ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ
Համաձայն մարտական պատրաստության տարեկան պլանի` սեպտեմբերի 11-ից 4-րդ բանակային զորամիավորումում սկսվեց ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչության ստուգումները՝ գեներալ- գնդապետ Մ. Հարությունյանի ղեկավարությամբ Սկզբնական փուլում ստուգման ենթարկվեցին տարածաշրջանում տեղակայված զորամասերը, ինչպես նաև` զորամիավորման վարչությունը՝ իր ապահովող և սպասարկող ստորաբաժանումներով: Բոլոր զորամասերում ստուգումներն սկսվեցին հրամանատարների մարտական խնդիրների որոշման ունկնդրումով, ապա անձնակազմի և ռազմական տեխնիկայի շարային ստուգատեսներով: Սուգատեսների ժամանակ ստուգվեցին զինծառայողների անհատական պարագաներով համալրվածությունը, զինտեխնիկայի պատրաստությունը՝ սարքին լինելու և համապատասխան միջոցներով ապահովվածության առումով, տեսչությունը հասու եղավ նաեւ զինծառայողներին հուզող հարցերին, առաջարկություններին, դիմում-բողոքներին: Բոլոր զորամասերում շարային ստուգատեսներն անցան բարձր մակարդակով: Այնուհետև սկսվեցին ստորաբաժանումների կազմով և անհատական քննությունները: Քննություններն ընդգրկել էին այն ոլորտները, որով կգնահատեին զինծառայողների, ապա ստորաբաժանումների մարտական պատրաստության մակարդակը, դրանք էին՝ ղեկավար փաստաթղթերի, զորահավաքային, օպերատիվ, գաղափարաիրավական, հասարակական պետական և այլ առարկաների իմացությունը, ինչպես նաև կրակային պատրաստությունը, այդ թվում՝ հրետանային բոլոր ստորաբաժանումների մակարդակով:
Զորամասերի՝ անհատական և ստորաբաժանումների կազմով մարտական պատրաստության, պատրաստականության վերաբերյալ ավելի լիարժեք գնահատական տալու նպատակով իրականացվեց զորահամալրում, որը ցույց տվեց, որ թե՛ զինկոմիսարիատները, թե՛ զորամիավորման տարածքն ընդգրկող մարզերի ղեկավարներն ու բնակչությունը ցանկացած պահի բանակի կողքին են և կարող են կատարել ցանկացած առաջադրանք:
Ամփոփման ժամանակ, ըստ զորամասերի և առարկաների, ներկայացվեցին արդյունքները՝ դրական առումով և տեղ գտած բացթողումներով: Գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Գ. Գաբրիելյանը նշեց, որ բանակային զորամիավորումն ունի լավ համախմբված անձնակազմ` չնայած տեղ գտած որոշ թերություններին՝ մարտական պատրաստության առումով պատրաստ և ունակ կատարելու իր առջև դրված ցանկացած մարտական առաջադրանք: Նա մաղթեց խաղաղ ծառայություն` շեշտելով, որ դա կլինի միայն ծառայողական և ֆունկցիոնալ պարտականությունները մշտապես բարձր մակարդակով կատարելով:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Վ. Քոչարյանը հակիրճ ներկայացրեց զորամիավորման ամենօրյա գործունեությունը: Նա նշեց, որ ստուգումներին ամենայն պատասխանատվությամբ պատրաստվելը անհրաժեշտ խնդիր է եղել, որը և պատվով իրականացվեց: Շնորհակալություն հայտնելով տեսչության սպաներին՝ ստուգումների արդյունքում որոշ բացթողումներ վեր հանելու համար, գնդապետը հավաստիացրեց, որ դրանք կարճ ժամանակահատվածում շտկվող թերություններ են: Նա նաև նշեց, որ կարձակվի կայազորի պետի հրամանը՝ թերացողներին համապատասխան խնդիրներ առաջադրելու, իսկ բարեխիղճ զինծառայողներին խրախուսելու նպատակով:
4-րդ զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ #40 (1211) 11.10.2017 - 17.10.2017, Ազգային բանակ