Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՍՄՆԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ



ՄՍՄՆԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸՍկիզբը՝ նախորդ համարում

 Հոկտեմբերի 17-ին թուրքական առաջապահ զորամասը շարժվում է Վարանդայի ուղղությամբ, իսկ հոկտեմբերի 18-ին թուրքական մեկ այլ զորամաս, իր կազմում ունենալով 300 հետևակ, 110 հեծյալ զինվոր, երկու լեռնային թնդանոթ և յոթ գնդացիր, թուրք սպաների ու ադրբեջանցի Խոսրով բեկ-Փուլադովի գլխավորությամբ մտնում են իրենց ճանապարհին ընկած Վարանդայի առաջին՝  Շուշիի մերձակա խոր ձորի մեջ գտնվող Շոշ գյուղը, ապա այնտեղից երկու դավաճան հայերի առաջնորդությամբ տեղափոխվում Մսմնա:

Մինչև Վարանդայի գյուղերի վրա հարձակումներ ձեռնարկելը հակառակորդին անհրաժեշտ էր պարզել տեղանքի յուրահատկությունը, ստույգ տեղեկանալ Ադրբեջանի պահանջների նկատմամբ հայ գյուղացիների տրամադրվածության և նրանց  մարտական կարողությունների, մարտնչելու տրամադրվածության մասին: Բացի այդ, նախորդ կռիվների փորձից քաջատեղյակ լինելով հայ զինվորի մարտունակությանը՝ Խոսրով բեկ-Փուլադովը  Ջամիլ-Ջավիդ բեյից հրահանգ է ստանում գյուղերը գրավել առանց կռիվների՝ գյուղացիներին զինաթափելու, համոզելու, կեղծ խոստումներ տալու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ սարսափի մատնելու ու վախեցնելու միջոցով: Իսկ այդ ընթացքում թուրքական զորքերը կենտրոնանում են Վարանդայի սահմաններում, որպեսզի նրանց ներկայությունը տեսանելի լինի եւ սարսափ ներշնչի հայ գյուղացիներին:

Հասնելով Մսմնա՝ Խոսրով բեկ-Փուլադովն անհապաղ իր մոտ է հրավիրում  Խերխան, Մավաս, Խաշմաշ, Ննգի, Ղավախան, Մաշադիշեն և Սարուշեն գյուղերի ներկայացուցիչներին և նրանցից խստիվ պահանջում, որ 48 ժամվա ընթացքում հավաքեն գյուղերում գտնվող զենքերը, ապա տանեն Շուշի և հանձնեն գլխավոր հրամանատարին: Չհնազանդվելու դեպքում՝ սպառնում է ռմբակոծել հայկական գյուղերը:

Թուրք սպաներն ավելի քան վստահ են եղել, որ հայ գյուղերի հարևանությամբ կուտակված զորքի ներկայությունն արդեն ահ ու սարսափի է մատնել հայ գյուղացուն և այդ համոզվածությամբ զորքի հիմնական խմբաքանակը թողնում են Մսմնայում  ու հոկտեմբերի 19-ին դուրս են գալիս գյուղից և շարժվում դեպի Վարանդայի ամենամեծ գյուղերը՝  Գյունե Կալե և Ղոզե Կալե (ներկայիս Մարտունու շրջանի Ճարտար գյուղը-Հ.Գ.), ու նույն պահանջը նեկայացնում:

Հայկական կողմը փորձում է խուսափել զինված բախումից և միամտաբար կարծում է, որ կարելի է հավաքել մի քանի տասնյակ հնատիպ զենքեր, հանձնել թուրքին ու դրանով հարցը փակել: Սակայն թուրք հրամանատարության սպառնալիքները, պահանջներն ու Արցախի սահմաններում կուտակված զորքը զգաստացնող ներգործություն են ունենում: Զինվորական շրջանների հրամանատարությունը հասկանում է, որ Վարանդայից հետո թուրքերը նույնը, այն է՝ զինաթափվելու ու հանձնվելու պահանջը ներկայացնելու են նաև Դիզակին, Խաչենին ու Ջրաբերդին: Հովակ Ստեփանյանի խոսքով՝ «Տաճիկների շարժումներից ու նաև այլ ճանապարհներով ստացված տեղեկություններից իրազեկ լինելով թշնամու դիվային ծրագրին, Վարանդան մի մարդու պես ոտքի է կանգնում:

Թուրքական զորքի մի մասը թեպետ շարժվել էր Ճարտար, բայց հիմնական խմբավորումը գտնվում էր Մսմնայում: Հոկտեմբերի 18-ի երեկոյան Չանախչի գյուղում Վարանդայի զինվորական շրջանի վաշտապետներից Արտեմ Պետրոսյանի  գլխավորությամբ տեղի է ունենում խորհրդակցություն, որի մասնակիցները միաձայն որոշում են թույլ չտալ թուրքական զորամասին Մսմնայից առաջ շարժվելու: Համաձայն այդ խորհրդակցությունում ծրագրած մարտավարության՝ հայկական մարտական ուժերը պիտի շրջապատման մեջ վերցնեին Մսմնայում գտնվող թուրքական զորամասը, կտրեին օգնություն ստանալու հնարավորությունից ու ջախջախեին:

Մսմնա գյուղում հակառակորդին ջախջախելու գործողությանը պիտի մասնակցեին նաև հարևան շրջանների՝ Դիզակի, Խաչենի և Ջրաբերդի մարտական ուժերը: Իսկ զինվորական շրջանների միջև գործող կապն ու փոխհամագործակցությունը, ինչը հրաշալիորեն դրսևորվում է ճակատամարտի ողջ ընթացքում, վեր է որևէ գովասանքից ու գնահատականից:

Պատմությանը հայտնի Մսմնայի ճակատամարտի ընթացքի ու որոշ մանրամասների մասին պահպանվել են տարաբնույթ, իսկ երբեմն իրարամերժ տեսակետներ:

Քյազիմ բեյը որոշում է խիստ պատժի ենթարկել Հաղորտի, Գյունե Կալե և Ղոզե Կալե (Ճարտար) գյուղերի ըմբոստությունը. 400 ասկյարներից բաղկացած թուրքական զորամասով, 4 լեռնային թնդանոթով և 6 ծանր գնդացիրներով մտնում է Վարանդա գավառամաս:

Հոկտեմբերի 18-ի գիշերով հայկական Մսմնա գյուղում թուրքական պատժիչ զորախումբը մյուս օրը դեռ լույսը չբացված մարտական պատրաստվածությամբ շարժվեց Հաղորտի գյուղի վրա և Մսմնա-Ղավախան-Հաղորտի գյուղերի սահմանագլխին անսպասելիորեն հանդիպեց հայ գյուղացիների զինված դիմադրությանը, որը կազմակերպել էին Դիզակ-Վարանդայի ինքնապաշտպանական գոտու հրամանատար Ս. Մելիք-Շահնազարյանցը և Հադրութի ձորակի ժողովրդական աշխարհազորականների խմբի հրամանատար Ասլան Մուրադյանը»:

Արցախի Ազգային խորհրդի նախագահ Եղիշե Իշխանյանը նույնպես վկայում է, որ ճակատամարտի սկզբին հայերն անակնկալի են գալիս, բայց հավաքելով իրենց մարտական ուժերը՝  տեղակալ Հարություն Պետրոսյանի և Դիզակի վաշտապետներից Ասլանիկի առաջնորդությամբ Մսմնայի ձորում նույնքան հանկարծակի շրջափակման մեջ են վերցնում թուրքերին, որոնք թեպետ բազմիցս գրոհներ են ձեռնարկում և փորձում դուրս գալ պաշարման շղթայից, բայց բոլոր փորձերն անցնում են ապարդյուն:

Եղիշե Իշխանյանի պնդմամբ՝ Դիզակի վաշտապետներից Ասլանիկն իր գլխավորած կիսավաշտով Դիզակից Վարանդա էր եկել Սոկրատ բեկի խնդրանքով:  Ի հակադրություն Եղիշե Իշխանյանի՝ Հարություն Թումյանն առավել մանրամասնորեն անդրադառնալով Մսմնայի ճակատամարտին և իհարկե նաև հրամանատարների ինքնությանը՝ գրում է. «Պատմաբան Լեոն թուրքական այդ զորամասի ջարդը իր մի լրագրական հոդվածում սխալմամբ վերագրել է վարանդեցի Սոկրատ բեկ-Շահնազարյանին, մինչդեռ նա ոչ մի մասնակցություն չէր ունեցել: Սոկրատ բեկը վաղուց հեռացված էր Վարանդայի զինված ուժերի հրամանատարի պաշտոնից: Անգլիացիների օրոք նա դարձավ անգլիացիների  լրտեսը և գործում էր ի վնաս Ղարաբաղի հայության շահերի:

Ճակատամարտի ժամանակ Ասլանիկին օգնության են շտապել Տումեցի Թևանն ու Վարանդայի մի շարք գյուղերի մարտիկներ, որոնց թվում օգնության է հասնում նաև սպա Արտեմ Պետրոսյանը և ստանձնում կռվի ղեկավարությունը, որում ոչ մի մասնակցություն չի ունեցել Սոկրատը, բայց վայելել է Մսմնայի հաղթանակի փառքը՝ որպես Վարանդայի հրամանատար, որովհետև Մսմնան Վարանդայի գյուղերից էր»:

Հարություն  Թումյանի հավաստմամբ՝ այն պահին, երբ Լալայանը թուրք հրամանատարության վերջնագրին տալիս է` «Դիզակը երբեք գլուխ չի խոնարհել թշնամու առաջ, իսկ եթե փաշան վստահ է իր ուժերին, թող փորձի զենքի ուժով նվաճել Դիզակը» պատասխանը, Վարանդայից նրան տեղեկացնում են, որ Շուշիից Վարանդայի տարածքով դեպի Կարագինո (Ջեբրայիլ) է շարժվում թնդանոթներով և գնդացիրներով զինված 400 թուրք զինվորներից բաղկացած զորամաս, որը տեղական հրոսակախմբերի զինակցությամբ փորձելու է մտնել Դիզակ, ապա տեղափոխվել գավառամասի կենտրոն՝ Հադրութի զորանոցներ:

Լալայանը վճռում է թուրքական այդ զորամասը ջախջախել Վարանդայում հետևյալ մարտավարությամբ. նրա հանձնարարությամբ Դիզակի վաշտապետներից Կարմրակուճ գյուղացի Ասլանիկը, որը նախորդ մարտերում աչքի էր ընկել արիությամբ ու կռիվներ վարելու վարպետությամբ, Դիզակի ու Վարանդայի 200 մարտիկներով պիտի աննկատ մոտենար Մսմնա գյուղին, որտեղ հանգստանում էին թուրք ասկյարները, ակնդետ հետևեր նրանց տեղաշարժերին, ապա դարանակալեր ու կոտորեր թուրքական զորամասը:

Հաշվարկը շատ ճիշտ էր ու խորապես մտածված: Գյուղից դուրս եկող ճանապարհն անցնում էր հենց այդ ձորի միջով: Լալայանի հրահանգի համաձայն՝ Ասլանիկը զորախմբով մոտենում է Մսմնային և աննկատելիորեն գրավում գյուղի մերձակայքում գտնվող ձորի հակադիր բարձունքները: Թուրք զինվորներն, անտեղյակ հայերի կողմից իրենց համար պատրաստված դարանից, դուրս են գալիս գյուղից և հանգիստ շարժվում ձորով անցնող ճանապարհով: Հանկարծ բարձունքներից նրանց վրա է տեղում հայ մարտիկների կրակը: Չնայած անելանելի իրավիճակին՝ թուրքերը կատաղի դիմադրություն են ցույց տալիս և թնդանոթների ու գնդացիրների տեղացող հարվածների աջակցությամբ գրոհներ են ձեռնարկում ու փորձում դուրս գալ երկաթյա օղակից: Այսուհանդերձ, մարտադաշտ հասած օգնական ուժերի աջակցությամբ՝ Ասլանիկին հաջողվում է գլխովին ջախջախել թուրքական զորամասը: Ասկյարներից շատ քչերին է հաջողվում փրկվել: Օգտվելով գիշերային խավարից ու մառախուղից՝  փրկված թուրքերը, մարտադաշտում հայերի տնօրինությանը թողնելով զգալի քանակությամբ ռազմավար, դիմում են փախուստի ու ազատվում անխուսափելի կոտորածից:

 Շարունակելի

 ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #40 (1211) 11.10.2017 - 17.10.2017, Պատմության էջերից


11/10/2017