Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՊԿ-Ը ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՈՒԺԸ



ՀԱՊԿ-Ը ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՈՒԺԸՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հոկտեմբերի 9-ից 13-ն անցկացվեց ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը: Այն «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակում ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլի եզրափակիչ միջոցառումն էր` «Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժությունից և ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության շտաբային մարզումներից հետո:

«Փոխգործակցություն-2017» զորավարժության թեման էր` «Հավաքական անվտանգության՝ Կովկասյան տարածաշրջանում ռազմական հակամարտության տեղայնացման համատեղ օպերացիայի նախապատրաստումը և անցկացումը»: Հիմնական նպատակը ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ կիրառման ձևաչափերի մշակումն էր ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի միացյալ ռազմավարական հրամանատարության ընդհանուր ղեկավարմամբ: Կարևորվեց նաև ՀԱՊԿ զորքերի` հավաքական ուժերի ղեկավարման համակարգի կատարելագործումը և դաշնային ու տարածաշրջանային խմբավորումների ղեկավարման արդյունավետության ստուգումը առաջադրված  խնդիրների կատարման ընթացքում:

ՀԱՊԿ-Ը ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՈՒԺԸԶորավարժության հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, զորավարժության տվյալ փուլի ղեկավար, ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, մասնակից պետությունների բարձրաստիճան զինվորականներ: Բազմազգ զորախմբի ստորաբաժանումները շարվել են հանդիսավոր տողանի: Բարձրացվում են մասնակից պետությունների պետական և ՀԱՊԿ դրոշները: Զորավարժությունն սկսված է:

Զորավարժությանը ներգրավված էր ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում` 25 ավիացիոն միջոցներ և թռչող սարքեր: Այն անցկացվում էր ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի` 2016թ. հաստատած պլանի համաձայն` հավաքական սկզբունքով ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության նպատակով ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) կիրառման հարցերի մշակմամբ: Զորավարժությանը մասնակցեցին նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, ովքեր հանդես եկան միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի վերաբերալ դասախոսություններով, կատարեցին հումանիտար օգնություն ցուցաբերելու առաջադրանք:

Հոկտեմբերի 10-ին ՕԱՀՈՒ և Զ(ու)Մ  հրամանատարները որոշումներ ընդունեցին ենթակա զորքերի (ուժերի) կիրառման վերաբերյալ և ձեռնամուխ եղան պլանային փաստաթղթերի մշակմանը: Զորավարժությանը մասնակցող ՕԱՀՈՒ և Զ(ու)Մ  ստորաբաժանումները նախապատրաստվել են պետական սահմանի պաշտպանության, հավանական հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի և անօրինական զինված խմբավորումների, զինյալների պատրաստման ճամբարների հայտնաբերման, չեզոքացման և ոչնչացման, պատանդների ազատման ուսումնա-մարտական խնդիրների իրականացմանը:

ՀԱՊԿ-Ը ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՈՒԺԸՀոկտեմբերի 11-ին «Ալագյազ» լեռնային զորավարժարանում անցկացվեց «Փոխգործակցություն-2017» զորավարժության գործնական փուլերից մեկը՝ մարտական հրաձգությամբ: Ստորաբաժանումների առջև խնդիր էր դրվել պահպանել ՀԱՊԿ անդամ ինքնիշխան պետության պետական սահմանը ապօրինի զինված խմբավորումների հարձակումից: Լեռնային պայմաններում անցկացված վարժանքներին հայկական կողմից մասնակցեց հատուկ նշանակության ստորաբաժանում, որը աերոմոբիլ տարրի կազմով իրականացրեց իր մարտական խնդիրը: Տվյալ փուլին ներգրավված էին բոլոր ուժերն ու միջոցները, որոնք գործող պայմանագրերի համաձայն՝ պետք է ընդգրկված լինեն տարբեր սպառնալիքների ժամանակ անհրաժեշտ գործողություններում, ինչպես նաև ռուսական 102-րդ ռազմակայանի զորախումբը, որը հայ-ռուսական միացյալ խմբավորման մասն է կազմում:

«Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության ողջ ընթացքում ստուգվեց ուսումնական-մարտական խնդիրների կատարման ժամանակ հավաքական և տարածաշրջանային զորախմբերի ղեկավարման արդյունավետությունը, կատարելագործվեցին ՀԱՊԿ ՕԱՀՈՒ ստորաբաժանումների հրամանատարների գործնական հմտությունները, անձնակազմի դաշտային վարժվածությունը և ստորաբաժանումների փոխգործակցելիության մակարդակը:

ՀԱՊԿ-Ը ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՈՒԺԸՆշենք, որ զորավարժության ծրագիրը չսահմանափակվեց միայն գործնական կամ տեսական համատեղ վարժանքների անցկացումով: «Փոխգործակցություն-2017» զորավարժության շրջանակում հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Սիրիայում տիրող ռազմաքաղաքական իրադրության և այդ շրջանակում իրականացվող գործողությունների վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը, որը նախկինում ղեկավարել է Սիրիայում ռուսաստանյան զորախումբը:

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը հայ գործընկերներին պատմեց Սիրիայում «Իսլամական պետության» զինված խմբավորումների մարտավարության, դրա դեմ պայքարի ուղիների մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեց ժամանանակից ռազմական գործողությունների վարման առանձնահատկություններին, հակամարտող գոտիներում անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի ձևերին և միջոցներին:

Զորավարժության ծրագիրը հագեցած էր նաև մշակութային միջոցառումներով: Ազգային ստորաբաժանումների անձնակազմն այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Հայաստանի պատմության թանգարան: Զինծառայողներն այցելեցին նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Զորավարժությունների պաշտոնական մեկնարկի առաջին օրվանից «Բաղրամյան» զորավարժարանի վրանային ավանում անցկացվեցին նաև մարզական և մշակութային միջոցառումներ: Ամեն երեկո նվիրվել է զորավարժության մասնակից ՀԱՊԿ անդամ պետություններից մեկին: Անձնակազմը հավաքվել է խարույկի շուրջ, տարբեր համույթներ հանդես են եկել հայրենասիրական և ազգային երգերի կատարմամբ:

***

ՀԱՊԿ-Ը ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՈՒԺԸՀոկտեմբերի 13-ին անցկացվեց զորավարժության եզրափակիչ՝ կրակային փուլը, որին հետևում էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, զորավարժության ղեկավար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Զորավարժության եզրափակիչ փուլին ներգրավվել են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի մոտոհրաձգային, հրետանային, օդադեսանտային ստորաբաժանումներ:

Մտահղացման համաձայն՝ ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի տարածք են ներթափանցում ապօրինի զինված խմբավորումներ: Միացյալ զորախմբին խնդիր առաջադրվեց ոչնչացնել լավ սպառազինված հակառակորդին:

Հրետանային հուժկու նախապատրաստությունից հետո հակառակորդի դիրքերը ռմբակոծեցին մարտական ինքնաթիռները: Թիրախներ ոչնչացրին ՄԻ-24 ուղղաթիռները՝ ապահովելով դեսանտի իջեցումը Մի-8 ուղղաթիռներից: Հենց դեսանտավորված ուժերին հաջողվեց սրընթաց գրոհներով հանկարծակիի բերել հակառակորդին, գրավել հրամանատարական կետեր և կարևոր ենթակառույցներ: Հիմնական խմբավորումները ոչնչացնելու նպատակով գրոհի անցան մոտոհրաձգային ստորաբաժանումները: Կրակային խոցում իրականացվեց առկա բոլոր զինատեսակներից: Հարկ է նշել տարբեր ստորաբաժանումների ներդաշնակման բարձր մակարդակը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ թիրախների համաժամանակյա խոցումը՝ զրկելով հակառակորդին տեղաշարժվելու, ուժերը վերախմբավորելու հնարավորությունից:

ՀԱՊԿ-Ը ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՈՒԺԸԵվս մի քանի հարված, և ապօրինի զինված խմբավորումները ոչնչացված են, պետական սահմանը վերականգնված է:

Նշենք, որ կրակային փուլին մասնակցեցին նաև ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները: Վարժանքների մտահղացմամբ՝ տեղեկատվություն է ստացվում, որ անօրինական զինված կազմավորումը պատանդներ է վերցրել ու տեղակայվել բնակավայրից ոչ հեռու գտնվող երեք հարկանի շինության մեջ: Որոշում կայացվեց ուղղաթիռից դեսանտ իջեցնել շենքի տանիքին, զուգահեռ պատանդների ազատման գործողություն իրականացրեց ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության ստորաբաժանումը:

Վթարավերականգնողական, առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների կանխարգելման կարողություններն է կատարելագործել արտակարգ իրավիճակների նախարարությունից մասնակցող խումբը:

ՀԱՊԿ-Ը ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՈՒԺԸԴիվերսիոն և ահաբեկչական գործողությունների հետևանքով հրդեհ բռնկվեց քիմիական վտանգավոր օբյեկտներից մեկում, կար քիմիական վտանգավոր նյութերի արտանետման վտանգ: Ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր մեկնեցին ՀՀ ԱԻՆ ճառագայթային-քիմիական հետախուզական և փրկարարական խմբերը: Իրականացվեց օդի մոնիթորինգ, և նախանշվեց օդի քիմիական աղտոտվածության աստիճանը: Փրկարարական ստորաբաժանումների կողմից ստեղծված ջրային «վարագույրը» կանխեց վտանգավոր քիմիական նյութերի տարածումը:

Զորավարժությունն ավարտվեց: Փակման հանդիսավոր միջոցառման ընթացքում պարգևատրվեցին առավել աչքի ընկած զինծառայողները: Առջևում ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կատարելագործման նոր միջոցառումներն են:

 

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ պաշտպանության նախարար

Զորավարժության արդյունքները գոհացուցիչ են: Կարևոր առանձնահատկությունն այն էր, որ այս տարվա ՀԱՊԿ զորավարժությունները փոխկապակցված էին միասնական մտահղացմամբ: Դա թույլ է տալիս հետևողական աշխատանք ծավալել և ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերը ներդաշնակել առկա խնդիրների միասնական լուծումներ գտնելու նպատակով: Այս զորավարժություններին մասնակցեցին ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների զինված ուժերը՝ բավական պատկառելի անձնակազմով, նաև ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը: Առաջին անգամ ոչ միայն հետևում էր, այլ նաև անմիջական ներգրավված էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը նման իրավիճակներում շատ կարևոր գործառույթներ ունի: Զորավարժությունը կարևոր էր նաև մասնակիցների միջև շփման, ՀԱՊԿ անդամ պետությունների պատմությանը ծանոթանալու տեսանկյունից: Ուրախալի է, որ ծրագրում նախատեսված էր հատուկ միջոցառում, որի շնորհիվ այլ պետություններից ժամանած զինծառայողները հնարավորություն ստացան ծանոթանալու Հայաստանի պատմությանն  ու տեսարժան վայրերին:

Հայաստանը շարունակելու է գործընկեր երկրների հետ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունը, ինչը Հայաստանի անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է: Մենք միշտ հանդես ենք եկել որպես այդ փոխգործակցությունն առաջ մղող և դրա մեջ լրացուցիչ բովանդակություն ներդնող պետություն: Կարծում եմ՝ դա ուղղակիորեն բխում է ոչ միայն մեր միջազգային պարտավորություններից, այլ նաև՝ անվտանգային խնդիրներից:

 

ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Այս տարի «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում մենք անցկացնում ենք վարժանքների ամբողջական շրջափուլ միաժամանակ երկու տարածաշրջաններում` Կովկասյան և Կենտրոնական Ասիայի: Օրերս ավարտեցինք հետախուզական ստորաբաժանումների հետ անցկացվող «Որոնում-2017» զորավարժությունը, որին մասնակցեց շուրջ 1000 զինծառայող: Հետախույզների համար դա բավական լուրջ թիվ է: Այս զորավարժությունը ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մարտունակության ամրապնդմանն ուղղված հերթական միջոցառումն է:

ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի գործունեության ողջ ընթացքում մեծ աշխատանք է տարվել ստորաբաժանումների համալրման, պատրաստության, ղեկավարման օղակների փոխգործակցության կատարելագործման առումով: Բոլոր պետություններում առաջնայինը ազգային ստորաբաժանումների պատրաստության կատարելագործումն է: Եթե ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուրն ունենա հզոր, մարտունակ բանակ, ինքնըստինքյան կշահի ՀԱՊԿ-ը:

 

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ

Հայաստանը մեծապես կարևորում է ՀԱՊԿ ՕԱՀՈՒ դերակատարումը խաղաղության և անվտանգության սպառնալիք հանդիսացող ճգնաժամերի հաղթահարման գործում: ՀԱՊԿ պետություններին սահմանակից շրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հակամարտությունների առաջացման հավանականությունը չափազանց բարձր է, և դրանց խաղաղ, ժամանակին կարգավորումը առանց ՀԱՊԿ ՕԱՀՈՒ հնարավոր չէ իրագործել: Այսօր կարող ենք փաստել, որ ՀԱՊԿ-ում ստեղծված են համապատասխան զինված ուժեր, որոնց կազմում հատուկ պատրաստություն անցած համակազմեր են: Իսկ նմանատիպ զորավարժությունը լավ հնարավորություն է նրանց գործնական հմտությունները զարգացնելու, նաև նոր մոտեցումներ մշակելու համար: Դեռ վաղ է խոսել ձեռքբերումների մասին, սակայն մենք ճիշտ ուղու վրա ենք: Ողջունելի է հատկապես ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների մասնակցությունը զորավարժությանը, ինչը սպառնալիքներին համատեղ դիմագրավելու մեր պատրաստակամության վկայությունն է:

 մայոր  ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուս.՝  մայոր ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #41 (1212) 18.10.2017 - 24.10.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


18/10/2017