Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈԳՈՒ ՈՒԺՈՎ, ՀՈԳՈՒ ԹԵՎԵՐՈՎ…



ՈԳՈՒ ՈՒԺՈՎ, ՀՈԳՈՒ ԹԵՎԵՐՈՎ...Ճանապարհն անվերջ է թվում… Բայց  մեքենայի պատուհանից դուրս հանդարտ սահող պատկերներից հնարավոր չէ աչք կտրել: Երևանը Ստեփանակերտին կապող ճանապարհով ընթանում ենք չքնաղ Քարվաճառով: Վերջապես ամբողջովին զմրուխտ հագած սարերի միջից ուրվագծվում է Դադիվանքի վեհաշուք ու խորհրդավոր պատկերը. այստեղ հանդիպելու եմ մի  մարդու, որի կապն այս տեղանքի հետ խորն  է ու բազմաշերտ` թե՛ հոգևոր և թե՛ ֆիզիկական չափումներով: 

Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին, որը ներկայումս Արցախի ամենահին վանքերից մեկի` Դադիվանքի վանահայրն ու Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվն է, տեղի ժողովուրդը սովոր է «Գանձասարի տեր Հովհաննես» անվանել: Արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում, Գանձասարի համար ամենաօրհասական պահերին հենց տեր Հովհաննեսն է եղել վանքի վանահայրը: Նոր ձեռնադրված երիտասարդ հոգևորականը ոչ միայն իր ջերմագին աղոթքներով, այլև ամուր կամքով ու զենքը ձեռքին է առաջնորդել Գանձասարի պաշտպանությունն իրականացնող մարտիկներին:

 Նրա շնորհիվ պատերազմի ամբողջ ընթացքում Գանձասարն անդադար գործել է` ուժ և հավատ ներշնչելով իր պաշտպաններին: Տեր Հովհաննեսը 1992-94թթ. մասնակցել է նաև շրջակայքի` Մարտակերտի շրջանի Խաչենագետի հովտի, Վաղուհաս, Գետավան, Դրմբոն, Չլդրան, Կիչան և այլ բնակավայրերի պաշտպանական մարտերին: Նա այժմ համեստորեն կրում է մի շարք շքանշաններ ու մեդալներ, որոնք պետության և հասարակության գնահատանքն են իր հերոսական ծառայության համար` «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի «Արիության», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Մայրական երախտագիտություն», «Արծիվ մահապարտ»… :

 

-Արցախյան պատերազմի միակ հոգևորականն եք, որ «Մարտական խաչ» շքանշանի է արժանացել, Տե՛ր հայր…

-Հոգևորականի շքանշանն ազգի փրկությունն է,- հարցս անմիջապես ոգեղեն ոլորտ է տեղափոխում տեր Հովհաննեսը: Հետո ցույց է տալիս իր սենյակի պատից կախված լուսանկարը:-Այս խմբով առաջիններից էինք, որ Քարվաճառն ազատագրելուց հետո մտանք Դադիվանք: Վանական համալիրն անմխիթար վիճակում էր, երկար տարիներ մի քուրդ հովիվ որպես անասնագոմ էր ծառայեցրել: Պատերն ամբողջությամբ մրոտված էին. եկեղեցու ներսում եկար տարիներ օջախ էին վառել: 

Տեր Հովհաննեսը երկու տարի է, որ Դադիվանքի վանահայրն է: Այդ ընթացքում վանական համալիրում հսկայական վերականգնողական աշխատանքներ են կատարվել: Դեռևս ընթացքի մեջ են պեղումները: 2016 թվականից գործում է վանքի Կաթողիկե մայր եկեղեցին: Մրից մաքրվել և իրենց ողջ գեղեցկությամբ երևան են եկել եկեղեցու անզուգական որմնապատկերները, իսկ մուտքի երկու կողմերում «բազմել են» իրենց տեսակի մեջ եզակի «ասեղնագործ» խաչքարերը: Վերանորոգվում է ժամատունը: Տեր Հովհաննեսը խոստանում է` 2020 թվականի հունվարի 20-ից վանքն ամբողջությամբ գործող է դառնալու:

-Ինչպե՞ս եղավ, որ պատերազմի ամենաթեժ տարիներին հայտնվեցիք Գանձասարում,- անհամբեր եմ հենց իրենից լսելու այս շրջանում նրա հոգևոր ծառայության մանրամասները:

-Նախ՝ ծնունդով Գանձասարի Վանք գյուղից եմ: Բարձրագույնն ավարտելուց հետո ընդունվեցի Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան: Միքայել սրբազան Աջապահյանը, որ հիմա Շիրակի թեմի առաջնորդն է, ինձ հատուկ էր ուղարկել Էջմիածին` հետագայում որպես Գանձասարի վանահայր ետ վերադարձնելու նպատակով: Տեղացի էի, և, բացի այդ, նա իմ մեջ տեսավ այն հավատքն ու ոգին, որը ես դեռ ինքս իմ մեջ չէի տեսնում: Մինչև ճեմարան ընդունվելս անգամ մկրտված չէի, քանի որ Արցախում եկեղեցի, մկրտություն ասվածն այն ժամանակ չլսված բաներ էին: Ավարտելով ճեմարանը` ձեռնադրվեցի քահանա: Երջանկահիշատակ Վազգեն կաթողիկոսն օրհնեց բոլոր նորաթուխ քահանաներիս և ասաց. «Աստված պահապան ձեզ, ու հատկապես քեզ` տեր Հովհաննես, քանի որ մարտական գոտում ես անցկացնելու հոգևոր ծառայությունդ»:   

Տեղ հասնելով` միաժամանակ ստանձնեցի Գանձասարի և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական պաշտպանության գործը: Այն ժամանակ դեռ Շուշին ազատագրված չէր: Մարտակերտն ու Շահումյանն ընկել էին: Թշնամին մոտենում էր Գանձասարին: Վազգեն Սարգսյանի կոչով 1992թ. օգոստոսի 15-ին Գանձասար եկած «Արծիվ մահապարտները» օգոստոսի 30-ին գիշերով բարձրացան  Գանձասար: Ես մենակ էի, երբ զենքը ձեռքիս նրանց դիմավորեցի. կարծում էի` ազերիներն են:

Ուրախությանս չափ չկար, երբ տեսա, որ մերոնք են, օգնության են եկել: Իմացա, որ նրանցից 120-ը մկրտված չեն: Անմիջապես մկրտություն կազմակերպեցի, որպեսզի առանց մկրտվելու ճակատ չգնան: Ամբողջ գիշեր պատարագ մատուցեցի. զորքին հաղորդություն տվեցի: Թշնամին թվով բազմապատիկ գերազանցում էր մեր զորքին: Արդեն մոտ երկու կիլոմետր էր մնացել, որ թուրքը վանքին հասներ:  Երբ դուրս եկանք, հորդորեցի տղաներին. «Հետդարձի ճանապարհ չկա. հետևում Գանձասարն է»: Եվ բոլորը` շուրջ 360 հոգի, միաժամանակ բռունցքները բարձրացրին, երգեցին. «Հայե՛ր, միացե՛ք, միացե՛ք, հայե՛ր: Արցախն է ձեզ կանչում, օգնության հասեք»: Պահն այնքան հուզիչ էր, որ շատերս արտասվեցինք… Աստծո օրհնությունը տրված էր, և  մենք նետվեցինք կռվի: Այդ օրը Գանձասարը ուժով ու հավատքով պահեցինք:

-Տե՛ր Հովհաննես, պատմում են, որ Արցախյան պատերազմի ընթացքում Գանձասարի վանքի հետ կապված շատ հրաշքներ են եղել: Կպատմե՞ք:

-Շատ են եղել: Հիմա խոսում եմ, և այդ հրաշքները կրկին աչքիս առաջ են գալիս: Ընդհանրապես, Գանձասարի ուղղությամբ շատ են կրակել` բոլոր տրամաչափի զենքերից, թիրախավորված են կրակել: Սակայն շատ հազվադեպ է եղել, որ նշանակետին հասնեն: Մեկ էլ՝ օդում շվվոց էր լսվում. գիտեինք, արկերն են թռչում. շունչներս պահում ու մտածում էինք` հիմա կդիպչեն: Հաջորդ պահին մեկ էլ զգում էինք, որ արկերից մեկը սուրաց-անցավ գմբեթի մի կողքով, մյուսը` վերևով և …ոչինչ, ամեն ինչ տեղում է: Նույնիսկ կործանիչներով են եկել Գանձասարի վրա: Մի անգամ «ՆՈՒՌՍ» տիպի 40 հրթիռներով հարվածեցին… Պետք է, որ վանքը հիմա հողին հավասարված լիներ…Բայց, ինչպես տեսնում եք, կանգուն է…

-Դեպի Գանձասար թռչող արկերից մեկը Ձեզ շատ մոտ է ընկել:

– Այո՛, այդ պահին ես իմ խցում էի, երբ ականանետի արկը ճիշտ խցիս պատի մեջ խրվեց, բայց, չպայթեց: Սա էլ էր հրաշք: Երկար ժամանակ այդպես էլ մնացել էր վանքի պատի մեջ խրված: Հետագայում, սակայն, անվտանգության համար, դրա լիցքը հանեցինք, և որպես հիշողություն պարկուճը թողեցինք իր տեղում:  

– Ինչպե՞ս կբացատրեք:

-Մեր ժողովրդական խոսքն ի՞նչ է ասում. «Աստծո պահածը պահած է»: Գանձասարը մեծ հրաշքներ ունի իր մեջ. այնտեղ մի քանի սրբերի մասունքներն են պահվում` սբ. Գրիգոր Լուսավորչի, սբ. Հովհաննես Մկրտչի և սբ. Պանտալեոնի մասունքները: 

-1992 թվականի փետրվարից մինչև 2007 թվականի վերջը` 16 տարի շարունակ եղել եք Գանձասարի վանահայրը: Պատերազմի տարիներին զենքը միշտ Ձեզ հետ է եղել: Ինչպե՞ս էր Ձեր մեջ համադրվում հոգևոր ու ֆիզիկական պայքարը: Ինչպե՞ս էիք պաշտպանվում միաժամանակ Աստծո խոսքով և զենքով:

-Գանձասարի պաշտպանության ժամանակ հայ զինվորը հպարտանում էր, որ մկրտվել է Գանձասարում, որ Տեր հորից օրհնություն է ստացել, նրանից մի փամփուշտ նվեր ստացել… Մի դեպք էլ պատմեմ: 1993թ. հունվարի 17-ն էր: Պատարագում էի, երբ հանկարծ զանգահարեցին, թե` «Տե՛ր հայր, վերցրո՛ւ  եկեղեցու ունեցվածքը, խաչերը, ինչ որ կարևոր է և դուրս եկ. նահանջում ենք»: Խնդրեցի, որ մի կես ժամ էլ դիմանան, մինչև պատարագը վերջացնեմ. չէի ուզում Աստծո հետ կապը խզել: Վերջացնելուց հետո նորից հեռակապով կապվեցին, թե` տե՛ր հայր, այլևս անհնար է դիմադրելը, ուժերը խիստ անհավասար են: Եվ այստեղ մի բան կատարվեց, որ հիմա կրկին հրաշքին եմ վերագրում: Ես նախկինում երբևէ չէի մտածել, որ կարելի է որևէ պարագայում սխալ տեղեկություն տալ, փաստացի` սուտ խոսել: Ասացի` «Տղանե՛ր, 40 հոգի զինվոր է եկել օգնության, խնդրում եմ, մի կես ժամ էլ սպասեք, հասնեմ ձեզ: Այդ պահին ընդամենը չորս հոգով էինք, «զրոն» ավելացրի,- ժպտում   է,- մեծ եղբայրս էր, որ եկել էր ինձ տեսության, աներձագս և մի զինվոր, որն այդ օրը մոմ վառելու էր եկել վանք, անունը` Դավիթ: Հիմա նա երկնային արքայությունում է. հետագայում, մարտերից մեկի ժամանակ քաջի պես զոհվեց:

Գանձասարում տանկի գնդացիր էի պահում:  Վերցրի ինքնաշեն պոչով այդ գնդացիրը և վազելով դուրս եկանք բլուրը, որտեղ տղաները 40 հոգով վերջին ջիգերով պահում էին դիրքը: Նրանց դեմ թշնամու շուրջ 360 հոգի էր կռվում: Մեկը` իննի դեմ…: Երբ տեղ հասանք, դիրքապահ տղերքն այնպես ուրախացան, որ մոռացան խոստացածս 36  զինվորականի մասին: Հետո արդեն հեռակապս անջատեցի, որ ինձ ետ չկանչեն. միակ քահանան էի, չէին ուզում կորցնել…:

-Ներող կլինեք՝ ընդհատելու համար, իսկ, ընդհանրապես, ինչպե՞ս է կարգը. հոգևորականն իրավունք ունի՞ մասնակցելու մարտական գործողություններին:

-Ընդհանրապես` ո՛չ: Չէ՞ որ դրանց ընթացքում մահացու մեղքերից մեկին`   սպանությանն ես առնչվում: Սակայն սա ուրիշ դեպք է. թշնամին մտել է քո տունը, եկել է եկեղեցիդ պղծելու, ընտանիքդ, քեզ ոչնչացնելու: Եթե չպաշտպանվես, ի՞նչ պետք է անես: Գլուխդ դնես զոհասեղանի՞ն: …Այդ օրը ձյան հաստ շերտը հաղթահարելով`  մոտ  յոթ կիլոմետր քշեցինք թուրքերին: 44 հոգով` 360 հոգու դեմ: Հակառակորդի շատ զինվորներ զոհվեցին, շատերը վիրավորվեցին… ու ետ քաշվեցին: Մենք ոչ մի զոհ ու վիրավոր չտվեցինք:

Ետդարձին գնդացիրս դրեցի եկեղեցու դռան մոտ և ծնկաչոք, մտքումս աղոթքներ մրմնջալով, շարժվեցի եկեղեցու ներսն ու դիմեցի Աստծուն. «Տե՛ր, եթե մեղավոր եմ, եթե գործածս մեծ մեղք է, խնդրում եմ, ների՛ր, իսկ եթե մեղք չէ` օրհնի՛ր: Այժմ ես վստահ եմ, որ մեղք չէր, քանի որ, եթե այդ օրը զենքը ձեռքներիս չգնայինք, այսօր հաստատ ոչ միայն Գանձասարը, այլև ողջ Արցախը կորցրած կլինեինք: Ես սա վստահաբար եմ ասում: Մարտիկների ոգին «Գանձասար» անունն էր բարձրացնում, նրանք գիտեին այստեղ պահվող մասունքների ուժը:

Տեր Հովհաննեսը 4 որդի ունի` չորսն էլ ծառայել են հայոց բանակում: Կրտսեր որդին 2016 թվականին ծառայության մեջ էր, երբ լսել էր պատերազմական գործողությունների վերսկսման մասին: Իր խնդրանքով այլ զորամասից տեղափոխվել էր առաջնագիծ:

-Հպարտանում եմ մեր զինվորներով, իմ զինվորով` զավակովս, որ իրեն իսկական հայ տղամարդու պես պահեց, երբ կարիքը եղավ:

-Տե՛ր հայր, այժմ ի՞նչ հարաբերություններ կան Դադիվանքի և Քարվաճառի շրջանի զորամասերի, զինվորականության միջև: 

-Շատ սերտ:  Զինվորականները, զինվորները միշտ մասնակցում են բոլոր եկեղեցական տոներին:  Զատկական պատարագից հետո զինծառայողների մկրտություններ ենք անցկացնում: Անցած օգոստոսի 12-ին էլ` Խաղողօրհնեքի տոնի նախօրեին, առաջին անգամ իմ նախաձեռնությամբ նորակոչիկների երդման արարողությունը հենց եկեղեցու հրապարակում իրականացրինք: Սա հատկապես ոգևորիչ էր ծնողների համար, քանի որ վստահ էին` երդվելիս իրենց որդին Աստծո օրհնությունն ստացավ: Այս կերպ մեծ հոգևոր ուժ է փոխանցվում նաև մեր նորակոչիկներին ու մյուս զինվորականներին: Հրամանատարության  հետ պայմանավորվել ենք, որ  այսուհետև տարին երկու անգամ` գարնանային  և աշնանային զորակոչերի ընթացքում, նորակոչիկներն իրենց երդումը հենց Դադիվանքում տան:

-Ի՞նչ խոսքերով այսօր կոգևորեք մեր զինծառայողներին:

-…Նոր Կտակարանում մի դրվագ կա: Երբ Հիսուս Քրիստոս ասում է Պետրոսին. «Ժողովուրդն ի՞նչ է ասում` ո՞վ եմ ես», նա պատասխանում է` «Հիսուս Քրիստոսը»: «Իսկ դո՞ւ ինչ կասես իմ մասին»: Պետրոսը պատասխանում է` «Դու ես ճշմարիտ Աստված, Աստծո որդին»: Քրիստոսն ասում է` «Ապրե՛ս, Պետրո՛ս, քանի որ ոչ թե արյունն ու մարմինն ասացին քեզ, այլ՝ իմ երկնավոր հայրը»: Այսօր նույնը մեր խիզախ ու ոգեղեն զինվորների, սպաների մասին կարելի է ասել`  նրանց մարմինն ու արյունը չեն խոսում: Խոսում է մեր նախնիների զորեղ ոգին: Մենք թուրքից տարածք չենք ուզում, բայց մերն էլ չենք տա: Դա լավ գիտի թուրքը, նա, ում հիմա նաև ազերի են կոչում: Սա ամենակարևոր գործոնն է, որ զսպում  է նոր պատերազմը:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #41 (1212) 18.10.2017 - 24.10.2017, Հոգևոր-մշակութային


18/10/2017