ԲԱՑ ԴԱՍ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ
Դիլիջան քաղաք տեղափոխված ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների համար նոյեմբերի 28-ի առօրյան հագեցած էր: ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման և վարժարանի տնօրինության նախաձեռնությամբ անցկացվեց բաց դաս: Տարբեր ուսումնական կետերում ստորաբաժանման զինծառայողները ցուցադրեցին իրենց մասնագիտական հմտություններն ու հետախուզական զինանոցում առկա զենքերն ու սարքավորումները. անօդաչու թռչող սարք, ջերմատեսիլ և գիշերային տեսանելիության սարքեր, ականազերծման համակարգեր, կապի միջոցներ: Զինծառայողները հանգամանորեն պարզաբանեցին ցուցադրվող զենքի, զինամթերքի, սարքավորումների հնարավորություններն ու օգտագործման ձևերը:
Ամենավերջում ամենահետաքրքիրն էր` հետախույզները վնասազերծեցին հակառակորդի պահակակետը, ցուցադրեցին թշնամու գերեվարման իրենց հմտությունները:
Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում կազմակերպված բաց դասին ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, 3-րդ բանակային զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Արթուր Սարգսյանը:
Վարժարանի սաների հետ հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Օ.Գասպարյանը նշեց, որ զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ միջոցներով՝ հակառակորդին ջախջախելու և ցանկացած ոտնձգության արժանի հակահարված տալու համար։ Վարժարանի սաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին գեներալ-մայորին:
Բանակային զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ #48 (1219) 06.112.2017 - 12.12.2017, Ազգային բանակ