ԶԻՆՎՈՐԻ ԲԺԻՇԿԸ
Ես չեմ հանդիպել թեկուզ մեկ մարդու, ով կասեր, թե ինքը մանկության հեքիաթ չունի: Իսկ ես հարցրել եմ հազարավոր մարդկանց: Ես հավաքել եմ հազարավոր հեքիաթներ, որ բաժանեմ մեծերին` իբրեւ մի գրկաչափ կարոտ, բարություն, սեր ու երջանկություն: Ինձ դուր է գալիս մտածել, որ իմ բաժանած հեքիաթներից մի մասնիկ կա երթուղային ավտոբուսում իր տեղը ձյունազարդ պապիկին զիջող տղայի տաք ժպիտի մեջ, եւ այն արցունքի, որ ծնվում է ուրիշի ցավից: Եվ հոգ չէ, որ ոմանք կասեն, թե ես անուղղելի լավատես եմ…
…Արմենակն ուզում էր բժիշկ դառնալ, որ բուժեր ավագ եղբորը: Սա նրա մանկության հեքիաթն է: Նման չէ՞ հեքիաթի: Սա հենց հեքիաթ է, երբ փոքրիկ տղան օր ու գիշեր երազում է շուտ մեծանալ, որ բուժի եղբորը, ու եղբայրը քայլի բոլորի նման: Վազի, պարի, ծիծաղի… Ու չի հուսահատվում, երբ Ձմեռ պապիկին իր գրած նամակները մնում են անպատասխան: Երբ նա սրսկիչի ու հրաշագործ դեղերի փոխարեն ավտոմատ կամ մեքենա է դնում տոնածառի տակ Ամանորի գիշերը:
…Արագած անունով այս լեռնային գյուղում ձյունը գալիս էր միանգամից ու առատ: Օրերով թափվում էր ու թափվում: Եվ շենը թաղվում էր ձյան հաստ շերտի տակ: Ասես մի մեծ բժշկական խալաթ փռած լինեին գյուղի վրա: Երբ Արմենակը՝ փոքրիկ տղա, ձյան ծածկոցը համեմատեց սպիտակ խալաթի հետ, բոլորը ծիծաղեցին, իսկ մայրն ասաց.
-Ի՞նչ տարօրինակ համեմատություններ ես անում:
Այդ տարին գարունը սովորականից շուտ եկավ: Արեւն շտապել էր, արագ հալչել էր ձյունը, ու բլուրները հանկարծ կանաչեցին: Հետո կանաչի միջից գույներ երեւացին` դեղին, կարմիր, կապույտ: Ու հենց էդ ժամանակ էր, որ հորաքրոջ տղան տուն եկավ բանակից: Նրա համազգեստը հրաշք էր: Արմենակը պտտվում էր եղբոր շուրջը, հարցեր էր տալիս: Ուրեմն` բանակում իսկական տանկեր կան, ուղղաթիռներ, ավտոմատներ… Ու բոլորը էս համազգեստից են հագնում: Առաջին անգամ «հանեց» բժշկական սպիտակ խալաթը ու իրեն պատկերացրեց զինվորական կանաչ համազգեստով: Հետո հանցանք գործածի նման վախով նայեց հիվանդ եղբորն ու անմիջապես «մի կողմ դրեց» կանաչ հրճվանքը…
Արմենակը չի հիշում, թե առաջին անգամ ո՞վ հուշեց մանկության սպիտակ ու կանաչ երազանքները համատեղելու՝ զինվորական բժիշկ դառնալու միտքը: Այդքան նվիրական ցանկության հետեւից գնալը պիտի որ հեշտ լիներ: Ավարտեց ռազմաբժշկական ֆակուլտետը, ինտերնատուրան: Վերջնականապես համոզվեց, որ բանակային կյանքը` ռեժիմը, կարգուկանոնը, ճշտապահությունը, զինվորական բժշկի մասնագիտությունը իրենն են:
-Երբեք չեմ մոռանա, թե ինչպես առաջին անգամ մասնակցեցի վիրահատության: Ճողվածքի վիրահատություն էր: Լարվածությունը, հաճույքը խառնվել էին իրար:
…Հաճույքը: Ես փորձում եմ պատկերացնել ճողվածքի վիրահատությունը՝ արյուն, նշտարներ, սրսկիչներ ու… ոչ մի կերպ հաճույք բառը չեմ կարողանում տեղավորել ապրումներիս շրջանակում: Իսկ տղան ժպտում է ներողամիտ: Երբեմն ինքս ինձ մեղադրում եմ ակնարկներիս հերոսների արտաքինին ուշադրություն դարձնելու, առավել եւս` այդ մասին գրելու համար: Ի՞նչ կփոխվեր, եթե Արմենակը լիներ ցածրահասակ, թուխ ու կոպիտ դիմագծերով տղա: Ոչինչ չէր փոխվի: Բայց, այդուամենայնիվ, ես չեմ կարող չասել, որ նա բարձրահասակ է, թիկնեղ, սլացիկ, կապույտ աչքեր ունի, համաչափ դիմագծեր ու շատ գեղեցիկ զինվորական բժիշկ է:
-Եթե եղբորս հարցնեիք, թե ո՞րն է երջանկությունը, նա կպատասխաներ` այնքան առողջ լինել, ֆիզիկապես այնքան ամուր, որ քեզ զինվորական համազգեստ կրելու պատիվ շնորհեն, զենք տան ձեռքդ ու թողնեն` կանգնես հայրենիքիդ սահմանին` երկրիդ ու ժողովրդիդ պաշտպանելու: Կասեր` երջանկությունն այն է, երբ դու ես պաշտպանում ուրիշին, ոչ թե ինքդ պաշտպանության կարիք ունես:
…Հիմա լեռները գույնզգույն են, շիկակարմիր ծառերը շուտով կմերկանան, հետո ձյունը կծածկի ամեն ինչ: Սպիտակ խալաթի նման…. կհիշի ու կժպտա Արմենակը զինվորական ճտքավոր կոշիկներով դեպի դիրքեր ճանապարհի առաջին ձյան ծանրությունը ճեղքելիս: Ու տաք, լուսավոր, զինվորների զրնգուն ծիծաղով լի գետնատնակի մտապատկերը նրան կստիպի չնկատել հակառակորդի` մերթընդմերթ հնչող կրակահերթերը:
-Դժվա՞ր է,- հարցնում եմ:
-Մի անգամ զինվորս վիրավորվել էր: Որպեսզի ժամանակ չկորցնեինք, ես զորամասից արագ գնում էի դիրքեր, իսկ վիրավորին ընդառաջ էին բերում ինձ: Շատ արյուն էր կորցրել` մոտ երկու լիտր, բայց դեռ չէր ուշաթափվել: Երբ ինձ տեսավ, ժպտաց: Ասաց` «Բժի՛շկ, եկա՞ք: Հիմա հաստատ չեմ մեռնի»: Այս վստահության համար ինչ դժվարություն ասես չես հաղթահարի:
Ավագ լեյտենանտ Արմենակ Արմենակյանը մեծ երազանքներ ունի: Բժշկությունը կարող է հրաշքներ գործել` ասում է 27-ամյա բժիշկն, ու աչքերը փայլում են:
-Հատկապես նեյրովիրաբուժությունը սկսել է զարգանալ մեծ թափով, ու հազարավոր հիվանդներ, որոնք դատապարտված էին մահվան, կարող են փրկվել:
Ես հավատում եմ, որ նա մեծ նեյրովիրաբույժ կդառնա: Եվ ոչ այն պատճառով, որ ծանոթ եմ նրա մտավոր ունակություններին, բնատուր ձիրքին կամ աշխատասիրությանը: Պարզապես ես տեսնում եմ հիվանդի ցավը ամոքելու՝ զինվորական բժշկի անսահման ցանկությունը:
-Զինվորն իմ կրտսեր եղբայրն է, յուրաքանչյուր զինվոր,- ասում է Արմենակը առանց պաթոսի: – Ես զինվորի հրամանատարը չեմ, նրա ղեկավարը չեմ, ես նրա բժիշկն եմ: Զինվորի բժիշկը:
…Ես սիրում եմ երազել: Փակում եմ աչքերս ու նկարում եմ: Առանց վրձնի, առանց ներկերի, բայց աներեւակայելի գունեղ ու հրաշալի: Ես փակում եմ աչքերս ու… տեսնում ապագա մեծ նեյրովիրաբույժին, որը անհավանական բարդ ու նուրբ վիրահատություններ է անում: Նույնիսկ վիրահատության ժամանակ նա զինվորական համազգեստով է իմ մտապատկերում: Ու որքան էլ ասում է` ի՞նչ ամուսնանալ, էս սարերում ո՞նց ամուսնանամ, փակ աչքերով ես պարզ տեսնում եմ, որ նրան տանն սպասում են գեղեցկուհի կինը ու շատ բալիկներ:
-Վառ երեւակայություն ունեք,- ծիծաղում է Արմենակը:
-Ես հեքիաթ բաժանող եմ ,- պատասխանում եմ դեմքիս լուրջ արտահայտություն տված: Արմենակը կկոցում է ժպտուն աչքերը ու փորձում է հասկանալ, թե ինչ եմ ասում:
….Ես չեմ հարցնում երիտասարդ զինվորական բժշկին, թե արդյոք կարողացա՞վ բուժել հիվանդ եղբորը, կարողացա՞վ իրագործել զենք բռնելու ու հայրենիքը պաշտպանելու նրա երազանքը: Չեմ հարցնում: Ես իրավունք ունեմ իմ այս պատմությունն ավարտելու այնպես, ինչպես ինքս եմ ուզում: Ես իրավունք ունեմ հավատալու ու հավատացնելու, որ բոլոր գեղեցիկ երազանքները իրականանում են մի օր:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #46 (1217) 22.11.2017 - 28.11.2017, Ազգային բանակ