ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՅՑԸ ԶՈՐԱՄԱՍ
Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտներն օրերս այցելեցին 1-ին ԶՄ զորամաս:
Նրանց ուղեկցում էին դպրոցի զինղեկ, մայոր Սամվել Առուստամյանը, զորամիավորման ավագ սպա, իրավաբան, մայոր Տաճատ Էմինին, մարզային ոստիկանության Գորիսի բաժնի ԱԳ դպրոցական տեսուչ, լեյտենանտ Լիլիթ Դանիելյանը:
Աշակերտներին պատշաճ դիմավորեցին ստորաբաժանման հրամանատար, փոխգնդապետ Վիգեն Մկրտչյանը, հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Գագիկ Հարությունյանը:
Մայոր Հարությունյանն աշակերտներին ներկայացրեց զորամասի պատմությունը, նրա կազմավորման տարեգրությունը, անցած մարտական ուղին, ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոսներին, քառօրյա պատերազմին անձնակազմի մասնակցության, առավել աչքի ընկած զինծառայողների մարտական սխրանքների, շուրջ երեք տարի ստորաբաժանումում պահվող պատվո դրոշի նշանակության մասին:
Մայոր Հարությունյանը աշակերտների հետ շրջեց զորամասի տարածքում, ծանոթացրեց ենթակառուցվածքներին:
Աշակերտները իրազեկվեցին անձնակազմի առօրյայի, շարահրապարակում անցկացվող մարտական վարժությունների, զինվորի կենցաղի, հանդերձանքի, բուժսպասարկման, սննդի ու ժամանցի, օրվա ընթացքում անցկացվող պարապմունքների մասին:
Նրանք եղան նաեւ ստորաբաժանման հավաքակայանում, որտեղ ծանոթացան արդի սպառազինության նմուշներին, խոշոր տրամաչափի ականանետներին, դրանց հետ վարվելու, դիպուկ և անվրեպ կրակելու կանոններին:
Սպորտային ավանում վարժություններ կատարեցին պտտաձողի վրա, բարձրացրին ծանրաձողեր:
Այնուհետեւ տեղեկատվության և ժամանցի սենյակում մայոր Էմինին իրավական թեմայով զրույց ունեցավ աշակերտների հետ, ներկայացրեց զինծառայողների իրավունքները և պարտականությունները, «Ես եմ» հայեցակարգը:
Աշակերտների համար հագեցած և ուսանելի օր էր, զինվորների, նրանց առօրյայի հետ շփումից աշակերտները խորապես տպավորված և ոգևորված էին:
1-ԻՆ ԶՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Խորագիր՝ #43 (1214) 01.11.2017 - 07.11.2017, Բանակ և հասարակություն