ԼՈՒՍԱՎՈՐ ՏՂԱՆ
Հոկտեմբերի 25-ին Արարատի մարզի Նիզամի գյուղի դպրոցում հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված գյուղի հերոս զավակ Արման Պավելի Գազարյանին: Միջոցառումն սկսվեց Արման Գազարյանի անվան հրաձգարանի բացմամբ: Ներկա էին Արմանի հարազատներն ու բարեկամները, ընկերները: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը իր խոսքում կարեւորելով նմանատիպ միջոցառումների դերը՝ նշեց. «Ոչ մի սփոփիչ խոսք չի կարող ամոքել որդեկորույս ծնողի վիշտը, բայց մենք՝ ապրողներս, պարտավոր ենք մեր զոհված զինվորների ընտանիքների կողքին լինել, շրջապատել նրանց սիրով եւ ջերմությամբ, ուշադիր վերաբերմունքով, թեթեւացնել նրանց վիշտը ինչով կարող ենք»:
Գազարյանների գերդաստանը ճանաչված եւ հարգված է Նիզամիում, նրանք բարի համբավ ունեն, արդար քրտինքով ապրում-արարում են:
….21 տարի առաջ այս օրը Գազարյանների գերդաստանում անսահման ուրախություն էր, ծնվել էր ընտանիքի երրորդ որդին՝ Արմանը:
-Կարմիր-կարմիր այտերով էր տղաս, իմ Մոշս..,- արցունքախառն ժպիտով հիշում է մայրը՝ Ռաիսա Շադունցը,- աչքալուսանք տվողները կատակում էին՝ գյուղապետ է դառնալու…
Ծնողների հպարտությունն իրենց զավակներն էին: Մեծանում էին տղաները՝ մեկը մեկից խելացի, համեստ, զուսպ, մեծի հարգն իմացող: Երջանկությունը կաթում էր տան ամեն անկյունից: Ընտանիքի կրտսեր որդին՝ Արմանը, դեռ փոքր տարիքից աչքի էր ընկնում նաեւ ձեռքի շնորհքով. գյուղում ում հեռախոսը, համակարգիչը փչանում էր, ինքն էր նորոգում, նորոգում էր անշահախնդիր: Շրջապատում բոլորն էին սիրում եւ հարգում նրան՝ անկեղծ նվիրումի եւ պատրաստակամության համար:
Բնությունը շռայլորեն օժտել էր Արմանին հազարումի շնորհով՝ երգում էր, նվագում…Ինքնուրույն համակարգչային ծրագրեր էր ուսումնասիրում: Հազար երազանք ու նպատակ ուներ, որոշել էր համակարգչային կենտրոն բացել:
– Բանակ գնալուց առաջ եկավ գյուղապետարանի անսարք համակարգիչը նորոգեց, նոր գնաց,-ասում է Նիզամի համայնքի ղեկավար Հարութին Կարապետյանը,- սիրում էր մարդկանց օգնել, հասնել:
-Հասակակիցներից տարբերվում էր՝ ավելի լրջախոհ էր, ծանրակշիռ…,-լրացնում են դպրոցի ուսուցիչները,- լուսավոր տղա էր…
Ծառայավայրում Արմանը նույնպես աչքի էր ընկնում, զորամասում շատ էին սիրում, գնահատում նրան՝ լավ ընկեր էր, պարզ ու շիտակ, սրտակից: Հրետանավոր էր, գերազանց տիրապետում էր զենքին:
-Նվիրված ծառայում էր, պարտաճանաչ էր, բարեխիղճ, պատրաստված, կարող եմ անվերջ թվարկել նրա դրական որակները,- պատմում է քաջորդու անմիջական հրամանատար, փոխգնդապետ Արտյոմ Գրիգորյանը, որ նաեւ Արման Գազարյանի համագյուղացին է,- զինակից ընկերներս հաճախ էին կրկնում՝ հպարտանալու տեղ ունես, էս ինչ օրինակելի համագյուղացի ունես…
….2016թ. ապրիլին թշնամին լայնամասշտաբ ռազմական գործողություններ էր ծավալել արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով:
Գազարյանների երկու որդիներն էլ ապրիլյան այդ դժնդակ օրերին սահմանաբերանին էին: Գազարյանների ավագ որդին՝ Էմիլը, զինվորական է, փոխգնդապետ:
Թե հարազատներն ինչ ապրումներ ունեցան, դժվար է բառերով ներկայացնել, ու թե մայրական անհանգիստ սիրտն ինչպես էր անքուն գիշերներ լուսացնում, ինչ էր զգում ու ապրում` մեկ մայրը գիտի, մեկ Աստված…
-Մատուշկա ջան, ամեն ինչ լավ է, հանգիստ եղիր, ամեն ինչ լավ է լինելու,- ամեն զանգելիս Արմանը հուսադրում ու քաջալերում էր մորը:
Ապրիլյան պատերազմից հետո մի քիչ խաղաղվեց աշխարհը…Մի քիչ խաղաղվեց նաեւ ծնողների սիրտը:
Արմանը հաճախ էր զանգում ու ոգեւորված-խանդավառ զրուցում մոր հետ, ապագայի ծրագրերից էր խոսում: Պատմում էր բանակային ընկերոջ՝ Վարդանի մասին, որի հետ այնքան էր մտերմացել, որ որոշել էր՝ բանակից հետո հարսանիքի քավորն է դառնալու:
Ինչքա~ն լուսավոր երազանքներ ուներ, ինչքա~ն մտահղացումներ, բայց…
Ամառային այդ օրը տխրությամբ բացվեց. հեռուստատեսության բոլոր ալիքներով ցավալի մի լուր էր պտտվում. հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը սահմանի մեր զորքերի տեղակայման շրջաններից մեկում հորդառատ անձրևից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվել են զինծառայողներ Արման Գազարյանն ու Վարդան Ղռմաջյանը:
Ապրիլյան ծանր օրերը հերոսաբար անցած երկու մտերիմ ընկերները զոհ դարձան տարերային աղետին…
Հետմահու երկու ընկերներ էլ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեցին «Մարտական ծառայություն» մեդալով:
Զորամասում տղաներին նվիրված «Հավերժ զինվոր» փառքի անկյուն կա, ցայտաղբյուր:
Ամեն անվանականչի հնչում է նրանց անունները, ու հնչում է պատասխանը՝ հավերժ ներկա….
Արմանի հիշատակին հարազատ գյուղի կենտրոնում խաչքար ու ցայտաղբյուր է տեղադրվել: Խաչքարի հարեւանությամբ շուտով Արմանի անվամբ խաղահրապարակ ու զբոսայգի կհիմնվի:
Դպրոցի դահլիճում Արմանին նվիրված միջոցառումը շարունակվում է…
Արմանի եղբոր որդին՝ փոքրիկ Պավելն է արտասանում.
Իմ Արման հոպար,
Գիտես՝ դպրոցում գոհ են ինձանից,
Ինչպես որ քեզնից տարիներ առաջ…
Ես խոստանում եմ նկարիդ առաջ, որ լավ մարդ դառնամ
Իմ ընտանիքին, երկրին պիտանի,
Ու թող երկնքում սավառնող հոգիդ
Զորավիգ լինի ինձ, ընկերներիս ու հայոց ազգին:
Բեմում դպրոցի աշակերտները երախտիքի ու խոնարհումի խոսքեր են ասում: Բեմում ապագա զինվորներն են, որ երդվում են արժանի լինել մեր հերոս լուսավոր տղերքին…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #43 (1214) 01.11.2017 - 07.11.2017, Բանակ և հասարակություն