Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԱՔՍ-2011»-Ը ԱՎԱՐՏԵՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ



«ՄԱՔՍ-2011» ավիացուցահանդեսն ավարտեց իր աշխատանքը: Վեց օրվա ընթացքում այցելուները դիտել են ավելի քան 240 միավոր տեխնիկա, որից 90-ը մասնակցել է ցուցադրական թռիչքների ծրագրին: Թռիչքները եզրափակվել են ՄԻԳ-29 կործանիչի ելույթով:

Ցուցահանդեսի ընթացքում կնքվել է ավելի քան 10 միլիարդ դոլարի պայմանագիր, ավելի շատ, քան նախորդ ավիացուցահանդեսներում: Հետագա ճշգրտումներից հետո հնարավոր է այդ թիվը մեծանա:

Ներկայացվել են ռուսական և միջազգային ավիաշինության նորագույն մշակումները: Օդ են բարձրացել Sukhoi Superjet 100, Airbus A380, Boeing Dreamliner քաղաքացիական օդանավերը: Սակայն գլխավոր նորությունը դեռևս մշակման փուլում գտնվող ռուսական Т-50 հինգերորդ սերնդի կործանիչի ցուցադրությունն էր:

Ինքնաթիռի թռիչքային նախատիպը սավառնորդային հնարքներ է կատարել, իսկ արտադրողները որոշ տեխնիկական մանրամասներ են գաղտնազերծել:

Հայտնի է դարձել, որ նոր ինքնաթիռում կմիատեղվեն հարվածային ինքնաթիռի և կործանիչի հատկությունները: Կտեղադրվի միանգամայն նոր ավիացիոն համակարգ` «էլեկտրոնային օդաչուի» մոդելով: Այն ենթադրում է տեղորոշման, ղեկավարման, տեխնիկական տարբեր խնդիրների լուծում, ինչը օդաչուին թույլ կտա կենտրոնանալ մարտական առաջադրանքի կատարման վրա:

Նոր սարքավորումները թույլ կտան իրական ժամանակային պայմաններում տեղեկատվություն փոխանակել ինչպես վերգետնյա ղեկավարման կենտրոնների, այնպես էլ օդում գտնվող ավիացիոն խմբերի հետ:

Բաղադրյալ նյութերի, նորարարական տեխնոլոգիաների, այլ լրացուցիչ միջոցառումների կիրառումը ինքնաթիռի ռադիոտեղորոշումային, օպտիկական, ինֆրակարմիր ճանապարհով հայտնաբերման աննախադեպ ցածր աստիճան է ապահովել` օրվա ցանկացած ժամին երաշխավորելով մարտական բարձր արդյունավետություն:

Т-50-ը գերձայնային արագությամբ թռչելիս կարող է կրակել ներքին խցիկներում պահված հրթիռներով: Համեմատության համար նշենք, որ ամերիկյան F-22 Raptor հինգերորդ սերնդի կործանիչը հրթիռներ արձակելու համար պետք է նվազեցնի արագությունը մինչև ձայնի արագություն:

Ցուցահանդեսի ընթացքում մի քանի ինքնաթիռների, այդ թվում Т-50-ի խափանում տեղի ունեցավ: Օգոստոսի 21-ին վերթիռի պատրաստվող նոր կործանիչը կտրուկ արգելակել է, ՌԴ հերոս, փորձարկող-օդաչու Սերգեյ Բոգդանին հաջողվել է ինքնաթիռը կանգնեցնել թռիչքուղու սահմաններում:

Նախնական տվյալներով անսարքությունը գրանցվել է շարժիչի սխալ աշխատանքի հետևանքով: Հետագայում ինքնաթիռների վրա տեղադրվելու են ավելի հզոր և արդյունավետ շարժիչներ, պատասխանատուները վստահեցրել են, որ կուսումնասիրեն տեխնիկական խնդիրների պատճառները և հետագայում դրանք չեն կրկնվի:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


22/08/2011