Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ՝ ԱՌԱՆՑ ՓԱՌՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ



ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ՝ ԱՌԱՆՑ ՓԱՌՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՀՀ զինված ուժերի ռազմական հետախուզությունը 25 տարեկան է: Ամենամարտունակն ու կազմակերպվածը համարվող, զինված ուժերի կազմում առանձնահատուկ դերակատարում ունեցող հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները պատրաստվում, մասնագիտորեն կատարելագործվում են ամեն օր՝ գիշեր ու ցերեկ: Եվ անհրաժեշտության դեպքում արագ ու աննկատ հայտնվում են մարտական գործողությունների ամենավտանգավոր տեղամասերում, նույնիսկ՝ հակառակորդի թիկունքում: Նրանք հաճախ կանխում են լայնածավալ ռազմական գործողությունները՝ մեր համազորային ստորաբաժանումների հետ ջախջախելով թշնամուն:

Ռազմական հետախուզության զարգացման միտումներն է ներկայացնում ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալմայոր Առաքել Մարտիկյանը:

Ռազմական հետախուզությունը կազմավորվել է որպես զորքերի մարտական ապահովման ձեւ, իսկ զինված ուժերը համապատասխան տեղեկատվությամբ ապահովելու համար հետախուզությունը պետք է զարգանա զինված ուժերին համահունչ: Զարգացումն ընթանում է բոլոր ուղղություններով՝ ռադիոտեխնիկական, տեխնիկական, տեղեկատվական եւ այլն, թե՛ ֆիզիկական պատրաստությունից, թե՛ նոր զինատեսակների, սպառազինության միջոցների ձեռքբերումով:

Իհարկե, զարգացումը միշտ թելադրում է հակառակորդը: Այսինքն՝ եթե մեր հավանական հակառակորդները ձեռք են բերում նոր սպառազինություն, տեխնիկական միջոցներ եւ այլն, մենք համարժեք միջոցներ պետք է ունենանք, որ կարողանանք հակազդել եւ զսպել, կատարել մեր առջեւ դրված խնդիրները:

Հետախուզությունը՝ որպես զինված ուժերի մի մասնիկ, անընդհատ զարգացման մեջ է: Այնպես չէ, որ ինչոր բանի հասնենք ու ասենք՝ բավարարված ենք: Զարգացման նշաձողը միշտ բարձրացնում ենք: Մինչեւ հասնում ես մի նպատակի իրագործմանը, արդեն նոր տեխնիկական միջոց է հայտնվում, հակամիջոցներն էլ են զարգանում: Միշտ մի կողմը թելադրում է մարտավարության զարգացումը, մարտավարությունից բխող ռազմավարությունը: Քանի որ հետախուզությունը վարվում է բոլոր խորություններում, մենք էլ զարգանում ենք նոր պահանջներին եւ դրանցում առկա տեխնիկական նոր միջոցներին համապատասխան: Ինչոր ուղղությամբ մենք ենք առաջ ընկնում, հակառակորդն է փորձում հակազդող միջոցներ գտնել, ինչոր տեղ էլ հակառակորդն է ստիպում շտկումներ մտցնել մեր գործողություններում: Ամեն ինչ կատարվում է ժամանակին համահունչ, ինչպես եղել է պատմության ողջ ընթացքում: Դարեր առաջ մարդիկ կռվել են նետ ու աղեղով, եղել է համապատասխան մարտավարություն: Պատմական զարգացմանը զուգահեռ, զարգացել են նաեւ մարտի վարման ձեւերը: Այսօրվա ռազմատեխնիկական առաջընթացի պայմաններում մարտավարության պահանջները բոլորովին այլ են: Հետախույզ զինվորը կարող է 25-30 կգ բեռ կրել իր հետ: Նա պարտավոր է ոչ միայն ֆիզիկապես կոփված լինել, այլեւ տիրապետել տեխնիկական նորագույն միջոցներին, ճիշտ օգտագործել դրանք անհրաժեշտության դեպքում: Այդ առումով նա այնքան պատրաստված պետք է լինի, որ հակառակորդի դիտարկման սարքերի, թակարդների, նույն տեխնիկական միջոցների արանքով խուսավարելով, դրանց թույլ տեղերը գտնելով, ի վերջո, շներից խուսափելով, հասնի իր նպատակին:

ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ՝ ԱՌԱՆՑ ՓԱՌՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՍա մշտապես զարգացող գործընթաց է: Ով կանգ առավ կամ չհասցրեց համապատասխան քայլերով գնալ զարգացման, ուղղակի կպարտվի: Մենք պարտվելու իրավունք չունենք: Դրա համար փորձում ենք հակառակորդի համալրվածությանը եւ զարգացմանը զուգահեռ պատրաստվել ֆիզիկապես, համալրվել տեխնիկապես եւ կարողանալ ճիշտ օգտագործել նոր տեխնիկան:

Հետախուզությունը համազորային հրամանատարի աչքն ու ականջն է: Ցանկացած օղակի հրամանատար որոշում կայացնելուց առաջ պարտադիր ուսումնասիրում է հակառակորդի մասին հետախուզության հայթայթած տվյալները, հետագա բոլոր որոշումները կայացվում են այդ տեղեկատվության շուրջ:

Հետախույզը հետախույզ է մինչեւ առաջին կրակոցը: Լավագույնների մասին գրեթե չեն խոսում: Խոսում են միայն բացահայտված հետախույզների մասին: Լավագույնին փակ հրամանագրով պարգեւատրում են, թոշակի անցնելուց հետո միայն որոշ դրվագներ բացահայտում: Հետախույզը անաղմուկ գնում է, իր գործը կատարում ու գալիս: Ուրիշ բան, որ հետախուզությունն ունի նաեւ հատուկ միջոցառումներ, որոնց նպատակը դիվերսիաներն են, հենց աղմուկ հանելը:

Հետախուզության գործունեության լավագույն գնահատականն այն է, որ հանրությանը հայտնի չէ կատարված աշխատանքը: Եթե ժամանակից շուտ է հայտնի դառնում, ուրեմն ձախողում կա: Ինչքա՞ն Աղայանցներ, Վարդանյաններ ու Միրզոյաններ կան, ո՞վ գիտի

2016թ. ապրիլը բավական լուրջ սահմանաբաժան էր՝ մինչ այդ եւ դրանից հետո, բայց ասել, որ մինչ այդ հագեցված չէր առաջնագիծը, դիտարկման միջոցներ չկային, ճիշտ չէ: Հագեցված էր: Ուրիշ բան, որ մենք էինք մի քիչ հանգստացել, թուլացել, համակերպվել կիսալարված վիճակին: Տարբեր հարցերի շուրջ 2016թ. ապրիլը ստիպեց բազմաթիվ շտկումներ կատարել:

Առաջնագծի հագեցվածությունը փոխվել է, որովհետեւ էլեկտրոնիկան այնպես արագ է զարգանում, որ պետք է հասցնես հասնել բոլոր նորությունների հետեւից: Երկուերեք տարի առաջ տեղադրված տեխնիկան կարող է արդեն չբավարարել տվյալ տեղանքում խնդիր կատարելու պահանջներին: Պարզ դարձավ, որ հենց այդ նույն սարքերի խտությունը մի փոքր պետք է ավելացնել: Գործնական կիրառումից հետո որոշեցինք մեր դիպուկահար հրացանների դիտարկման սարքերից որի վրա շեշտադրում անել, որից հրաժարվել: Փոփոխություններն առաջին հերթին որակական են, նոր քանակական: Դիրքերի տեխնիկական կահավորումը շարունակվում է: Մարտական գործողություններն են սպառազինության, տեխնիկական միջոցների իրական գնահատականը տալիս: Սարքեր կան, որ խաղաղ ժամանակ մեզ  բավարար են թվում, բայց մարտական գործողությունների ժամանակ ամեն ինչ պարզ երեւում է: Դա էլ է զարգացման գործընթացի մաս: Քառօրյան թելադրեց զարգացման ուղղություններ, արդեն տեսել ենք՝ որն է առավել օգտավետ մարտական կիրառման մեջ, եւ ընտրության հնարավորություն ունենք:

Զինված ուժերը հնարավոր չէ պատկերացնել առանց հետախուզության, այն շարունակելու է զարգանալ զինված ուժերի կենսագործունեությանը համահունչ: Այնպես չէ, որ մենք զարգանում ենք, հակառակորդը տեղում դոփում է: Սակայն, կարեւորը հայ հետախույզի ձգտումն է, պարտքի զգացումը, տեխնիկական միջոցը կիրառողի հոգեբանական վիճակը՝ ինքն ինչի է ընդունակ եւ ինչի համար է դա անում:

ՀՀ զինված ուժերի հետախուզությունը ներառում է աշխարհի ցանկացած բանակին հատուկ հետախուզության բաղկացուցիչ մասեր՝ զորային, հատուկ, տեխնիկական հետախուզություն եւ այլն: Սկզբունքը նույնն է, մեզ մոտ ձեւերն ու մեթոդներն են տարբեր: Ոչ ոք չի ուզում, որ հակառակորդն իմանա իր հնարավորությունների իրական սահմանը, այլապես կհանդիպի հզոր հակազդման:

Գործում է հայտնի ասույթը՝ տեղեկացված ես, ուրեմն զինված ես:

 Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

մայոր

Խորագիր՝ #44 (1215) 08.11.2017 – 14.11.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


09/11/2017