…ԵՎ ԹՈՂ «ՏԱԳՆԱՊՆԵՐԸ» ՄԻԱՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԼԻՆԵՆ
Զորամաս այցելությունս համընկավ դիրքային ծառայության հանկարծակի ստուգումների հետ: Զորամասի սպա-հոգեբան, կապիտան Վահագն Չոբանյանն ու ՀՀՍ ծառայության սպա, կապիտան Վահե Հակոբյանը հաճախակի իրականացվող հանկարծակի ստուգումներից մեկն էին անցկացնելու մարտական հենակետերում:
– Մանրազնին ստուգում ենք մարտական հենակետի ամբողջ ծառայությունը,- դիրքեր տանող ճանապարհին բացատրում է կապիտան Չոբանյանը,-խրամուղին, խրամաբջիջները մաքո՞ւր են, թե՞ ոչ, կապն անխափա՞ն է գործում: Ստուգում ենք ամեն ինչ` սկսած սննդի բազմազանությունից մինչեւ գործածման ժամկետները, զենքի կրման, պահպանման կանոնները, նաեւ՝ թե ինչպիսի բարոյահոգեբանական եւ առողջական վիճակում են անձնակազմի անդամները: Հաճախ ուսումնական տագնապ ենք հայտարարում: Այս բոլոր միջոցառումների նպատակն, իհարկե, պատժելը չէ, այլ օգնելը, նկատված թերացումների պատճառը գտնելն ու վերացնելը:
Արցախյան պատերազմի տարիներին հերոսաբար զոհված տանկիստի անունը կրող մարտական հենակետերից մեկի ճանապարհին ենք: Կապիտան Չոբանյանը տեղանքի հետ կապված հետաքրքիր պատմություններ է անում: Մեր «ՈՒԱԶ»-ը շարժվում է ճանապարհով, որի երկու կողմերում խիտ մացառներ են. «Դրանցից այն կողմ` երկուսից երեք հարյուր մետրի վրա հակառակորդն է: Այսօր մի քանի դիրք ենք այցելելու: Շուտով կլինենք մի դիրքում, որտեղ ծառայությունը «խառը» սկզբունքով է ընթանում՝ պայմանագրայինների կողքին հերթապահում են ժամկետայինները»:
Հենակետում մեզ դիմավորում է դիրքի ավագ, ավագ սերժանտ Արմեն Ճաղարյանը, որին անմիջապես ճանաչում եմ իր հաղթ կերպարանքից եւ դեմքի միշտ ժպտուն, հանդարտ արտահայտությունից: Իմ ակնարկներից մեկի հերոսն է Արմենը:
-Արդեն 14-երորդ օրն է, ինչ այստեղ հերթափոխի եմ. թշնամու կողմից ոչ կրակոց կա, ոչ առանձնահատուկ շարժ,- մեզ դեպի դիտակետերից մեկը ուղեկցելիս պատմում է դիրքի ավագը:-Լարում ենք մեր ուշադրությունը:- Կանգ առնելով՝ ցույց է տալիս հեռվում երեւացող շինությունները,- ահա, այստեղից հակառակորդի գյուղերն են երեւում. ահա եւ նրանց դիրքերը,- մատով ցույց է տալիս առջեւում երեւացող սեւահողի թմբերը:
Արմեն Ճաղարյանն այն պայմանագրային զինծառայողներից է, որ տարիներ շարունակ ընդունում են ժամկետայինների նոր հերթափոխը:
-Ընդունում ենք նորեկներին, սովորեցնում ենք դիտարկման ձեւերը՝ քանի վայրկյանը մեկ պետք է դիտել, քայլ առ քայլ, փոքր երեխային ինչպե՞ս կսովորեցնես: Տարրական բաներից սկսում ենք ծանոթացնել ծառայության մանրամասներին: Հետո նորեկները «հնաբնակների» հետ մարտական հերթապահության են կանգնում: Ամեն մի նոր հերթափոխ նոր գաղափարներով է գալիս: Շատ եմ ուրախանում, երբ խելամիտ առաջարկություններ են անում, նոր լուծումներ առաջարկում:
-Ե՞րբ է հատկապես անհանգիստ լինում սահմանը:
-Հիմնականում գարնանն ու ամռանն են ակտիվանում, երբ մեր գյուղացիները աշխատում են դաշտում: Հարկ եղած դեպքում՝ լռեցնում ենք:
Ավագ սերժանտ Ճաղարյանի ընտանիքը մոտակա գյուղերից մեկում է բնակվում:
-Ինչպե՞ս են երեխաները,- հարցնում եմ:
-Շատ լավ են: Աղջիկս դեռ մանկապարտեզ է գնում, տղաս արդեն առաջին դասարանցի է: Զինվորական ընկերներիցս մեկի որդու հետ նույն դասարանում է սովորում, ընկերացել են: Ամեն մեկն իր պապայով է հպարտանում:
Դիրքում հերթապահող ժամկետայիններից ամեն մեկը մեր երկրի մի վայրից է: Ռոմանը Ճամբարակից է, Հովհաննեսը՝ Գյումրիից:
-Տարի ու կեսից ավելի է, ինչ այստեղ ծառայում եմ, – ասում է Ռոմանը:- Երկու ամիս մնաց: Հայրս, մայրս, եղբայրս եւ տատիկս շատ են կարոտում: Օրերն են հաշվում հիմա: Սովորում եմ ճգնաժամային կառավարման ակադեմիայում՝ որպես հրշեջ-փրկարար:
-Այս ընթացքում գտա՞ծդ է ավելի շատ, թե՞ կորցրածդ:
-Շատ բան եմ ձեռք բերել այս ընթացքում, -ասում է Ռոմանը:- Բաներ կան, որ միայն այստեղ կարող ես սովորել: Դժվարը ծառայության սկիզբն է եւ վերջը: Սկզբում դժվարանում ես ընտելանալ նոր կենսակերպիդ, իսկ հետո արդեն դուր է գալիս: Վերջում էլ՝ դե, պարզ է՝ ինչու է դժվար: Մի բան կասեմ հաստատ՝ այստեղ կամաց-կամաց տղայից տղամարդու ես վերածվում: Երբ քաղաքացիական կյանքում դժվար կացության մեջ ես ընկնում, հաճախ մտածում ես` ոչ մի ելք չկա, իսկ այստեղ հաղթահարում ես շատ ավելի բարդ խնդիրներ ու հասկանում ես, որ չլուծվող խնդիր չկա:
Գյումրեցի Հովհաննեսը համակարգչային ծրագրավորող է, սովորում է տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում:
-Ծառայությունից հետո ի՞նչ ես մտադիր անել:
-Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան եմ ընդունվելու՝ նույն մասնագիտությամբ,- ասում է ու հավելում:- Երեք քույրիկներիս միակ եղբայրն եմ: Մաման իմ մասին ուզում է ժամ առ ժամ, րոպե առ րոպե տեղյակ լինել: Նրա համար անտանելի է, երբ որդուց թեկուզ կարճ ժամանակով լուր չի ունենում: Երկու ամիս է մնացել, մա՛մ ջան:
-Գրեթե միշտ միասին ենք,- ասում է մյուս զինվորը՝ Գեւորգ Արուջյանը,- իրար օգնում ենք: Դե, իսկ խրամատի մեջ, երբ կողքիդ վստահելի ընկեր է կանգնած…
-Նաեւ քեզ պատասխանատու ես զգում, որ ներքեւում ընկերներդ հանգիստ կարողանան քնել, հանգստանալ, – ավելացնում է Ռոմանը:
Տղաների հետ զրուցելուց հետո կրկին միանում եմ ստուգումները շարունակող Վահագն Չոբանյանին եւ Վահե Հակոբյանին:
-Ի՞նչ արդյունքներ գրանցեցիք առաջին դիրքում:
-Ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ էր,- ասում է կապիտան Չոբանյանը:- Խրամաբջիջները՝ մաքուր, անձնակազմի մարտական եւ բարոյահոգեբանական վիճակը՝ կայուն:
Կապիտան Վահե Հակոբյանը գրառումների մատյանում նշումներ անելու, հենակետի ստուգումների արդյունքներն ամրագրելու հետ մեկտեղ անձնակազմին ցուցումներ է տալիս:
Հաջորդ դիրքում մեզ դիմավորում է հենակետի ավագ, ավագ սերժանտ Սայադ Նազարյանը: Սպաներն անցնում են անձնակազմի պարտականությունների ստուգմանը՝ խրամատները, կապը, մոտենում դիտորդներին՝ հարցուփորձ անում հակառակորդի կողմից նկատված շարժից: Հրաձիգը ներկայացնում է իր պարտականությունները, նռնականետորդն՝ իրենը: «Հակառակորդը դիվերսիա է արել. անցե՛ք շրջանաձեւ պաշտպանության» հրահանգից հետո, դիրքի անձնակազմն անցնում է պաշտպանության. յուրաքանչյուրը գիտի իր պարտականությունը: Դիտում եմ, թե որքան հստակ են կատարվում մշտական մարզումների ընթացքում ավտոմատացված գործողությունները:
Այդ օրն այցելած վերջին հենակետն ամենաբարձրադիրն է: Մեր զինծառայողներն այստեղ իշխող դիրքում են:
-Կուզենա՞ք նայել. ներքեւում հակառակորդի գյուղն է,- ասում է հենակետի ավագ, ենթասպա Տիգրան Չիբուխչյանը: Մոտենում եմ դիտակետին. ինչպես ափի մեջ` փռված է ադրբեջանական գյուղը: Հեռադիտակով նայելիս տեսանելի է այնտեղի անցուդարձը:
-Ահա այնտեղ` բարձունքի վրա, հակառակորդի դիրքն է, -ասում է դիտորդը:- Իսկ ա՜յ այն կողմում մյուս հենակետն է, ավելի աջ` մյուսը…:
-Մենք այստեղ մի ընտանիքի պես ենք,- իր անձնակազմով հպարտ՝ ասում է հենակետի ավագ, ենթասպա Տիգրան Չիբուխչյանը: -Մի գործ ենք անում ու այս գործը միասին, իրար կես խոսքից հասկանալով ենք անում: Տարբեր տարիքի մարդիկ են ներգրավված ծառայությանը: Բայց բոլորս իրար շատ լավ հասկանում ենք: Շատ գոհ եմ անձնակազմից: Եթե մի հարց լինի, վստահ եմ, որ իմ թիկունքում կանգնած են: Բոլորն ընտանիք ունեն. ամեն մեկը գիտի, որ այստեղ կանգնած՝ նաեւ իր ընտանիքն է պաշտպանում:
Ավարտելով դիրքի ստուգման աշխատանքները՝ կապիտան Չոբանյանը ակներեւ հպարտությամբ պարզաբանում է.
-Հանկարծակի եկանք, ու ահա` տեսնո՞ւմ եք, դիտորդները՝ կազմ ու պատրաստ, տեղում էին, կապն անխափան գործում էր, անձնակազմի ոգին տեղն է, զենքը` մաքուր, խրամատները` մաքուր,- շարունակում է թվարկել:
Այդ պահին գետնատնակից մեզ ճաշի են կանչում: Փորձում եմ հրաժարվել, բայց անհնար է.
-Ուզում ենք, որ համտեսեք դիրքերի ուտելիքը, – ասում է ենթասպա Չիբուխչյանը:
Գետնատնակում սեղան է բացված, վրան` ախորժելի «մարինադ» պոմիդորն ու վարունգը, երշիկն ու տաք-տաք ձվածեղը:
-Հալած պանիրը անպայման փորձեք, – ասում է կապիտան Չոբանյանը:
-Ըըը՜մ,- խոսքեր չունեմ. իրոք ամեն ինչ շատ համեղ է: Լեռնային օդի ազդեցությունն է, թե մի այլ բան, բայց այստեղ՝ դիրքերում, ամեն ինչ արտասովոր համեղ է թվում` սուրճից մինչեւ հացը: Իսկ անձնակազմի բոլոր անդամներից բարություն ու հոգատարություն է հորդում. անկախ քեզնից քարե պարսպով պաշտպանված ես զգում այս մարդկանց շրջապատում: Ուզում եմ մեկ անգամ եւս բարի ու անվտանգ ծառայություն մաղթել մեր բոլոր դիրքապահներին, եւ թող «տագնապները» միայն ուսումնական լինեն:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.` հեղինակի
Խորագիր՝ #47 (1218) 29.11.2017 - 05.12.2017, Ազգային բանակ