ՄԵՐ ՀՐԵՏԱՆՈՒ ՀՈՒԺԿՈՒ ԿՐԱԿԸ
Հոկտեմբերի 21-ին ուսումնական հրետանային զորամասերից մեկում մեծ հանդիսավորությամբ նշվեց Հրթիռահրետանային զորքերի 25-ամյա հոբելյանը: Այս առիթով հրետանավորներին շնորհավորելու համար զորամասում էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրագույն սպայակազմը: Այստեղ էին 25-ամյա հրթիռահրետանային զորքերի մի քանի սերնդի ներկայացուցիչներ` վետարաններից մինչև հրետանավորների շարքային կազմը, նրանց հարազատներն ու բարեկամները:
Հանդես գալով շնորհավորական խոսքով` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնավորապես ասաց. «Պարոնայք գեներալնե՛ր, սպանե՛ր, սիրելի՛ զինծառայողներ, հարգելի՛ ներկաներ: Շնորհավորում եմ ձեզ ու հայկական բանակի հրետանային ստորաբաժանումների բոլոր զինծառայողներին զորատեսակի տոնի` Հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-ամյակի առթիվ: Հայկական զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը, ինչպես և մեր մյուս զորատեսակները, ծնվել և թրծվել են Արցախյան պատերազմի բոցերում: Սրանով է պայմանավորված նրանց կենսունակությունն ու բարձր մարտական ոգին: Ռազմի դաշտում ամենաօրհասական պահերին հրետանին ասել է իր հատու խոսքը՝ մեր օգտին շրջելով պատերազմական գործողությունների ընթացքը: Ապրիլյան քառօրյա պատերազմը մի նոր, յուրատեսակ քննություն դարձավ: Հրետանին մեր այն զինատեսակներից էր, որ պատվով հանձնեց այդ քննությունը: Մարտական գործողությունների բոլոր հատվածներում, բոլոր ուղղություններով հրետանին իր խնդիրը գերազանց կատարեց և մեծ դեր խաղաց հակառակորդի հեռու գնացող նպատակները ի չիք դարձնելու գործում: Ապրիլյան մարտական գործողություններից հետո մենք ապրում ենք այլ իրականությունում: Եվ զինված ուժերը նույնպես ոտք են դրել իրենց պատմության մի նոր ու կարևոր շրջափուլ, որը բանակի համար առանձնանում է ժամանակակից, նորարարական լուծումներով հագեցած և բարձր տեխնոլոգիական սպառազինությամբ համալրված մեծ ծավալներով: Բնական է, որ նման միջոցներն առաջին հերթին հատկացվում են նաև հրետանային ստորաբաժանումներին: Այժմ այս կարևոր ստորաբաժանումը ղեկավարում է գնդապետ Արմեն Հարությունյանը: Եվ վստահ եմ, որ նա կշարունակի իր նախորդների լավագույն ավանդույթները և կկարողանա հասնել արդեն ձեռք բերվածից ավելի բարձր արդյունքների: Մասնագիտական տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ բոլոր հրետանավորներին, հրթիռավորներին և հատկապես՝ այսօր պարգևատրվածներին: Մաղթում եմ առողջություն, անվտանգ ծառայություն ու մասնագիտական նորանոր ձեռքբերումներ: Եվ թող մեր բոլոր զինատեսակները կրակեն միայն զորավարժարաններում՝ զորավարժությունների ժամանակ: Հաղթանա՛կ մեզ»:
Այնուհետև հանդիսավոր միջոցառման մասնակիցները, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, ծանոթացան միջոցառման շրջանակում ցուցադրված հայրենական ռազմարդյունաբերության` հրետանային զորքերի համար արտադրվող սարքերին: Հրետանավորները հատուկ հպարտությամբ ներկայացրին հայրենական արտադրության՝ հրետանու հետախուզության և կրակի կառավարման ավտոմատացված համակարգը, որը, այն արտադրող ընկերության ներկայացուցիչների խոսքով, աշխարհում համարժեքը չունի և այս տարի մասնակցելով Ռուսաստանում կայացած «Բանակ-2017» ցուցադրությանը՝ հետաքրքրություն է առաջացրել մասնակից երկրների շրջանում: Համակարգը նաև ապրիլյան պատերազմի «մասնակից» է:
Այնուհետև ներկաները մեծ ոգևորությամբ հետևեցին հրետանու հուժկու կրակով ուղեկցվող հրետանային ստորաբաժանումների ցուցադրական մրցումներին, որոնք ավարտվեցին յուրօրինակ հրավառությամբ:
Տոնի առիթով ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններով այդ օրը մի խումբ հրետանավորներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով: Հատկապես հուզված էին պարգևատրված նորաթուխ հրետանավորները:
Սերժանտ Սաշա Գալստյանը սեպտեմբեր ամսին Հրթիռային զորքերի և հրետանու վարչության կողմից կազմակերպված մրցումներում իր ջոկի անձնակազմով բարձր ցուցանիշներ է արձանագրել: Որպես խրախուսանք` նա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից արժեքավոր նվեր ստացավ։
-Պաշտպանության նախարարից նման պարգև ստանալը և՛ մեծ ուրախություն է ինձ համար, և՛ մեծ պատասխանատվություն,- ասաց Ս. Գալստյանը:- Կփորձեմ հետագա ծառայությանս ընթացքում է՛լ ավելի բարձր ցուցանիշներ արձանագրել` իմ ուժերի ներածին չափով օգուտ բերելով հայրենիքիս:
Շարքային Նարեկ Սարգսյանը նույնպես արժեքավոր նվերի արժանացավ: Նա այս տարվա հոկտեմբեր ամսին՝ որպես ռեակտիվ համակարգի նշանառու, մասնակցել է ուսումնական զորավարժությանը և մարտական առաջադրանքը գերազանց կատարելու համար ներկայացվել է խրախուսման:
-Անչափ ուրախ եմ ու շնորհակալ` նման պատվի արժանանալու համար: Կփորձեմ արդարացնել ղեկավարության վստահությունը նաև ապագայում,- ասաց Նարեկը:
Հրթիռահրետանային զորքերի 25-ամյա հոբելյանը առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես այն երախտավորների համար, ովքեր կանգնած են եղել դրա ստեղծման ու կայացման ակունքներում, ովքեր այժմ էլ իրենց նշանակալի ներդրումն ունեն զորատեսակի զարգացման գործում:
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար,
բարձրագույն սպայական խորհրդի անդամ,
գեներալ-լեյտենանտ
Որպես հրետանավոր, շնորհավորելով մեր բոլոր գեներալներին, սպաներին և զինվորներին, առողջություն եմ ցանկանում և, իհարկե, ամենակարևորը` թող այլևս պատերազմ չլինի: Շատ ուրախացա՝ այսօր այստեղ մեր հայրենական արտադության սարքերը տեսնելով: Դրանցից՝ հեռաչափերն, օրինակ, անհամեմատ ավելի բարձր հզորություն ունեն այժմ:
Հրետանու վարչության առաջին պետ,
բարձրագույն սպայական խորհրդի անդամ,
գեներալ-մայոր
-Այսօր մենք նշում ենք մեր զինված ուժերի փառապանծ` Հրթիռահրետանային զորքերի 25-ամյակը: Դեռ նոր ձևավորվող հրետանին բազում մարտական խնդիրներ է իրականացրել Արցախյան պատերազմի տարիներին: Եվ, կարող եք ինձ հավատալ, եթե չլիներ մեր հրետանին, չէինք կարողանա այդ փառավոր հաղթանակին հասնել ծանր մարտերում: Հրետանու աշխատանքի ևս մեկ հրաշալի օրինակի ականատեսը եղանք ապրիլյան պատերազմի ընթացքում: Այստեղ ներկա են մեր հրետանավոր վետերանները: Հիմա մենք այստեղ կանգնած մեծ հպարտություն ենք ապրում մեր հրետանային զորքերի հաջողությունների համար, որոնց ձևավորման աշխատանքներում անմիջականորեն ներգրավված ենք եղել:
Այսօր հիշում ենք նաև պատերազմի տարիներին հրետանու վարչության ստեղծման գործում անգնահատելի դերակատարում ունեցած Քրիստափոր Իվանյանին. նրա գործն իսկապես անգնահատելի է և մինչ օրս փոխանցվում է սերունդներին:
Հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ,
գեներալ-մայոր
Այս 25 տարիների ընթացքում մեր հրետանային զորքերը շարունակաբար զարգացել են. տեղում երբեք չենք դոփել: Վստահ եմ, որ այս գործընթացը շարունակական է լինելու: Հատկապես կարևորում եմ անձնակազմի մասնագիտական կատարելագործմանն ուղղված աշխատանքները: Սա վերաբերում է հիմնականում սպայական կազմին: Նոր զինատեսակներ ստեղծելու ու ձեռք բերելու արդյունքը երևում է այն ժամանակ, երբ մասնագետն եղածին արդեն փայլուն տիրապետում է:
Այս տարիների ընթացքում՝ որպես մեծագույն ձեռքբերում, կարող եմ նշել հրետանավորների ներդաշնակումը, համախմբվածությունը, վերաբերմունքը տեխնիկային, սպառազինությանը: Տեխնիկայի ճիշտ սպասարկումը նույնպես մարտունակության հարց է: Մենք այս տարիների ընթացքում շատ ստորաբաժանումներ ենք ավելացրել, շատ նոր զինատեսակներ ենք ձեռք բերել, բայց, վերջին հաշվով, զենքի կողքին կանգնած մարդն է կարևոր, նրա գիտելիքներն ու պատրաստվածությունը:
ՀՀ ԶՈՒ Հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, գնդապետ
-Մեր հրետանին լիովին կայացած կառույց է: Մենք զորատեսակը հետևողականորեն համալրել ենք ժամանակակից, գերճշգրիտ հրթիռային և հրետանային սպառազինությամբ, ինչը շարունակելու ենք իրականացնել: Մեր զորատեսակը շարունակելու ենք համալրել բանիմաց կադրերով: Այսօր հիմնական խնդիրը, որ դրված է հրթիռահրետանային զորքի առջև, մարտունակության բարձր մակարդակի պահպանումն է: Հատկապես հակառակորդի հետ շփման գծում հերթապահություն իրականացնելիս ժամանակ առ ժամանակ ստիպված ենք լինում կիրառել հրետանային զորքի ներուժը: Հետևաբար` հիմնական պահանջն այն է, որ հրետանավորները մշտապես լինեն մարտունակ վիճակում: Սրա համար մենք որդեգրել ենք սպայակազմի մասնագիտական կարողությունների կատարելագործման քաղաքականությունը:
Այս բացառիկ տոնի կապակցությամբ ուզում եմ շնորհավորել մեր բոլոր վետերաններին, ովքեր Արցախյան պատերազմի ծանր ժամանակահատվածում ստեղծեցին հրետանային առաջին ստորաբաժանումները` դասակներն ու մարտկոցները: Դրան հաջորդեց մեր զորատեսակի լայնածավալ շինարարությունը, որը շարունակվում է մինչև այսօր: Մեր բոլոր հրետանավորներին մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, անձնական հաջողություններ և ցանկանում, որ կարողանանք պատվով կատարել մեր զորատեսակին առաջադրված խնդիրները՝ հանուն մեր ժողովրդի խաղաղության: Շնորհակալություն բոլորին:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ