Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ



ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺՀարցազրույց Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն ՄՀԵՐ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ հետ

 Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը  լայն ճանաչում ունի աշխարհում:

Ինստիտուտի նախագծած կայանքները «ծառայություն» են իրականացնում նաեւ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում:

Պարոն Մարկոսյան, ՀայաստանՍփյուռք  համաժողովի ժամանակ  «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» խնդրի շուրջ քննարկումների ժամանակ Դուք  խոսեցիք Հայաստանում ռազմարդյունաբերությունը կայացնելու հնարավորության  և անհրաժեշտության մասին, արդեն իսկ ստեղծված և կիրառվող համակարգերի օրինակների վրա շեշտադրեցիք  ռազմարդյունաբերության ասպարեզում վստահ քայլեր կատարելու Հայաստանի հնարավորությունները, արտահանման ներուժի զարգացումը, դրանց իրականացման ուղղությամբ հանդես եկաք  առաջարկներով:

Զինատեսակների ասպարեզում  հակառակորդի նկատմամբ առավելության հասնելը խաղաղության պահպանման կարևորագույն հարցերից է, բայց այն առանց նոր տեխնոլոգիաների, նոր նյութերի  օգտագործման և բարձրորակ կադրերի անհնար է պատկերացնել:

Հայաստանը դատապարտված է ռազմարդյունաբերություն ունենալու, որը մրցակցային պայմաններում պետք է ստեղծի պաշտպանական և հարձակողական  միջոցներ, որոնք իրենց տեխնիկական պարամետրերով ոչ միայն չպետք է զիջեն հակառակորդի միջոցներին, այլ նաև գերազանցեն, ինչն էլ հնարավորություն կընձեռի խոսելու դրանց առևտրայնացման մասին: Իսկ առևտրայնացման հիմնական նախադրյալներն են՝ առաջադրվող համակարգերի, սարքերի ու սարքավորումների տեխնիկական բնութագրերը, դրանց աշխատանքային պայմանները, շահագործման պարզությունը եւ

Եվ իհարկե գինը:

Հարկ է նշել, որ այստեղ գինը ամենավերջին գործոնն է: Կա կարծիք, որ շրջափակման՝ տրանսպորտային ճանապարհների ընտրության բացակայության պայմաններում ապրանքների և ծառայությունների գները շատ են բարձրանում:  Պետք է նշեմ, որ աշխարհում բարձր տեխնոլոգիական արտադրանքի մեջ, որի թվին է դասվում ռազմական տեխնիկան,  չկա էժան արտադրող և արտադրանք: Բարձր տեխնոլոգիական համակարգերի առևտրի մեջ էլ տրանսպորտային ծախսերը շատ փոքր ազդեցություն ունեն գնագոյացման վրա, որը միանշանակ ուղղում  է զարգացման վեկտորը դեպի բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ռազմարդյունաբերության զարգացմանը:

Աշխարհում առաջընթացը օբյեկտիվ իրողություն է և կախված չէ այս կամ այն երկրի ու ժողովրդի ցանկությունից: Եվ որպեսզի տեղ ունենանք այդ առաջընթացում, մենք  պետք է լինենք առաջատարների շարքում:

Պարոն Մարկոսյան, խորհրդային շրջանում Հայաստանն առաջատար դիրք էր զբաղեցնում էլեկտրոնիկայի, օպտիկայի,  կիբեռնետիկայի, ինֆորմատիկայի, լազերային տեխնիկայի եւ այլ նման ոլորտներում:

Մենք այսօր էլ ունակ ենք ստեղծելու համաշխարհային մակարդակի գիտական արտադրանք: Հայկական կազմակերպությունները իրենց նախագծերի նորարարական շնչով, կատարման մակարդակով բնավ չեն զիջում, դրա մասին վկայում են համաշխարհային մրցույթներում զբաղեցրած նրանց առաջատար դիրքերը:  «Խելոք» սարքերը, որոնք ստեղծվում և պատրաստվում են գիտելիքի հիման վրա, ունեն մրցակցային մեծ ներուժ: Պակաս կարևոր չէ նաեւ ժողովրդի մենթալիտետը: Սրանով է հիմնավորվում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման անհրաժեշտությունը Հայաստանում: Մրցակցելու համար անհրաժեշտ է հեղափոխական մոտեցում ժամանակակից տեխնոլոգիական, արտադրական, հետազոտական հենք ստեղծելու, մասնագետների պատրաստման և համապատասխան գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման ասպարեզում:

Ռազմարդյունաբերության զարգացման գրավականը կլինի արդյունքների առևտրայնացումը, քանզի այն ծախսատար է, և հիմնվելով միայն ներքին պահանջների վրա` մենք չենք կարողանա ապահովել մրցունակության բարձր մակարդակ: Եվ որպեսզի այն կայանա, պետք է նրա արտադրանքը դառնա արտաքին առևտրի մի մասը:

Իսկ այն կարծիքը, որ մենք փոքր երկիր ենք և չենք կարող շուկա հանել հատուկ միջոցներ

Կարծում եմ՝  դա չի համապատասխանում իրականությանը: Փոքր երկրներ են Շվեյցարիան, Դանիան, Իսրայելը: Շվեյցարիան հայտարարելով իր չեզոքության մասին, երբեք չի դադարել զարգացնել ռազմարդյունաբերությունը` դարձնելով այն իր եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը: Իսրայելը լինելով մշտական պատերազմական վիճակում, իր տնտեսությունը կազմակերպել է հենց ռազմարդյունաբերության հիման վրա եւ այժմ համարվում է ռազմական տեխնիկայի վաճառքի ասպարեզում կարևոր երկրներից մեկը

Այսօր Հայաստանը իր ընդունած որոշումներով  կատարել է  ընտրություն հօգուտ բարձր տեխնոլոգիաների: Այս ուղղությունն իր մեջ ընդգրկում է ոչ միայն ինֆորմացիոն տեխնոլոգիաները (ԻՏ): ԻՏն կազմում է ընդամենը  դրա մի մասը: Բարձր տեխնոլոգիաների զարգացումը կնպաստի երկակի նշանակության տեխնիկական միջոցների ստեղծմանն ու արտադրությանը, որը, համապատասխան ներկայացման դեպքում, պահանջված կլինի աշխարհում:

Այսպիսով, եթե սահմանելու լինենք ռազմական տնտեսությունը՝ արդյունաբերությունը, ապա այն կարելի է բաժանել չորս հիմնական ուղղությունների՝

1. Համալիրների, տրամաբանորեն ավարտուն ամբողջական սարքերի և սարքավորումների մշակում (արտոնագրերի ձեռքբերում) և դրանց արտադրում,

2. Առանձին հանգույցների, բաղադրամասերի մշակում կամ արտոնագրերի ձեռքբերում ու արտադրում,

3. Տեխնիկայի շահագործում և սպասարկման գործիքների ստեղծում, պատրաստում,

4. Համապատասխան միջոցների ստեղծման, արտադրման և շահագործման ապահովման համար մասնագետների պատրաստում:

Բոլոր բերված ուղղությունները ենթակա են առևտրայնացման, որն էլ իր հերթին պահանջում է նորամուծություններ նշված ասպարեզներում: 

Վերը նշված ուղղություններով աշխատում են մի շարք ձեռնարկություններ, որոնք  իրականացնում են այսօրվա պահանջները բավարարող նորագույն տեխնիկայի ստեղծում, եղածների արդիականացում ու շահագործում և փորձում են նորամուծությունների միջոցով առևտրայնացնել իրենց կարողությունները:

Այդ  ձեռնարկություններից շատերը եվրոպական և ասիական երկրների ձեռնարկությունների պատվերով ստեղծել և առաքել են միջազգային չափանիշները բավարարող՝

  տարբեր հաճախականության տիրույթներում աշխատող ռադարներ,

  օպտիկական, լազերային միջոցներ,

  օպտիկամեխանիկական և ջերմային տեսահամակարգեր, որոնք կարող են մրցակցել միջազգային շուկայում,

  ռադիոլարային կապի միջոցներ,

  տարբեր նշանակության ուժակուտակիչներ (ակումուլյատորներ),

  ռադիոտեխնիկական միջոցներ,

  անօդաչու թռչող սարքեր,

  ավտոմատ կառավարվող, ռոբոտացված զենքի տեսակներ,

  տարբեր տիպի քիմիական միացություններ,

  աշխարհի լավագույն օրինակների հետ մրցակցող մետաղների որոնման սարքեր,

  ավտոմատ կամ ավտոմատացված կառավարման  համակարգեր

Թվարկածը այսբերգի միայն երևացող մասն է:   

Գիտատեխնիկական ներուժն առավել արդյունավետ գործածելով՝ համոզված  եւ վստահ եմ ՝ Հայաստանում ռազմարդյունաբերությունը սպառողի վիճակից կանցնի  նաեւ շահութաբեր տնտեսության վիճակի՝ դառնալով ընդհանուր տնտեսության զարգացման առաջատար ուղղություններից մեկը:

 ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #44 (1215) 08.11.2017 – 14.11.2017, Ռազմական


09/11/2017