ՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
1-ին զորամիավորման ենթակա զորամասերի կառավարման մարմինների ընդգրկմամբ անցկացվեց քառօրյա շտաբային զորավարժություն, որի ժամանակ զորավարժությունում ներգրավված ուժերը, ապահովման եւ սպասարկման ստորաբաժանումները բերվեցին մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի:
Նպատակը մարտի նախապատրաստման ու վարման ժամանակ շտաբների պատրաստության ու ներդաշնակման, վարչակազմերի դաշտային վարժվածության ստուգումն էր, զինծառայողների գործնական հմտությունների կատարելագործումը:
«Տագնապ» ազդանշանով կառավարման կետերի շարասյունների կազմավորման, հիմնական տեղակայման վայրերից դրանց դուրսբերման, կիրառման շրջանում ծավալման ընթացքին, զինծառայողների ներդաշնակ գործողություններին հետեւում էին զորավարժության ղեկավար, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը եւ զորավարժության շտաբի պետ, զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը: Նրանց ուշադրության կենտրոնում զորավարժության ընդգրկված ստորաբաժանումների միջեւ մշտական փոխգործակցության արդյունավետ կազմակերպումն ու իրականացումն էր:
Դեպի նախորոշված շրջաններ ռազմերթի հաջող իրականացումից հետո, դաշտային պայմաններում ծավալվեցին հրամանատարական կետերը, ապա շտաբներն անցան աշխատանքային ռեժիմի:
Ընդունվեցին որոշումներ, որոնք ճշգրտվեցին տեղանքում, տեսանելիության պայմաններում: Փոխգործակցությունը կազմակերպվեց ինչպես տեղանքում, այնպես էլ մանրակերտի վրա:
ԶՄ հրամանատարի տեղակալները, զորատեսակների եւ ծառայությունների պետերը ունկնդրումներին հանդես եկան առաջարկություններով, որից հետո գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի կողմից հաստատվեց զորավարժության հիմնական գործողության մտահղացումը:
Զորավարժության շտաբի պետ, ԶՄ շտաբի պետ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը հանգամանալից տվեց հարց ու պատասխաններով ուղեկցվող խնդրի անհրաժեշտ պարզաբանումներ:
Գնահատվեց իրադրությունը, պլանավորվեց մարտը:
Նախնական մարտական կարգադրություններ տրվեցին ենթականերին: Վերահսկող խմբերի կողմից ստուգվեցին զորամասերի շտաբների աշխատանքները, որոնք գնահատվեցին բավարար:
Զորավարժության ընթացքին հետեւեցին եւ զորավարժության մասնակիցներին անհրաժեշտության դեպքում մեթոդական ցուցումներ տվեցին ԳՇ օպերատիվ վարչության պատասխանատու սպաներ, գնդապետներ Ա. Մանուչարյանն ու Ն. Կարապետյանը:
Զորավարժության ընթացքում իրենց գերազանց դրսեւորեցին հատկապես զորամիավորման կապավորները. միմյանց միջեւ բավականին մեծ հեռավորության վրա գտնվող ստորաբաժանումների փոխգործակցությունը, մարտի նախապատրաստման ու վարման մտահղացումներն ու մարտական խնդիրների կատարման ողջ գործընթացը համապատասխան ռեժիմով, անխափան ու արդյունավետ իրականացվում էին ինչպես միմյանց միջեւ, այնպես էլ հրամանատարության հետ՝ առանձին-առանձին, եւ կապի հատուկ միջոցների ներգրավմամբ՝ միասին, զորավարժության բոլոր կառավարման մարմինների միաժամանակյա համատեղ ունկնդրմամբ:
Վերլուծելով 1-ին զորամիավորումում անցկացված շտաբային զորավարժության փուլերի կարեւոր դրվագները` զորավարժության ղեկավարը եւ զորավարժության շտաբի պետը նշեցին, որ զորամիավորման բոլոր օղակների ղեկավարման մարմինների բարոյահոգեբանական հատկանիշներն ու մարտավարամասնագիտական կարողությունները բարձր են, եւ զինծառայողները պատրաստ են կատարելու իրենց առջեւ դրված բոլոր մարտական խնդիրները:
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #45 (1216) 15.11.2017 - 21.11.2017, Ազգային բանակ