ԶՐՈՒՅՑ` ՕՐԱԿԱՐԳԻՑ ԴՈՒՐՍ
Սահմանային զորամասի բուժկետի պետ, ավագ լեյտենանտ Անուշ Միքայելյանը մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհ է կտրել, որ հասնի Երեւան ու մասնակցի ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ենթակա ստորաբաժանումների պետերի մասնագիտական հավաքին: Խորհրդակցության ժամանակ նա նստած էր իմ կողքին եւ անընդհատ նշումներ էր անում նոթատետրում: Հետո սկսեց ջնջել կարմիրով գրված ու կետ առ կետ դասավորված ինչ–որ մտքեր: Անընդհատ այնպիսի զգացողություն ունեի, որ պատրաստվում է ելույթի, բայց մինչեւ խորհրդակցության ավարտը նա հասցրեց ջնջել բոլոր կարմիր գրառումները ու այդպես էլ ելույթ չունեցավ: Հավաքից հետո ես զրուցեցի ավագ լեյտենանտ, զորամասի բուժկետի պետ Անուշ Միքայելյանի հետ:
–Տիկին Միքայելյան, խորհդակցության ժամանակ կապույտ գրիչով գրում էիք, իսկ կարմիր գրիչով գրածները` ջնջում: Ինձ շատ հետաքրքիր է` ի՞նչ էիք գրում եւ ի՞նչ էիք ջնջում:
–Կապույտ գրիչով գրում էի բոլոր այն հանձնարարականները, որոնք հնչեցին խորհրդակցության ժամանակ: Նման ձեւաչափի մասնագիտական հավաք կազմակերպվում է տարին երկու անգամ, առաջին անգամ` ամառային փուլից, իսկ երկրորդ անգամ՝ ձմեռային փուլից առաջ: Կարմիր գրիչով գրառումներս վերաբերում էին խնդրահարույց հարցերին, ես առաջարկություններ էի պատրաստել այդ հարցերը լուծելու նպատակով: Սակայն մինչ խորհրդակցության ավարտը իմ գործընկերները բոլոր խնդիրների մասին խոսեցին, ու վերջում պարզվեց, որ էլ ասելիք չունեմ:
–Իհարկե, մենք կխոսենք խնդիրների ու Ձեր առաջարկությունների մասին, բայց մինչ այդ ուզում եմ հասկանալ` մասնագիտական ուսումնական հավաքները ինչո՞ւ են կազմակերպվում հատկապես ամառային ու ձմեռային փուլերից առաջ, ժամանակը պատահականորե՞ն է ընտրված, թե՞ խորհուրդ ունի:
–Ամառային ու ձմեռային փուլերից առաջ մենք հավաքվում ենք քննարկելու եղանակի հետ կապված առանձնահատուկ խնդիրները եւ նախապատրաստական աշխատանքի մանրամասները: Ամառային փուլի ժամանակ, կապված տաք ռեժիմի հետ, գլուխ են բարձրացնում աղիքային վարակները, եւ անհրաժեշտ է լրացուցիչ աչալրջություն, լրացուցիչ քայլեր, որպեսզի հանկարծ չլինեն համաճարակային բռնկումներ: Պետք է ավելի բծախնդիր հետեւել հիգիենային, սննդի որակին, ջրի մաքրությանը եւ այլն: Ձմեռային փուլը, ցուրտ եղանակի հետ կապված, առանձնանում է շնչառական հիվանդությունների առատությամբ: Այս փուլում պետք է հատուկ հետեւել զորանոցների ջերմային ռեժիմին, չորանոցների տաքությանը, հետեւել, որ զինվորները հագնեն բոլոր տաք հագուստները, որոնք արտաքուստ չեն երեւում: Ապահովել տաք ճաշերի ու հեղուկների առատությունը: Հիվանդության առաջին ախտանիշների դեպքում արագ հիվանդին մեկուսացնել, որպեսզի նա չհասցնի վարակը տարածել ավելի մեծ շառավղով:
–Նաեւ քննարկվեցին նախորդ փուլի արդյունքները: Փաստորեն, ամսվա ընթացքում լուրջ բռնկումներ չեն եղել:
–Այո, եղել են միայն փոքրիկ բռնկումներ, որոնք տեղայնացվել են ու մարվել: Նախորդ փուլի արդյունքների համատեղ քննարկումը նույնպես շատ կարեւոր է, որովհետեւ դու հնարավորություն ես ունենում ծանոթանալ գործընկերներիդ փորձին, նրանց նորամուծություններին, ինչպես նաեւ հասկանալ, թե ինչ հնարավոր հետեւանքներ կարող է ունենալ այս կամ այն խնդիրը: Առհասարակ, նման հավաքները կարեւոր են նաեւ նրանով, որ մենք՝ տարբեր զորամասերի, տարբեր ստորաբաժանումների բուժծառայությունների աշխատակիցներս, հնարավորություն ենք ունենում ճանաչել միմյանց, շփվել միմյանց հետ: Դուք հարցազրույց էիք անում ընդմիջմանը ու երեւի չնկատեցիք, որ ոչ ոք չգնաց սրճելու կամ թեյելու, բոլորը հավաքվել էին միջանցքում ու զրուցում էին միմյանց հետ:
–Իսկ հիմա եկեք խոսենք կարմիրով արված գրառումների մասին:
–Այո՛, դրանք այն խնդիրներն են, որոնք, մեր կարծիքով, խոչընդոտում են մեր աշխատանքը, եւ որոնց մասին խոսեցին իմ գործընկերները: Առաջինը վերաբերում է թղթաբանությանը: Զորամասի բուժկետի պետը մի հիվանդի համար լրացնում է տասնյակ մատյաններ, նույն չափով, որքան, ասենք, գնդի բուժծառայության ղեկավարը: Վերջինիս լիազորություններն ավելի մեծ են, ու բնական է, որ նրա աշխատանքի ծավալները ավելի մեծ պիտի լինեն, թղթաբանությունը` նույնպես: Ես աշխատում եմ լարված ռեժիմով, որովհետեւ կան թափուր հաստիքներ, որոնց գործառույթները նույնպես պիտի կատարվեն: Եվ այդ ծանրաբեռնվածության պայմաններում, ըստ իս, անհարկի թղթաբանությունը վնասում է գործին:
Մյուս առաջարկությունը վերաբերում է բուժծառայության հաստիքները համալրելուն եւ բանակից բժիշկների արտահոսքը կանխելուն, որ ծառայության 20 տարին լրացած երիտասարդ ու փորձառու բժիշկը ցանկություն ունենա շարունակելու ծառայությունը բանակում, ուժերի ու մասնագիտական որակների ծաղկման շրջանում:
–Ինչպիսի՞ խթաններ եք առաջարկում:
–Իմ գործընկերներից մեկն առաջարկեց վճարել բժիշկներին լրացուցիչ հերթապահության համար: Տեսեք, եթե զորամասի բուժծառայությունն ունի թափուր հաստիք, մյուսներն ստիպված ծառայում են նրա փոխարեն եւս, հերթապահում են ավելի հաճախակի, քան սահմանված է մեկ հոգու համար: Ուստի, տրամաբանական կլինի, որ այդ լրացուցիչ աշխատանքը որոշ չափով վճարվի:
Մեր բեռը կթեթեւանար, եթե հրաձգարաններն ունենային իրենց բժիշկը ու սանիտարական մեքենան:
–Զորամասի հրամանատար–բժիշկ երբեմն առկա տարաձայնությունների մասին շատ վաղուց է խոսվում: Այդ հարցը նորից բարձրացվեց խորհրդակցության ժամանակ: Նույնիսկ առաջարկություն եղավ, որ զորամասի բուժծառայության պետի կարգավիճակը բարձրացվի, եւ նա դառնա հրամանատարի տեղակալ:
Ենթադրվում է, որ այդ ամենն արվում է հիվանդ զինվորի տարհանման, հոսպիտալացման ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքի համար:
–Չեմ կարծում, թե այս խնդիրը բոլոր զորամասերին է հատուկ: Կան զորամասեր, որտեղ հրամանատարը լիովին վստահում է բժշկին: Այստեղ պետք է լինի փոխըմբռնում եւ փոխվստահություն:
–Գրիպի դեմ պատվաստումներն արդեն արվե՞լ են:
–Ո՛չ, բայց մի քանի օրից կսկսենք զինվորներին պատվաստել գրիպի դեմ: Ինչպես լսեցիք, բուժվարչության պետը հանձնարարեց շատ ուշադիր լինել զինվորների հանդեպ նախքան պատվաստումները եւ դրան հաջորդող շրջանում: Զինվորը կարող է չզգալ, որ ջերմում է, կարող է թույլ օրգանիզմ ունենալ, որը չի դիմադրում հիվանդությանը, ու հիվանդի ջերմությունը չի բարձրանում, սակայն այդ վիճակում պատվաստում անել չի կարելի:
–Ի դեպ, ծանոթացա՞ք Ձեր վարչության նոր պետի հետ:
–Կնոջ ղեկավարությամբ` բանակի բուժծառայությունը կդառնա ավելի հոգատար, մեղմ, բարի… Գայանե Հովհաննիսյանը մեր հարեւան գյուղից է` Հերհերից, իսկ մեր գյուղը` Քերթը, աշխարհի ամենահրաշալի գյուղն է: Էդպիսի գեղեցկություն մոլորակի վրա չկա: Դուք գիտե՞ք Ռսկըհան լեռը: Ոնց որ մարդը ձեռքը ճակատին դրած մտածելիս լինի: Հենց գիտես իմ հայրն է:
Աշխարհում ամենից շատ հորս եմ սիրում: Հայրս անթերի է: Աշխարհում կա՛ կատարյալ մարդ` իմ հայրն է` կիրթ, աշխատասեր, խելացի, մեղմ, ազնիվ: Ես ուզում էի տնտեսագետ դառնալ, որ մեր գյուղի տնտեսությունը զարգացնեմ, բայց հայրս ցանկացավ, որ ես բժշկուհի դառնամ: Իսկ ես չէի կարող մերժել հորս ու ընդունվեցի Երեւանի բժշկական համալսարան:
–Հետո ուսանելու ընթացքում սիրեցի՞ք Ձեր մասնագիտությունը:
–Ոչ այնքան մասնագիտությունը, որքան հիվանդին սիրեցի: Սերը հիվանդի հանդեպ ամեն ինչի հիմքն է: Հիվանդին սիրեցիր` մասնագիտությունդ էլ կսովորես, բոլոր հմտությունները կյուրացնես, հիվանդին չսիրեցիր` ոչ մի գիտելիք քեզ բժիշկ չի դարձնի:
Երբ ես բժշկական համալսարանում սովորում էի, մեր գյուղի կարոտը խեղդում էր: Մի կերպ էի դիմանում: Ախր, դուք չգիտեք, թե ես որքան եմ կապված մեր տան, մեր գյուղի մարդկանց, հարազատներիս հետ: Հիմա նույն ձեւով զինվորներիս եմ սիրում: Մորից կտրված ջահել, անմեղ, ազնիվ երեխեք են: Մեկ–մեկ շփոթվում, ինձ մամա են ասում: Ես չորս երեխա ունեմ` երկու տղա, երկու աղջիկ: Իմ զինվորներին երեխաներիցս չեմ տարբերում: Ամուսինս էլ է բժիշկ, ըմբռնումով է վերաբերվում իմ աշխատանքին, գիտի, որ ինձ համար զինվորներիս առողջությունից թանկ ոչինչ չկա: Զինվորս ասի` ինձ վատ եմ զգում, մինչեւ լրիվ չլավանա, կողքից չեմ հեռանում:
Ես ու ավագ լեյտենանտ Անուշ Միքայելյանը իջնում ենք կենտրոնական զինվորական հոսպիտալի բակ ու մուտքի մոտ հրաժեշտ ենք տալիս իրար, իսկ հոսպիտալի բակում հավաքված զինվորական բժիշկները չեն շտապում հեռանալ: Խորհրդակցությունից հետո, արդեն ոչ պաշտոնական մթնոլորտում, քննարկում են «օրակարգից դուրս» հարցեր:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #44 (1215) 08.11.2017 – 14.11.2017, Ազգային բանակ