Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ



ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆՕրերս Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում դասասենյակի անվանակոչության արարողություն էր:

Այն անվանվեց Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Սեյրան Ալբերտի Քարամյանի (Փոքր Սոս) անունով:

Դասարանը ձևավորված էր հայրենասիրական շնչով ու ոգով: Զոհված ազատամարտիկի  լուսանկարի շուրջ  ծաղիկներ և վառվող մոմեր էին:

Առանձին ցուցափեղկում ներկայացված էին Սեյրան Քարամյանի կյանքն ու պատերազմական գործունեությունն ամփոփող  թանկ մասունքներ, ռազմի դաշտից  անձնական իրեր, լուսանկարներ, նրա զինվորական վերնաշապիկը:

Անվանակոչութան արարողությանը մասնակցում էին  1-ին ԶՄ ավագ սպա, իրավաբան, մայոր Տաճատ Էմինին, Գորիսի տարածքային զինկոմի ժամանակավոր պաշտոնակատար, մայոր Արմեն Հարությունյանը, Գորիսի  ԵԿՄ տարածքային բաժանմունքի ներկայացուցիչներ, նախկին կամավորական-ազատամարտիկներ, հյուրեր:

Արարողությանը ներկա էին զոհվածի մայրը՝ Անժելա Քարամյանը, քույրերն ու եղբայրը, նրանց զավակները:

Զոհված ազատամարտիկի հիշատակին կազմակերպված համերգ-ցերեկույթին դպրոցականների կատարմամբ հնչեցին հայրենասիրական երգեր ու պարեր, ցուցադրվեցին մարտական վարժանքներ:

Ներկայացվեցին  ազատամարտիկի կյանքն ու մարտական սխրագործությունները, անցած մարտական ուղին:

Սեյրան Քարամյանի հիշատակին սրտաբուխ խոսք ասաց նրա զինակից ընկերը՝ դպրոցի զինղեկ, մայոր Սամվել Առուստամյանը:

Նա նշեց, որ Փոքր Սոսի երակներով իսկական քաջ ֆիդայու արյուն էր հոսում, ազնիվ էր, օժտված բարոյական բարձր հատկանիշներով, նվիրված էր ընկերներին, սիրում էր հայրենիքն ու մտահոգ էր նրա ճակատագրով, մարտի դաշտում անվախ էր և անվեհեր:

ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆՆերկաների խնդրանքով զոհված որդու մասին  հուզիչ խոսք ասաց Սեյրան Քարամյանի մայրը՝ պատմելով հուշեր նրա հայրենասիրության, քաջասրտության մասին:

Դպրոցի տնօրեն Արմինե Շեգունցը շնորհակալություն հայտնեց զոհվածի մորը՝ լավ մարդ և հայրենասեր զավակ ծնելու և դաստիարակելու համար:

Նա նշեց, որ այսպիսի միջոցառումները հիանալի դաս և օրինակ են՝ նոր սերնդին հայրենասիրության ոգով դաստիարակելու, կյանքը հայրենիքին զոհաբերած հերոսներին ընդմիշտ հիշելու, նրանց հիշատակը հավերժացնելու համար:

Միջոցառման ավարտին ԵԿՄ վարչության նախագահի անունից  հետմահու պատվոգրեր և հուշամեդալներ հանձնվեցին Սեյրան Քարամյանին:

Սեյրան Քարամյանի անվան դասասենյակի կարմիր ժապավենը կտրելու պատվավոր առաքելությունը հանձնվեց զոհվածի մորը՝ Անժելա Քարամյանին:

1-ին ԶՄ թղթակցական կետ

Խորագիր՝ Բանակ և հասարակություն


29/11/2017