Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՊԱՀՈՎ ԼԻՆԻ



...ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՊԱՀՈՎ ԼԻՆԻԱրեւը մայր էր մտնում, երբ դիրք հասանք: Չորացած խոտերով եզերված հարթ ու երկար արահետով բարձրանում ենք գետնատնակ: Եվ ինչքան վեր ենք բարձրանում, այնքան ավելի պարզորոշ են լսվում հակառակորդի կրակոցները: Հաղթակազմ հրամանատարը, որի անուն ազգանունը Վահան Պիլիյան է, բարձրաձայն սկսում է հաշվել՝ մեկերկուվեցտասնութՀետո  մխիթարող ու հանդարտ ձայնով դառնում է ինձ. «Դատարկ աղմուկ է: Միշտ նույն բանն է»: Չգիտեմ՝ այդ խոսքերով նա պարզապես ցրո՞ւմ է լրագրողիս տագնապը, թե իսկապես վտանգի նշույլ իսկ չկա լռությունը լցնող այդ կրակոցներում:

Հեռվում երեւացող քարաշեն շինությունը հանկարծ մեծանում է: Եվ ամրակազմ մի տղա կանգնում է մեր դիմաց: Դիրքի ավագն է՝ սերժանտ Հրանտ Գրիգորյանը: Սովոր շարժումներով զեկուցում է եւ միանգամից էլ առաջարկում դիտակետ գնալ:

Հրամանատարն այնտեղ է, գործ է անում,-ասում է զինվորն ու բացատրում,-ինժեներական աշխատանքները միշտ ինքն է կատարում, մեզ թույլ չի տալիս:

Չի վստահո՞ւմ,-փորձելու համար եմ հարցնում:

Չէ՛, ճիշտ չհասկացաք,-մեծավարի առարկում է զինվորը.- վտանգն իր վրա է վերցնում:

ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՊԱՀՈՎ ԼԻՆԻԴիտակետը ամենաբարդ հատվածում է: Զինվորները կանգնել են մի քանի մետր այն կողմ եւ հետեւում են ավագ լեյտենանտ Մանուկ Խաչոյանին: Իսկ նա՝ համոզված, որ չի նկատվում թշնամու կողմից, ամրացնում է շարվածքը: Անգամ մեր ներկայությունը նրան չի կտրում գործից: Երեւում է՝ սիրում է ամեն բան լավ անել, որակով: Դասակի հրամանատարը եռանդուն, ուժեղ, բարձրահասակ երիտասարդ է:

Հո միայն հրամայելու համար չեմ էստեղ,-եռացող սուրճը լցնում է բաժակներն ու տեղավորվում սեղանի շուրջ: Աչքի պոչով եղբայրաբար նայում է իր զինվորներին, որ լուրջ են, չեն ժպտում, քննական հայացքով փորձում են հասկանալ՝ ինչո՞ւ եմ եկել, ի՞նչ եմ ուզում հարցնել:

Հակառակորդը շա՞տ է կրակում,- սպասում եմ, որ տղաները պատմեն:

Մի օր՝ հա, մի օր՝ չէ,- պատասխանում է խոհուն աչքերով Հրանտը,- բայց ամեն վայրկյան պետք է զգոն լինես, դիպուկահարները միշտ դիրքում են: Ցանկացած պահի կարող են սադրել:

Սպասում են, թե երբ կսխալվես,- ցածր ձայնով շարունակում է Կարենը:

Դիրքային ծառայությունը կարգապահություն ու պատասխանատվություն է պահանջում: Եթե քայլդ սխալ գցես՝ կընկնես,- եզրակացնում է Դավիթը:

Անհանգստանալու բան չկա. մեր անելիքը լավ գիտենք,- վրա է բերում Աշոտը:

Ավագ լեյտենանտ Խաչոյանը, ճակատը մի փոքր կնճռոտելով, միանում է զրույցին:

...ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՊԱՀՈՎ ԼԻՆԻՇատ խոսեցիք հակառակորդից, մի քիչ էլ ձեր մասին պատմեք,- կարծես հանդիմանում է զինվորներին, ապա շարունակում:- Կարենը Ռուսաստանում էր բնակվում, բայց սեփական կամքով դիրք բարձրացավ: Դավիթը թեեւ մի քիչ փոքրմոքր է, բայց ոտից գլուխ ուժ է: Հինգ քույր ունի ու խաղողի, խնձորի այգիներ: Հոր միակ օգնողն է: Էստեղ է, որ ուրիշները հանգիստ հող մշակեն: Աշոտ, ի՞նչ ես ժպտում: Սանկտ Պետերբուրգի ավիատիեզերական սարքավորումների պետական համալսարանի առաջին կուրսն արդեն  ավարտել է:  Հիմա գնդացրորդ է: Քաղաքի կյանքով ապրած տղա է, բայց մի հատ չի տրտնջում: Հրանտն էլ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանող է՝ «խելքի ծով»:

Տղաները վերջապես աշխուժանում են: Ծիծաղում են՝ մեկը մյուսին վարակող ծիծաղով: Ուզում եմ հարցնել՝ ի՞նչ են կարծում, բանակն անտեղի երկու տարի՞ է խլում  մարդու կյանքից: Փոշմանում եմ, նույնիսկ ինձ մի քիչ մեղավոր եմ զգում հարցիս համար: Կնշանակի՝ կասկածի տակ եմ առնում նրանց մարտական ընկերությունը, վտանգը մեկը մյուսից խլելու նրանց պատրաստակամությունը, կրակոցներն արհամարհելու նրանց կամքը, մի քանի հարյուր ոտնաչափ այն կողմ կանգնած հակառակորդի առաջն առնելու, դիրքը պահելու նրանց անդրդվելիությունը: 

Ամենակարեւորը չասացիր,-հանկարծ նկատում է Պիլիյանը՝ դառնալով Խաչոյանին:- Չորս ամիս առաջ որդի է ունեցել, բայց ընդամենը մի անգամ է տեսել:

Որ էստեղից հեռանում եմ, հանգիստս կորցնում եմ,- կարծես արդարանում է լեյտենանտը: Զինվորները նրան են նայում անբացատրելի մի ակնածանքով: Իսկ ինքը աչքը գցում է ձեռքի ժամացույցին. հերթափոխի ժամն է:

Խրամատով արագարագ քայլում ենք առաջ՝ շրջանցելով ջրափոսերն ու ցատկելով թշնամու համար լարած «թակարդների» վրայով: Հրամանատարը ժամանակ առ ժամանակ կանգ է առնում, ստուգում ծուղակների հուսալիությունը: Հասնում ենք խրամաբջիջ, որ հաստ պատերով, ասեղի չափ ճեղքով մի կառույց է:

ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՊԱՀՈՎ ԼԻՆԻ«Գեւորգ Գագինյանն է՝ շատ բան տեսած, ամեն անակնկալի պատրաստ մեր զինվորը»,-հրամանատարը ներկայացնում է ավագ դիտորդին: Իր անունը լսելով՝ նա ուղղում է մեջքը, ձյութի պես մուգ աչքերը փայլում են: Մեկ տարի է՝ մարտական հերթապահություն է իրականացնում: Ասում է՝ առաջնագծում են հստակեցվել բարու եւ չարի, թշնամու եւ բարեկամի մասին իր պատկերացումները. «Եթե այստեղ ինչոր բաներից ժամանակավոր զրկվում ես, շատ բաներ էլ շահում ես մնացած ամբողջ կյանքիդ համար: Մեկմեկ մտածում եմ՝ ով գիտի, գուցե էլ երբեք  նման պատասխանատու գործ ինձ չվստահեն»: Շարքային Գագինյանը խաղաղությունը պահելու իր բանաձեւն ունի. «Բոլորը պիտի ծառայեն, որ հայրենիքն ապահով լինի»: Գեւորգի հետ նույն խրամաբջիջում է հերթապահում Նարեկ Հայրումյանը՝ ապագա ծրագրավորողը, որին շատ է դուր գալիս բանակի ծրագրված առօրյան. «Առավոտյան շուտ արթնանալ, մարզվել, վազել, զենքը խնամել. ինձ համար ոչ մի բան էլ դժվար չէ: Լավ ծառայելը իսկական տղամարդու գործ է»,-մեր զրույցը եզրափակում է Նարեկը: Համաձայնում եմ:

Ես հրաժեշտ եմ տալիս հրամանատարին ու իր զինվորներին՝ վստահ, որ ոչ մի ուժ չի բավականացնի նրանց այս հողակտորից պոկելու համար:

 ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #43 (1214) 01.11.2017 - 07.11.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/11/2017