ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԲԱՐՁՐ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Հոկտեմբերի 17-ին Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի խմբերի հետ անցկացվեց դասընթաց` «Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ» խորագրով:
Դասընթացը վարեցին 1-ին զորամիավորման իրավաբան, ավագ սպա, մայոր Տաճատ Էմինին, Սյունիքի մարզային ոստիկանության Գորիսի բաժնի ԱԳ դպրոցական տեսուչ, լեյտենանտ Լիլիթ Դանիելյանը:
Հանդիպում-զրույցն ուղղված էր բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:
Տաճատ Էմինին անդրադարձավ ապրիլյան պատերազմական գործողություններին, հայոց բանակի զինվորների ու սպաների ցուցաբերած անօրինակ սխրանքներին, հայ զինվորի քաջարի ոգուն, ամբողջ հայ ժողովրդի, աշխարհասփյուռ հայության դրսևորած աննկուն կամքին և համախումբ հայրենասիրությանը, խիզախությանն ու հայրենյաց սիրուն, որոնցով կարելի է հաղթել ցանկացած գերազանցությամբ օժտված հակառակորդին:
-Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք ուժեղ ժողովուրդ ենք մեր միասնականությամբ, որ մեր զինվորն անհաղթ է, մեր բանակը՝ հզոր: Ապրիլյան օրերին մենք ազգովին դարձանք զինվոր և նետվեցինք պաշտպանելու պատմական հայրենիքի անառիկ սահմանները,- նշեց մայոր Էմինին:
Աշակերտության հետ հանդիպմանն արծարծվեց նաև աղջիկների՝ պայմանագրային հիմունքներով կամավոր ծառայության հարցը, նշվեց, որ հայոց բանակում այսօր մեծ է նաև կին զինծառայողների դերը, որոնց մեջ քիչ չեն ապրիլյան պատերազմում աչքի ընկած կին դիպուկահարները:
Հանդիպում-դասընթացը, որն ավելի շատ անկեղծ զրույց էր, անցավ դպրոցականներին հուզող հարցերի և սպաների սպառիչ պատասխանների մթնոլորտում: Աշակերտներն ընթերցեցին իրենց գրած նամակները՝ ուղղված բանակում ծառայող զինվոր հարազատներին և նրանց հուզիչ պատասխանները:
Ավագ դպրոցի ռազմահայրենասիրական գործունեության, այդ ուղղությամբ դպրոցի ձեռքբերումների, նախկին ու ներկա սաների նվաճումների, ստացած մրցանակների մասին ջերմ ելույթներ ունեցան նաև դպրոցի տնօրեն Կարինե Մովսիսյանը, դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Կառլեն Ներսիսյանը:
♦♦♦
Մայոր Տաճատ Էմինին և N զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Օնիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցան նաեւ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի (տնօրեն՝ Արմինե Շեգունց) աշակերտության հետ:
Դասընթացի թեման նույնն էր՝ «Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ»:
Մինչ հանդիպումը՝ նրանք դպրոցի զինղեկ, մայոր Սամվել Առուստամյանի ուղեկցությամբ եղան հաստատության՝ բարձր մակարդակով կահավորված հրաձգարանում, Արցախյան պատերազմում զոհված` Գորիսի «Քոլատակ», կամավորական ջոկատի դասակի հրամանատար Վոլոդյա Բաղդասարյանի և Սեյրան Քարամյանի (Փոքր Սոս) անվան դասասենյակներում:
Ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Օնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց ջոկի բանակային առօրյան՝ սկսած առավոտյան վերկացից՝ մարմնամարզություն, նախաճաշ, տողան և պարապմունքներ, մինչև հանգիստ և քնելու ժամ, վերակարգ և պահակային ծառայություն:
Հանդիպման ընթացքում մայոր Էմինին և կրտսեր սերժանտ Հովհաննիսյանը պատասխանեցին աշակերտներին հուզող հարցերին՝ նվիրված բանակային կյանքին, զինվորական օրենքներին, զինվորի ծառայությանը, նրա կենցաղի, սննդի, հանդերձանքի և այլ խնդիրներին:
Աշակերտների իրավագիտակցությունը և հայրենասիրությունը բարձրացնող, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը միտված «Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ» թեմայով զրույց-հանդիպումները պարբերաբար կշարունակվեն նաև տարածաշրջանի գյուղերի ուսումնական հաստատություններում:
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
1-ին ԶՄ լրատվական ծառայություն
Խորագիր՝ #42 (1213) 25.10.2017 - 31.10.2017, Բանակ և հասարակություն