Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՐՋԱԳՈՒՅՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ



ԼՐՋԱԳՈՒՅՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի են ունեցել «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնց մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության, քաղաքական ուժերի, շահագրգիռ գերատեսչությունների եւ հաստատությունների, փորձագիտական, ակադեմիական եւ ուսումնական շրջանակների ներկայացուցիչներ։

Բացման խոսքում ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ սահմանադրական փոփոխություններին համապատասխան անվտանգության եւ պաշտպանության բնագավառում մեկնարկել են լրջագույն բարեփոխումներ, որոնց շրջանակում առանցքային է համապատասխան օրենսդրության վերանայումը։ Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Պաշտպանության մասին» ու «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերը, որոնք սահմանված կարգով համակողմանի քննարկվել են խորհրդարանական հարթակում։ Նրա խոսքով՝ զինվորական ծառայությանն առնչվող օրենսդրական նոր կարգավորումներն էական փոփոխություններ են նախատեսում զինված ուժերի համալրման, զինծառայության, այդ թվում՝ մարտական հերթապահության կազմակերպման հարցերում։

Կորյուն Նահապետյանն անդրադարձել է օրենսդրական կարգավորմամբ առաջարկվող նոր մեխանիզմներին, մասնավորապես՝ զինվորական ծառայության նախապատրաստությանը, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտմանը, զինվորական հաշվառմանը վերաբերող հարցերին։

Ըստ նրա՝ զորակոչի կազմակերպման մասով անհրաժեշտ է քննարկել տեղական զորակոչային հանձնաժողովների վերացման հնարավոր ռիսկերը։ Կ. Նահապետյանը զինված ուժերի համալրման եւ զինվորական ծառայության կազմակերպման համատեքստում կարեւորել է պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայության նոր նախաձեռնությունների արդյունավետությունը եւ նշել, որ անհրաժեշտ է գնահատել բուհն ավարտած եւ սպայական կոչում ստացած զինծառայողների՝ սպայական կազմում ինտեգրմանն առնչվող կարգավորումները։ Հարկավոր է քննարկել ՀՀ քաղաքացի չհանդիսացող մեր հայրենակիցներին պետության պաշտպանությանը ներգրավելուն առնչվող հարցերը։ Կորյուն Նահապետյանը, նշելով, որ ակնկալում է բովանդակային եւ արդյունավետ քննարկում, ընդգծել է, որ հանձնաժողովն ականջալուր է լինելու բոլոր առաջարկներին։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մանրամասն ներկայացրել է պաշտպանության ոլորտի օրենսդրական կարգավորումները, որոնք վերջին վեց ամիսների ընթացքում լայն քննարկումների փուլ են անցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն օրենսդրական կարգավորումներով երեք հիմնական նպատակ է հետապնդում՝ սահմանադրական բարեփոխումների գործադրման իրավական ապահովում, կոդիֆիկացում ու կոնսիլիդացում եւ «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերի իրագործման համար իրավական հիմքի ստեղծում։

Վիգեն Սարգսյանը նշել է, որ օրենսդրական կարգավորման հիմքում դրված քաղաքականության նպատակն է զինված ուժերում ծառայությունը դարձնել սոցիալական վերելակ ե՛ւ սպայական, ե՛ւ շարային կազմի համար, ապահովել զինծառայողների ինտեգրումը հասարակությանը, բարձրացնել պահեստազորի արդյունավետությունը, տարկետումների զգալի մասը փոխարինել արտոնություններով, ամրապնդել հասարակության վստահությունը զինված ուժերի նկատմամբ։ Նախարարն ընդգծել է, որ օրենքի փոփոխությամբ կատարվելու է հիմնական հասկացությունների հստակեցում ու համապատասխանեցում Սահմանադրությանը, սոցիալական քաղաքականության ճկունության ամրապնդում, ժամկետային ծառայության խնդիրների հստակեցում։ Փոփոխությունները միտված են լինելու ծառայությունից խուսափողների համար պատժի խստացմանը։

Ավարտին Վիգեն Սարգսյանը մանրամասն ներկայացրել է «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի նպատակներն ու իրավական կարգավորումները։ Ծրագրերը նպատակ ունեն ամրապնդելու բանակ-հասարակություն կապը, մատնանշելու եւ ախտորոշելու հասարակության մեջ առկա խնդիրները հենց ծառայության ժամանակ, այլ ոչ թե ծառայությունն ավարտելուց հետո։

Առաջարկվում է լուծել սպաների բնակարանային ապահովման հարցը. նախատեսվում է ներդնել սպայական անձնակազմի բնակարանային ապահովման նոր՝ առավել արդյունավետ համակարգ։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաեւ բուժզննման նոր կարգը։ Նշվել է, որ կվերանան տեղական զորակոչային հանձնաժողովները։ «Պատիվ ունեմ» ծրագրով նախատեսվում է տարկետում տալ հավատարմագրված բուհերի արական սեռի 100-150 ուսանողների, որոնք ընթացքում իրենց հիմնական կրթությունը կստանան ռազմական ուսումնական հաստատություններում։

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է հնչած առաջարկներին եւ մտահոգություններին, պարզաբանումներ ներկայացրել։

Ամփոփելով լսումների աշխատանքը՝ Կորյուն Նահապետյանը կարեւորել է խորհրդարանական հարթակում նման ընդգրկուն քննարկումները՝ նշելով, որ ՀՀ կառավարության ներկայացրած նախագծերը նպատակ ունեն նպաստելու ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացմանը եւ համալրմանը։ Նա ընդգծել է, որ հնչած բոլոր առաջարկներն ու մտահոգությունները կքննարկվեն հանձնաժողովում։

Խորագիր՝ #41 (1212) 18.10.2017 - 24.10.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


18/10/2017