Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԻ ԵՐԿԱԹՅԱ ՀԵԾԵԼԱԶՈՐԸ



ԲԱՆԱԿԻ ԵՐԿԱԹՅԱ ՀԵԾԵԼԱԶՈՐԸ«Փոխգործակցություն-2017» զորավարժությունում ներգրավված են նաեւ ՀՀ զինված ուժերի տանկային ստորաբաժանումները: Չնայած տանկիստների համար հոկտեմբերի 8-ը տոնական էր` նշվում էր նրանց մասնագիտական տոնը, այնուամենայնիվ, անձնակազմերը զորավարժադաշտում պատրաստվում էին փորձնական մարտական կրակի: 

 Զորավարժադաշտը լցվում է հզոր շարժիչի հռնդյունով: Հողը դողում է: Տանկն է: Յուրօրինակ թեթեւությամբ հաղթահարում է փոքրիկ բլրակն ու առաջանում՝ տակնուվրա անելով արահետը: Շրջադարձ է կատարում եւ վստահ իր ուժին՝ դիրքավորվում երկու հողաթմբերի արանքում: Այստեղից է խոցելու  հազար մետրի վրա տեղակայված թիրախը: Խցիկը բացվում է, եւ   դուրս են ցատկում երեք զինվորականներ. մեկի համազգեստին սպայական տարբերանշան կա, մյուս երկուսը ժամկետայիններ են՝ սեւ գլխարկներով: Ինձ կողքից հուշում են՝ զորամասի լավագույն տանկային անձնակազմն է: Ցրվում է փոշու ամպը:

-Տանկային վաշտի հրամանատար, կապիտան Նաիրի Թադեւոսյան,-ներկայանում է սպան, եւ լրջախոհ դեմքին թռուցիկ ժպիտ է հայտնվում:

Նա է՝ բազում զորավարժությունների մասնակցած եւ երբեք չվրիպած հրամանատարը: Ասում է՝ ինքն ու տանկը առաջին հայացքից են մտերմացել: 2011 թվականն էր, մտավ խցիկ, եւ կուրծքը հպարտությունից քիչ մնաց պայթեր: Մի ակնթարթ միայն կասկածեց. կկարողանա՞ կառավարել ավելի քան 40 տոննա կշռող ու անսանձ թվացող տեխնիկան:  Տեղնուտեղն էլ որոշեց՝  պետք է տիրի այդ հսկային, թեկուզեւ շատ ջանք անհրաժեշտ լինի: Դժվար չեղավ: Տանկը կամաց-կամաց ենթարկվեց իր ազդեցությանը: Եվ ինքը ավելի հստակ զգաց՝ ճիշտ մասնագիտություն է ընտրել:

ԲԱՆԱԿԻ ԵՐԿԱԹՅԱ ՀԵԾԵԼԱԶՈՐԸ-Տանկի խցիկում միավորվում են քաջությունդ, պատիվդ, տոկունությունդ ու հայրենիքը պաշտպանելու ձգտումդ, եւ դու այլեւս սովորական մեկը չես: Տանկում դու ոչնչից չես վախենում, դու քեզ մի քիչ հերոս ես զգում: Տանկային զորքերը մեր բանակի հիմնական հարվածային ուժն են, երկաթյա հեծելազորը, զրահաբաճկոնը: Եվ մենք այն պետք է անխոցելի պահենք:

Հրամանատարը հանում է սեւ գլխարկն ու թեւքով սրբում քրտնած ճակատը:

Նշանառու օպերատոր, ժամկետային Սերյոժա Սարգսյանը ծառայության ընթացքում  քսանհինգ  արկ է կրակել: Քիչ անց կլսվի քսանվեցերորդ պայթյունի ձայնը: Ամբողջ օրը զորավարժադաշտում էր: Այտերը շիկնել են աշխատանքից,  շփում է ձեռքերն ու պատրաստվում տեղավորվել մարտական մեքենայում:  Բայց հանկարծ ընդմիջում է.

-Պետք է վստահ գործես, տանկը չի սիրում կասկածամիտներին,-ասում է, ապա շտապելով ավելացնում.- երբ առաջին անգամ հայտնվեցի խցիկում, ճնշվածություն զգացի՝ ջղերս լարվեցին: Երեք օր անց միայն շփոթմունքից ուշքի եկա:  Հիմա հեշտ է, բայց տանկը այդպես էլ սովորական չդարձավ, չի էլ դառնա: Երեք ամսից զորացրվելու եմ, բաժանման ծանրությունն արդեն զգում եմ:

Զինվորը հայացքը հառում է երկաթյա հսկային:

Մեխանիկ վարորդն էլ կրտսեր սերժանտ Սերգեյ Առաքելյանն է: Տանկը կթեքի ուզածդ անկյան տակ, կհաղթահարի ցանկացած արգելք: Նրա փորձված աչքից ոչ մի անսարքություն չի վրիպի.

-Տանկը, ինչպես մարդը, խնամք եւ հոգատարություն է պահանջում: Ես նրա շարժունակության պատասխանատուն եմ, եւ դա ինձ շատ է դուր գալիս: Իմ տանկը միշտ պատրաստ է ետ մղել հարձակումները, հարկ եղած դեպքում` նախահարձակ լինել, կռվել ու կռվել…

Ռադիոընդունիչը խշշում է: Տանկիստները կրակի հրաման են ստանում: Խցիկը փակվում է: Մի քանի ակնթարթ եւ որոտ` ասես միանգամից բազմաթիվ թնդանոթներ են կրակում: Թիրախը խոցված է:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #40 (1211) 11.10.2017 - 17.10.2017, Ազգային բանակ


11/10/2017