Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«…ԱՅԴ ԱԶՆՎԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ»



«...ԱՅԴ ԱԶՆՎԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ»Սկիզբը՝ նախորդ համարում

 Կրթություն ձեռք բերելու հայերի մեծ տենչը շատերին է  հիացրել: Օրինակ` լորդ Բայրոնը հայերին անվանելով ճնշված ու ազնվացեղ ազգ,  1817 թ. հունվարի 2-ին գրում է. «…Հայկական տարեգրությունը թերևս այն քչերից է, որտեղ դժվար է գտնել հանցագործությունների հիշատակում, քանզի հայի առաքինություններից է խաղաղասիրությունը: Ինչ էլ լինի հայի ճակատագիրը, երկրագնդի վրա նրանց երկիրը միշտ էլ կմնա ամենահետաքրքիրներից մեկը, իսկ հայոց լեզվի գրավչությունը լիովին ըմբռնելու համար այն պետք է ավելի  մանրամասն ուսումնասիրել»:  

«Հայաստանում էր, որ ջրհեղեղը հանդարտվեց, և աղավնին վայր իջավ, սակայն Դրախտի անհետացման հետ երկիրը պարուրեց դժբախտությունը: Այդ հնամենի հզոր թագավորությունն այդ օրվանից ի վեր համարյա թե այլևս երբեք անկախ չեղավ…»:

Հայի՝ հանցագործությունից հեռու լինելու կերպարին հանդիպում ենք նաև գեղարվեստական գործերում: Մեկնաբանենք Պուշկինյան հայտնի տողերը «Տազիտ» ստեղծագործությունից, որտեղ առանձնակի կարևորություն են ձեռք բերում համատեքստն ու արտալեզվական հիմքը, որը որպես ենթատեքստ է ծառայում:  Մահմեդական չեչենը ցանկանում է, որ կրտսեր զավակը արյան վրեժ լուծի կորցրած ավագ եղբոր համար, սակայն թուլակազմ ու թուլակամ  կրտսեր եղբայրը չի գիտակցում, որ ինքը մահմեդականության կրողն է, որ իրենից ակնկալվում է վրեժ լուծել եղբորն սպանողից: Տղան չի հասկանում, թե ինչու պիտի, թուրքի սովորության համաձայն, թիկունքից  հարձակվի թիֆլիսեցի հայ վաճառականի վրա: Այս պատճառով էլ հայրը արտահայտում է իր ցասումը` «Поди ты прочь — ты мне не сын, Ты не чеченец — ты старуха, Ты трус, ты раб, ты армянин!»: Այստեղ մշակույթների բախումն է ընդգծվում՝ հայը հայտնի է, ինչպես Լոուրենս Արաբացին է ասում, իբրև երդվյալ քրիստոնյա, ով վայելում է Աստծո սերն ու օրհնությունը, որովհետև ուրիշին վնասելու ունակությանը չի տիրապետում:

Ազատանկախ հայրենիք ունենալու հայի ձգտումը, Արցախի ազատամարտը վառ ապացույցն են Նիցշեի սխալականության, որը գրել է, թե` «Նույնիսկ արիական ցեղի այնպիսի վառ ներկայացուցիչների, ինչպիսիք հայերն են, քրիստոնեությունը ստիպեց հայտնվել իրենց ցեղին միանգամայն անհարիր համակերպվողի իրավիճակում` պատրաստ ենթարկվելու օտարի կամքին: Այն մեկ հարվածով վերջ դրեց հսկայական մշակութային փառքի և շլացուցիչ վեհության տեր այս ցեղին»: Մի՞թե գիտակից հայը, առաքինի ու անվնաս  քրիստոնյա դառնալով, փոխել է իր արիական բնույթը: Ինչպիսի փոփոխություններ էլ հրամցներ հային քրիստոնեությունը, միևնույն է, չկա մի այնպիսի ուժ, որ ստիպի հայ մարդուն ենթարկվել օտար նվաճողին՝ մոռանալով իր արիական գեներըՉենթարկվելու համար էլ դարեր շարունակ օտար նվաճողները միշտ աշխատել են ազատվել հայից: 7-րդ դարի պատմիչ Սեբեոսը իր  «Պատմության» մեջ հիշատակում է  (էջ 86) Մորիկ կայսեր նամակը պարսից թագավորին, որտեղ ասվում է. «Մեր և ձեր միջև խոտոր և անհնազանդ մի ազգ կա, որը միշտ պղտորում է: Ահա արի, ես իմ մասի մարդկանց հավաքեմ և ուղարկեմ Թրակիա, դու էլ քո մասից մարդիկ հավաքիր և հրամայիր Արևելք տանել, եթե նրանք մեռնեն՝ մեր թշնամիները կմեռնեն, եթե նրանք սպանեն, ապա մեր թշնամիներին կսպանեն, և մենք խաղաղ կապրենք: Որովհետև, եթե դրանք իրենց երկրում մնան, մենք հանգիստ լինել չենք կարող»:

Իշխանատենչ կառավարողները ստրուկի կարգավիճակին երբեք չհարմարվող և  անելանելի վիճակներից մշտապես ելք գտնող հայի մեջ միշտ վտանգ են տեսել: Խոտոր մակդիրը հային բնութագրում է իբրև օտարին չենթարկվող, անհնազանդ, հպարտ, անկոտրում:

Անհնազանդ, ազգային արժանապատվություն դրսևորող հային դարեր շարունակ պարտադրել են ներքին պառակտումներ` փորձելով նրան ծնկի բերել, որպեսզի իշխեն: Հաճախ, չկարողանալով ուղղակիորեն իրենց նպատակին հասնել, նվաճողները խարդավանքի են դիմել, նույնիսկ փորձել են  դրան հասնել մասսայական աղոթքի տեսքով՝ միայն թե հայը վերանաԴրա վառ օրինակն է թուրքի աղոթքն առ Աստված՝ Աբդուլ Համիդ II-ի ձեռնարկած 1894-1896 թթ. հայկական կոտորածների շրջանում: Բարեպաշտ հավատացյալ մահմեդականը դիմում է Ալլահի ողորմածությանը, այո, ակնկալում է,  որ Ալլահն այնքան ողորմած ու կարեկից լինի, որ «բնաջնջի Ալլահի և իսլամի անհավատ և բազմաստված թշնամիներին, որբացնի  նրանց երեխաներին, պղծի ու ոչնչացնի նրանց տներն ու սրբավայրերը, որ անհավատներին ու բազմաստվածներին, նրանց ընտանիքներին, կանանց, զավակներին, հարազատներին կործանման տանի, նրանց ունեցվածքը, հարստությունները, հողերն ու  ու ցեղն ամբողջովին հալալ անի մահմեդականներին: Եվ Ալլահի ողորմածությունն ու հովանավորությունը ստանալով` թուրքը կփրկվի սատանայից ու անիծված անհավատներից (գյավուրներից)»:

Անգլերեն տեքստում հրամայական եղանակի ձևերի առկայությունը վկայում է, որ մահմեդական հավատացյալը ոչ թե խնդրում է, այլ պահանջ է ներկայացնում Ամենակարող Տիրոջը և ակնկալում, որ Ալլահը կբավարարի իր ցանկությունները. արյունով ձեռք բերածը «հալալ կանի» – booty to the Moslems  հավատացյալ մահմեդականին: Նշված աղոթքը՝ ըստ ամերիկյան միսիոներ ականատեսի, իսլամին անվերապահորեն նվիրված սուլթանի երկրում պաշտոնական տարածում և գործածություն է ունեցել և միայն Կահիրեի «Azhar»  համալսարանում երկրի տարբեր մասերից հավաքված տասը հազար մահմեդական ուսանող ամեն օր հնչեցրել են այն:

Համիդյան կոտորածներից մոտ 800 տարի առաջ, 1072-1079 թթ., հայի նկատմամբ նմանօրինակ վայրագությունների մասին է գրում Լաստիվերցին. «Այնտեղ կատարված աղետավոր ու ողորմագին չարիքները ես անկարող եմ գրի առնել, քանզի, երբ առավոտը լուսացավ, այնքան լալագին ու խռովահույզ մի տեսարան էր այնտեղ երևում, որ անգամ  քարերն ու բոլոր անշունչ արարածները  կհառաչեին ու կողբային. այդ ո՞ր տեսնողը չէր դողա ցավից, այդ որի՞ սիրտը չէր կտրատվելու, որի՞ միգամած աչքերը չէին մթագնելու: Հրապարակները, տներն ու ընդարձակ սրահները, նրբանցքներն ու այգիները լի էին դիակներով, քաղաքի  գրեթե ողջ սահմանագիծը  ներկված էր կոտորվածների արյամբ, կային շատերը, որոնք դեռ հոգին չէին ավանդել, կտրված ձայնով ծանր շնչում էին, ոմանց անողորմաբար չարաչար վիրավորելով` փորոտիքն էին դուրս թափել գետին, լյարդը հանելով` բերանը դրել և նույնիսկ ուտել էին ստիպում դեռևս ողջ մնացածներին: … Այնտեղ պետք էր տեսնել բոլոր հասակի մարդկանց տանջանքն ու հոգեվարքը. մանուկները մայրերի գրկից հափշտակելով` քարերին էին խփում, իսկ մայրերը իրենց արցունքով ու արյամբ էին թրջում նրանց, հորը և որդուն նույն սուրն էր խողխողում, ծերերն ու երիտասարդները, քահանաներն ու սարկավագները միևնույն սրով մահ ճաշակեցին, այնպես, որ ամբողջ քաղաքը ծայրեծայր լցվեց դիակներով, և սպանվածների մարմինները վերածվեցին ճանապարհի. կոտորվածների բազմությունից ու անթիվ դիակներից, այն մեծ վտակը, որ անցնում էր քաղաքի մոտով, ներկված էր արյամբ. վայրի ու ընտանի գազանները եղան դիակների գերեզմաններ, որովհետև ոչ ոք չկար, որ թաղեր և անհրաժեշտ հողով ծածկեր խողխողվածներին

Առանց մեծ ջանքեր գործադրելու կարելի է նկատել, որ պետականության երկարատև կորուստը, բոլոր ժամանակներում, չափազանց ծանր է արժեցել հայ ազգին: 

Բաքսթոնները նկատում են, որ անիծյալ բարբարոս թուրքի յաթաղանից մազապուրծ հայը այլ ելք չի գտնում, քան Ռուսահայաստանի ճանապարհը բռնելը, ընդ որում՝ լեհերի համար անտանելի ռուսական տիրապետությունը, ինչպես Բաքսթոններն են որակավորում, հայերի համար աստվածատուր էր (Russia was to them Godsend, though beggary was the price of escape from worse evil):

Բաքսթոններն ափսոսանքով են նշում, որ ճարահատյալ հայը ստիպված է իր հայրենի օրրանի շքեղ գեղեցկությունը լքել: Հայը դրա դիմաց վաստակում է ծայրահեղ աղքատություն, բայց դա է միակ ելքը

«Նրանք, ովքեր տեսել են լավայի խառնարանին նստած ձյան շլացնող ճերմակությունը, և նրանք, ովքեր մութ գիշերով մագլցելով հասել են սահմանագծին, կարող են նկարագրել այդ փայլը, որ նշմարվում է լեռների սևին տվող ուրվագծերի միջից. փայլող ձյան շերտեր, որ իրավամբ կոչում են հալված լավա: Մեր տեսադաշտից թաքնված՝ այն դեռ ողողում է այդ բարձունքները, որոնցով հայերը մազապուրծ փախել էին` թշվառության ու կորստյան մատնելով այդ ազնվական լեռնաշխարհը:

Շարունակելի

ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու

ԵՊՀ դոցենտ

Խորագիր՝ #44 (1215) 08.11.2017 – 14.11.2017, Հոգևոր-մշակութային


09/11/2017