ՀՈԳԱՏԱՐ ԲՈՒԺԱԿԸ
Գնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասի բուժակ, կրտսեր սերժանտ Էլմիրա Սարգսյանը օրվա հիմնական մասը զորամասում է` զինվորների հետ: Իր ամենամեծ ձեռքբերումը համարում է զինվորների առողջությունը:
-Զինվոր որդի ունեմ, որը կանգնած է սահմանին և հայրենիք է պաշտպանում: Ինձ համար հպարտությունը որդուս և մյուս զինվորների ծառայությունն է, ոչ թե այն, որ ես զինվորին բուժօգնություն եմ ցուցաբերում: Ինչ վերաբերում է ծառայությանը, ասեմ, որ բուժկետ այցելող ցանկացած զինվոր գիտի՝ Էլմիրան սիրում է զինվորին առողջ ու կոկիկ տեսնել. կապ չունի, որ ես չեմ նրանց մայրը, բայց իմ տղերքն են:
Ժպտում է, խոր հոգոց է քաշում, ապա շարունակում իր պատմությունը…
-Ծառայությունը սիրում եմ: Մի տեսակ ինձ լավ եմ զգում: Հատկապես հիմա, երբ ծառայության եմ գալիս, ինձ թվում է՝ տղայիս ավելի մոտ եմ: Ես զինվորներին ամենամոտ մարդկանցից եմ:
Զորամասում միշտ ձգված եմ, ավելի աչալուրջ ու պարտավորված. զինվորի հետ գործ ունեմ…
Դժվարություններն ինձ էլ են կոփել: Կանացիությունս երբեմն կորցնում եմ: Շատ հաճախ դառնում եմ շարքում կանգնած զինվոր: Պետք եղած ժամանակ զենք էլ եմ վերցնում՝ ոգևորում եմ տղերքին:
…Հիշում եմ ապրիլյան դեպքերը: Անհանգստություն, լարվածություն, վախ: Սիրտս կրծքավանդակիցս դուրս էր գալիս: Ավագ որդիս՝ Դավիթս, ապրիլի երկուսին արդեն առաջնագծում էր: Հոգեկան վիճակս աննկարագրելի էր:
Բայց այդ օրերին ավելի գիտակցեցինք մեր գործի լրջությունը, զինվորի կարևորությունն ու առհասարակ հայրենիքի անչափելի գինը: Այդ պահին կարևոր չէ` զինվոր ես, բժիշկ, ուսանող, թե գիտնական: Երբ նժարին դրվում է հայրենիք պաշտպանելը՝ դու ավելին ես պատրաստ տալ, քան կարող ես…
Բանակն անդադար սովորեցնում է: Կապ չունի՝ նորակոչիկ ես, թե վաղուց ծառայող սպա: Ինչ խոսք, դժվար է: Շատերը կարող են ասել, որ կնոջ տեղը խոհանոցում է: Այո,՛ ասվածի մեջ ճշմարտություն կա: Բայց կինը կարող է լինել ամենուր, միևնույն ժամանակ՝ տանը: Ես գիտեմ, որ ցանկացած պահի, երբ տանն եմ, կարող են զանգել, կանչել: Եղել են դեպքեր, երբ զինվորն իմ օգնության կարիքն է ունեցել, գիշերն ուշ ժամի հասել եմ՝ առանց մեկ րոպե տրտնջալու: Եկել եմ, օգնություն եմ ցույց տվել: Զինվորի հետ ենք միշտ: Եղել է, որ տուն էլ չեմ գնացել՝ նստել եմ զինվորի մահճակալի մոտ, մինչև վիճակը կարգավորվի: Մենք ենք ընտրել մեր ուղին և պետք է պատվով ծառայենք:
Նորակոչիկների հետ նույնիսկ դասեր ենք անցկացնում: Շատ դեպքերում, դրանք մայրական խրատներ են: Նույնիսկ այնքան են ջերմանում հարաբերությունները, որ զինվորները տուն գնալիս ասում են՝ մենք անպայման կգանք…Եթե նույնիսկ չեն գալիս, գիտեմ՝ հոգու խորքում հիշում են և միայն լավն են հիշում…
Երբ շուրջբոլորդ միայն արական սեռի ներկայացուցիչներ են, իսկ դու միակ կինն ես, ստացվում է այնպես, որ բուժօգնությունից բացի, սկսում ես զինվորին երբեմն մոր, երբեմն քրոջ աչքերով նայել:
Մի օր զորամասի կազմով զորավարժության էինք Իջևանում: Աշուն էր՝ ցուրտ ու անձրևոտ: Բայց այնքան գեղեցիկ, այնքան գույնզգույն էր ամեն ինչ, որ թվում էր՝ դրախտում ենք: Ինչ գույնի տերև ասես կգտնեիր շուրջդ: Թերևս ամենագեղեցիկ աշունն էր, որ տեսել էի մինչ այդ: Իջևանյան բնապատկերը դեռ աչքերիս առաջ է:
Մենք միասին էինք՝ մեր զորամասը, զինվորներս ու ես: Պատկերացրեք, մի քանի օր վրաններում էինք քնում, ուտում: Գեղեցիկ և անմոռանալի պահեր էին: Հերթական պարապմունքներից մեկն էր: Որոշեցի ուրախացնել տղերքին: Գիտեի՝ զինվոր են, հաստատ կարոտած կլինեն տնական որևէ կերակուր: Անցա գործի:
Տղերքը պարապմունքից հոգնած վերադարձան ու տեսան, որ Էլմիրան ճաշ է եփել: Հավաքվեցին իրար գլուխ: Խանդավառված, ոգևորված՝ սկսեցին ուտել: Մեկ էլ լսում եմ, որ զինվորներից մեկն ասում է, թե մամայիս եփածին շատ նման է: Կերան, կշտացան: Գնդի հրամանատարը շարեց գունդը: Զինվորներն էլ ծափահարություններով շնորհակալություն հայտնեցին: Արդյունքում՝ տղերքը գոհ էին, ես՝ երջանիկ…
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ
Խորագիր՝ #47 (1218) 29.11.2017 - 05.12.2017, Ազգային բանակ