Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՐՍ ԵՐՋԱՆԻԿ ՈՒ ՀԱՆԳԻՍՏ ՀԱՅԱՑՔԸ



ՄՈՐՍ ԵՐՋԱՆԻԿ ՈՒ ՀԱՆԳԻՍՏ ՀԱՅԱՑՔԸԳնդապետ Կարեն Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Գաբրիելյանը  արձակուրդն է անցկացնում հայրենի Էջմիածնում: ԵՊՀ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին կուրսն ավարտելուց հետո, կիսատ թողնելով ուսումը, Սարգիսը զորակոչվել է Արցախ՝ հայրենիքին պարտքը տալու:

Ու հիմա ես Սարգիսենց հյուրընկալ տանը զրուցում եմ հայրենիքի պաշտպանի հետ:

Ինչպե՞ս սկսվեց բանակային կյանքը:

Ամեն ինչ շատ արագ ստացվեց, չհասկացա: Ամառային   զորակոչի  առաջին զինվորներից եմ: Զինկոմիսարիատից մինչ զորամաս ճանապարհը երկար էր՝ Հայաստանից Արցախ: Շատ  ժամանակ  ունեի՝ եղածն ամփոփելու, մտածելու,  ինքս ինձ զինվոր տեսնելու մտքին  հաշտվելու  համար: 

Ամառ  էր, շոգ, այնքան շոգ, որ շնչահեղձ էի լինում: Զորամաս հասնելու սպասումն ավելի էր ինձ լարում: Մինչ տեղ հասնելը մտածում էի, թե գնում ենք տնից հեռու մի անծանոթ վայր, որտեղ մի ամբողջ կյանք՝ երկու տարի պիտի ապրեինք, ծառայեինքԱվտոբուսի  պատուհանից գլուխս հանել, նայում էի Արցախի կանաչ, մաքուր եւ սիրուն բնությանը: Մի երկու ժամ էլ, ու զորամասում էինք

Առաջին օրն անհանգիստ էի: Մի տեսակ տագնապ կար, նույնիսկ սրտիս զարկերն էի լսում: Անսովոր զգացողություն ունեի: Մի բան, որ չէի զցացել մինչ այդ: Ինձ համար զորամասը մի նոր աշխարհ էր՝  նոր մարդիկ, նոր միջավայր եւ շրջապատող ամեն ինչ կապված բանակի ու զինվորների հետ նոր էր: Զորամասը սկզբում սովորական տարածք էր, որտեղ պիտի անցկացնեի ծառայությունս: Մտքովս անգամ չէր անցնում, որ մի քանի օր անց կփոխեի կարծիքս: Շրջապատող ամեն ինչ կարեւոր ու հարազատ դարձավ: Չգիտեմ, մի տեսակ մեծացա, ավելի հասուն դարձա: Սովորեցի զինվորական կարգապահությանը, կարգ ու կանոնով ապրելուն, օդն անգամ զինվորի նման շնչելուն:

Ամենադժվարը մինչեւ օրս առավոտյան «վեր կաց»-ն է: Սիրում եմ քնել: Սկզբում ահավոր դժվար էր: Հիմա համակերպվել եմ, բայց, դա էլ կհաղթահարեմ:

Ծնողներդ ինչպե՞ս իմացան, որ իրենց որդին արձակուրդ է գալիս:

Անակնկալ եմ տուն հասել: Մայրս չգիտեր: Քաղաք հասնելուն պես ծաղիկներ եմ գնել ու շտապել աշխարհը մորս տալու: Ինքն իմ աշխարհն է, ես՝ նրա:  Մաման շատ զգացմունքային է: Ես՝ ավելի լռակյաց ու պարփակված: Հիմա էլ տանն է մի տեսակ անսովոր: Մի քանի օր ունեմ բոլորին տեսնելու՝ ընկերներիս, հարազատներիս, ու նորից Արցախ՝ տղերքն ինձ են սպասում

Բանակն ի՞նչ սովորեցրեց եւ ի՞նչ տվեց այս մի քանի ամսվա ընթացքում:

Շատ բան: Իսկապես հիմնովին փոխվում ես: Բանակի եւ ծառայության մասին պատկերացումներս, մարդկանց նկատմամբ վերաբերմունքս, ամեն ինչ փոխվեց: Լավ ընկեր, լավ զինվոր լինելու կարեւորությունը հասկացա: Հրամանատարներն իսկապես շատ բան են տվել եւ շարունակում են տալ: Մեր ԱՀՏԱ գծով տեղակալը՝ մայոր Հարությունյանը, անդադար սովորեցնում է, կրթում, դաստիարակում:  Դաստիարակում՝ ճիշտ զինվոր լինել, գիտակցել զինվորականի առաջ դրված խնդրի լրջությունը: Հասկանում ես, որ հայրենիք պաշտպանելը միայն բառերով չէ: Բանակում ես գիտակցում, որ հայրենիքի պաշտպան լինելն ամենապատվաբեր կոչումն է

Խոսեցիր կրթվելուց, սովորելուց: Շատերն այսօր կարծում են, որ  ծառայությունը խանգարում է կրթությանը: Դու լինելով  ուսանող, որը ծառայում է, ի՞նչ ես կարծում, բանակն արդյոք խանգարո՞ւմ է ուսմանը:

Նախ՝ ասեմ, որ բանակին կիրթ ու խելացի տղերքն ավելի շատ են պետք: Գրագետ հրամանատարի կողքին խելոք զինվորները ավելի մարտունակ ու հզոր կարող են դարձնել մեր բանակը: Ծառայությունն ինձ չի կարող  խանգարել ուսման հարցում: Եվ, կարծում եմ, որ սովորող մարդուն ոչինչ չի կարող խանգարել:

Ծառայությունից հետո հնարավո՞ր է՝ միտքդ փոխես եւ թողնես բուհը:

Իհարկե՝ ոչ: Կրթությունը կարեւոր է թե՛ քաղաքացիական եւ թե՛ ծառայողական կյանքում: Մեր հրամանատարներն իսկապես գնահատում են կիրթ զինվորներին: Եվ, կարծում եմ, կրթված մարդը միշտ գտնում է  իր տեղը կյանքում: Խելացի մարդու հետ ավելի հեշտ է:

Գիտեմ, որ ծնողներդ կանգնած են հայկական բանակի կազմավորման ակունքներում: Արդյոք դժվար չէ՞ զինվորականների որդի լինելը, թե՞ ընդհակառակը՝ այն օգնում է ծառայությանը:

Ճիշտ է, ծնողներս զինվորականներ են: Բայց իմ դեպքում դա առավելություն չէ, այլ պարտավորվածության նման մի բան: Չեմ բարձրաձայնում, որ հայրս պահեստազորի մայոր է, մայրս՝ բուժքույր զորամասում:

Երկու օրից նորից զորամասում կլինես:

Այո՛, մնաց 48 ժամ,- ժպտում է Սարգիսը: –Առավոտ շուտ ճանապարհ  կընկնեմ դեպի զորամաս: Մի տեսակ գալիս, հարմարվում ես ու նորից հեռանում: Ինձ հետ ամենակարեւորը՝ մորս փայլող, երջանիկ ու հանգիստ հայացքը կտանեմՏղամարդավարի կծառայենք, հետ կգանք: Բան չմնաց: Միշտ մորս ասում եմ, մա՛մ ջան, ես էլ մյուս տղերքի նման հայրենիքի սահմանն եմ պահում: «Բանակն է տղային տղամարդ դարձնում». սրանք մորս խոսքերն են: Հիմա նույնը ես եմ նրան ասում: Կարեւորը՝ խաղաղ լինեն երկրի սահմանները: Վերջին հաշվով, հպարտ եմ, որ հայրենիքի պաշտպանն եմ

 ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #44 (1215) 08.11.2017 – 14.11.2017, Ազգային բանակ


09/11/2017