Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՊԻ ԴԱՍԱԿԻ ԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ



ԿԱՊԻ ԴԱՍԱԿԻ ԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸԿապի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Անի Ժամհարյանին հանդիպեցի զորավարժարանում: Նա մի մարտական մեքենայից մյուսին անցնելով` կապն էր ստուգում, համապատասխան հրահանգներ տալիս կապի պատասխանատուներին: Նա այնպես էր տարվել իր պարտականությունների կատարմամբ, որ նույնիսկ չէր նկատել, թե լուսանկարչական ապարատը ձեռքիս ինչպես եմ իր ետեւից այս ու այն կողմ գնում: 

-Մեր Անին Խանփերյանցի շրջանավարտներից է,- անթաքույց հպարտությամբ նկատեց սպաներից մեկը:

-Առաջին կին շրջանավարտներից մեկը,- ընկերոջը մտերմիկ ուղղեց մյուս սպան:

Անին եւ իր երկու ընկերուհիները՝ Տաթեւն ու Էմման, Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի առաջին կին շրջանավարտներն են:

-Այդ տարի անասելի ոգեւորություն էր պատել ինձ: Ոնց էի ուզում զինվորական դառնալ, զինվորական գործի մեջ մտնել: Որոշումս անբեկանելի էր: Դիմեցի Ռազմական ավիացիոն համալսարան եւ ընդունվեցի:  Մեկամյա կուրսերը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո՝  որպես կապի դասակի հրամանաատար, ծառայության նշանակվեցի  այս զորամասում: Ի դեպ, գերազանց առաջադիմության համար ինձ հնարավորություն տրվեց ընտրելու իմ ծառայության վայրը: Եվ ես ընտրեցի ծննդավայրիս մոտ զորամասերից մեկը,- հիշում է Անին:

 Լեյտենանտի ուսադիրները, դիպլոմն ու սպայական դաշույնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անձամբ երկրի նախագահն է հանձնել Անի Ժամհարյանին:

-Այդ պահն անջնջելիորեն  մնացել է հիշողությանս մեջ: Երկրիս նախագահն ինձ շնորհավորեց, դիպլոմս ու լեյտենանտի ուսադիրները հանձնեց եւ սպայական դաշույն նվիրեց: Թե ինչ հպարտություն ապրեցի այդ օրը, դժվար է բառերով նկարագրել: Կարծում եմ՝ քչերին է հաջողվել նման բարձր պատվի արժանանալ:

 Ավագ լեյտենանտ Ժամհարյանը գումարտակի կապի պատասխանատուն է, կապի դասակի հրամանատարը: Կապն աշխատում է անխափան, եւ այստեղ անչափ մեծ է նրա ներդրումը` վստահեցնում են ծառայակից ընկերները: Իսկ Անին էլ համեստորեն «հակադարձում է». «Ինձ շատ օգնում եւ աջակցում են ծառայակից ընկերներս: Իմ հաջողությունների համար նաեւ նրանց եմ պարտական:

Անին արհեստավարժ նկարչուհի է, Վանձորի նկարիչների միության անդամ: Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի բաժինը՝ նկարիչ-մանկավարժի մասնագիտությամբ: Չորս տարի աշխատել է Մայր Աթոռ սբ. Էջմիածնի Վանաձորի Հայորդյաց տանը` որպես մետաքսանկարչության խմբի ղեկավար:

Ծառայության ավարտից հետո, եթե շատ հոգնած չի լինում, Անին նկարում է:

-Երբ վրձինը ձեռքս եմ վերցնում, էլ դադար չեմ առնում: Իմ ներկապնակի գույներն իմ հոգու գույներն են, իմ կտավների գույներն իմ ծննդավայրի՝ Լոռու գեղատեսիլ  գույներն են: Նկարում եմ անդադար, առանց հոգնելու: Նկարում եմ այնքան, մինչեւ աչքերս փակվեն,- ասում է ակնարկիս հերոսուհին:

-Տեսե՞լ եք մետաքսի վրա արված մանրանկար,- հարցնում է նա եւ չսպասելով պատասխանիս՝ անմիջապես ցույց է տալիս հեռախոսում պահ տված մի քանի լուսանկար:

-Բոլորն էլ մետաքսի վրա եմ նկարել: Սրանք ինձ համար անչափ թանկ աշխատանքներ են:

Անին ունի նաեւ իրավաբանի մասնագիտություն:

-Կուզեի իրավաբանի մասնագիտությամբ աշխատել, քանի որ նաեւ իրավաբանական կրթություն եմ ստացել: Ավարտել եմ ԳԱԱ իրավագիտության  մագիստրատուրան: Անկեղծ ասած՝ կապավորի մասնագիտությունը շատ ծանր է կնոջ համար: Շատ եմ հոգնում: Տուն էլ որ գնում եմ, այնքան հոգնած եմ լինում, որ չեմ կարողանում երեխաներիս հետ մի կարգին զբաղվել:

Նրա երեխաները՝ տասնամյա Մարիամն ու իննամյա Արամը, շատ են հպարտանում Հայրենիքի պաշտպան իրենց մայրիկով: Մայրն էլ նրանցով է հպարտ.

-Երեխաներս են իմ կենսատու աղբյուրը: Նրանք են ինձ ուժ տալիս, նրանք են ինձ առաջ մղում,- անթաքույց հպարտությամբ ասում է կապի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Անի Ժամհարյանը:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #42 (1213) 25.10.2017 - 31.10.2017, Ազգային բանակ


25/10/2017