Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆ. ԱՄՆ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՎԱԳԸ



ԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆ. ԱՄՆ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՎԱԳԸՄեծ եղեռնից փրկվածներից շատերն ու նրանց սերունդներն անցած 100 տարում բազում և բազմազան ծառայություններ են մատուցել մարդկությանը։ Ահա մեծանուն հայերից ևս մեկը, որն իր անխոնջ և օրինակելի ծառայությամբ հասել է ԱՄՆ  ռազմածովային ուժերի   ամենաբարձր` ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՎԱԳ-ի կոչմանը:

Նա առաջին կինն է Միացյալ Նահանգներում, որն արժանացել է այդ կոչմանը: Նա իր օրինակելի և անբասիր ծառայությամբ ամերիկացի կանանց համար լայն ճանապարհ հարթեց դեպի ԱՄՆ զինված ուժեր: Համառ ու կարգապահ կին զինվորականը, որը ծառայեց մինչև իր մահվան օրը:

Ծնվել է 1920թ. դեկտեմբերի 6-ին Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում:

1936-1939թթ. սովորել է Հարավարևմտյան ավագ դպրոցում:

 1941-1942թթ.՝ Դետրոյթի բիզնես համալսարանում, որտեղ ուսանելու տարիներին զինվորագրվել է Կանանց օդային օժանդակ կորպուսին։

1943թ. օգոստոսի 31-ին հեռացել է Կանանց օդային օժանդակ կորպուսից՝ միանալով «Կանայք արտակարգ իրավիճակներում» կամավոր ծառայությանը։

1959թ. Նյուփորտի (Ռոդ Այլենդ) ռազմածովային քոլեջում ստացել է գերագույն՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի գլխավոր ավագի կոչում և դարձել ԱՄՆ զինված ուժերում ծառայող առաջին կինը, որն արժանացել է E-9 կոչման:

1963թ. հուլիսի 16-ին անցել է վաստակած հանգստի և նույն տարում էլ նրան աշխատանքի են հրավիրել Կենտրոնական հետախուզական վարչություն, որտեղ էլ աշխատել է մինչեւ թոշակի անցնելը։

Անբասիր ծառայության համար Աննա Տեր-Վարդանյանը պարգեւատրվել է Պաշտպանության ազգային, Անբասիր ծառայության՝ 6, Ամերիկյան կամպանիայի, Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեդալներով եւ շքանշաններով։

ԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆ. ԱՄՆ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՎԱԳԸԱննա Տեր-Վարդանյանը այն 26 հազար ամերիկացի կանանց թվում էր, որոնք համալրել էին ԱՄՆ Ռազմածովային ուժերի շարքերը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

Նրա քույրը՝ Ջին Օլիվերը, ծառայել է ԱՄՆ նավատորմում, եղբայրը՝ Էնդրյուն, ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հատվածում, իսկ մայրը՝ Կարմիր խաչում:

Զինվորական ծառայության 20 տարիների ընթացքում Տեր-Վարդանյանը ծառայել է գրեթե ԱՄՆ ամբողջ տարածքում՝ Սան Ֆրանցիսկոյից և Վաշինգտոնից մինչև Բոստոն և Օհաու կղզի (Հավայի), որտեղ է և Պերլ Հարբորը:

Պաշտոնի բարձրացումից հետո Տեր-Վարդանյանը նշանակվել է ՆԱՏՕ-ում (Փարիզ) ԱՄՆ Ազգային ռազմական ներկայացուցչի պաշտոնում

և այդ պաշտոնում առաջին անգամ հանդիպել

ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու հետ:

Մահացել է 2011 թվականի օգոստոսի 4-ին,

90 տարեկան հասակում։ Թաղված է Վաշինգտոնի

Առլինգտոնի ազգային գերեզմանատանը:

 Պատրաստեց  Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #41 (1212) 18.10.2017 - 24.10.2017, Ճակատագրեր


18/10/2017