Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

100 ՕՐ



100 ՕՐՏղա՛ս, քո ծնված օրվանից իմացել եմ, որ հենց 18 տարիդ լրանա, պիտի բանակ գնաս: Իմացել եմ, որ արու զավակը հայրենիքինն է, ու արու զավակի առաջին պարտքը հայրենիքի հանդեպ է, հետո՝ ծնողների ու զավակների: Իմացել եմ, որ երկու տարի պիտի հեռու լինես ինձնից, ուրիշի եփածը պիտի ուտես, ուրիշը պիտի ծածկի կիսաբաց ուսդ, երբ քնած ժամանակ վերմակը սահի վրայիցդ, ուրիշը պիտի խնամի քեզ, երբ հիվանդանաս: Բայց… իմանալն այլ բան է, իրականությունը` այլ: Քո գնալուց հետո ժամանակը փոխեց իր ռիթմը, վայրկյանները ժամեր դարձան: Օրերն սկսվում ու չեն ավարտվում: 100 օր մնաց: 100 գիշեր ու ցերեկ… Եվ դու տուն կգաս: Ես չգիտեմ` ինչպես անցավ ծառայությունդ, ինչ դժվարություններ հաղթահարեցիր, ինչ հոգսեր ունեցար, որովհետեւ դու այնպես ես պատմում բանակի մասին, որ լսողին կթվա՝ հանգստյան տուն ես գնացել, ոչ թե ծառայության: Ես չեմ իմանալու, թե ինչպես են անցնելու նաեւ առաջիկա 100 օրերը, որովհետեւ քեզ մանկուց սովորեցրել ենք տղամարդավարի ու արժանապատվորեն դիմակայել խոչընդոտներին, չտրտնջալ, չբողոքել: Պինդ տղա ենք մեծացրել: Ես հոգուս ամբողջ ուժով աղոթում եմ, որ անփորձանք լինես, անփորձանք լինեն մեր բանակի բոլոր զինվորներն ու սպաները, որ խաղաղություն լինի, որ հայրենիքի սահմաններն անխախտ մնան, ու սահմանամերձ գյուղերի բնակիչները աներկյուղ մտնեն անկողին ու հանգիստ քնեն: 

100 օր մնաց, տղա՛ս: Թող այդ 100 օրերը կյանքիդ ամենապատվաբեր ու հպարտ օրերը լինեն: Թող քո ներկայությունը ուժ տա ծառայակից ընկերներիդ, եւ թող նրանք լինեն քո ուժը: Սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր մի մոր զավակ է, մի տան ճրագ: Թող Տիրոջ Աջը պահապան լինի բոլորիդ:

 Քո մայր` Սաթենիկ Հովհաննիսյան

Խորագիր՝ #40 (1211) 11.10.2017 - 17.10.2017, Բանակ և հասարակություն


11/10/2017