Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱԽՄԲԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱԽՄԲԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐՑԱԽ

 Ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանք, եռանդ, քրտնաջան աշխատանք, որ ի վերջո բերում եւ յուրաքանչյուրիս հասցնում է բարձր պրոֆեսիոնալիզմի:

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում դեկտեմբերի 1-ից 5-ը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:

ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱԽՄԲԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆախագահ Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ անցկացվել է տարեվերջյան խորհրդակցություն ՀՀ և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Խորհրդակցության մասնակիցները լսել են Պաշտպանության բանակի հրամանատարի զեկույցը:

Դեկտեմբերի 2-ին հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ հետևել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում միացյալ զորախմբի կողմից անցկացվող զորավարժությանը:

ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱԽՄԲԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԶորավարժության թեման էր՝ «Առկա ուժերով և միջոցներով հարձակողական օպերացիայի նախապատրաստումն ու վարումը: Նպաստավոր բնագծերի զբաղեցումը և պաշտպանության կազմակերպումը»: Ներգրավված էին զինված ուժերի բոլոր զորատեսակները: Չորս փուլով անցկացվող զորավարժությունը մի քանի ուսումնական նպատակ ուներ: Մասնավորապես՝ ՀՀ և Արցախի միջև ռազմական համագործակցության, փոխադարձ օգնության շրջանակներում երկու երկրների զինված ուժերի ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակում, զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստականության ստուգում, հարձակողական օպերացիայի դեպքում նրանց մարտական ներդաշնակում, հապճեպ պաշտպանության անցած հակառակորդի ջախջախումը կազմակերպելու ուղղությամբ հրամանատարների հմտությունների կատարելագործում և այլն:

Զորավարժության սցենարով ընդհանուր պայմանական իրադրությունն այսպիսին էր. հակառակորդի զինված ուժերը զորավարժությունների քողի տակ անցկացրել են միջոցառումներ՝ զինված ուժերը խաղաղից ռազմական դրության ծածուկ փոխադրելու նպատակով։ Պլանավորել են սկսել ագրեսիա՝ ավիացիայի և հրետանային հարվածներ հասցնելով հայկական կողմի կարևոր ռազմական և պետական օբյեկտներին, հետագայում ցամաքային զորքերի ուժերով անցնել հարձակման հյուսիսարևելյան ուղղություններով՝ նպատակ ունենալով ջախջախել հայկական զորքերի առաջին էշելոնի հիմնական խմբավորումները։ Հայկական կողմը լարվածությունը թուլացնելու համար քաղաքական միջոցառումների հետ մեկտեղ զորամիավորումները բերել է մարտական պատրաստականության աստիճանի։ Շտաբները ճշտել են զորահավաքային և օպերատիվ ծավալման պլանները։

ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱԽՄԲԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՀակառակորդի զորամիավորումը ռազմաքաղաքական լարվածության ֆոնին հանկարծակի անցել է հարձակման՝ գլխավոր հարվածը հասցնելով հյուսիսարևելյան ուղղություններով։ Հարձակողական մարտի ընթացքում հակառակորդը մոտոհրաձգային բրիգադի ուժերով ճեղքել է պաշտպանական շրջանի առաջնագիծը, մխրճվել պաշտպանության խորքն ու սպառելով հարձակողական ունակությունները, կրելով ուժերի և միջոցների մինչև 40 տոկոս կորուստներ, հապճեպ անցել է պաշտպանության։ Հակառակորդի օպերատիվ պահեստազորը, կտրվելով հարձակվող ուժերից, ձգտել է արագ դուրս գալ կենտրոնացման շրջանից՝ զորամիավորման հարձակման հաջողությունը զարգացնելու համար։ Ծրագիր է եղել հակառակորդի զորամիավորման հարձակման հաջողությունը զարգացնել պահեստային ուժերով՝ գլխավոր հարվածը հասցնելով հարավային ուղղություններով։ Հայկական ուժերը բացահայտելով հակառակորդի զորքերի հրամանատարական կետերը և կենտրոնացման շրջանները, բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, կատարել են երթ և դուրս եկել կենտրոնացման շրջաններ՝ պատրաստ կատարելու մարտական խնդիրները։ Մեր ստորաբաժանումները պաշտպանական մարտի վարման ընթացքում հարձակվող հակառակորդին հասցրել են առավելագույն կորուստներ՝ մասամբ կասեցնելով նրա առաջխաղացումը։

Հարձակման համար ելման շրջանի նախապատրաստումից հետո սկսվում է զորավարժության հիմնական փուլը՝ հարձակողական մարտի վարումը: Անօդաչու թռչող սարքերով օդային հետախուզում կատարելուց հետո հակառակորդի ուժերին բոլոր խորություններում հասցվում է հրետանային հուժկու հարված: Զորամիավորման հրամանատարի ազդանշանով զորամասերն առաջանում են մեր պաշտպանության խորքից և զբաղեցնում նշանակված բնագիծը: Կատարվում է հակառակորդի առաջ շարժվող ստորաբաժանումների ուղիղ նշանառությամբ խոցում տարբեր զինատեսակներով՝ պատճառելով առավելագույն կորուստներ: Ապահովվում է զորամիավորման գլխավոր ուժերի առաջխաղացումը ծավալման և կազմակերպված հարձակման անցնելու նպատակով: Թևային հզոր հարվածներով հայկական ուժերը մասնատում են հակառակորդի ուժերը, ճեղքում նրանց պաշտպանությունը: Հակառակորդի ուժերը ջախջախելուց հետո մեր ստորաբաժանումները բարենպաստ բնագիծ են զբաղեցնում և անցնում պաշտպանության:

ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱԽՄԲԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՄարտական խնդիրը կատարված է: Զորավարժարանից քիչ հեռու շարված են մի քանի հազար զինծառայողներ և մի քանի հարյուր միավոր ռազմական տեխնիկա: Նրանց ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

-Ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանք, եռանդ, քրտնաջան աշխատանք, որոնք ի վերջո բերում և յուրաքանչյուրիս հասցնում են բարձր պրոֆեսիոնալիզմի: Ժամանակակից զինված ուժեր չի նշանակում միայն արդիական սպառազինություն, այլ նաև նշանակում է ունակություն, որը թույլ է տալիս այդ սպառազինությունը կիրառելու ժամանակին և ամբողջ հզորությամբ: Շնորհակալ եմ ձեզ: Այսօրվա զորավարժություններն ապացուցեցին ձեր ունակությունը: Հավատացե՛ք, որ դուք դրանով պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել, ովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ և պոկել մեզնից մի բան: Ժողովուրդները կարողանում են իրենց հայրենիքը պաշտպանել, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է: Մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանը, մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են ունեցել ձեր կայացման գործում:

Զինծառայողներին մաղթելով բարի ծառայություն և հպարտ կեցվածք՝ նախագահ Սարգսյանը խրախուսական պարգևներ է հանձնել առավել աչքի ընկած զինվորներին ու սպաներին:

♦♦♦

ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱԽՄԲԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԶորավարժության ավարտին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշեց.

-Զինված ուժերի ռազմական դոկտրինը պաշտպանողական է, բայց պաշտպանողական գործողությունն իր մեջ ներառում է պաշտպանողական, հարձակողական ու հակահարձակողական գործողություն, որովհետև հակառակորդին միայն պաշտպանությունով չես կարող ամբողջությամբ ջախջախել: Այս խմբավորումը նախատեսված է նրա համար, որ հարձակվի, մասնատի, ջախջախի այն հակառակորդին, որը կփորձի հատել Արցախի կամ Հայաստանի սահմանը: Զորավարժությանը գնահատականներ տալը դեռ վաղ է. արդյունքները կամփոփվեն, երբ ողջ տեխնիկան կվերադառնա մշտական տեղակայման վայր, կհաշվեն կրակային խոցման արդյունքները, ղեկավար կազմի կայացրած որոշումները: Բայց այն, ինչ տեսել ենք՝ բավարար է, գոհացուցիչ, մտահղացումը՝ շատ լավը։

Միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը նշեց, որ զորավարժության նպատակն էր առկա ուժերով և միջոցներով օպերացիայի նախապատրաստումն ու վարումը կողմերի փոխգործակցության շրջանակներում: Նաև հավելեց, որ մարտական իրադրությանը մոտ պայմաններում վարժանքները անգնահատելի փորձ տվեցին բոլոր զինծառայողներին:

ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱԽՄԲԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ-Կատարելագործվեցին հրամանատարների հմտությունները մեր պաշտպանության խորքը մխրճված և հապճեպ պաշտպանության անցած հակառակորդին մասնատելու, ջախջախելու գործողություններ վարելու ուղղությամբ: Կատարելագործվեց անձնակազմի դաշտային վարժվածությունը, հաստիքային զենքի կիրառման արդյունավետությունը: Հատկապես կարևոր էր նման խոշոր ուժերով հարձակողական մարտ վարելու ընթացքում ստորաբաժանումների ղեկավարման փոխգործակցության ապահովումը:

♦♦♦

Ռեակտիվ հրետանային մարտկոցի հրամանատար, կապիտան Դավիթ Բաբայան:

-Պայմանական հակառակորդի թիրախները խոցել ենք 8-12 կմ խորության վրա: Մեր կրակով բոլորը ևս մեկ անգամ համոզվեցին, որ «Գրադ» ռեակտիվ հրետանային կայանքները մարտում հաղթելու հզոր միջոցներ են: Մեր մարտական տեխնիկայի առավելությունները շատ են՝ կարողանում է արագ տեղաշարժվել, խնդիրը կատարել և միանգամից փոխել տեղակայման վայրը՝ դժվարացնելով հակառակորդի կողմից խոցումը: Նման մեծ մասշտաբի գործողություններում դա չափազանց կարևոր է:  Նշեմ, որ անձնակազմը գործեց վարպետորեն, պարգևատրվողների թվում է նաև իմ մարտկոցի նշանառուներից շարքային Էրիկ Սարուխանյանը:

ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱԽՄԲԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԱվագ լեյտենանտ Միհրան Մհերյան-ինքնագնաց մարտկոցի ավագ սպա:

-Մեր հիմնական նշանակետերը 6-9 կմ հեռավորության վրա էին: Պետք է կատարեինք մոտոհրաձգային զորքերի հրետանային աջակցություն, երկրորդ փուլով էլ ուղեկցեինք նրանց առաջխաղացումը: Ստորաբաժանումը բոլոր թիրախները խոցել է, ըստ կարգի կատարել է տրված խնդիրները: Զորավարժության էլի եմ մասնակցել, բայց այս անգամ պատասխանատվությունն ավելի մեծ էր, դաշտում և՛ զորքն էր շատ, և՛ մարտական տեխնիկան, հաշվարկները ավելի ուշադիր էր պետք կատարել:

Մարտի հաղթական ելքը մեծապես պայմանավորված էր զրահատանկային հզոր բռունցքի գործողություններով: Պարգևատրվողների մեջ շատ են տանկի և ՀՄՄ-ի անձնակազմերը: Շարքային Նարեկ Ոսկանյանը ՀՄՄ-2-ի մեխանիկ վարորդ է:

-Երկրորդ անգամ եմ նման զորավարժության մասնակցում: Առաջինը մեր զորամասի կազմով էր, այս մեկը շատ ավելի ծավալուն էր: Այնքան հզոր էր, որ կարծես իրական «պատերազմ» լիներ: Շատ ուրախ ենք, որ կարողացել ենք ճշգրիտ մարտական կրակով խոցել բոլոր թիրախները:

Տանկի հրամանատար Էդուարդ Պետրոսյանի և մեխանիկ վարորդ Մհեր Օհանջանյանի տեխնիկան ընթացել է հարձակվող շարասյան առջևից:

-Շարասյունը իմ հետևից պետք է հանեի կրակի բացման բնագիծ: Եթե մի փոքր սխալվեի, հետևանքները կործանարար կլինեին: Կարևորը՝ ամեն ինչ ստացվեց, պարզապես գործել ենք մեզ ուսուցանածի համաձայն և հաջողել: Շարասյունը բացազատվել է երեք ուղղություններով և զարգացրել գրոհը:

Երբ հարցրի խրախուսման մասին, Մհերն ասաց.

-Ամեն մեկս մեր պարտականությունները կատարելով՝ հասանք արդյունքի: Զգացված եմ ուշադրության, գնահատանքի համար:

♦♦♦

ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱԽՄԲԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահը ներկա է եղել զորամասերից մեկում նորակառույց ճաշարանի, մեկ այլ զորամասի զորանոցի և զինծառայողների համար բազմաբնակարան բնակելի շենքի բացման արարողություններին, բարեխիղճ և գերազանց ծառայության համար պարգևատրել զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է նաև «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ նրանց ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը և նշանակությունը, որից հետո նախագահները դիտաշտարակից հետևել են դրանց կիրառման ընթացքին:

ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱԽՄԲԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԱրցախի արևելյան և կենտրոնական հատվածներում նախագահը մասնակցել է նոր զորանոցների և զինվորական ակումբի բացման արարողություններին: Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը շրջել են նորաբաց զորանոցներում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Նախագահ Սարգսյանը խրախուսել է զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին:

Ստեփանակերտում հայկական երկու հանրապետությունների նախագահները, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակի առիթով, այցելել են մեծ զորավարի հուշարձանին` ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել մեծ զորավարի հիշատակին:

 ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Մայոր

Խորագիր՝ #48 (1219) 06.112.2017 - 12.12.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/12/2017