Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆԱՊԱՏՎԱՎՈՐ ԽԱՉԸ



ԱՄԵՆԱՊԱՏՎԱՎՈՐ ԽԱՉԸԳնդապետ ԱՐԹՈՒՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ծնվել է 1978 թվականին Երեւանում, ավարտել է թիվ 20 միջնակարգ դպրոցը:

Ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը:

Ծառայել է ՀՀ ԶՈՒ հարավարեւմտյան զորամասում` որպես ստորաբաժանման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ:

Ուսանել է ՌԴ ռազմական համալսարանում:

ՀՀ ԶՈՒ տարբեր զորամասերում եղել է հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչությունում որպես բաժանմունքի ավագ սպա, զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ:

2015թ. 1-ին ԶՄ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն է:

Արժանացել է ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալների եւ պատվոգրերի:

2017թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

-Պարոն գնդապետ, սեպտեմբերի 21-ին Դուք ՀՀ նախագահի կողմից արժանացաք «Մարտական ծառայություն» մեդալի: Սովորաբար ինչ-որ հանգրվանի հասնելիս մարդն սկսում է հիշել սկիզբը: Ե՞րբ եք ստացել Ձեր առաջին մեդալը:

-Առաջինը գերատեսչական մեդալ էր` «Գարեգին Նժդեհ»: Տակավին երիտասարդ էի, երբ ստացա այդ մեդալը: Երջանիկ ու հպարտ քայլում էի շարքի առջեւով: Շատ էի ոգեւորվել: Ի դեպ, 2005թ., երբ ՌԴ ռազմական համալսարանն ավարտեցի բարձր առաջադիմությամբ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ինձ պարգեւատրեց պատվոգրով: Ուսումնառության տարիներին ստացածս գիտելիքների ողջ պաշարը ես ներդրել եմ զինվորական ծառայության առօրյա գործունեության մեջ, ինչն էլ խթան հանդիսացավ իմ ծառայական հետագա հաջողությունների համար:

-Դուք Ձեր ծնողների մինուճար որդին եք, ինչպե՞ս նրանք արձագանքեցին ԶՈՒ համակարգ մտնելու Ձեր որոշմանը, այն էլ՝ պատերազմական ժամանակահատվածում:

-Պապս էր «մեղավորը»: Նա շատ էր պատմում Անդրանիկի, Նժդեհի մասին: Այնքան ասաց, որ ես էլ ցանկացա միանալ այդ պայքարին: Մեր ընտանիքում ոչ ոք չընդդիմացավ զինվորական դառնալու երազանքիս:

-Պարոն գնդապետ, անդրադառնանք ծառայողական խնդիրներին եւ առաջինը խոսենք զորամասերում տիրող կարգապահությունից: Ինչպե՞ս են ամրապնդվում կանոնադրային հարաբերությունները զորքերում:

-Կարգապահությունն ու կանոնադրային հարաբերությունների ամրապնդումը շարունակական եւ զարգացող գործընթաց է` սկսած պլանային աշխատանքների ճիշտ ու ժամանակին կազմակերպումից, մինչև յուրաքանչյուր զինվորի հետ տարվող անհատական աշխատանքը: Խնդիրն իսկապես բարդ է, որովհետեւ բանակն ու հասարակությունը սերտ աղերսներ ունեն, եւ մենք պարզապես չենք կարող փակել արատավոր շատ երեւույթների ներհոսքը բանակ: Դրանց դեմ պայքարելու մեթոդներից ես առաջնային եմ համարում ազգային բարոյական արժեհամակարգի ներդրումը բանակում եւ կապը զինծառայողների ընտանիքների հետ: Կարեւոր է նաեւ բանակ-հասարակություն կապը առավել գործառնական դարձնելը: Զանազան հանդիպումները, երկխոսությունները փոխում են զինծառայողների աշխարհայացքը, նրան դարձնում են ավելի պատասխանատու: Ես կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որ ծառայության ընթացքում զինվորը հնարավորինս չկտրվի հասարակական կյանքից: Զինվորը պատմություն ու ավանդույթ է կերտում, եւ այդ պատմությունը իր ժողովրդի պատմության կարեւոր բաղադրիչն է: Պետք է ավելացնել, որ դրսից բանակ են գալիս նաեւ այնպիսի բարձր արժեքներ, ինչպիսիք են հայ հասարակ մարդու հայրենասիրությունը, նվիրումը իր երկրին: Ես կարծում եմ, որ այսօր դպրոցը լավ դաստիարակություն է տալիս երեխային, առհասարակ հայ ընտանիքներում հայրենիքի հանդեպ սերը, տղամարդկային արժանապատվությունը գերակա արժեքներ են եւ փոխանցվում են երեխաներին: Ապացույցը ապրիլյան պատերազմին մեր զինվորների սխրանքն էր:

-Ծնող, հասարակություն, դպրոց, բանակ օղակում ո՞ւմ դերն եք առավել կարեւորում:

-Բոլոր օղակներն էլ կարեւոր են, մեկի թերացումը կարող է կասկածի տակ դնել մյուսի արդյունավետությունը, բայց, ըստ իս, ամենակարեւորը ընտանիքն է: Ծնողների դերը, մոր ու հոր կերպարները, նրանց դաստիարակությունը:

-Նույնը կարելի՞ է ասել նաեւ սպայի մասին:

-Իհարկե: Այստեղ գումարվում է նաեւ ռազմական բուհի դաստիարակությունը, այն արժեքները, որոնցով սպան տոգորվում է մասնագիտական կրթության ընթացքում: Հիշեցի Վազգեն Սարգսյանի օրոք շրջանառվող հայտնի կարգախոսը. «Հրամանատա՛ր, Աստված պահպանի քո զավակին այնպես, ինչպես դու ես պահպանում իմ զավակին»:

-Պարոն գնդապետ, երբ միջանձնային հարաբերությունների ոլորտում թերություններ են նկատվում, պատասխանատվության «թիրախում» առաջին հերթին հայտնվում են ԱՀՏԱ սպաները:

-Այո՛, կարգապահական խախտումների ու միջանձնային հարաբերությունների ոլորտում նկատվող թերությունների համար ԱՀՏԱ սպաները մեծ պատասխանատվություն են կրում: Բայց, միեւնույն ժամանակ, բոլորս ենք պատասխանատու զորքերում կարգապահության ամրապնդման համար: Կարգապահությունը բանակի մարտունակության առաջին գրավականն է, ուստի բոլոր սպաները պարտավոր են հայր, ուսուցիչ, ավագ ընկեր լինել զինվորների համար:

Ասել, որ բոլոր սպաներն են օժտված մանկավարժ-հոգեբանի հատկություններով, չափազանցություն կլինի, բայց մենք աշխատում ենք վարվեցողության, հարաբերությունների մշակույթ ձեւավորելու ուղղությամբ: ԱՀՏԱ գծով սպաների ընտրության ժամանակ շեշտադրվում է վերջինիս բարոյական կերպարը, մարդու հետ շփվելու, վստահելի լինելու կարողությունը, տակտը: Պետք է նշել, որ սպայական երիտասարդ սերունդը բարձր նկարագիր ունի, կայուն աշխարհայացք, ազգային մտածողություն, զարգացած է, համարձակ, հայրենասեր: Ու սա ինձ լավատեսություն է ներշնչում:

-Իսկ ի՞նչն է մտահոգում:

-Անտարբերությունը:

-Ո՞րն է Ձեր բնավորության ամենավառ գիծը:

-Ես մարդ եմ, որն ուզում է օգնել ուրիշ մարդու: Առանց հավակնությունների: Ինձ համար ամենաթանկը իմ խղճի գնահատականն է:

-Կուզենա՞ք, որ Ձեր երկու որդիներն ընտրեն Ձեր` հայոց բանակի սպայի ճանապարհը:

-Միայն՝ թող ինձնից ավելի լավը լինեն:

-Իսկ Դուք, եթե նորից սկսելու հնարավորություն ունենայիք, նույն ճանապարհը կընտրեի՞ք…

-Այո՛, սա սոսկ ճանապարհ չէ: Սա ծանր, բայց եւ` ամենապատվավոր խաչն է, որ կրում է հայոց բանակի սպան:

 

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

1-ին ԶՄ լրատվական ծառայություն

Խորագիր՝ #45 (1216) 15.11.2017 - 21.11.2017, Ազգային բանակ


16/11/2017