Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ. «ԱԶԳ-ԲԱՆԱԿ». ՊԱՀՀ-Ի ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ



ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ. «ԱԶԳ-ԲԱՆԱԿ». ՊԱՀՀ-Ի ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանի զեկուցումը՝ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական գործունեության մեկնարկը ազդանշող հանդիսավոր նիստում:

 Մեծարգո´ պարոն Նախագահ,

Հարգելի´ պարոն նախարար,

Պարոնա՛յք գեներալներ, սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ, հյուրեր

 2016 թ. հունվարի 28-ին այս դահլիճում կայացավ Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հանդիսավոր բացումը՝ հանրապետության Նախագահի առաջնորդությամբ: Դրան մասնակցում էին ՊՆ և ԶՈՒ ղեկավարության ներկայացուցիչներ, մեր ամերիկյան ու ռուսաստանյան խորհրդատուներ և դեսպաններ: Այն ժամանակ գործում էր միայն համալսարանի գիտահետազոտական բաղադրիչը՝ ի դեմս ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի: Այսօր կայանում է համալսարանի կրթական բաղադրիչի հանդիսավոր մեկնարկը:

 Հանրապետության անվտանգային քաղաքագիտության համար սույն կարևոր իրադարձությունը հնարավոր է դարձել շնորհիվ նախկին Պաշտպանության նախարար, այժմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, որի հովանավորությամբ 2003 – 2004 թվականներին մշակվեց և փուլայնորեն իրագործվում է Հայաստանի պետական «խելացի ուժի» այս գործիքի կայացումը:

 Համալսարանի բացումից անցած ժամանակահատվածը կարելի է գնահատել որպես արգասաբեր:

 Ավելի են սերտացել և ոլորտների առումով ընդլայնվել մեր կապերը գերազանցության գլխավոր կենտրոնների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի ու Հարվարդի համալսարանի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հետ: Այդ համագործակցությունը դրսևորվել է ինչպես նրանց մեթոդաբանական աջակցությամբ, այնպես էլ մեր երիտասարդ գիտնականների տարաժամկետ ստաժավորումների ձևով:

 ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ. «ԱԶԳ-ԲԱՆԱԿ». ՊԱՀՀ-Ի ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ Դրա արդյունք է Հայաստանի կիբեռռեսուրսների կառավարման համակարգի երկու անկյունաքարային փաստաթղթերի մշակումն ու փորձաքննությունը: Դրանցից առաջինը կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագիծն է, որը պաշտոնապես ներկայացվել է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը:

 Մյուսը Հայաստանի կիբեռռեսուրսների կառավարման ազգային համակարգի նախագիծն է: Դրանում առաջարկվում է միջգերա­տեսչական խորհրդատվական մարմնի` տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների գծով ղեկավարների խորհրդի ձևավորում: Խորհրդի կազմում նախատեսվում է ներգրավել գերատեսչությունների ղեկավարների պրոֆիլային տեղակալներին և ոլորտի մաս­նավոր հատ­վածի առավել հեղինակավոր ներկայացու­ցիչ­ների: Հայաստանի և Արցախի դեմ պատերազմի վերսկսման մեծ հավանականության պայմաններում առաջնային խնդիր է տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների և կիբեռռեսուրսների միջգերատեսչական կառավար­ման համա­կարգում որպես գլխամասային գերատեսչություն պաշտոնապես ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների գծով ղեկավարների խորհրդի նախագահությունը հանձնելով պաշտպանության նախարարության ներկայացուցչին:

 Տվյալ ուղղությամբ մեր համալսարանի հետագա զարգացման տրամաբանական քայլ կլինի գործող կենտրոնի կերպա­փոխ­մամբ Ազգային կիբեռ­ռե­սուրս­ների կառավարման ռազմավարության ինստիտու­տի ստեղծումը: Այն կդառնա Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի հետ կիբեռոլորտում հաշվեկշռված հարաբերությունների պահպանման, ինչպես նաև ԱՄՆ-ի պետական գլխավոր և մասնավոր կենտ­րոն­ների հետ արգասաբեր առնչութ­յուն­ների զարգաց­ման միակ հնարավոր պետական հար­թա­կը:

 Գիտահետազոտական ոլորտում առանձնանում է «Ազգ–բանակ» հայեցա­կար­­գի մշակումը: Կարևոր արգասիքներից են նաև տարածաշրջանային անվտանգության դինամիկայի ռազմավարական գնահատումները և դրանց հիման վրա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացվող առաջարկությունները: 22 վերլուծական զեկուցագրերում Հայաստանի անվտանգային շահերի տեսանկյունից ուսումնասիրվել են Հարավային Կովկասում ու հարակից տարածաշրջաններում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Իսրայելի, ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության, ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Վրաստանի ու Ադրբեջանի դերակատարությունը, ինչպես նաև քրդական գործոնը և Սիրիական ճգնաժամը: Առանձնակի ուշադրության է արժանի տիեզերական հեռադիտական միջոցների` որպես քաղաքական-դիվանագիտական զսպման գործիքարանի կիրառման վերաբերյալ առաջարկությունը: Հրապարակվել են նաև քրդական գործոնի և Իրանի տարածաշրջանային քաղաքականության վերլուծություն բովանդակող կոլեկտիվ մենագրությունները:

 ՊԱՀՀ-ի կրթական գործառույթներն իրականացնում է Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտը: Դրա գործունեությունը կազմակերպված է արևմտյան մոդելով` գիտելիքի ստեղծում և տեղափոխում լսարան: Ինստիտուտը մշակել է գերատեսչական վերապատրաստման փորձնական դասընթացի՝ «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» ծրագիրը: Այն ստեղծվել է պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների հաշվառմամբ իրագործվող պաշտպանական բարեփոխումների ամբողջ ծավալն ընդգրկող, «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի ավելի քան քսան համարներում հրապարակված փորձագիտական-վերլուծական նյութերի հիման վրա: Դրանց մի մասը ամփոփվել է ԱՌՀԻ-ի հրատարակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանական-անվտանգային համակարգի բարեփոխման ուղենիշները» երկհատոր գիտափորձագիտական–ուսումնական ձեռնարկում:

 Նախատեսվում է այս դասընթացի արդյունքների հաշվառմամբ 2018 թ. իրականացնել միջգերատեսչական ձևաչափով վերապատրաստման ծրագիր, ինչպես նաև՝ անհրաժեշտ հիմքեր ստեղծել միջգերատեսչական ձևաչափով մեկամյա մագիստրոսական ծրագրերի իրականացման համար:

Խորագիր՝ Նորություններ


25/10/2017