Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԸ, ԳԵՆԵՐԱԼԸ, ՄԱՐՇԱԼԸ



ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԸ, ԳԵՆԵՐԱԼԸ, ՄԱՐՇԱԼԸՀայ ժողովրդի քաջարի զավակ,  լեգենդար զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս  Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումներ  անցկացվեցին  ինչպես Հայաստանում եւ Արցախում, այնպես էլ ՌԴ եւ Բելառուսի տարբեր քաղաքներում: 

Դեկտեմբերի 5-ին  Մարշալ Բաղրամյանի արձանի մոտ  հավաքվել էին  զինվորականներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ՝  հիշելու, մեծարելու,  արժանին մատուցելու հայազգի փառապանծ զորավարին:  Ելույթ ունեցողները հանգամանալից ներկայացրին հմուտ զորապետի կյանքն ու գործունեությունը, նրա  անցած դժվարին, բայց պատվաբեր  ուղին՝ սովորական շարքային զինվորից մինչեւ գեներալ, մարշալ: Խոսեցին նրա  մարտավարական անգնահատելի  որակների, նրա գլխավորությամբ մշակված եւ իրականացված վճռորոշ, հաղթանակ կերտող    ռազմագործողությունների մասին:  Եվ պատկեր առ պատկեր, դրվագ առ դրվագ էլ ավելի էր ամբողջանում մեծ հայի կերպարը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շնորհավորելով ներկաներին՝ ընդգծեց, որ Հովհ. Բաղրամյանը  հայկական հաղթանակների   խորհրդանիշ է, համաշխարհային լեգենդ: «Մենք հաճախ ենք խոսում մեր ճակատագրի, դժվար պատմության, փորձությունների մասին, բայց իրականությունն այն է, որ 1918թ. Սարդարապատից, Բաշ Ապարանից, Ղարաքիլիսայից սկսած մինչև Երկրորդ աշխարհամարտ,  Հայրենական մեծ պատերազմ, մինչև Արցախյան հերոսամարտ, 20-րդ դարը եղել է մեր հաղթանակների և վերածննդի  դար, եղել է մի դարաշրջան, երբ պատմության ամենախիստ  արհավիրքին առերեսված ժողովուրդը ոչ միայն  դիմակայեց, այլ իրականում վերածնվեց եւ վերահաստատեց գոյություն ունենալու իր իրավունքը, եւ այդ վերածննդի,   այդ հաղթանակների համար մեծ զոհաբերություն և մեծ գին վճարեց ողջ ժողովուրդը:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԸ, ԳԵՆԵՐԱԼԸ, ՄԱՐՇԱԼԸՄեր ժողովրդի համար Մեծ հայրենականը  ինքներս մեզ գտնելու, մեր հերոսական անցյալը նորովի պատկերացնելու փորձություն էր: Վեց հարյուր հազար հայերը, որ մասնակցեցին Հայրենական պատերազմին, այն հարյուր հազարավորները, որ չվերադարձան, այն 60 հազարը, որ կռիվ էր տալիս Բելառուսի հողում և նրանց համար մարշալ Բաղրամյանը նաեւ  անմիջական հրամանատար էր ամենածանր ռազմական   գործողությունների ժամանակ, որոնց գագաթնակետը եղավ «Բագրատիոն» օպերացիան և Բելառուսի ազատագրումը, իրականում մեր հերոսական  անցյալի խորհրդանիշն են: Նա կարողացավ այդ հավաքական հերոսականության վրա դնել անհատական այսպիսի մի հիշվող պատկեր և անուն, որը հպարտությամբ կարելի է արտասանել ոչ միայն հետխորհրդային, այլեւ աշխարհի որեւէ անկյունում:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԸ, ԳԵՆԵՐԱԼԸ, ՄԱՐՇԱԼԸ…Ինչպես արվեստի, մշակույթի, գիտության ամենակարկառուն գործիչները կարողացան ապացուցել, որ համաշխարհային  մեծություն լինելու համար ոչ միայն պարտադիր չէ, այլ նաև ցանկալի  չէ կորցնել ազգային արմատը, նույն ձևով Բաղրամյանը  դառնալով համաշխարհային լեգենդ, մինչև կյանքի վերջը պահեց  իր կապը  հայրենիքի՝ Հայաստանի և իր փոքր հայրենիքի հետ, որը կոչվում է Չարդախլու… »:

Այնուհետ  Վիգեն Սարգսյանը իր խոսքում շեշտելով ռազմական կրթության կարեւորությունը հաղթանակի հասնելու ճանապարհին՝ նշեց, որ Մարշալ Բաղրամյանն անցել է ռազմական կրթության բոլոր փուլերը  եւ ամենուր, որտեղ սովորել է, բարձր է պահել հայ կուրսանտի, հայ սպայի պատիվն ու անունը. «Պատահական չէ, որ նրան է վստահվել երկու տարի ղեկավարել ՌԴ ԳՇ ակադեմիան, որը համարվում է ցանկացած երկրի համար բարձրագույն   սպայական կազմի պատրաստման կարեւորագույն օղակ»: Պաշտպանության նախարարը տեղեկացրեց,  որ որոշվել է ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետն անվանակոչել Հովհաննես Բաղրամյանի անունով:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԸ, ԳԵՆԵՐԱԼԸ, ՄԱՐՇԱԼԸՀանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ մարշալի հարազատներն ու բարեկամները,  համագյուղացիները: Հովհ. Բաղրամյանի 120-ամյակին նվիրված հանդիսության կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու, ինչպես նաեւ ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ներդրած ավանդի համար մեծ զորավարի մի քանի համագյուղացիներ պարգեւատրվեցին «Մարշալ Բաղրամյան» մեդալով:

Գնդապետ Արթուր Բաղրամյանը (Մաշտոցի տարածքային զինվորական կոմիսար) մարշալի  եղբոր թոռն է. «Հովհաննես Բաղրամյանը մեր  ազգի պարծանքն է, մեր հպարտությունը: Նրա  նվիրումը հայրենիքի,  ժողովրդի հանդեպ անսահման էր… Բնավորությամբ պարզ ու շիտակ էր, անմիջական, նրանից սրտաբուխ ջերմություն էր հորդում: Հայրս նույնպես զինվորական էր,  գեներալ-մայոր: Ես շարունակում եմ նրանց ուղին»:

Միջոցառումն ավարտվեց կուրսանտների  երթով:  Այնուհետեւ Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի ունեցավ Հովհ. Բաղրամյանին նվիրված ֆիլմի ցուցադրությունը:

 ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

մայոր

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

մայոր

Խորագիր՝ #48 (1219) 06.112.2017 - 12.12.2017, Բանակ և հասարակություն


07/12/2017