Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐՈՆԵԼ, ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ, ՈՉՆՉԱՑՆԵԼ…



ՈՐՈՆԵԼ, ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ, ՈՉՆՉԱՑՆԵԼ...Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի Դոնի Ռոստովի զորավարժարանում հոկտեմբերի 3-ին մեկնարկել է ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ ռազմավարական զորավարժության ակտիվ՝ ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլը:

Այն ներառում է երեք փոխկապակցված միջոցառում՝ «Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժություն ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների ուժերի և միջոցների հետ, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարաշտաբային մարզում, «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժություն ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՀԱՊԿ ՕԱՀՈւ) անձնակազմերի և ՀՀ  ու ՌԴ զինված ուժերի միացյալ զորախմբի ուժերի մի մասի ներգրավմամբ:

ՈՐՈՆԵԼ, ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ, ՈՉՆՉԱՑՆԵԼ...Զորավարժության այս փուլի ընդհանուր ղեկավարն է ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը: Հոկտեմբերի 3-ից 13-ն ընկած ժամանակահատվածում զորավարժության շրջանակում գործողություններ են խաղարկվել երկու պետությունների տարածքում, իրականացվել է անձնակազմի տեղափոխություն ՌԴ տարածքից ՀՀ տարածք:

Զորավարժության նպատակը հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) ղեկավարման համակարգի կատարելագործումն է, առաջադրված խնդիրների կատարման ընթացքում դաշնային և տարածաշրջանային խմբավորումների ղեկավարման արդյունավետության ստուգումը, ինչպես նաև ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի միացյալ ռազմավարական հրամանատարության ներքո ՀԱՊԿ ՕԱՀՈւ և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման համատեղ պլանավորման և կիրառման ձևաչափի մշակումը:

ՈՐՈՆԵԼ, ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ, ՈՉՆՉԱՑՆԵԼ...Հոկտեմբերի 3-ից 7-ը ՌԴ և ՀՀ զորավարժարաններում անցկացվել է «Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժությունը: Դաշնային սկզբունքով ձևավորվել է հետախուզության ղեկավարման միացյալ կենտրոն, որի կազմում էին ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ բոլոր գերատեսչությունների և կառույցների ներկայացուցիչները: Հետախուզության ղեկավարման կենտրոնի պետը ձեռնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների կիրառման մասին որոշման ընդունումը և հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում հետախուզության պլանավորումը:

Հոկտեմբերի 4-ին զորավարժության ղեկավար, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը հաստատել է հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ որոշումը: Հետախուզության ղեկավարման կետի հրամանատարն առաջադրել է ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական ուժերի և միջոցների մարտական խնդիրները, իրականացվել է հետախուզական ղեկավարման կետի վերախմբավորումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

ՈՐՈՆԵԼ, ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ, ՈՉՆՉԱՑՆԵԼ...«Որոնում-2017» համատեղ զորավարժության երկրորդ փուլի շրջանակում ՀՀ զինված ուժերի զորավարժարաններում խաղարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները, այդ թվում՝

-հետախուզության վարում բոլոր տեսակի հետախուզական միջոցներով և ուժերով, հետախուզական տվյալների հավաքագրում, մշակում և վերլուծություն,

-հետախուզության համատեղ ղեկավարման կետի և ՀԱՊԿ ՕԱՀՈւ-ի միջև հետախուզական տվյալների փոխանակում` ՀԱՊԿ ՕԱՀՈւ համատեղ գործողության նախապատրաստման նպատակով,

-հետախուզական հատուկ ուժերով և միջոցներով կարևոր օբյեկտների գրավման և ոչնչացման հատուկ խնդիրների իրականացում:

ՈՐՈՆԵԼ, ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ, ՈՉՆՉԱՑՆԵԼ...«Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժության գլխավոր առանձնահատկությունը ՀԱՊԿ ՕԱՀՈՒ համատեղ գործողության նախապատրաստության ընթացքում հետախուզության կազմակերպումն էր, ինչպես նաև հետախուզության ղեկավարման միացյալ կենտրոնի ու ՀԱՊԿ ՕԱՀՈՒ հրամանատարության միջև տեղեկատվության համաժամանակյա փոխանակումը՝ ելնելով համատեղ օպերացիայի նախապատրաստման շահերից:

Մասնակցել են շուրջ 1000 զինծառայողներ, ներգրավվել է ՌԴ ԶՈՒ օդատիեզերական խմբավորումը, Հարավային ռազմական օկրուգի հետախուզական ավիացիան, անօդաչու թռչող սարքեր, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիոէլեկտրոնային և ռադիոտեխնիկական հետախուզության խմբեր, համազորային և հատուկ հետախուզական ստորաբաժանումներ:

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է զորավարժության եզրափակիչ՝ կրակային փուլը, որի ընթացքում ներկայացվել են անօրինական զինված խմբավորումների ոչնչացման նպատակով հետախուզական ստորաբաժանումների մարտական կիրառման դրվագներ: Կրակային փուլին հետևել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ անդամ պետությունների և ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի բարձրաստիճան զինվորականներ:

ՈՐՈՆԵԼ, ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ, ՈՉՆՉԱՑՆԵԼ...Եվ այսպես, ՀԱՊԿ պայմանական պետություններից մեկի սահմանակից շրջաններում լարված իրավիճակ է, հակառակորդը զինված ներթափանցման փորձեր է կատարում, որոշ շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Համապատասխան որոշում է ընդունվել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կիրառման վերաբերյալ: Հետախուզական խմբերը հայտնաբերել են զինված խոշոր խմբավորումների տեղաշարժեր, ներթափանցման փորձեր: Հետախուզության հայտնած տվյալների հիման վրա որոշում է ընդունվում հրետանային հարված հասցնել առավել խոշոր կուտակումներին և հենակետերին: Զուգահեռ իրականացվում է ռադիոէլեկտրոնային հետախուզություն, որի ընթացքում հակառակորդի տարածքում հայտնաբերվում է ՀՕՊ կետ և ռադիոտեղորոշման կայան: Հետախուզական խմբի արագ և հստակ գործողությունների շնորհիվ օբյեկտը ոչնչացվում է, ավիացիայի ապահով թռիչքներին ոչինչ չի խանգարում:

Հակառակորդի այլ օբյեկտներ հայտնաբերելու նպատակով օդ են բարձրացվում անօդաչու թռչող սարքեր, աշխատում են ՌԷՊ, ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցներ: Միաժամանակ ուժեղացվում է հսկողությունը զինված փոքրաթիվ խմբերով սահմանը խախտելու դեպքերը բացառելու նպատակով:

Հաջորդ դրվագում հակառակորդի հենակետին ուղղաթիռներով հարվածելու նմանակում է կատարվում, ապահովվում է հակառակորդի թիկունքում ուղղաթիռից դեսանտի իջեցումը: Դեսանտավորված խումբը տարբեր ուղղություններով գրոհում և ամբողջությամբ ոչնչացնում է տվյալ հենակետը:

ՈՐՈՆԵԼ, ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ, ՈՉՆՉԱՑՆԵԼ...Մեկ այլ տեղամասում էլ խաղարկվում է հակառակորդի հրամանատարական կետի ոչնչացումը: Շենքի տանիքին կրակակետերը լռեցնելուց հետո ուղղաթիռից կրկին դեսանտ է իջեցվում նույն շենքի տանիքին, այնուհետև գրոհող խմբի անդամները պարաններով իջնում են ցած, ներս մտնում պատուհաններից: Մի քանի նռնակի պայթյուն, անսպասելի և համակարգված գրոհ, և հրամանատարական կետը ոչնչացված է:

Քիչ անց վնասազերծվում է մեր տարածքում դիվերսիոն հետախուզական գործողության շտապող հակառակորդի խումբը: Մոտեցող դիվերսանտների ճանապարհին նախորոշված տեղանքում պայթեցում է իրականացվում, մեքենաները կանգնեցվում են: Միանգամից հուժկու կրակ է տեղում, և դիվերսիոն խումբը ջախջախվում է, դիվերսանտներից մեկն էլ գերի է վերցվում:

Հարկ է նշել, որ բոլոր գործողությունների ժամանակ հաշվարկված էր նաև գործողության վայրից անձնակազմի արագ տարհանման եղանակը:

Զորավարժությունն ավարտված է: Արդյունքների ամփոփումից հետո բոլոր զորախմբերի լավագույն զինծառայողները խրախուսվում են: Պատասխանատուները փաստում են. մասնակից անձնակազմը բարձր վարպետություն է ցուցադրել, կառավարման մարմինները գործել են համակարգված: Զորավարժության նպատակներն իրականացվել են:

 ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #40 (1211) 11.10.2017 - 17.10.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/10/2017