LՐԱԳՐՈՂՆԵՐՆ ՈՒ ՊՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԸ
«Ճամփորդ» հասարակական հիմնադրամը նոյեմբերի 17-19-ը Արցախում նախաձեռնել էր «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն, օնլայն և օֆլայն պատերազմական իրավիճակում» թեմայով սեմինար: Փոխգործակցության շրջանակում Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարությունների համատեղ կազմակերպած դասընթացների ժամանակ հայ եւ միջազգային փորձագետները լրագրողներին ներկայացրին ռազմական լրագրության իրենց փորձը:
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ պաշտպանության բանակում վերջերս հիմնված տեղեկատվական կենտրոնի գործունեության առանձնահատկություններին եւ ընդգծեց, որ լրագրողների աշխատանքը կազմակերպելու համար թե՛ Ստեփանակերտում, թե՛ առաջնագծում ստեղծվել են բարենպաստ եւ անվտանգ պայմաններ: Տեղեկատվական կենտրոնը, որը գործելու է ՊԲ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ենթակայությամբ, ապահովված է ինտերնետ կապով, համակարգիչներով: Ճգնաժամային իրավիճակներում հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները կկարողանան օգտվել անհրաժեշտ բոլոր սարքավորումներից: Նախատեսվում է մեծացնել կենտրոնի տարածքը. մի հատվածում կգործի մամուլի ասուլիսների, մյուսում՝ լրագրողների համար նախատեսված սրահ: Կընդլայնվեն նաեւ ֆունկցիոնալ կարողությունները՝ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում պատերազմական իրավիճակում կենտրոնը կապահովվի արբանյակային կապով. «Ապրիլյան մարտագործողությունների ժամանակ ինտերնետի անջատման խնդիր չենք ունեցել: Այժմ փորձում ենք այլընտրանքային միջոցներով լուծել ինտերնետի հասնելիության հարցը ճգնաժամային իրավիճակներում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Դասընթացին մասնակից լրագրողները ՊՆ ներկայացուցիչների հետ քննարկեցին «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը, օրենսդրական փոփոխությունները: ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ տարկետման իրավունքի սահմանափակմանը: Նա նշեց, որ կառավարության 2000 թ. որոշմամբ մի շարք ուսումնական հաստատություններ՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանը, Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցը, Մխիթարյան միաբանության ճեմարանը, ինչպես նաեւ Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջներն օգտվում էին տարկետման իրավունքից: Ինչպես նշեց վարչության պետը՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ուժի մեջ մտնելուն պես կառավարության որոշումը ուժը կորցրած է ճանաչվելու: Վերոնշյալ հաստատություններ ընդունված երիտասարդներին նոր ուսումնական տարվանից այլեւս տարկետման իրավունք չի տրամադրվելու: «Գործող օրենքում կառավարության որոշումով տարկետում նախատեսվում է բացառապես գիտության, կրթության, մշակույթի, արվեստի եւ սպորտի բնագավառներում նշանակալի հաջողություններ ունեցող անձանց համար»,-նշեց Ս. Սիմոնյանը:
Շուտով կմեկնարկի ձմեռային զորակոչը, եւ եթե զինակոչիկը որոշի օգտվել ՀՀ ՊՆ առաջարկած «Ես եմ» ծրագրից, ապա նա չի ընտրի ծառայության վայրը վիճակահանության սկզբունքով: «Ես եմ» ծրագիրը նախընտրած զինակոչիկներից կձեւավորվի ստորաբաժանում, որը ծառայության կմեկնի ՊՆ կողմից նախանշված վայր: Սասուն Սիմոնյանն ընդգծեց՝ «Ես եմ» ծրագրով ծառայությունը կտեւի 3 տարի. «Յուրաքանչյուր ամսվա երկու շաբաթը զինվորն ընդգրկվելու է մարտական հերթապահությունում, մեկ շաբաթ անցկացնելու է զորամասում, մեկ շաբաթն էլ՝ տանը: Այսինքն՝ զինծառայողը մոտ 8 ամիս լինելու է տանը: Եթե նա ինչ-ինչ պատճառներով հրաժարվի ծրագրից, սակայն նրա ծառայած օրերի համագումարը գերազանցի երկու տարին, ապա կարձակվի ծառայությունից: Իսկ եթե ոչ` կշարունակի զինվորական ծառայությունն առանց «Ես եմ»-ով նախատեսված պայմանների»,- ասաց իրավաբանական վարչության պետը: Այս ծրագրով զորակոչված զինվորը հնգամսյա պատրաստություն անցնելուց հետո օգտվելու է առաջին հասանելիք արձակուրդից, իսկ վեցերորդ ամսից սկսած՝ ստանալու է 35 հազար դրամ աշխատավարձ սովորական զինծառայողին տրվող 3500 դրամի փոխարեն: Ծառայության ավարտին զինծառայողին տրամադրվելու է 5 միլիոն դրամ եւ հնարավորություն օգտագործելու այն երեք նպատակային ծրագրերում՝ կրթություն, բիզնես, բնակարանի ձեռքբերում:
ՀՀ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետի տեղակալ Նորայր Սմբատյանն էլ տեղեկացրեց, որ «Պատիվ ունեմ» ծրագրի համար պաշտպանության նախարարությունը նախատեսում է 300-400 տեղ հատկացնել քաղաքացիական բուհերում սովորող երիտասարդներին. «Նրանք 2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ` յուրաքանչյուր շաբաթ օր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցելու են զինվորական պատրաստության դասընթացի: Ստանալով բակալավրի աստիճան եւ միաժամանակ լեյտենանտի սպայական կոչում` երեք տարի ժամկետով ծառայության են անցնելու զինված ուժերում: Ծառայությունը կազմակերպվելու է հաշվի առնելով քաղաքացիական մասնագիտությունը, բայց միմիայն առաջնագծի զորամասերում»,- ընդգծեց Ն. Սմբատյանը:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #46 (1217) 22.11.2017 - 28.11.2017, Բանակ և հասարակություն