ՊԱՏՐԱՍՏ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԱՌԿԱ ԵՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ
Արցախում հոկտեմբերի 17-20-ը անցկացված հրամանատարաշտաբային զորավարժություններում ներգրավված էին պաշտպանության բանակի միավորումների եւ զորամասերի հրամանատարական կազմերը: Նպատակն էր բարձրացնել հրամկազմի գիտելիքներն ու գործնական կարողությունները, զորամասերի հրամանատարների և շտաբների պատրաստության ու փոխգործակցության մակարդակը, ունակությունները պաշտպանողական ու հարձակողական մարտերի վարման ժամանակ: Զորավարժության ընթացքում պայմանական մարտական խնդիր ու առաջադրանք ստացավ պաշտպանության բանակի յուրաքանչյուր միավորում, զորամաս ու ստորաբաժանում: Առաջադրանքների կատարման ընթացքին հետեւում էին ԼՂՀ պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն ու փոխգործակցության շրջանակներում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
ՊԲ հարավային ուղղությամբ միավորումներից մեկի բացազատված կառավարման կետում վաղ առավոտյան խորհրդակցություն է: Րոպեներ անց մեկնարկելու է բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության երկրորդ փուլը: Նոր խնդիրներ ստանալուց առաջ ընդհանուր օպերատիվ պլանավորման խումբը գնդապետ Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ տեղանքի մեծամասշտաբ քարտեզի վրա եւս մեկ անգամ ճշգրտումներ է կատարում:
Զորավարժությունների առաջին փուլում միավորման հրամանատարին խնդիր էր առաջադրվել վնասազերծելու առաջնագծի երեք ուղղություններում հայտնաբերված հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը: Ենթակա զորամասերի, ստորաբաժանումների հրամանատարներին պարզաբանվել էր, թե ինչպես շրջափակել, կրակային որ միջոցների ներգրավմամբ խոցել եւ ոչնչացնել թշնամուն: Խնդրի լուծման համար տրվել էր 35 րոպե ժամանակ, առաջադրանքը կատարվեց 20 րոպեում: Դրվագներից մյուսում էլ հրամանատարների ճիշտ որոշումների արդյունքում ստորաբաժանումները դիմագրավեցին հակառակորդի լայնածավալ գրոհը՝ թույլ չտալով նրան ծավալվել բնագծի խորքում:
Բանակային զորամիավորման օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Հ. Խաչյանը, որ ստանձնել է միջնորդի պարտականությունները եւ ուշիուշով հետևում է առաջադրանքների կատարման ընթացքին, թվում է զորավարժության ուսումնական նպատակները. «Զորամասերը բերել բարձր պատրաստականության աստիճանի զորքերի օպերատիվ ծավալման, մարտական գործողությունների նախապատրաստման և վարման ժամանակ: Ստուգել զորամասերն ու ստորաբաժանումները մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու պլանների իրատեսությունը: Բարձրացնել զորամասերի, շտաբների, զորքերի ներդաշնակությունը, սպաների գործնական հմտությունները մարտական խնդիրների կատարման, զորքերի անհրաժեշտ վերախմբավորման, մշտական համագործակցություն կազմակերպելու և իրականացնելու ժամանակ: Բարելավել անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, ֆիզիկական դիմացկունությունը, բարձրացնել դաշտային վարժվածության մակարդակը, ուսուցանել հակառակորդի անմիջական ներգործության պայմաններում գործառութային պարտականությունների կատարումը: Ինչպես նաեւ գործնականում կիրառել անօդաչու թռչող սարքեր, ուսումնասիրել եւ փնտրել դրանց կիրառման նոր տարբերակներ խնդիրների կատարման ընթացքում»:
«Ուշադրություն, հրետանի: Նկատվել է «Տոս-1» մարտկոցի տեղաշարժ»,-նոր խնդիրն է բարձրաձայնում օպերատիվ բաժանմունքի պետ, գնդապետ Ս. Սարգսյանն ու հայտնում կոորդինատները,-բավականին մոտ տարածությունում է»: Միավորման հրետանային խումբը մշակում է տվյալները, նշումներ կատարում քարտեզի վրա, ապա կազմում համապատասխան հրամաններն ու փաստաթղթերը: Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Կ. Բաբայանն ասում է՝ խնդիրը անսպասելի չէ, այն համապատասխանում է պաշտպանողական մարտի դինամիկային: «Մենք տեղեկացված ենք, որ հակառակորդի զինանոցում կա նման միջոց, եւ արդեն գիտենք, թե այս կամ այն իրադրությունում հակազդման ինչ մեթոդներ ենք կիրառելու: «Տոս-1» ծանր հրանետային համակարգը հնարավոր է խոցել ինչպես հրետանային մի շարք միջոցներով, այնպես էլ հակատանկային կառավարվող հրթիռային կայանքներով: Այս անգամ որոշեցինք վնասազերծել հրետանային միջոցներով»:
Քիչ անց հեռախոսազանգ է ստացվում. «Շարասյունը խոցվել է երթի ժամանակ՝ չհասցնելով կրակային դիրք զբաղեցնել: Կրակը ուղղորդվել եւ սպասարկվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով»:
«Հայտնաբերվել են Harop տիպի մահապարտ ԱԹՍ-երի մեկնարկային դիրքեր»,- զեկուցվում է հերթական խնդիրը: Միավորման հրամանատար, գնդապետ Հարությունյանը հրետանու պետին հանձնարարում է հարթակները վերցնել կրակային խոցման, միաժամանակ լրահետախուզել նշված շրջաններն ու զեկուցել: Ինչպես նաեւ պաշտպանությունում ներգրավված զորամասերին հայտնել ստեղծված իրադրության մասին եւ բարձրացնել անձնակազմի զգոնությունը: ՀՕՊ-ի պետին հրամայվում է ուժեղացնել օդային դիտարկումը և պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում խոցելու նշված օդային նշանակետերը:
Րոպեներ անց զեկուցվում է. «Վերգետնյա նշանակետը խոցվել է երկու դիվիզիոնի կրակով»:
Վերադաս հրամանատարությունը գոհ է՝ ենթակաները իրադրությունը ճիշտ են գնահատել, որոշումները համարժեք էին. «Զորավարժության ընթացքում հաշվի են առնվել ինչպես ապրիլյան մարտագործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ հակառակորդի հավանական գործողությունների բնույթը: Մեզ հնարավորություն է ընձեռվել խաղարկել մարտական իրավիճակի զարգացման սեփական տարբերակները, դրսեւորել ստեղծագործական մոտեցում: Փորձել ենք գտնել ստեղծված իրադրության համար ամենաարդյունավետ լուծումը: Իհարկե, անսպասելի խնդիրներ էլ ենք ստացել: Ամենաբարդը, թերեւս, հրամանատարական, ղեկավարման կետերի տեղաշարժի կազմակերպումն էր»,- նշում է Ջալալ Հարությունյանը եւ նախնական արդյունքների ամփոփումից հետո ուղեւորվում զորավարժադաշտ:
Այստեղ մի շարք ստորաբաժանումներ՝ մոտոհրաձգային, տանկային, հրետանային, ներգրավված են մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորախաղերում: Գործնականում ստուգվեց ստորաբաժանումների պատրաստականությունը: Արձանագրվեցին ներդաշնակ ու գրագետ գործողություններ, անընդհատ եւ հստակ ղեկավարում, կրակային խոցման բարձր արդյունքներ:
Հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները ամփոփվեցին հոկտեմբերի 20-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում: Եվս մեկ անգամ փաստվեց՝ պաշտպանության բանակի վարչությունը, միավորումների և զորամասերի հրամկազմը պատրաստ է կայացնելու եւ իրագործելու գրագետ ու հաջողության տանող որոշումներ, համարժեք արձագանքելու առկա և փոփոխվող մարտական իրավիճակներին:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #42 (1213) 25.10.2017 - 31.10.2017, Ազգային բանակ