Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՇՏԻ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ



ՎԱՇՏԻ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸՀրաձգարանը լեռներին է քսվում: Մարտական հերթապահություն իրականացնող վաշտը կրակելու է եկել: Խստահայաց ու մտազբաղ ավագ լեյտենանտը ցուցումներ է տալիս իր զինվորներին՝ առանց ակներեւ ջանքերի, մատների ճարպիկ, մշակված շարժումներով լիցքաթափելով զենքը: Միշա Սարգսյանը հարավային զորամասի դիրքապահ վաշտի ամենաերիտասարդ հրամանատարն է: Առաջնագծում նրան բոլորը գիտեն. քսաներեք տարեկան է, պաշտոնը ժամանակից շուտ է ստանձնել, նրա ստորաբաժանումում դեպքեր-պատահարներ չեն գրանցվել, մարտական պատրաստականության գնահատականներն  էլ ամենաբարձրն են: Արցախի նախագահն անձամբ է հանձնել «Մարտական ծառայության» մեդալը:

 Գլուխը բացասաբար տարուբերում է: Չէ՛, իրեն ամենեւին էլ հաջողակ չի համարում:

-…Պարզապես հաջողությունն ավելի տեսանելի է, քան դժվարությունը,-ասում է եւ լռում՝ կարծես ժամանակ շահելով մտածելու համար:-Սպայի գործը իսկապես հեշտ չէ… Անձրեւ, ցեխ … Ամառ, արեւ, հոգնածություն… Կրակոց, կրակոց ու էլի կրակոց… Եվ դու մտքով խրամատից խրամատ ես անցնում, որտեղ զինվորներդ են: Մինչեւ կլսվի տապիկի զանգը, մինչեւ քեզ կզեկուցեն, որ բան չի պատահել, համառ ու ծանր հարցերը շարվում են հերթով. արդյոք բոլորը սաղավարտո՞վ ու զրահաբաճկոնո՞վ են, արդյոք չե՞ն խախտել անվտանգության կանոնները… Մտքերը դզզում են գլխումդ, ինչպես մեղուները՝ փեթակում… Եվ  այսպես ամեն օր:

…2014 թվականի սեպտեմբերի մեկն էր՝ դիրք բարձրացա: Դեռ նոր-նոր էի ավարտել ռազմական համալսարանը: Անփորձ էի ու թվաց՝ մնացել եմ կյանքի հետ երես առ երես: Սրտխփոցս ականջներով էի լսում: Այդպես էր առաջին, երկրորդ, երրորդ օրը: Բայց երբ հակառակորդի հարվածից կրակակետի հողը փուլ եկավ գլխիս, վերջապես ընտելացա թշնամանքին: Մեկը կանգնել էր 150 մետր այն կողմ ու անփույթ հարվածներով փորձում  էր խեղճացնել իմ հենակետը: Կուլ տալը բացառված էր: Այդ ժամանակ էր, որ զգացի առաջին զարկի առավելությունն ու բարդությունը:

…Այնուամենայնիվ, մինչեւ ապրիլը, թվում էր՝ կռվելը խաղուպար է: Ապրիլին պարզվեց՝ թշնամուդ տարածության վրա պահելը բարդ գործ է: Հակառակորդը ուզում էր օղակել իմ վաշտի հենակետերը, մենք էլ փորձում էինք կոտրել նրա թափը: Նրանց հրետանին անդադար վրա էր տալիս: Աշխատում էի սառնասիրտ երեւալ, թեեւ կռիվը հավասար չէր: Ի վերջո, իմ վաշտը կասեցրեց հակառակորդի առաջխաղացումը` ապահովելով մշտական տեղակայման վայրից մյուս ստորաբաժանումների ժամանումն ու բացազատումը իրենց բնագծերում:

…Հիմա ավելի ուշադիր եմ: Գիշեր-ցերեկ չունեմ, անդադար շարժման մեջ եմ: Փշալարը կապա՞ծ է, կրակակետը ամո՞ւր է,  զինվորս հիվա՞նդ է,  ընկճվա՞ծ, թե պարզապես հոգնել է… Առաջին անգամ դիրք բարձրացած զինվորներիցս մեկն այն օրն անտրամադիր էր: Անկեղծացավ՝ չի հարմարվում… Գիշերը խրամաբջիջում նրա հետ հերթապահեցի… Սպա-զինվոր փոխհարաբերություններում պետք է խստիվ պահպանել ենթակայությունը, բայց, հարկ եղած դեպքում, եղբայր ու ընկեր լինել: Հեշտ չէ:

…Ծնողներիս ուշքն ու միտքն էլ ես եմ: Մայրս ամեն օր զանգում, հազար ու մի հարց է տալիս. սահմանին խաղա՞ղ է, տղերքդ լա՞վ են, բան կերե՞լ ես, զգույշ կլինես… Մեկ-մեկ մտածում եմ՝ ախր, նրանք էլ ինձ հետ հավասար ծառայում են… Իմ մեծ ու փոքր հաջողությունների համար ընտանիքիս եմ պարտական: Նրանք ինձ հետ են լինելու՝ ուր էլ որ զինվորականիս բախտը ինձ նետի:

…Ես քսաներեք տարեկան եմ: Այս կե՞րպ  էի պատկերացնում զինվորական կյանքը, երբ մասնագիտություն էի ընտրում: Չգիտեմ:  Հանգստանալու ժամանակ գրեթե չունեմ, ծառայությունը խլում է ամբողջ ժամանակս: Բայց ես ընտելացել եմ  բարդություններին, որովհետեւ սա է ապրելու իմ ձեւը` ամուր կապված դիրքերին, զինվորներին ու զորամասին:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

կապիտան

Խորագիր՝ #41 (1212) 18.10.2017 - 24.10.2017, Ազգային բանակ


18/10/2017