ՀԱՆԴԻՊՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ՈՐԴԻՆԵՐԻ ՀԵՏ
Հոկտեմբերի 28-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երեւանաբնակ շուրջ 40 ժամկետային զինծառայողների ծնողներ հնարավորություն ունեցան այցելելու գեներալ–մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման զորամաս՝ տեսակցելու ծառայող իրենց զավակներին:
Միջոցառմանը ներկա էին Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն» աշխատակազմի ղեկավար, գլխավոր մասնագետ, գնդապետ Հարություն Բալյանը, Երեւանի քաղաքապետարանի զորահավաքային բաժնի պետ, գնդապետ Արսեն Բաղրամյանը, զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը, զորամասերի վարչակազմերի սպաներ:
Ծնողների եւ ժամկետային ծառայողների հանդիպման առթիվ ողջույնի եւ բարեմաղթանքի խոսք ասաց զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը:
Հայրենիքի սահմանները պաշտպանելու, զինվորական պարտքը պատվով կատարելու համար Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար, գնդապետ Հարություն Բալյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից պատվոգրեր եւ շնորհակալագրեր հանձնեց լավագույն ժամկետային զինծառայողներին:
Մեկ անգամ եւս ողջունելով ծնողներին եւ նրանց հետ հանդիպման եկած ժամկետայիններին՝ նրանց բարի ժամանց, հաճելի հանգիստ մաղթելով, գնդապետ Թումանյանը շնորհակալություն հայտնեց Երեւանի քաղաքապետին, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին, գնդապետ Բաղրամյանին՝ արդեն ավանդույթ դարձած ծնող–զինծառայող հանդիպումները կազմակերպելու, բանակ–հասարակություն կապն ամրապնդելու համար:
1-ԻՆ ԶՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Խորագիր՝ #43 (1214) 01.11.2017 - 07.11.2017, Բանակ և հասարակություն