Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ` ՀԱՂԹԱԿԱՆ ԵԼՔ



ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ` ՀԱՂԹԱԿԱՆ ԵԼՔ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի  հրամանատարության ու շտաբի բազմազգ անձնակազմի կառավարման կետը միանգամից չես նկատի: Այն հուսալի քողարկված է  եւ անհասանելի է անգամ օդային հետախուզության միջոցների համար: Այստեղ են քննարկվում եւ մշակվում «Փոխգործակցություն-2017» զորավարժության մարտական համատեղ գործողության մտահղացումը, ժամանակացույցը, կատարվում հաշվարկները: Այստեղից են զորավարժության մասնակից ստորաբաժանումները ստանում մարտական խնդիրները: Վրանային ավան հիշեցնող կառավարման կետի կենսունակության ապահովումը զորավարժության կարեւոր բաղադրիչներից է: Այն ապահովված է տեխնիկական նորագույն միջոցներով, եւ որ ամենակարեւորն է՝ ապահով ու անխափան կապով:

 Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարությունն ստանձնած գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը վաղ առավոտյան ամուր ձեռքսեղմումով ծանոթանում է իր տեղակալների հետ, որոնք մասնակից պետությունների ներկայացուցիչներն են, ապա պարզաբանում է աշխատանքային կարգացուցակը: Անցկացվում են հրամանատարաշտաբային մարզումներ՝ միասնական ղեկավարման մարմնի գործողությունները համադրելու համար:

ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ` ՀԱՂԹԱԿԱՆ ԵԼՔ-Զորավարժությունում ներգրավված են մասնակից պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը՝ ռուսական օդադեսանտային դիվիզիան ու դեսանտագրոհային միավորումը, հայկական եւ ղրղըզական հատուկ նշանակության միավորումները, բելառուսական օդադեսանտային միավորումը, տաջկական դեսանտագրոհային միավորումը: Բացի այդ, մեր հրամանատարության ներքո են նաեւ ուժային այլ կառույցների խմբեր բոլոր երկրներից: Մեր վարած ռազմական գործողությունները մի յուրահատկություն ունեն՝ ոչ թե պաշտպանական բնույթի են, այլ համարժեք արձագանք են առկա մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, թմրաթրաֆիկին,-պարզաբանում է գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ` ՀԱՂԹԱԿԱՆ ԵԼՔՄարտական կառավարման կենտրոնում հեռախոսազանգ է հնչում: Զորավարժության հրամանատարի մարտական կարգադրությունն ստանալուց հետո հրամանատարը պարզաբանում է խնդիրը, հիմնական պաշտոնատար անձինք հրահանգավորվում են առաջիկա մարտական գործողությունների բնույթի վերաբերյալ: Ելնելով ուժերի եւ միջոցների հնարավորություններից՝ նրանք պետք է ներկայացնեն առաջարկներ, որոնց հիման վրա էլ հրամանատարը կմշակի մարտի վարման մտահղացումը, կճշգրտի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դերը: Շտաբի պետին ցուցում է տրվում ժամանակի հաշվարկ կատարել: Որոշվում է հրամանատարության եւ շտաբի աշխատանքի կարգն ու  մեթոդը` զուգահեռ, հաջորդաբար կամ համատեղությամբ:

ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ` ՀԱՂԹԱԿԱՆ ԵԼՔ-Մարտի նախապատրաստման ընթացքում չեն լինում մանրուքներ,  եւ հաղթական ելք ապահովելու համար անհրաժեշտ է բծախնդրորեն  պլանավորել ամեն դրվագ: Հիմնական աշխատանքը կկատարենք գիշերային ժամերին: Առավոտյան զորքը հրահանգավորված կլինի, տեխնիկան ու սպառազինությունը՝ պատշաճ վիճակում: Մենք պետք է հնարավորինս արագ գործենք՝ ժամանակ տնտեսելով գործողություններում ներգրավված ուժերի համար,- ներկայացնում է գեներալ-մայորը:

Հրամանատարության խորհրդակցության վրանից բացի, բացազատված են նաեւ մի շարք այլ կետեր` ընդհանուր պլանավորման, հակառակորդի կրակային խոցման, զորքի ուղղորդման, ինչպես նաեւ հրետանային, կապի, ինժեներական ծառայության, ՀՕՊ-ի եւ այլն:

-Վստահ եմ, որ բոլոր մասնակիցները բարձր արդյունքներ, հմտություն ու պրոֆեսիոնալիզմ կդրսեւորեն մարտական գործողությունները վարելու, ուսումնական- մարտական առաջադրանքների կատարման հարցում,- եզրափակում է Կարեն Աբրահամյանը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #40 (1211) 11.10.2017 - 17.10.2017, Ազգային բանակ


11/10/2017