաշտպանվելու դեպքում թշնամին ստիպված դիմում է զինադադարի առաջարկին եւ այդ դադարն օգտագործում են խմբերը, որպեսզի ծրագրեն հարձակումը:

Այնուհետեւ խոսվում է ինքնապաշտպանական ջոկատների հարձակման մասին: «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության» ձեռնարկի տեսանկյունից հարձակումը կոչված է ապահովելու ինքնապաշտպանությունը: «…ով որ կարծում է, թե այդ ապահովումը կարելի է ձեռք բերել` միշտ մնալով պաշտպանողական սահմաններում, նա չարաչար սխալվում է»,- ասում է Նիկոլ Դումանը: Հարձակումները թշնամուն միշտ պետք է պահեն անակնկալ հարձակումների երկյուղի մեջ, որպեսզի նրանք մնան իրենց տեղերում եւ չկարողանան համախմբվել ու կենտրոնացված հարվածել հայերին:
«Հարվածել թշնամու այս կամ այն մասին – նշանակում է թուլացնել նրա ամբողջությունը: Եվ ինչքան հաճախ ու արագ կատարվեն այդ տկարացումները, այնքան ավելի շուտ քայքայման կմատնվի ամբողջությունը, որի համար պարտությունը կդառնա անխուսափելի»,- վստահեցնում է Նիկոլ Դումանը։

Հարձակումը պետք է սկսել արշալույսին` շփոթություն եւ իրարանցում առաջ բերելու համար: Շփոթությունը կատարյալ դարձնելու համար անհրաժեշտ է ճանապարհին հրդեհել հնարավոր ամեն բան,- ասում է նա:
-Պարոն Եղիազարյան, Դուք բավականին հանգամանալի ներկայացրիք աշխատության հիմնական խնդիրները, ասելիքը, սակայն եկեք չմոռանանք, որ այդ գրքույկը, որ հայկական մարտական գրականության երախայրիքներից մեկն է, գրվել է 1907 թվականին, ասել կուզե՝ այն հնացած կամ ժամանակավրեպ չի՞ ընկալվի…
– Անհրաժեշտ է դասեր քաղել այն ամենից, ինչ մեզ ժառանգել են մեր հայրերը. չմոռանանք՝ ռազմագիտական մտքի տեսանկյունից այդ ժառանգությունը աղքատիկ է:

Նիկոլ Դումանի «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության» աշխատությունը հիրավի ռազմա-ստրատեգիական մի «ամբողջացած մեքենա է, որի կանոնավոր շարժումը կխանգարվի` եթե նրանից հանենք թեկուզ մի պտուտակ»: Նա գրում է, որ հայությունը հայտնվել է բնաջնջվելու վտանգի տակ, ուստի «այլեւս տատանումը հանցանք է: Ամեն մարդ – որ զգում է դրության լրջությունը – պետք է ասի իր խոսքը, պետք է հորդորի, որ Հայոց այդ երեք գլխավոր հատվածները պատրաստվեն ինքնապաշտպանության»:
-Նիկոլ Դումանի խիստ արդիական այդ խոսքով էլ եկեք ամփոփենք մեր զրույցը եւ ընդգծենք, որ հայ ազատամարտի նվիրյալի տեսա-գործնական սույն ձեռնարկը պետք է մեր սեղանի գիրքը լինի։ Հայ ազատամարտը շարունակվում է, եւ, ո՞վ գիտե, գուցե Նիկոլ Դումանի «Նախագիծը» մի օր կյանքի կոչելու անհրաժեշտություն առաջանա:

Շնորհակալություն հարցազրույցի համար, որից, հուսանք, կռվելու, պաշտպանվելու, հաղթելու թանկարժեք դասեր կքաղեն երիտասարդ մարտիկը, հայ զինվորն ու սպան։ Սակայն, անկեղծորեն ասած, ինձ ցնցեց գրքույկի վերջաբանը, որն իր շարադրանքով ու բովանդակությամբ ավելի շուտ գեղարվեստական, մարդասիրական խոսք է, քան կռվելու արվեստը յուրացնել տալու դաս։ Ինձ հիացրին քաջ ու ազնիվ հայորդու մարդկային վեհ նկարագիրը, անսահման ու անպարագիծ հումանիզմը, հայրենապաշտությունը։ Ինձ թվում է՝ չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Նկոլ Դումանի «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության» աշխատության «Վերջաբանը» հայ ժողովրդի անընկճելի ու մեծ ոգու ոսկեգիր մատյան- հիշատակարանն է։ Եկե՛ք, մեկ անգամ էլ բարձրաձայն կարդանք այն.

Վ Ե Ր Ջ Ա Բ Ա Ն

Կյանքն այլանդակ խաղեր ունի: Այդ խաղերից մեկն է եւ այս «ուղեցույցի» անհրաժեշտության ծագումը:
Կովկասյան հայկա-թրքական ընդհարումներից անմիջապես հետո ընկերներս առաջարկեցին ինձ` պատրաստել ինքնապաշտպանության ներկա ուղեցույցը:
Ես տատանվում էի…
Տատանվում էի, որովհետեւ գիտեի, որ այս պզդիկ բրոշյուրն իր մեջ պարունակե արյան դասեր:

Արյունն ինձ համար խորթ չէ եւ ո՛չ էլ օտար:
Բայց ես կատարելապես հասկանում եւ լիովին համակրում եմ, երբ այդ արյունը բաց է թողնվում ժողովուրդներ տանջող կառավարության զարկերակից:
Իսկ այստե՞ղ, այս ուղեցույցի մե՞ջ…
Սրա մեջ քարոզվում է, թե ինչպես եղբայրը պետք է ձեռքերը թաթախի եղբոր արյան մեջ, դրացին կանգնի դրացիի դեմ, մի ժողովուրդ ընդհարվի մյուսի հետ…

Դրա համար էլ տատանվում էի: Բայց անողոք կյանքը տարավ հաղթանակը:
Տաճկաստանում ամենուրեք խուլ շշունջները գուժում են ռեակցիոն ահավոր խմորումների մասին…
Այլեւս տատանումն հանցանք է: Ամեն մարդ – որ զգում է դրության լրջությունը – պետք է ասի իր խոսքը, պետք է հորդորե, որ հայոց այդ երեք գլխավոր հատվածները պատրաստվին ինքնապաշտպանության:

Եվ նրանք – ճակատագրորեն պիտի պատրաստվին:
Բայց…
Բայց ինձ կզգայի հոգեպես մխիթարված եւ բարոյապես վարձատրված, եթե մարտական այդ պատրաստությունները, իրերի բախտավոր բերմամբ, մի տենչալի օր զարկվին հրեշային ճակատին բոլոր ա՛յն նենգավոր կառավարությունների ու արտոնյալ պարազիտների, որոնք – ազգերը թունավորելով – մեզ դրել են եղբայրասպան դասեր շարադրելու տխուր անհրաժեշտության առաջ:

ՆԻԼՈԼ ԴՈՒՄԱՆ

Հարզազրույցը վարեց
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #31 (896) 10.08.2011 - 17.08.2011, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


17/08/2011