Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՐԿԻՆՔԸ ՏԱՆԻՔ Է



ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՐԿԻՆՔԸ ՏԱՆԻՔ ԷԱռաջին նամակը բրազիլահայ երգիչ Ժակ Օգջյանը գրեց ինձ այս տարվա մայիսին: 

«Բարեւ, սիրելի՛ Գայանե: Անունս Ժակ է, ու ազգանունս էլ քեզ տարօրինակ կթվա` Օգջյան, բայց ես հայ եմ` ցեղասպանությունից փրկված ու աշխարհով մեկ սփռված տարագիր հայերից մեկի շառավիղը: Դեդես գաղթի ճանապարհին մահացավ: Հայրիկս մեծացավ Բեյրութի «Թռչնոց բույն» որբանոցում: Ու Լիբանանը դարձավ իմ երկրորդ հայրենիքը: Դուք եք այդպես ասում` երկրորդ հայրենիք: Ձեր հոդվածներում, երբ զրուցում եք օտարության մեջ ծնված արեւմտահայերի հետ, նրանք երկիրը, որտեղ ապրում են, երկրորդ հայրենիք են կոչում: Բայց դա մի մեծ ու գեղեցիկ սուտ է, որովհետեւ երկիրը, որտեղ ծնվել ես, ծննդավայր է ընդամենը, իսկ հայրենիքում քո արմատն է, քո հեռավոր նախնիների ապրած կյանքը, նրանց ոտնահետքերը, նրանց ձայնի արձագանքները: Երբ ես դա հասկացա, սկսեցի թափառել աշխարհով մեկ: Հունաստան, Ֆրանսիա, Բրազիլիա… Որ երկրում ասես չապրեցի: Ես տուն չունեի այս մոլորակի վրա, ես տրուբադուր էի, որ երգում էր աշխարհով մեկ ու երգում հայերեն: Դուք հիմա մտածում եք` իսկ ինչո՞ւ տուն չեք գալիս: Ինչո՞ւ մի ամբողջ կյանք ապրեցիք հյուրանոցում: Դուք այդպես եք մտածում, որովհետեւ չգիտեք` ի՞նչ է նշանակում առաջին անգամ հանդիպել Հայրենիքին, երբ արդեն հասուն տղամարդ եմ: Ես Ձեզ կբացատրեմ: Դա մոտավորապես նշանակում է 30-40 տարեկանում առաջին անգամ հանդիպես քեզ ծնած մոր հետ, ապրել նրա ընտանիքում, նրա զավակների հետ, որոնք այդ մոր գրկում են բացել աչքերը ու թոթովել առաջին բառերը: Դա քննություն տալու պես բան էր` ի՞նչ վաստակով ես գալիս, ո՞վ ես, ի՞նչ ես արել մինչեւ հիմա:

Գայանե՛, ես առաջին քայլն արել եմ: Արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ: Օրինականացրել եմ իմ որդիությունը: Ու գալ ամիս պիտի հայրենիք գամ: Անշուշտ, կտեսնեմ քեզ, որովհետեւ քո հոդվածները, քո մարդիկ` քո սպաներն ու զինվորները, ինձ քաջալերեցին, ասին` մենք այստեղ ենք, քեզ հետ ենք»:

Եվ ահա Ժակ Օգջյանը հայրենիքում է: Ու ես զրուցում եմ նրա հետ:

-Բարի գալուստ, Ժա՛կ: Ձեր համեմատությունը` մոր եւ որդու ուշացած հանդիպման մասին, շատ տպավորիչ էր, ու ուզում եմ հարցնել` ինչպե՞ս եք զգում Ձեզ հայրենիքում:

-Վերջապես ես տանն եմ: Դուք` Հայաստանում ապրող հայերդ, գուցե չհասկանաք-չզգաք ասածս: Որովհետեւ չգիտեք, թե ինչպես է արյունդ երգում, երբ հարազատ պատկերները հպվում են աչքերիդ, երբ շնչում ես հարազատ օդը, երբ  շուրջբոլորդ հայերեն ես լսում: Մի քանի ամսով էի եկել, բայց հետ դառնալու փոխարեն քրոջս եմ կանչել: Շուտով քույրս էլ կգա, կմիանա ինձ: Գնալու մասին չեմ էլ մտածում: Ես արդեն վերադարձել եմ: Հիմա եկել եմ խնդրեմ, որ ինձ զորամաս ու սահման տանես, պիտի զինվորների համար երգեմ իմ գրած «Երկիր Նաիրի» երգս: Պիտի նրանց ասեմ, որ ես տուն եմ եկել, այստեղ եմ: Ես նրանց կպատմեմ իմ պատմությունը Թագուհի նենեիս մասին, որը չորս երեխաների հետ  թուրքի սրից փրկված` անտուն-անտիրական, հասավ Բեյրութ` անոթի, միայնակ… Հետո իր չորս երեխաների հետ տանիք գտավ «Թռչնոց բույն» որբանոցում ու սկսեց աշխատել որպես հոգատար եւ խնամել հայ որբուկներին: Հայրս պատմում էր, որ որբանոցի մանուկները նենեիս մայր են կոչել: Ես նրանց կպատմեմ, թե ինչպես էինք մենք` հայ փոքրիկներս, Բեյրութի Վահան Թեքեյան վարժարանում սովորում մայրենի լեզուն, ինչպես էինք յուրացնում Հայաստանի ու հայրենիքի հետ կապված ամեն բան ու ինչպես էինք դիմավորում հայրենիքից եկած մտավորականներին: Ասես նրանք աստվածներ լինեին` Սիլվա Կապուտիկյանը, Լուսիկ Քոշյանը, Հովհաննես Բադալյանը, նույնիսկ Արամ Խաչատրյանին եմ տեսել: Ես կպատմեմ, թե ավագների ինչպիսի զրկանքների գնով իմ սերունդը հայ մնաց: Ես նրանց կպատմեմ ընկերոջս` Վոլտեր Դեմիրճյանի մոր` Էլիզաբեթ մայրիկի մասին: Թե ինչպես հայերեն երգեցի նրա համար: Ու թե ինչպես էին արցունքները գլորվում նրա խոր կնճիռների միջով հայերեն երգը լսելիս: Հայի քանի սերունդ մեռավ հայրենիքի կարոտը սրտում, ու մեր այսօրվա հայ զինվորը նրանց երազանքի պաշտպանն է: Սեփական հողի վրա, սեփական տանը մորթված ու տարագիր մի ամբողջ ժողովրդի երազանքի, որի անունը Հայաստան է:

-Ժա՛կ, ինչպիսի՞ն էր Ձեր ուղին՝ որպես երգիչ:

-Երբ հայկական ռադիոն հայերեն էր երգում, ես անշարժ, քարացած լսում էի: Հետո երգում էի նույնը: Վարժարանն ավարտելուց հետո սովորել եմ Բեյրութի կոնսերվատորիայում ու  մասնավոր դասեր եմ առել տարբեր ճանաչված հայ մասնագետներից: Իմ ամբողջ կյանքում ես գործ եմ արել` երգել եմ տարբեր երկրների հայահոծ համայնքներում: Առաքելական, Կաթոլիկ, Ավետարանչական եկեղեցիներում: Որտեղ թեկուզ մի հայ կար, ես կատարում էի «Տեր ողորմյան», ու նրանց աչքերում հայրենիքի կարոտը արցունք էր դառնում:

-Դուք նամակով գրել էիք, որ նաեւ ուսուցչությամբ եք զբաղվում:

-Այո՛, ես հայերեն եմ սովորեցնում բոլոր ցանկացողներին: Լեզուն ազգային ինքնությունը պահպանելու առաջին պայմանն է: Մեր ազգային դիմադրողականությունը շատ բարձր է: Աշխարհի որ ծայրում էլ հայտնվի հայը, եկեղեցի է հիմնում, դպրոց է կառուցում ու մշակութային օջախներ, որ երգում է, պարում, ներկայացում է բեմադրում` հայերեն, հայերի մասին, հայկական ոգով:

-Դուք ասացիք, թե ինչ եք պատմելու զինվորներին սփյուռքի մասին: Իսկ ի՞նչ եք պատմելու բրազիլացի Ձեր ընկերներին հայրենիքի մասին:

-Հայաստանը պարզ երկիր չէ: Այստեղ ամեն քայլափոխի շնչում է մեր պատմությունը: Սա Տիգրան Մեծի, Խորենացու, Քուչակի երկիրն է: Ու, ինչ էլ լինի, ինչ ջրեր էլ հոսեն, մեր հավաքական նկարագրի մեջ նրանց` մեծերի դիմագիծը կա: Սա ազնվական երկիր է: Ես շրջեցի Հայաստանով մեկ: Այնքան գեղեցիկ բնություն տեսա, հնագույն կոթողներ: Սա Ավետյաց երկիրն է, դրախտավայր: Ու ես այնքան երջանիկ եմ, որ այս հողի ծնունդ եմ:

-Երգե՞լ եք հայրենիքի հայերի համար:

-Այո՛, Սփյուռքի նախարարության հրավերով երգել եմ «Արի տուն» ճամբարում, մասնավոր հավաքներում: Բայց ամենամեծ փափագս է հայրենիքիս սահմանները պաշտպանող զինվորի համար երգելը:

-Ժա՛կ, Ձեր խանդավառությունը ինձ էլ վարակեց, Ձեր լավատեսությունը, Ձեր հիացմունքը հայոց երկրի, հայ մարդու հանդեպ: Ձեզ երջանկություն եւ ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում:

-Շնորհակալություն: Ես` շատ երկրներում ապրած հայս, գիտեմ, թե ինչ մեծ երջանկություն է հայրենահպատակ լինելը ու սեփական հայրենիքը կառուցելը: Սեփական հողի վրա ինչ էլ կառուցես, քոնն է, որքան էլ քրտինք թափես, իզուր չէ: Հայրենիքի որ ծայրում էլ լինես, տանն ես: Դու միշտ տանն ես: Հայրենիքի երկինքը տանիք է: Եթե մենք  մի քիչ ավելի նախանձախնդիր լինենք` Հայաստանի նման շեն ու բարեկեցիկ երկիր չի գտնվի մոլորակի վրա:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #40 (1211) 11.10.2017 - 17.10.2017, Հոգևոր-մշակութային


11/10/2017