ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ՄԻԱՑՅԱԼ ՀԱՂԹԱՆԱԿ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Գալստյանի հրամանատարությամբ հոկտեմբերի 23-ից 26-ը ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերի եւ ավիացիոն խմբավորման մասնակցությամբ անցկացվեց «ԶՈՒ օպերացիաներում մարտական գործողությունների նախապատրաստումը եւ վարումը» թեմայով եռափուլ մարտավարամասնագիտական զորավարժություն: Այն աննախադեպ էր՝ առաջադրված խնդիրներով եւ զորքերի ներգրավման ծավալով: Գլխավոր առանձնահատկությունը ՀՕՊ եւ ավիացիայի ուժերի միասնական շտաբի կազմավորումն ու ընդհանուր հրամանատարական կետից ղեկավարումն էր:
Զորավարժությունը հետապնդում էր մի քանի հիմնական նպատակ: Առաջինը ՀՕՊ և ավիացիայի զորամասերի հրամանատարների ու շտաբների ունակությունների կատարելագործումն էր` զորամասերը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման, զորքերի ծավալման, մարտական գործողությունների նախապատրաստման և վարման ժամանակ: Հաջորդը` զորքերի ներդաշնակման ապահովումը և սպաների գործնական հմտությունների կատարելագործումն էր մարտական խնդիրները կատարելիս: Կարևոր մյուս խնդիրը գործնականում ՀՕՊ զորքերի և ավիացիայի միացյալ կառավարման համակարգի արդյունավետության ստուգումն էր:
Առաջին փուլի մեկնարկին՝ ՀՕՊ և ավիացիայի միավորված հրամանատարական կետից զորքերը բերվեցին մարտական պատրաստականության լրիվ աստիճանի: Այս փուլի ավարտին իրադրության զարգացման նպատակով հակաօդային պաշտպանության և ավիացիայի միավորված հրամանատարական կետը տեղաշարժ կատարեց` բացազատվելով պահեստային հրամանատարական կետում եւ տեղում ընդունելով զորքերի կառավարումը:
Զորավարժության երկրորդ փուլի խնդիրների կատարման նպատակով զորքերին, ըստ ստեղծված իրադրության, առաջադրվեցին նոր մարտական խնդիրներ, որից հետո շտաբներն անցան մարտական գործողությունների նախապատրաստման աշխատանքներին:
Երրորդ՝ մարտական գործողությունների վարման փուլում երկու կարևորագույն խնդիր դրվեց մասնակից զորատեսակների առջև՝ ՀՕՊ կողմից յուրային ավիացիայի խնդիրները կատարելիս վերջինիս անվտանգության ապահովումը և հակաօդային պաշտպանության համակարգի ունակությունները, կարողությունները գնահատելու նպատակով՝ յուրային ավիացիայի կողմից հակառակորդի նմանակումը՝ համապատասխան ուղղություններից հարվածների իրականացմամբ: Արդյունքում՝ ստուգվեցին ավիացիայի և ՀՕՊ զորքերի հետախուզական և կրակային հնարավորությունները, զորատեսակների փոխգործակցության հնարավորությունները, ավիացիան իրականացրեց մարտական հրաձգությամբ վարժանքներ: Զորավարժության ավարտին եռափուլ աշխատանքների վերաբերյալ ընդհանուր տպավորությունն արտահայտելու խնդրանքով դիմեցինք միավորված շտաբի հրամանատարական կազմին:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ–լեյտենանտ (զորավարժության ղեկավար)
–ՀՕՊ և ավիացիայի միավորված շտաբի ստեղծմամբ հաստատվեց երկու զորատեսակների փոխհամագործակցությունը, որի արդյունքում շատ խնդիրներ ավելի արագ և օպերատիվ լուծվեցին: Փորձը ցույց տվեց, որ այս ձևաչափով աշխատելու արդյունքը միանշանակ դրական է:
Զորավարժության մասնակից ՀՕՊ զորքերի և ավիացիայի գործողությունների մասին կասեմ, որ հպարտ եմ, երբ տեսնում եմ այս զորատեսակների զինծառայողների մասնագիտական արհեստավարժության առաջընթացը: Գոհ եմ աշխատանքի արդյունքներից և ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալությունս հայտնել զորավարժության մասնակից բոլոր զինծառայողներին` իրենց առջև դրված խնդիրները հստակ և բարձր մակարդակով կատարելու համար: Նախնական արդյունքով զորավարժության գնահատականը հաստատապես «լավ» է:
ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գեներալ–մայոր
–Զորատեսակների համագործակցությունը շատ բարձր մակարդակով իրականացվեց: Իհարկե, որոշ աննշան բացթողումներ եղան, բայց խնդիրները տեղում արագ լուծումներ էին ստանում: Համատեղ ուժերով, առանց մի վայրկյան անգամ կորցնելու, կարողացանք կատարել մեր առջև դրված բոլոր խնդիրները:
21-րդ դարում առանց ավիացիայի ոչ մի բանակ չի կարող պատերազմում հաղթող լինել: Հզոր է ոչ թե այն բանակը, որ մեծաքանակ ռազմաօդային ուժեր ունի, այլ այն, որ ունի ողջամիտ որոշումներ կայացնող մեծաթիվ սպայակազմ:
Իհարկե, այս պահին դեռ իրավունք չունեմ կատարված աշխատանքին վերջնական գնահատական տալու (ընդհանուր գնահատականը արդյունքների ամփոփումից հետո կտա զորավարժության ղեկավարը), սակայն՝ որպես ավիացիայի վարչության պետ, ավիացիայի մասով կարող եմ զեկուցել. առկա ուժերով և միջոցներով պատրաստ ենք ցանկացած պահի կատարելու ամեն մի մարտական խնդիր:
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ–վարչության պետ, գնդապետ
–Զորավարժությունն անցկացվեց կազմակերպված՝ համաձայն այն առաջադրանքների, որ ստացել էինք ԶՈւ ԳՇ պետից: Միավորված շտաբն իրականացրել էր հստակ ու ճշգրիտ պլանավորում, որն էլ նպաստեց, որ բուն մարտական գործողությունները բարձր մակարդակով կատարվեն: Միավորված շտաբի դեպքում ՀՕՊ–ի և ավիացիայի ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետությունը անկասկած կտրուկ բարձրանում է: Ապագան թվայնացումն է, նորագույն տեխնիկական միջոցների ձեռքբերումը և զորքերի համատեղ ղեկավարումը նույն կետից, նույն ղեկավարման համակարգից:
ՀՕՊ–ի գործողություններին առայժմ չեմ անդրադառնա, բայց, կարող եմ ասել, որ հատկապես ավիացիայի գործողությունները կատարվեցին ճիշտ և ժամանակին. վայրկյանների ճշտությամբ զորատեսակը կարողացավ կատարել իր առջև դրված մարտական խնդիրները:
Զորավարժության ավարտից հետո զրուցեցինք նաև զորավարժության շրջանակում որպես ավիացիայի կրակային խոցման գնահատման և օդային նշանակետերի խաղարկման խմբի ղեկավար, գնդապետ Գագիկ Ասլանյանի հետ, հետաքրքրվեցինք, թե ինչպես են ընթացել աշխատանքները անմիջականորեն պայմանական մարտադաշտում:
Ավիացիայի շտաբի պետ, վարչության պետի տեղակալ
–Օդաչուական անձնակազմին առաջադրանք էր տրվել` իրականացնել շրջաթռիչք, որի ընթացքում պետք էր նմանակել թե՛ հակառակորդի և թե՛ յուրային ավիացիայի խնդիրները` կիրառելով տարբեր խուսավարման մեթոդներ: Ազդարարվեց թռիչքի սկիզբը, և տրվեց երթուղին ու հակառակորդի պայմանական օբյեկտի խոցման ժամանակը: Անձնակազմերը գործեցին հստակ` դույզն–ինչ չշեղվելով առաջադրված ժամանակացույցից և երթուղուց: Հարկ է նշել, որ եղանակային պայմաններն այնքան էլ բարենպաստ չէին: Սա առիթ էր, որ մեկ անգամ էլ փորձեինք մեր հնարավորությունները` խնդիրը կատարելով տարեղանակային պայմաններում: Կարևոր էր նաև, որ զորավարժության ընթացքում փորձառու օդաչուների հետ աշխատեցին նաև երիտասարդները, որոնց համար սա հրաշալի դաս էր: Բարձր կարելի է գնահատել նաև սպայական` հրամանատարական կազմի գործողությունները, որոնք խնդրադրումների անակնկալ փոփոխությունների պայմաններում կարողացան ժամանակին և ճշգրիտ որոշումներ կայացնել:
Գնահատելով անձնակազմի թռիչքները` զորավարժադաշտ, մարտական խոցման կրակուղի դուրս գալը և անմիջականորեն թիրախների խոցումը, նրանց կատարած աշխատանքը գնահատեցի «գերազանց»: Անձնակազմը նաև խրախուսվեց: Կարող եմ ասել՝ մեզ համար այս զորավարժությունը ևս մի փորձնական վարժանք էր, որից հետո կարող ենք հաջորդ զորավարժությունների խնդիրներն էլ ավելի բարդացնելու մասին մտածել:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.` ՎԱՀԵ ԱՅՎԱԶՅԱՆԻ
Խորագիր՝ #43 (1214) 01.11.2017 - 07.11.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում