Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»՝ ՇԱՐԺԱՌԻԹ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»՝ ՇԱՐԺԱՌԻԹ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԶրույց Երեւանի Հյուսիսային համալսարանի ռեկտոր ԲՈՐԻՍ ՄԱԿԻՉՅԱՆԻ հետ

 -Պարոն Մակիչյան, ժամեր առաջ ավարտվեց Երեւանի Հյուսիսային համալսարանի կազմակերպած «Ազգ-բանակ» հայեցակարգի համատեքստում «Բուհ-բանակ համագործակցության գերակայությունը» վերտառությամբ միջազգային գիտաժողովը, որը տեւել է երկու օր եւ ունեցել է բավականին հագեցած ծրագիր: Ո՞րն էր գիտաժողովի նպատակը, եւ ինչպիսի՞ արդյունք ունեցավ այն:

-Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հեղինակած «Ազգ-բանակ» հայեցակարգում ամենահենքային դերակատարումը վերապահված է ուսանող երիտասարդությանը, որովհետեւ նրանք են վաղվա Հայաստանի հասարակության սերուցքը, նրանք են պաշտպանելու հայրենիքը, նրանք են զարգացնելու գիտությունը, նրանք են կառուցելու երկիրը: Փխրուն զինադադարը ամեն պահի կարող է ավարտվել պատերազմով, ու անհրաժեշտ է, որ Հայաստանում յուրաքանչյուր բուհ մշակի «Ազգ-բանակ» հայեցակարգից բխող գաղափարական եւ կիրառական ծրագիր, որի գերակա ուղղությունը ազգային ինքնագիտակցությամբ տոգորված, հայրենիքի սահմանները պաշտպանելու պատրաստ, պետական մտածողություն ունեցող, ակտիվ, ազգային-բարոյական արժեհամակարգի կրող երիտասարդություն դաստիարակելն է: Այսօր պետք է դնել վաղվա Հայաստանի հիմքերը երիտասարդության գաղափարական ու բարոյական դաստիարակության միջոցով: Գիտաժողովին մասնակցում էին ոչ միայն Հայաստանի շահագրգիռ կազմակերպությունների ու ատյանների ներկայացուցիչները, այլեւ արտասահմանյան հեղինակավոր բուհերից ժամանած հյուրեր, եւ բոլորն էլ եկել էին իրենց գաղափարները, փորձը մեկտեղելու` հանուն ոգեղեն երիտասարդություն դաստիարակելու նպատակի, հանուն զարգացած ու պաշտպանված Հայաստանի: Գիտաժողովին մասնակցում էին նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, ՀՀ ՊՆ ռազմական կրթության զարգացման կենտրոնի պետ, գնդապետ Արմեն Մկրտչյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը: Քննարկումը համակողմանի էր ու բազմաբովանդակ: Փորձեցինք առավել շոշափելի դարձնել «Ազգ-բանակ» հայեցակարգի զարգացման միտումները, տեսնել այն ուղենիշները, որոնք մեր կրթության համակարգը կդարձնեն երկրի պաշտպանության հուսալի երաշխիք, պարզաբանել Հայաստանի կրթական համակարգի հիմնախնդիրների եւ բանակաշինության առնչությունները, բարձրագույն կրթության հրամայականները երրորդ սերնդի պատերազմների դարաշրջանում, հասկանալ «Ազգ-բանակ» հայեցակարգի սոցիալ-տնտեսական արմատները եւ այդ առումով` համազգային բանակի ձևավորման արտերկրյա փորձը և այլն:

Զեկույցները նվիրված էին նաեւ Ազգային բանակ-բուհ համագործակցության զարգացման հնարավորություններին, միգրացիոն խոշոր գործընթացների դարում տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ռուսական կրթամշակութային փոխհարաբերությունների ամրապնդմանը: Երեւանի Հյուսիսային համալսարանի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Սուրեն Սարգսյանի ելույթը անդրադարձ էր բանակ երեւույթին հայոց դարավոր պատմության համատեքստում: Այս բոլորը համադրելով՝ մենք կազմելու ենք «Ազգ-բանակ» հայեցակարգից բխող՝ բուհերի գաղափարախոսության ու դրա կիրառման ծրագիրը: Որպեսզի աշխատանքը լինի հիմնավորված եւ ոչ տարերային:

-Դուք հավատարմագրված մասնավոր համալսարանների ռեկտորների խորհրդի նախագահն եք, եւ այս տարվա մայիսին հրավիրել էիք համաժողով` «Ազգ-բանակ» գաղափարի համատեքստում բուհերում ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով, որի ընթացքում որոշվեց հավատարմագրված մասնավոր բուհերում հիմնել ռազմագիտության ամբիոններ եւ դասավանդել ռազմագիտություն առարկան:

-Այո՛, 2018թ. սեպտեմբերից՝ հավատարմագրված մասնավոր բուհերում ե՛ւ աղջիկ, ե՛ւ տղա ուսանողներին դասավանդելու ենք ռազմագիտություն առարկան` շեշտադրելով երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը եւ զինպատրաստության որակը: Այս նախաձեռնությունը լրացուցիչ խթան կդառնա ազգի պաշտպանության ու բանակի գաղափարը երիտասարդ սերնդի գիտակցության մեջ ամրապնդելու համար:

-Այս պահին, երբ մենք զրուցում ենք, պետական բուհերի, մասնավորապես՝ Մայր բուհի մի խումբ ուսանողներ հավաքվել են Ազգային ժողովի մոտ եւ պահանջում են պարտադիր զինվորական ծառայությունից ուսման նպատակով տարկետման իրավունքի վերականգնում:

-Ես՝ որպես Հայաստանի քաղաքացի, որպես մտավորական, որպես բուհի ռեկտոր, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ «Պատիվ ունեմ» նախագծի համար: Պարզապես հիացած եմ այդ ծրագրի բոլոր դրույթներով. որքան մտածված է, ընդգրկուն ու կուռ: Այն մոտիվացնում, իմաստավորում է տարկետման իրավունքը, հնարավորություն տալով տարկետման իրավունքի արժանացած ուսանողին հասկանալ, որ ինքը՝ որպես բուհավարտ, առավելություն ունի տարկետում չստացած ուսանողի հանդեպ եւ պիտի բանակում ղեկավարի նրան՝ ծառայի որպես սպա: Պիտի գիտակցի արտոնության նպատակը, իմաստը: Պիտի հասկանա, թե ինչու է տարկետման արտոնություն տալուց հետո պետությունը վճարում իր ուսման վարձը: Ծրագիրը եւս մի կարեւոր խնդիր է լուծում. վերացնում է չտրամաբանված ու անարդար տարբերակումը պետական եւ հավատարմագրված բուհերի միջեւ: Հավատարմագրված մասնավոր բուհը իր շրջանավարտին տալիս է պետական դիպլոմ, բայց նախկինում տարկետման իրավունքից օգտվում էին միայն պետական բուհերը: 2015 թվականին նույնիսկ երկրում գործող արտասահմանյան բուհերին էին հատկացրել տարկետման 150 տեղ: Մինչդեռ, գաղտնիք չէ, որ արտասահմանյան բուհերի ուսանողների մեծ մասը բանակի համար կորած ռեսուրս է, որովհտեւ ուսումը շարունակում է արտերկրում: Հետո տեղում աշխատանք է գտնում:

-Ես մտածում եմ, որ միայն պետական բուհերին են տարկետման իրավունք տրվել, քանի որ պետական բուհերը ավելի բարձր կրթական մակարդակ ունեն:

-Ո՞վ է որոշել, թե որ բուհը ինչպիսի մակարդակ ունի: Ոչ մի պետական բուհ մինչեւ 2015 թվականը հավատարմագրում չէր անցել, մինչդեռ, ըստ կրթության մասին օրենքի` պետական բուհերի հավատարմագրումը պարտադիր է բոլոր մասնագիտությունների գծով: Իսկ մասնավոր բուհերը հետեւել եւ հետեւում են օրենքի տառին: Մասնավոր բուհերը, ըստ օրենքի, պետական դիպլոմ տալու համար կարող են հավատարմագրել մասնագիտությունների 75 տոկոսը, բայց մենք ոչ միայն սրբորեն կատարում ենք օրենքը, այլեւ երբեմն անում ենք պահանջվածից ավելին: Օրինակ՝ «Մովսես Խորենացի» համալսարանը 75 տոկոսի փոխարեն հավատարմագրեց մասնագիտությունների 100 տոկոսը: Մեր բուհի շրջանավարտները հաջողությամբ զբաղվում են գիտությամբ, պետական պաշտոնյաներ են դառնում: Նրանք պահանջված մասնագետներ են աշխատաշուկայում:

-Համացանցում մի նկար եմ տեսել. Դուք զինվորական համազգեստով եք, զինվորների հետ:

-Ես հաճախ եմ լինում զորամասերում, ծանոթանում եմ իմ ուսանողների եւ առհասարակ բոլոր զինվորների ծառայողական պայմաններին, զրուցում եմ նրանց հետ, ծանոթացնում եմ մեր բուհի առավելություններին, հորդորում եմ, որ զինծառայությունն ավարտելուց հետո կրթություն ստանան: Ես սիրում եմ շփվել զինվորների հետ, ինքս շատ լավ զինվոր եմ եղել:

-Ձեր ուսանողների քանի՞ տոկոսն է բանակից հետո վերադառնում բուհ ու շարունակում ուսումը:

-Հիմա չեմ կարող որեւէ թիվ ասել, որովհետեւ չեմ հաշվել: Բայց մի բան հաստատ է` լավ սովորող ուսանողները վերադառնում են, բանակը մարդուն ավելի գործնական ու իրատես է դարձնում: Եթե մարդը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է բուհ, որ հետ չմնա իր ընկերներից կամ պարապ չնստի տանը, բանակից հետո դառնում է ավելի լրջախոհ ու գիտակցում է, թե ինչ է իրեն պետք կյանքում իր տեղը գտնելու համար, բուհական կրթությո՞ւն, թե՞ որեւէ արհեստ: Սա ես դրական միտում եմ համարում: Ու չեմ նեղսրտում, երբ ուսանողը բանակից հետո չի վերադառնում ուսումը շարունակելու մեր բուհում, իսկ վերադարձողների համար ուսման վարձի որոշակի զեղչեր ենք սահմանել: Ես վստահ եմ, որ մեր բուհի ուսանողները մեծ ուրախությամբ կօգտվեն առաջին անգամ իրենց շնորհված տարկետման իրավունքից եւ պատվով կկրեն Ազգային բանակի սպայի համազգեստը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #46 (1217) 22.11.2017 - 28.11.2017, Ազգային բանակ


23/11/2017