ԶԻՆՎԱԾ ՆԱԵՎ ԳԻՏԵԼԻՔՈՎ
Նոյեմբերի 26-ին «Հայ Ասպետ» համաբանակային հեռուստախաղի եզրափակիչ փուլն էր: Եզրափակիչ էին անցել գնդապետներ Սուրեն Մարտիրոսյանի, Գեղամ Գաբրիելյանի եւ Արծվիկ Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասերի զինվորները:
«Հայ ասպետ» մրցախաղն ընթանում է երեք փուլով: Առաջին փուլի (ստուգատես) 44 մասնակից թիմերից ընտրվել են ինը լավագույնները եւ անցել կիսաեզրափակիչ, այնուհետ եզրափակիչ են անցել առավելագույն միավորներ հավաքած երեք թիմերը: Մի խոսքով՝ մրցելու են ամենախելացիները:
Մինչ խաղի սկսվելը զրուցում եմ թիմի ավագների հետ:
Շարքային Կարեն Գեւորգյան. «Ծառայությանը զուգընթաց, «Հայ ասպետ» մրցախաղի միջոցով հնարավորություն ենք ստանում է՛լ ավելի հարստացնելու, ընդլայնելու մեր գիտելիքների պաշարը՝ ազգային գաղափարախոսություն, աշխարհաճանաչողություն… այս ամենը կնպաստի մեր ընդհանուր զարգացմանը…»:
Ավագ լեյտենանտ Հայկ Մահտեսյան. «Բոլոր մրցակից թիմերն էլ ուժեղ են, եզրափակիչ հասնելն արդեն իսկ հաղթանակին հավասարազոր է: Մեր զինվորներ ոչ միայն զենքին են կատարյալ տիրապետում, այլ նաեւ գիտելիքին: Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, եւ գիտելիքով զինված զինվորն անպարտելի է»:
Սերժանտ Շավարշ Զոհրաբյան. «Հայ ասպետ» մրցախաղը բանակ-հասարակություն ամուր կապի ցայտուն դրսեւորումներից է: Տարբեր ստորաբաժանումների զինծառայողները հավաքվում են մի նպատակի շուրջ, եւ ինչպես վայել է հայ զինվորին՝ պայքարում են հանուն հաղթանակի: Հպարտանում եմ իմ թիմով, որ բոլոր փուլերի ընթացքում հավաքեց առավելագույն միավորներ: Պատվով վերադառնալու ենք զորամաս եւ կիսելու մեր ուրախությունը զինակից ընկերների հետ»:
Ի դեպ՝ «Հայ ասպետ» խաղին մասնակցում է նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ՝ կրտսեր սերժանտ, կապավոր Անահիտ Եղիազարյանը. «Հայ ասպետ» հեռուստախաղին մասնակցությունը դրական հույզեր, լավագույն հիշողություններ պարգեւեց: Այս մի քանի ամիսների ընթացքում իմ եւ խմբի մյուս մասնակիցների ծառայողական պարտականությունները լրացվում էին մրցութային փուլերի նախապատրաստություններով, հաճելին եւ օգտակարը համատեղելով: Ծառայության ընթացքում կարեւորում եմ նմանատիպ միջոցառումների դերը հատկապես զինվորի համար, քանի որ այս խաղը զինվորի առօրյան դարձնում է առավել հետաքրքիր, բազմազան եւ ինքնադրսեւորվելու լայն հնարավորություն ընձեռում»:
…Թեժ մրցապայքար է ընթանում: Մրցախաղի հարցաշարը բազմազան է, տարբեր ոլորտներից՝ ռազմական հոգեբանություն, աշխարհագրություն, հայոց բերդեր, ամրոցներ, զինանշաններ, հայոց սպարապետներ… Մեկը մյուսից հետաքրքիր հարցեր են ընտրված:
Զինվորների պատասխանները չեն ուշանում եւ հաճախ ավելի շատ տեղեկություն են պարունակում, քան բուն հարցի պահանջն է: Ակնհայտ է՝ երեք թիմերն էլ գերազանց են պատրաստված, միավորներով չեն զիջում միմյանց, եւ բնականաբար, հաղթող են ճանաչվում երեք թիմերն էլ:
-Անկեղծ ասած՝ ուրախ եմ, որ խաղն այսպիսի ավարտ ունեցավ,-խոստովանում է «Հայ ասպետ» հեռուստախաղի հեղինակ-վարող Կարին Տոնոյանը,- եզրափակիչ հասած թիմերը գիտելիքի հավասար պաշար ունեն, եւ միշտ դժվար էր լինում որեւէ թիմին նախապատվություն տալը: Մեր բոլոր զինվորներին միայն ու միայն հաղթանակներ եմ ցանկանում…
♦♦♦
Մրցախաղն ունի իր որոշակի կանոնները, պետք է որոշվի նաեւ լավագույն մասնակիցը, եւ փորձագետների խումբն առաջնությունը տալիս է «Վայոց արծիվներ» թիմի ավագին՝ շարքային Կարեն Գեւորգյանին: Հաղորդավար Կարին Տոնոյանի կողմից էլ լավագույն մասնակից է ճանաչվում փայլուն իմացությամբ, կիրթ ու գրագետ խոսքով մշտապես աչքի ընկնող շարքային Գագիկ Եմալյանը «Մոնթե» թիմից եւ ստանում մրցանակ՝ պլանշետ:
Խաղը տոնական է, բոլոր մասնակիցներն էլ անխտիր խրախուսվում են նվերներով՝ քաղցրավենիք, ծխախոտ, հիգիենայի պարագաներ, նժդեհիկների տատիկների գործած գուլպաներ, ձեռնոց, գլխարկ…
Հաղթած թիմերի հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալները՝ փոխգնդապետներ Արթուր Դանիելյանը, Արամայիս Մանուչարյանը եւ Արա Քամալյանը, հրավիրվում են բեմ՝ զինվորների հետ հաղթանակի ճանապարհը միասին են անցել…
ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Մանուչարյան. «Բոլոր թիմերն էլ իրենց գերազանց դրսեւորեցին: Առաջին անգամ է, որ հաղթանակը հավասարապես կիսում են եզրափակիչում հանդես եկող երեք թիմերը: Բոլորն էլ մեր զինվորներն են, բոլորն էլ իրապես արժանի են… Ուզում եմ շնորհակալական խոսքս հայտնել «Հայ ասպետի» ամբողջ անձնակազմին՝ զինվորի առօրյան առավել հետաքրքիր, հագեցած ու բազմաբովանդակ դարձնելու համար:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #47 (1218) 29.11.2017 - 05.12.2017, Բանակ և հասարակություն