«ՄՈՏԵՑՆԵԼՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ»
Հայ-ռուսական միջազգային 6-րդ՝ «Երիտասարդության դերը արդի աշխարհում» վեհաժողովի շրջանակներում հոկտեմբերի 4-ին Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի հարկի ներքո տեղի ունեցավ «Մոտեցնելով հաղթանակը» թեմայով կլոր սեղան: Այն նվիրված էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին: Հանդիպման կազմակերպիչ «Ռուս-հայկական երիտասարդական միություն» ՀԿ-ի նախաձեռնություններից էր նաեւ այս տարի մայիսի 9-ին անցկացված «Անմահ գնդի» հանդիսավոր երթը, որը ջերմ արձագանք գտավ. շատերը, Մեծ Հայրենական պատերազմում զոհված իրենց հարազատների նկարները պարզած, անցան Երեւանի փողոցներով՝ ի հիշատակ հերոսական նախնիների:
Հովհաննես Բաղրամյանի հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ՌԴ Գիտության եւ կրթության կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, ՀՀ-ում վետերանների միացյալ խորհրդի եւ «Կյանք» միջազգային միության, ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանի ներկայացուցիչները եւ այլ հրավիրված հյուրեր: Ելույթ ունեցողներն անդրադարձան Հայրենական մեծ պատերազմում իր անջնջելի հետքը թողած մարշալ Հովհաննես Բաղրամյանի կյանքին ու գործունեությանը:
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Երեւանում էր նաեւ ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Ռուսաստանի անմահ գունդը» շարժման համանախագահ Նիկոլայ Զեմցովը: Նա իր խոսքում ընդգծեց երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում նման նախաձեռնությունների կարեւորությունը: «Մենք այժմ այնպիսի նախագծեր ենք ծրագրում, որպեսզի մեր երիտասարդությունը ավելի հաճախ շփվելու հնարավորություն ունենա: Երիտասարդական կամավորական նախագիծ ունենք` «Արխիվային գումարտակը», որով օգնում ենք բոլոր նրանց, ովքեր ուզում են տեղեկություններ ստանալ իրենց ազգականների մարտական ուղու մասին կամ ճշգրտել նրանց զոհվելու հանգամանքների մանրամասները: Չկա անհայտ զինվոր. նա անուն, ազգանուն ունի, նա հայտնի է Աստծուն եւ իր մորը, հարազատներին: Պարզապես մենք նրան դեռեւս չենք գտել: Մեր պարտքն է նրան անհայտությունից վերադարձնել իր ընտանիքին»:
Ելույթով հանդես եկավ նաեւ «Մայր Հայաստան» թանգարանի տնօրենի գլխավոր խորհրդական Լիլյա Առուշանյանը, որը, կարեւորելով նման միջոցառումների անցկացումը, Ռուսաստանից ժամանած հյուրերին հրավիրեց այցելել թանգարան, ծանոթանալ ցուցադրություններին, ինչին վերջիններս մեծ սիրով համաձայնեցին:
Կլոր սեղանի ավարտին՝ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի 1-ին եւ 4-րդ կուրսի ուսանողները ելույթ ունեցան «Հովհաննես Բաղրամյան. կյանքի փուլերը» եւ «Հովհաննես Բաղրամյան եւ Գեորգի Ժուկով. պատերազմի հրով անցած ընկերություն եւ փառքի պղնձյա շեփորներ» թեմաներով զեկույցներով, որոնց առանցքում էին մարշալի հսկայական դերակատարումը Մեծ հայրենական պատերազմում եւ Խորհրդային Միության կրկնակի հերոսի կենսագրության կարեւորագույն փաստերը:
Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #40 (1211) 11.10.2017 - 17.10.2017, Բանակ և հասարակություն