Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆԴԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



ԳՆԴԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 6-ից 10-ը 4-րդ զորամիավորման N զորամասի կազմով անցկացվեց գնդային մարտավարական զորավարժություն՝ զորամասը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերումով, պահպանությունից պաշտպանության անցումով, հարձակողական մարտի նախապատրաստմամբ և վարմամբ, նպաստավոր բնագծի գրավմամբ և պաշտպանողական մարտի վարմամբ՝ մեկ գումարտակի մարտական հրաձգությամբ:

Զորավարժությանը մասնակցում էին նաև զորամիավորման ենթակա մյուս զորամասերի սպաները, ովքեր գործում էին որպես միջնորդներ: Զորամիավորման մշտական տեղակայման վայրում անցկացված հրահանգավորման ժամանակ զորամիավորման հրամանատար գնդապետ Վ. Քոչարյանը այլ հարցերից զատ շեշտը դրել էր անվտանգության կանոնների խստագույնս պահպանմանը՝ անկախ զորավարժության ընթացքում զարգացող հանգամանքներից:

«Հակառակորդը զորավարժությունների քողի տակ իրականացնելով վերախմբավորում՝ հիմնական հարվածային խմբավորումները դուրս բերելով օպերատիվ նշանակության շրջաններ, նախապատրաստվում է մարտական գործողությունների:

Զորամասի ստորաբաժանումները իրականացնում են պետական սահմանի պահպանություն, ստանալով տեղեկություններ հակառակորդի կողմում ԶՈՒ-ի ակտիվության վերաբերյալ, ուժեղացրել է մարտական հերթապահությունը:

Անհրաժեշտաբար ստանալով ազդանշանը, զորամասը բերվում է մարտական պատրաստականության վիճակի։ Համաձայն հրամանատարի պաշտպանողական մարտի որոշման՝ պահպանությունից անցնում է պաշտպանության…». այսպիսի սցենարով սկսվեց զորավարժությունը:

Այնուհետև` «Հակառակորդը նախորդ գիշերվա ընթացքում վատ տեսանելիության պայմաններում աննկատ մոտեցել է զորամիավորման ամհգ-ների առաջնագծի մարտական դիրքերին և անցել է գրոհի` նպատակ ունենալով ստեղծել բարենպաստ պայմաններ գլխավոր ուժերի հարձակման համար:

ՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՍտանալով խնդիրը` զորամասի հրամանատարը գնահատում է իրադրությունը, կայացնում է որոշում, նշված ժամին այն զեկուցում զորամիավորման հրամանատարին, իրականացնում է տեղազննում, առաջադրում է խնդիրներ իր ենթականերին: Սահմանված ժամին ունկնդրում է գումարտակների հրամանատարների որոշումները, որից հետո անցկացնում է փոխհամագործակցության կազմակերպում: ԶՄ-ի մարտական պահպանության ստորաբաժանումները հանդիպելով հակառակորդին` մարտի են բռնվում նրա հետ, որտեղ հակառակորդին հաջողվում է մխրճվել զորամասի պաշտպանության շրջան: Համաձայն իրադրության զարգացման պլանի և թիրախային իրադրության ուրվագծի` խաղարկվում է պաշտպանողական մարտի վարումը հրաձգային գումարտակի մարտական հրաձգությամբ… Զարգացնելով սցենարը՝ զորամասի երկրորդ շարակազմի ուժերով անցկացնում է հակագրոհ և վերականգնում դրությունը»:

Մեկ օր հետո, զորամիավորման ՄՏՎ-ում միջնորդների կողմից ներկայացրած փաստերի, զորավարժության ղեկավարության վերլուծության, ինչպես նաև կատարված նկարահանումների հիման վրա իրականացվեց մանրամասն վերլուծություն: Զորամիավորման հրամանատար, գնդապետ Վ. Քոչարյանը փաստեց, որ «մտահղացումը իրականացավ, համոզվեցինք, որ գումարտակը, անկախ թերություններից, կարողացավ կատարել իր առջև դրված առաջադրանքը: Եղան նաև բացթողումներ, թերացումներ որոշ զինծառայողների կողմից, այնուամենայնիվ, զորամասը հավուր պատշաճի նախապատրաստվել էր զորավարժությանը, իսկ շտաբը իր խնդիրը կատարեց՝ դրականորեն գերազանցելով նախորդ զորավարժության ցուցանիշները»: Ապա խնդիր դրեց՝ կրկնվող թերությունների նկատմամբ լինել անհանդուրժողական, իսկ լավագույնս աչքի ընկած զինծառայողներին ներկայացնել խրախուսման:

 

4-րդ ԶՄ թղթակցական կետ

Խորագիր՝ #45 (1216) 15.11.2017 - 21.11.2017, Ազգային բանակ


16/11/2017