«ԻԳԼԱ-Ս»` ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸ
«Իգլա-Ս»-ն փոքր հեռահարության դյուրակիր զենիթահրթիռային համալիր է:
Նախատեսված է ինքնաթիռների, ուղղաթիռների, թեւավոր հրթիռների, անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար:
Խոցման հեռավորությունը՝ 500 մ-6 կմ
Թիրախի խոցման բարձրությունը՝ 10-ից 3500 մետր։
Քաշը՝ 19 կգ։
Յոթ վայրկյան, եւ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Վահե Զաքարյանը «Իգլա-Ս» համալիրը մարտական բարձր պատրաստության է բերում: Կրակային դիրք է զբաղեցնում ու զեկուցում՝ պատրաստ է մարտի: Վահեն հերթապահում է հարավարեւելյան առաջնագծի «Իգլա-Ս» համալիրի համար նախատեսված կրակակետում: Վեց ամիս վերապատրաստվել է ուսումնական զորամասում, երեք ամիս առաջ էլ ստանձնել է պարտականությունները: «Դժվարանում եմ հիշել, թե քանի անգամ եմ կրակել վարժասարքով: Բայց մոնիտորին միշտ նույն գրությունն էր հայտնվում՝ օդային թիրախը խոցված է: Գնահատականը՝ գերազանց: Իրականում էլ վրիպումը գրեթե բացառվում է: Կրակիր ու մոռացիր. «Իգլա-Ս»-ի կիրառման սկզբունքն է»,-ասում է կրտսեր սերժանտը:
Վերջին մեկ տարում առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը համալրվել են ժամանակակից միջոցներով: «Իգլա-Ս» կամ «Իգլա-Սուպեր» նոր սերնդի դյուրակիր զենիթահրթիռային համալիրը կարեւոր ձեռքբերումներից է: Առաջնագծի առաջին շարակարգի գումարտակներն արդեն համալրված են այս զինատեսակով: ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը նկատում է՝ «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների ձեռք բերված խմբաքանակը բավականին խոշոր է. «Լրահամալրումը զգալի է: Այն ապահովում է կրակի բավականին մեծ խտություն: Նաեւ այս միջոցի շնորհիվ է ստեղծվել ամուր հակաուղղաթիռային համակարգ: «Իգլա-Ս»-ը լավագույնն է իր դասի մեջ: Այն տարբերակում է զանազան տիպի խանգարումները, մարտական գլխիկը բավականին զգայուն է եւ կարող է հայտնաբերել նաեւ փոքր ջերմության աղբյուր հանդիսացող անօդաչու թռչող սարքերը: «Իգլա-Ս»-ն օժտված է հրթիռի մեծ հեռահարությամբ եւ թիրախի խոցման մեծ հեռավորությամբ: Զգալի է նաև հրթիռի մարտական մասի զանգվածը, ինչի շնորհիվ բարձր է թիրախի ամբողջական ոչնչացման հավանականությունը: Մեր ձեռք բերած «Իգլա-Ս» համալիրները նոր են, եւ երկար տարիներ որեւէ խնդիր չենք ունենա: «Իգլա-Ս» համալիրների մեր ջոկերը ապահովված են շարժական հնարավորություններով` մեքենաներով, հետախուզության, կապի առանձին միջոցներով: Այսինքն` պատրաստ են խնդիրը լուծելու ցանկացած՝ անգամ գիշերային պայմաններում, քանի որ համալրված են «Մաուգլի» նշանոցով»,-նշում է գնդապետ Պողոսյանը:
Վահեն էլ ցույց է տալիս «Մաուգլի» տիպի գիշերային ջերմատեսիլ նշանոցը: «Հրամանատարը հաճախ է ուսումնական տագնապ հայտարարում գիշերային ժամերին: «Մաուգլի»-ն վայկյանների ընթացքում ամրացնում ենք զենքին: Այն մի քանի անգամ մեծացնում է համալիրի հնարավորությունները: Հրաձիգին թույլ է տալիս մթության պայմաններում հայտնաբերել եւ ուղեկցել օդային թիրախը մինչեւ խոցման պահը: Մի խոսքով, մենք ավելի արագ կկատարենք խնդիրը, քան հակառակորդը կպատկերացնի»:
«Իգլա-Ս»-ն կարող է օգտագործել ընդամենը մեկ զինվոր, սակայն նա պետք է հատուկ պատրաստություն անցնի: Զորակոչի ընթացքում հավաքակայանում ընտրում են զենիթային ապագա հրաձիգներին՝ ուսումնական կենտրոնում հատուկ վերապատրաստման համար. «Կարեւորում ենք զորակոչիկի կրթական մակարդակը, հոգեբանական եւ ֆիզիկական դիմացկունությունը: Այս զենքը ենթադրում է ակնթարթային մարտ, ուստի զենիթային հրաձիգը պետք է լավ պատրաստված լինի, արագ կողմնորոշվի: Նա մարտական ուսումնական փորձ ձեռք բերելուց հետո է միայն ստանձնում հերթապահությունը»,-ասում է Պողոսյանը:
Այս լրահամալրմանը զուգահեռ առաջնագծի մի շարք զորամասեր հագեցվել են հայկական արտադրության վարժասարքով, որը ստեղծում է իրական օդային իրավիճակ, առաջադրում է խնդիրներ եւ հնարավորություն է ընձեռում զինվորին կատարելագործելու մարտ վարելու կարողությունները:
ԴԶՀՀ ջոկի հրաձիգ, շարքային Արկադի Մկրտչյանը մինչեւ վերջերս շահագործում էր «Իգլա» համալիրը: Նա զորամասում մասնակցել է դասընթացների, վերապատրաստվել, եւ հրամանատարները նրան «Իգլա-Ս» են վստահել. «Սիրտս կպել է այս զենքին, չնայած լավ էլ ծանր է: Անընդհատ մարզվում եմ՝ ձգվում, վազում, որ ուժս տեղը լինի: Վտանգի պահին հաստատ հակառակորդին կվնասեմ»:
Զինված ուժերում «Իգլա» համալիրից չեն հրաժարվել: «Մենք կհրաժարվենք աստիճանաբար, երբ մեր ամբողջ պահանջարկը լրացվի «Իգլա-Ս» եւ «Վերբա» տիպի համալիրներով»,- ասում է գնդապետ Պողոսյանը եւ ընդգծում, որ միայն «Իգլա-Ս» համալիրներով, իհարկե, հակաօդային պաշտպանություն չես իրականացնի. «Այս զենքը կրում է հակառակորդի օդուժի դեմ պայքարի առաջամարտիկի պարտավորությունը: Սակայն զինատեսակի հետ համատեղ հերթապահություն են իրականացնում մեր զենիթահրետանային համալիրները, երկրորդ շարակարգում՝ «Օսա-ԱԿ» մարտական մեքենաները, այնուհետեւ` «Ս-125», «Կուբ» համակարգերը, եւ վերջապես հակաօդային պաշտպանության տիտանը՝ «Ս-300» զենիթահրթիռային համալիրը: Այսինքն՝ հանրապետության օդային սահմանները վերահսկվում են ըստ բարձրությունների եւ ըստ հեռավորությունների շարակարգված ՀՕՊ համակարգերով»:
ՀՕՊ զորքերը սպասում են համալրման. «Նոր պայմանագրեր ունենք տարբեր երկրների հետ: Շատ շուտով հակաօդային պաշտպանության մեր զինանոցը կհամալրվի գերժամանակակից, ավտոմատացված, ավելի հզոր, ավելի մեծ հնարավորություններով օժտված տեխնիկայով: Այդ զինատեսակը կիրառելի է օդային նշանակետերի ամբողջ սպեկտորի, այդ թվում` գերճշգրիտ զենքերի դեմ»,- ասում է գնդապետ Պողոսյանը:
ՀՕՊ վարչությունում ՀՀ նախագահի հանձնարարականով այժմ մշակվում է զարգացման յոթնամյա ծրագիր: Արդյունքում, կատարելով նախագահի պահանջը, ըստ գնդապետ Պողոսյանի, ունենալու ենք կայուն եւ կարեւոր ուղղություններում՝ հուսալի հակաօդային պաշտպանություն:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #45 (1216) 15.11.2017 - 21.11.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում