ԷՐԴՈՂԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԹՇՆԱՄԱՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ…
Թուրքիայի նախագահ Էրդողանը «օրհնություն» է բոլոր նրանց համար, ովքեր դեմ են թուրքական բռնատիրությանը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներին: Օր չկա, որ Թուրքիայի կառավարությունը դաժանորեն չվարվի մտավորականների, իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների, լրագրողների և քաղաքական հակառակորդների հետ: Էրդողանն ավելի շատ վնաս է հասցրել Թուրքիայի վարկանիշին, քան որևէ մեկը Հայոց ցեղասպանության իրականացումից հետո:
Ազատ խոսքի և ակադեմիական ազատության դեմ թուրքական անհանդուրժողականության վերջին դրսևորումը եղավ, երբ Միչիգանի համալսարանի հայ-թուրքական ուսումնասիրության կենտրոնը (WATS) որոշեց 2017 թ. սեպտեմբերի 15-18-ը համաժողով անցկացնել Բեռլինի Եվրոպական ակադեմիայում: Համաժողովը կազմակերպվել էր Միչիգանի համալսարանի, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Դորնսիֆի հայկական հետազոտությունների ինստիտուտի և Պոտսդամի «Լեպսիուսհաուզ» թանգարանի կողմից՝ Գերմանիայի Բրանդենբուրգ նահանգի Գիտության, հետազոտությունների և մշակույթի նախարար դոկտ. Մարտինա Մյունխի հովանու ներքո:
Այս կարևոր համաժողովին մասնակցելու համար հրավիրված էին տարբեր ազգության ճանաչված մտավորականներ, ներառյալ թուրք մտավորականները: Սակայն Թուրքիայի բարձրագույն կրթության խորհուրդը խոչընդոտել էր Թուրքիայի ականավոր պրոֆեսորների ուղևորությունը՝ մասնակցելու «Անցյալը ներկա է. Հայոց ցեղասպանության եվրոպական մոտեցումները» խորագիրը կրող համաժողովին:
Սեպտեմբերին Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիայի (MESA) նախագահ պրոֆ. Բեթ Բարոնը աշխարհի 3000 անդամների անունից խիստ քննադատական նամակ հղեց նախագահ Էրդողանին և վարչապետ Յըլդըրըմին՝ համաժողովի դեմ Թուրքիայի ջանքերը որակելով որպես «վիրավորանք ակադեմիական ազատությանը Թուրքիայում և մի նոր սպառնալիք ճնշելու այն թեմաներով ուսումնասիրությունները, որոնց վրա ձեր կառավարության կողմից արգելք է դրված… Բեռլինում անցկացվող WATS համաժողովի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ վկայում են ձեր կառավարության անկարողությունը՝ հարգելու մարդու իրավունքների հիմնական ազատությունները թուրքական օրենքների համաձայն՝ չնայած Թուրքիայի ստանձնած միջազգային հստակ պարտավորություններին»:
Թուրք ազգայնական քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը հայտարարեց, որ համաժողովը «ծառայելու է իմպերիալիզմի և Քրդստանի շահերին», և թուրք մասնակիցներին անվանեց «դավաճաններ»: Թուրքիայում աջակողմյան թևի այլ ազգայնամոլները և իշխանամետ լրատվամիջոցները ևս դատապարտեցին համաժողովը:
MESA- ի նախագահն իր քննադատական նամակի պատճեններն ուղարկեց՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահին, Թուրքիայի արդարադատության նախարարին, Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահին, Մարդու իրավունքների եվրոպական խորհրդարանի ենթակոմիտեի նախագահին և փոխնախագահին, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչին, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Եվրոպական պառլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ՄԱԿ-ի խոսքի, կարծիքի ազատ արտահայտման իրավունքի խթանման և պաշտպանության հատուկ զեկուցողին, ՄԱԿ-ի կրթության իրավունքի հատուկ զեկուցողին, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին և Թուրքիայում ԱՄՆ դեսպանին:
Զարմանալի չէ, որ շաբաթներ անց ո՛չ Էրդողանը, ո՛չ Թուրքիայի վարչապետը չարձագանքեցին MESA-ի նամակին…
Բացի այդ, WATS-ի կազմակերպչական կոմիտեն 2017 թվականի սեպտեմբերի 18-ին հայտարարություն տարածեց՝ Անկարայի կողմից Բեռլինի համաժողովին թուրք մտավորականների մասնակցության արգելումը որակելով որպես «հարձակում ազատ խոսքի և ակադեմիական ազատութան վրա, ավելին, ընդլայնելով նման մտավոր ճնշումը Թուրքիայի սահմաններից դուրս: Մենք կիսում ենք Հյուսիսային Ամերիկայի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիայի (MESA) մտահոգությունը, որ նման գործողությունները լուրջ և խայտառակ ձեւով վնասում են ուսման և գիտելիքների ազատ փոխանակմանը»:
WATS-ը նշել է, որ համաժողովը «հարձակման է ենթարկվել Թուրքիայի և Գերմանիայի թուրքական ծայրահեղ ազգայնական քաղաքական շրջանակների կողմից: Միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության երկարատեւ ժխտողները հայտարարել են, որ համաժողովը «ծառայելու է իմպերիալիզմի և Քրդստանի շահերին», և քրդական խնդիրը ձևակերպվել է որպես «երկրորդ Իսրայել», որը ակնհայտորեն հակասեմիտիզմ է»:
WATS-ը նաև հայտարարել է, որ «Թուրքիան տառապում է ներկայիս ահաբեկման և սպառնալիքների մթնոլորտից, ինչի մասին վկայում է վերաբերմունքը այն մտավորականների հանդեպ, որոնք ցանկացել են մասնակցել Բեռլինի WATS-ի համաժողովին…. Մենք…. կոչ ենք անում թուրքական կառավարությանը վերականգնել ակադեմիական ազատությունները, որոնք խախտվել և խախտվում են Թուրքիայում…. Նաև պահանջում ենք, որ թուրքական պետությունը հրաժարվի Թուրքիայից դուրս մտավոր փոխանակությանն ու արտահայտվելուն միջամտելուց: Նման միջամտությունը ժողովրդավարական կարգի խախտում է Թուրքիայում և հյուրընկալող երկրներում։ Բեռլինի WATS համաժողովի շուրջ իրադարձությունները ևս մեկ օրինակ են, որ թուրքական պետությունը հրաժարվում է հարգել մարդու հիմնական իրավունքները՝ թե՛ թուրքական օրենքի, թե՛ Թուրքիայի ստանձնած հստակ միջազգային պարտավորությունների համաձայն»։
Վերջապես, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր և Բեռլինի համաժողովի համակազմակերպիչ Ֆաթմա Մուգե Գոչեքը (ծնունդով Թուրքիայից), 2017 թ. նոյեմբերի 10-ին մի մեկնաբանություն գրեց Վաշինգտոնի Ahvalnews.com թուրքական կայքում՝ «Թուրք գիտնականների հետապնդումն Արևմուտքում պետք է դադարեցվի» վերնագրով։
Պրոֆ. Գոչեքը գրեց. «Ես մշտապես հետապնդվել եմ թուրքական պետության կողմից իմ գործունեության պատճառով։ Այս հալածանքն իրականացվել է առցանց զրպարտության արշավների, անանուն սպառնալիքների ձևով, որոնց հետքերը տանում են դեպի Թուրքիա, և այն մարդկանց կողմից, որոնք նշանակվել են թուրքական պետության կողմից, և որոնք փորձել են մարտահրավեր նետել ու ստորացնել ինձ։ Ես հետապնդումների եմ ենթարկվել և՛ Միացյալ Նահանգներում, և՛ Եվրոպայում, չնայած՝ միայն դասախոսություններ եմ կարդացել համալսարաններում։ Մի անգամ ստիպված եմ եղել դիմել Հետաքննությունների դաշնային բյուրո (FBI)՝ իմ ստացած անձնական սպառնալիքի հետաքննման համար։ Այս իրավիճակը, որն արդեն իսկ վատ և ամբողջովին հակասում է խոսքի և կարծիքի արտահայտման ազատությանը, այս տարի ավելի է վատացել»։
Այնուհետև պրոֆ. Գոչեքը հայտարարել է, որ թուրք ցուցարարները, որոնք եկել էին Բեռլինի համաժողովին, «ոչ միայն ընդհատել և տեսանկարահանել են մասնակիցներին, այլև փորձել են ներխուժել դահլիճ։ Ի վերջո, թուրքական թերթերը մեր գործունեությունը համարեցին տարօրինակ դավադրություն, որ փորձելու է վերահսկել Թուրքիան և այնտեղ ստեղծել երկրորդ Իսրայել»։
Պրոֆեսոր Գոչեքն իր քննադատական մեկնաբանությունը եզրափակել է` կոչ անելով Արևմուտքի երկրներին միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ. «Ինձ համար առավել անհանգստացնող է ոչ միայն թուրքական պետական բռնության հաստատակամությունը Թուրքիայում, այլև դրա տարածումը երկրի սահմաններից դուրս, ինչպես ինքս զգացել եմ իմ մաշկի վրա Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։ Ժամանակն է, որ Արևմուտքն արդյունավետ հանդես գա այս աճող ոտնձգության դեմ իր սեփական հողում։ Կարծում եմ, որ նման հետապնդումը ահաբեկչական բռնությունից տարբերվում է միայն աստիճանով, քանի որ երկուսի նպատակն էլ նույնն է՝ մարտահրավեր նետել արևմտյան նորմերին և արժեքներին և վնասել ու ապակայունացնել դրանք։ Արևմուտքը միայն արդյունավետ դիրքորոշում որդեգրելով օտարերկրյա պետական հետապնդումների դեմ, կկարողանա պարփակել պատասխանատվության բացակայությունը բռնության համար, որ գոյություն ունի այնպիսի բռնատիրական երկրներում, ինչպիսին Թուրքիան է»։
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #48 (1219) 06.112.2017 - 12.12.2017, Տարածաշրջան